ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
2004 թվականն էր, «Համազգային» հիմնադրամի նախագահն էի։
Հրատարակել էինք Կոելյիոյի «Ալքիմիկոսը» վիպակի հայերեն թարգմանությունը։ Այդ առիթով, երկարատև բանակցություններից հետո, Հայաստան էինք հրավիրել Պաուլո Կոելիոյին։ Ի վերջո եկավ․․․Կոելիոյի հետ աշխատելն անասելի դժվար էր, արտասովոր, անակնկալներով լեցուն․ քմահաճ էր, երբեմն զարմանալի պարզ ու անկեղծ, երբեմն՝ տարօրինակ։
Ես՝ իբրև հյուրընկալ, հնարավորն ու անհնարինն էի անում, որ հայրենքիս բոլոր երեսները բացեմ, որ իմ չքնաղ ու հինավուրց մշակութային երկիրը Կոելիոյի գրողական հայացքում ասելիք ու տող դառնա։Գրողների միության սրահում և ԵՊՀ մեծ դահլիճում «Ալքիմիկոսը» գրքի շնորհանդեսները մի աներևակայելի ցնցում առաջացրին։
Գրողների տան դռները կոտրում էին երկրպագուները, որ ներս խուժեն, մի անասելի իրարանցում, իրար հերթ չտալ․․․Այդպիսի բան Բիթլզի լիվերպուլյան համերգների ֆիլմերում եմ տեսել․․․Երիտասարդները ներխուժում էին բեմ, աղջիկներն ինքնամատույց բղավում էին, շրջապատում հյուրանոցի համարն ու ճեմասրահը։ ԵՊՀ դահլիճում գրքի մակագրման պահին մարդկային այնպիսի մի հոսք խուժեց բեմ ու թափվեց գրողի գլխին, որ սա վախից թիկնապահների ուղեկցությամբ փախավ դահլիճից․․․
Ռ․ Քոչարյանը, որ այդ ժամանակ ՀՀ երկրորդ նախագահն էր, իմանալով Կոելիոյի այցի մասին, մեզ հրավիրեց ընթրիքի։ Ուրախությունս, իհարկե մեծ էր, որովհետև նախագահը մեզ հյուրընկալելու էր Փարաջանովի տուն-թանգրանում, և փարաջանովյան միջավայրն ու շունչը զարդարելու էին մեր հանդիպումը։ Ես էլ Փարաջանովով զարմացնելու առիթ էի ունենալու։
Նախ, հաճելիորեն զարմացա Ռոբերտ Քոչարյանի անգլերենի իմացությամբ, հետո զրույց վարելու անմիջականությամբ, տարբեր թեմաների խորագիտությամբ։ Զրույց- հանդիպումը ակնհայտորեն ստացվեց․ մտերմիկ, անփողկապ։ Անգամ Կոելիոն Քոչարյանին հրավիրեց իր իսպանական ամառանոց, ճանաչելու՝ Իսպանիայի հարավի վայրի բնությունը։
Հիշում եմ՝ Կոելիոն Ռ․ Քոչարյանին հարցրեց՝ իսկ գիրք կարդալու ժամանակ ունեք։ Քոչարյանն իրեն բնորոշ անմիջականությամբ, մի քիչ էլ հումորով՝ պատասխանեց․
-Չէ, ժամանակը թույլ չի տալիս, բայց, երբեմն Սեդրակը շատ հավանած մի բան , որ պնդում է, փորձում եմ ժամանակ գտնել։ Ընտանեկան ընթրիքն հաճելիորեն ձգվեց, ու, երբ կարելի էր շատ անկեղծանալ, Կոելիոն ասաց․
-Բայց ի՜նչ դժվար է Հայաստանի նախագահ լինելը․․․։
-Ինչո՞ւ,-զարմացավ Ռ․ Քոչարյանը։
-Դժվար է կառավարել մի ժողովրդի, որ հերթ կանգնել չգիտի,-պատասխանեց Կոելիոն։
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից