Երեկ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում նշանակել է պարետ: Իմ լրագրող գործընկերները հարցնում են, թե պատրաստ եմ ներողություն հայցել, քանի որ շաբաթներ առաջ իմ ֆեյսբուքի էջում գրել եմ, որ ժամանակավոր պարետ նշանակվել է Սարգիս Գալստյանը: Այս նյութը լայնորեն տարածվեց հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում:
Միանգամից ասեմ, որ ԱՅՈ, ես պատրաստ եմ իմ ամեն մի տողի համար պատասխան տալ, քանի որ իմ մասնագիտությանը և հանրության հետ աշխատանքին լուրջ եմ վերաբերվում: Ես հավասարապես պատրաստ եմ սխալ տեղեկատվության համար ներողամտություն հայցել Պուտինից, Ալիևից, Էրդողանից, Շահրամանյանից, Փաշինյանից. Հայտնում է լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 4-ին հայտնել է. «Սարգիս Գալստյանի հետ այսօր Երևանից կապվել են նրա ազգակիցները։
Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի:
Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումններում Նիկոլին անվանում էր էֆենդի»:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքել է այս տեղեկությունը, նաև հայտնել, որ Թաթուլ Հակոբյանի դեմ գործ կհարուցվի։
Այդ կապացությամբ լրագրող Հակոբյանը թեման շարունակել է հետևյալ կերպ.
«2001թ ես Բաբկեն Արարքցյանի մասին մի լուր եմ տվել, որ տարիներ անց, պարզվել է, սխալ է: Մոտ հինգ տարի անց ես պարոն Արարքցյանից հրապարակավ, օրաթերթում, ներողամտություն եմ հայցել:
Լրագրողական 30 տարիներին բազմաթիվ գաղտնի, խորհրդապահական լուրեր և փաստաթղթեր եմ հրապարակել: Այո, եղել են դեպքեր, որ լրատվությանը մասամբ է համապատասխանել իրականությանը: Բայց սա լրագրության անքակտելի մասն է: «Նյու Յորք թայմսը» ամեն օր իր երկրորդ էջում ՈՒՂՂՈՒՄՆԵՐ բաժին ունի, որտեղ տալիս է ճշգրտումներ, հերքումներ:
Հիմա այս դեպքի հետ կապված՝ կրկնեմ:
Արցախից Հայաստան տեղափոխված իմ ընկերներից մեկը, ով ծանոթ- բարեկամ է Սարգիս Գալստյանին, Երևանից զանգահարել է նրան և հարցրել, թե ինչ է անում Ստեփանակերտում: Գալստյանը, ինչպես ինձ փոխանցել էր նրա բարեկամը, ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կամենդանտ, ասել է, որ ինքը խոսում է Խանքենդիից, իր բարեկամներին, ովքեր ստիպված արտագաղթել են Հայաստան, խորհուրդ է տվել վերադառնալ Ղարաբաղ:
Այս լուրը տալիս ես չեմ նշել անուն-ազգանուն: Այն բանից հետո, երբ ադրբեջանական «Աղդամ TV»-ին Գալստյանի նկարով տվեց նման լուր, գուցե իմ էջից են վերցրել, ես հրապարակեցի Սարգիս Գալստյանի անունը: Նրա նկարը ես չունեի, քանի որ իր ֆեյսբուքյան էջը այլ անունով է: Հետո գտա նրա ֆեյսբուքի էջը՝ Սարար Շուշի, բնակվում է՝ Սանկտ Պետերբուրգում:
Հնարավոր է՞ ինձ մոլորության մեջ են գցել: Գրեթե բացառում եմ:
Մի քանի օր անց մամուլում հրապարակվեց մի հրամանագիր-փաստաթուղթ, ըստ որի՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, նախքան Արցախը գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը, իր աշխատակից Գալստյանին պաշտոնի է նշանակել:
Գուցե Գալստյանը ժամանակավոր կամենդանտ ասելով սա է՞ նկատի ունեցել: Դժվարանում եմ ասել:
Ինձ ասացին նաև, դեռ չեմ նայել, ղեկին էի, որ Գալստյանը և իր բարեկամները, որ տեղափոխվել են Հայաստան, պատրաստվում են իմ դեմ դատական հայց ներկայացնել:
Սա շատ ողջունելի և քաղաքակիրթ եղանակ է: Շատ ցանկալի կլիներ, որ Գալստյանը անձամբ ներկա լիներ դատարանում: Երկու օր առաջ նրա հետ կապ են հաստատել և, ըստ նրա բերեկամի, Գալստյանը դեռևս Արցախում է: Դատական պրոցեսը նաև կարող է օգտակար տեղեկատվությունների պատճառ դառնալ, հատկապես այսօր, երբ Արցախում իշխանափոխություն իրականացրած անձինք որևէ ձևով չեն պատասխանում լրագրողների հարցերին:
Իմ դեմ դատական հայցը, այո, կարող է շատ օգտակար լինել:
Առայժմ այսքանը»:
Փաստորեն, Թաթուլ Հակոբյանն անգամ հարկ չի համարում ներողություն խնդրել Սարգիս Գալստյանին անվանակրելու և նրան «Խանքենդիի պարետ» «դարձնելու» համար։