Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Բաքվի ռեժիմը թշնամու կերպարի կարիք ունի, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի ներքին խնդիրներից և պահպանի վախի մթնոլորտը. Մամեդլի

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուլու Մամեդլին նշում է, որ Ադրբեջանում ռազմատենչ հռետորաբանությունը կրկին նոր թափ էր ստանում։ Նա նաև նշում է երկու հիմնական պատճառ, թե ինչու Հայաստանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր չի կնքվի ալիևյան դիկտատուրայի իշխանության ընթացքում։

 Ըստ նրա.

1 Ռեժիմը թշնամու կերպարի կարիք ունի, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի ներքին խնդիրներից և պահպանի վախի մթնոլորտը,

2 Ռուսաստանը շահագրգռված էր կոնֆլիկտով (Արցախյան), որպեսզի պահպաներ ազդեցությունն Հարավային Կովկասում։

Այնուհետև ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը նշում է. «Այդ ամենն արվում է, որպեսզի Ադրբեջանի ժողովուրդը, որի 75%-ն հազիվ է ծայրը ծայրին հասցնում, չկարողանա հաշվետվություն պահանջել իրենից գողացված միլիարդների համար»։

Իմ կողմից հավելեմ, որ Ադրբեջանն  անգամ չի էլ թաքցվում այն նպատակները, որոնք Ալիևը իր առաջ դրել է։ Ալիևը պահպանելու է հայերի նկատմամբ ատելությունը, թշնամու կերպարը նրա իշխանության հիմնական գործիքն է։

 Ռուսաստանի և Իրանի հետ Ադրբեջանը չի կարող երկարատև հակամարտային վիճակում լինել, քանի որ սրանք բացարձակապես տարբեր «քաշային կարգեր» են, մյուսը ներքին թշնամու կերպարի ստեղծումն է, ինչպես արել է Փաշինյանը, սակայն Ադրբեջանի դեպքում թալիշների կամ լեզգիների հետ կոնֆլիկտը կարող է նոր անջատողականություն բորբոքել երկրում, ուստի հիմնական թշնամու կերպարը շարունակելու է մնալ հայը։

Քաղաքագետ Արա Պողոսյան