Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տարածաշրջանային    համագործակցության    նախադրյալները  եւ   ադրբեջանական  «խաղաղության» հայեցակարգը

Հոկտեմբերին Թեհրանում  տեղի  ունեցավ  այսպես  կոչված  տարածաշրջանային  նոր  ձեւավորվող  3+3  ձեւաչափով  հանդիպում՝  արտգործնախարարների  մասնակցությամբ: Այս  համագործակցային  ձեւաչափը    կյանքի  է կոչվել  2020  թվականի  44 -օրյա  պատերազմից  հետո  եւ  ենթադրում  է  Հարավային  Կովկասի  երեք  երկրների՝ Հայաստան, Վրաստան  եւ  Ադրբեջան,  ինչպես  նաեւ  վերջիններիս հարեւան  երեք  խոշոր  պետություննների՝ Ռուսաստանի  Դաշնություն, Թուրքիա  եւ Իրանի  Իսլամական  Հանրապետություն  մասնակցությունը:

Ի  սկզբանե  Հայաստանի  մասնակցությունը    դեռեւս  այս չսաղմնավորված  ձեւաչափին  երկիմաստ տպավորություններ  եւ  բազմաշերտ  առարկայական  ու  ենթակայական  մտավախությունների տեղիք  տվեց: Եթե  դիտարկենք  մասնակցության  դրական  կողմերը, պետք  է  ընդգծենք, որ  Հայաստանի  պաշտոնական  դիրքորոշումը  այն  է,  որ  տվյալ  հարթակն  ունի  տնտեսական  համագործակցային  բնույթ: Իրականում,  ըստ  որոշ  փորձագետների  եւ  հակառուսական կողմնորոշում  ունեցողների,  այս  ձեւաչափը  Հայաստանի  համար  պարզապես  հարթակ  է,  որտեղ  մեր  երկիրը  կարող  է  հայտնվել  ռուս-թուրքա-ադրբեջանական   մշակված  որոգայթում  եւ  ստիպված  լինի  էլ  ավելի  ստորացուցիչ  պայմաններում սկզբում  զիջել մասնավորապես  անկլավները ,սուբյեկտայնությունը, համաձայնել   ադրբեջանական  համայնքի  վերադարձին  դեպի  Հայաստան, ապա    կարգավորել  հայ-ադրբեջանական  հարաբերությունները: Իրականում,  2000-ական  թվականներին,  հաճախ էր Ադրբեջանում  հնչում  եւ  զարգացվում  այն  թեզը,  որ  Հայաստանը  արցախյան  հակամարտության  պատճառով  պետք  է  մեկուսանա եւ  չմասնակցի  տարածաշրջանային  խոշոր  նախագծերին: Հարկ  է նշել, որ  բանը  հասել  էր նրան, երբ  Բաքու-Թբիլիսի-Կարս  երկաթուղու  շինարարության  ընթացքում  արգելվում  էր  ջավախահայերին   աշխատանքի  ընդունել  այդ  նախագծում:  Այս  ամենը   կարող  է   մանրուք թվալ,  բայց  այդ  շրջանում  արտահայտում  էր  Ադրբեջանի  նենգ  եւ  հայատյաց  քաղաքականությունը: Սակայն,  չլինելով  այդ  նախագծերի  մաս՝ Հայաստանը  որոշակի  տնտեսական  զարգացում  ունեցավ  եւ  հիմա,  եթե  դիտարկենք  այս  տարածաշրջանային  նախագծի  տնտեսապես  նպաստավոր  պայմանների  հեռանկարները,  ապա  Հայաստանը  պետք  է դիտարկի  հետեւյալ հարցադրումները  եւ  բերի  իրավիճակային լուծումների.

1.   Արդյոք  Հայաստանը  մասնակցելով  այս  տարածաշրջանային  նախագծին էլ  ավելի  չի՞  թուլացնի  իր  դիրքերը եւ  նախադրյալներ  չի՞ ստեղծի  հետագայում  վիլայեթացման  համար:

2.      Արդյուք   փորձ  է  արվում այս  հարթակը դարձնել  այլընտրանք  ռուսական  եւ  արեւմտյան  գործող  ձեւաչափերին՝ հայ-ադրբեջանական  հարաբերությունների  բանակցությունների  համար:

Կարծում  ենք  կարեւոր  է  հասկանալ,  թե  որքանո՞վ  է  պատրաստ մեր  երկիրը  մասնակցելու  եւ   մեր  ազգային   շահերից բխո՞ւմ  է   մասնակցությունը  այս  ձեւաչափին:       
Եթե  դիտարկենք  մեր  հյուսիսային  հարեւան  եւ  բարեկամ  Վրաստանին,  ապա  վերջինս  հրաժարվում  է  մասնակցել  այս  ֆորմատին՝ պատճառաբանելով  Ռուսաստանի  ներգրավվածությունը:  Սակայն  վրացական  կողմի  համար կան  նաեւ  այլ  մտահոգիչ  խնդիրներ: Արցախյան  հակամարտության   ընթացքում  հայ-ադրբեջանական եւ  հայ-թուրքական սահմանի  փակ  լինելու  պայմաններում  Վրաստանը  դարձել  էր  տարածաշրջանային  կարեւոր  տարանցիկ  երկիր,  իսկ  տարածաշրջանում  կոմունիկացիաների  ապաշրջափակման  դեպքում  Վրաստանը  կդառնա  այդ  իմաստով  «ոչ  մենաշնորհային»  երկիր: Այդ  ամենը  գիտակցելով  նշենք, որ   վերջին  շրջանում  Աբխազիայի  նախագահ  Ասլան Բեժիան  իր  հարցազրույցում  նշել  է,  որ  անհրաժեշտ  է վերագործարկել  աբխազական  երկաթուղին: Այս  երկաթուղին  չի  գործում  1990-ական  թվականներից,  սակայն  վերագործարկման  թեման  դեռեւս  2010-ականներին բանակցային թեմա  էր,  եւ  վրացական  կողմը  պնդում  էր,  որ  այն  պետք  է  գործի  իր  երկրի  ինքնիշխանության  եւ  սուբյեկտայնության  ներքո: Ի  վերջո  նշենք,  որ  այս  տարածաշրջանային  նախագծում  առանձնահատուկ  շահեր  ունի  նաեւ  Իրանը,  որի  համար  իր  հյուսիսային  սահմանների  անխափան  գործելը  եւ  թյուրքական  այլընտրանքի  առկայությունը  կենսական  է  իր  պետական  շահերից  ելնելով:

Արտգործնախարարների  հանդիպման  ընթացքում  շեշտվել  է  բոլոր  մասնակից  երկրների ինքնիշխանության,  տարածքային  ամբողջականության  ճանաչման  կարեւորությունը,  ինչպես  նաեւ հարցերը  առանց  ուժի  կամ  ուժի  սպառնալիքի  լուծելու  անհրաժեշտությունը: Այս  պահին  Հայաստանի  Հանրապետության  ինքնիշխան  տարածքից  ըստ  պաշտոնական  տեղեկավության  եւ   տարբեր փորձագիտական   հաշվարկների՝  օկուպացված  է  200  ք/կմ տարածք:  Այս  հանգամանքը  հաշվի  առնելով  3+3-ը,  որն  այս  պահին   փաստացի  3+2   ձեւաչափ  է,  կարող  է  բացահայտել  Թուրքիայի  եւ  Ադրբեջանի  ծրագրերը  Հայաստանի  մասով  եւ  դառնալ  լակմուսի  թուղթ՝ տալով  մի  շարք  հարցերի  պատասխաններ: Մեր  երկրում  խնդիրները  շատ  են  եւ   ավելացնել   այն   եւս  մեկով  պարզապես  անմտություն է:  Իրական  խաղաղությունը  վաստակում են,  տարածաշրջանային  խաչմերուկ  դառնում  են,  երբ  երկիրը  լինում  է  ինքնիշխան  եւ  գերակա  են  իր  կենսական  ու  պետական  շահերը:

ԲԱԲԿԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Պատմաբան-կովկասագետ, ԵՊՀ  Պատմության  ֆակուլտետի

Հայաստանի  հարակից  երկրների պատմության ամբիոնի  հայցորդ