Հունիսի 25-ին Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը գրառում էր արել X-ում՝ «կառավարության հաջորդ նիստում նախագիծ կներկայացնեմ, որ նպատակաուղղված կլինի Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Սա Իսրայելի պատմական եւ բարոյական պարտքն է հայ ժողովրդի հանդեպ: Այդու այն նաեւ դատապարտելու է պատմական ճշմարտության որեւէ ժխտում, նվազեցում եւ աղավաղում: Այնուհետ բանաձեւը կներկայացվի Քնեսեթում քվեարկության»:
Հունիսի 28-ին Սաարը կարճ ձեւակերպեց՝ «Երբեք ուշ չէ ճիշտն անելու համար», իսկ միջազգային լրահոսի ամենաընթերցվող վերնագիրը դարձավ՝ «Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: Ո՞ւմ էր հետաքրքրում Իսրայելի ճանաչումը:
Հունաստանի նախկին վարչապետը Իսրայելին կոչ է արել ճանաչել նաեւ հույների եւ ասորիների ցեղասպանությունը
Լրատվականների առցանց տարբերակներում առկա սոցցանցային մեկնաբանությունների ընթերցումը կերտում է մի պատկեր, ըստ որի այն հետաքրքրում է քաղաքականությամբ, պատմությամբ եւ արդարության հանդեպ հավատը չկորցրած մարդկանց, մեր դիտարկմամբ՝ մի քանի ազգի՝ հրեաներին, հայերին, թուրքերին, ազերիներին, գերմանացիներին, հույներին, քրդերին, ասորիներին:
Greek city times լրատվականը հունիսի 29-ին անդրադարձել էր Իսրայելի ճանաչմանն՝ ընդգծելով, թե կառավարության միաձայն որոշումն անդրադառնում է Օսմանյան կայսրության՝ քրիստոնյաների հանդեպ ցեղասպան քաղաքականությանը, որին զոհ են դարձել հայեր, հույներ եւ ասորիներ: Իսկ Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը Իսրայելին կոչ էր արել ճանաչել նաեւ հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Ուստի Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը միավորել էր թուրքական աշխարհի վայրագությունների մասին չմոռացած հույներին եւ ասորիներին, ինչը պառակտվող աշխարհում կարեւոր համերաշխություն է:
«Եվրոնյուզ»-ի, ntv-ի գերմաներեն խմբագրությունները, ավստրիական ORF-ը հակիրճ անդրադարձան Իսրայելի ԱԳ նախարար Սաարի՝ պատմության ճանաչման հանձնառությանը եւ դրան հետեւած Իսրայելի կառավարության որոշմանը, գերմանական «Բայրիշե ռունդֆունկը» (BR), «Շպիգելը», taz-ն իրենց հրապարակումներն առանց ուղղորդման վերնագրեցին «Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», իսկ «Բեռլիներ ցայթունգը» հունիսի 28-ի վերնագրում ավելացրեց՝ «Ազդանշան Թուրքիայի՞ն» ենթատողը: «ԲՑ»-ի մեկնաբանը հղում անելով իսրայելական Ynet լրատվականին գրում է, թե Իսրայելը հապաղում էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նկատի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ստրատեգիական հարաբերությունները:
Հրեական մամուլը Իսրայելում եւ Եվրոպայում տարբեր շեշտադրմամբ է լուսաբանում
Շվեյցարիայում լույս տեսնող հրեական շաբաթաթերթը՝ tachles-ը, հունիսի 28-ին անդրադառնում է Իսրայելի կառավարության միաձայն ճանաչմանը՝ հատուկ ընդգծելով արտգործնախարար Սաարի խոսքը՝ «Երբեք ուշ չէ ճիշտն անելու համար»: Խմբագրականում համառոտ անդրադարձ կա Թուրքիայի՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի ցեղասպանություն կատարելու փաստի ժխտմանը, որ մերժում է հայերին ոչնչացնելու պետության նպատակադրված, համակարգված բնույթը, նվազեցնում է զոհերի թիվը՝ 300 000-500 000 համարելով: tachles-ը հիշատակում է, թե 2025-ին մի հարցազրույցի ժամանակ Նեթանյահուն եղավ առաջին վարչապետը, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում տարբեր տարիների ճանաչման առաջարկներ եղել են, սակայն պաշտոնական տեսակետ չի ձեւակերպվել: Սույն շաբաթահանդեսը Իսրայելի հապաղումը մեկնաբանում է Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու տեսակետից: Սակայն վերջին տարիներին դրանք վատթարացել են՝ Պաղեստինի հանդեպ դիրքորոշման պատճառով, իսկ նախագահ Էրդողանը 2023-ին Իսրայելին է մեղադրել Գազայում ցեղասպանություն իրագործելու համար: tachles-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկու երկիր է նշում՝ ԱՄՆ Կոնգրեսը 2019-ին է ընդունել, ԳԴՀ Բունդեսթագը 2016-ին, որ ժամանակին մեծապես ծանրաբեռնեց գերմանաթուրքական հարաբերությունները, գրում է հրեական լրատվական հանդեսը: («Ազգն» այդ թեման մանրամասն լուսաբանել է: Տե՛ս 2015-16-ի արխիվը- Ան.Հ.):
«Իսրայելն այսօր» (israel heute) կայքը հունիսի 28-ին վերնագրում է՝ « Էրդողանը Թուրքիային ուղղորդում է Իսրայելի հետ բացահայտ առճակատման»: «Մինչ Անկարան ուժեղացնում է իր հակասիոնիստական հռետորաբանությունը, Երուսաղեմը դիվանագիտորեն սուր հակադարձում, պատմական քայլ է անում՝ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:
Իսրայելաբնակ մեկնաբան Ռայան Ջոնսը (Ryan Jones) մեջբերում է Էրդողանի հայտարարությունը՝ « Սիոնիզմ կոչվող ցեղասպանական, օկուպացիոն, էքսպանսիոնիստական գաղափարախոսությունը սպառնում է ո՛չ միայն ինձ, ո՛չ միայն մեր կուսակցությանը, ո՛չ միայն մեր դաշինքին, այլ՝ բոլորին: Մենք պայքարում ենք սիոնիզմի դեմ, չենք պայքարում մեզ համար, անձնական պատճառներով, այլ՝ սեփական գոյատեւման, մեր ազգի գոյատեւման համար»: Մեկնաբան Ջոնսը գրում է՝ «Այս բառերի ընտրությունը Իսրայելի քաղաքականության սովորական քննադատություն չէր: Քաղաքակրթական հռետորաբանություն էր, որ սիոնիզմը՝ հրեա ժողովրդի ազգային շարժումը ներկայացնում է որպես գոյաբանական թշնամի: Տոնը նվազ դիվանագիտական էր, ավելի՝ գաղափարական, ավելի նման Թեհրանի բառապաշարին, քան ՆԱՏՕ-ի անդամ պետության», գրում է «Իսրայելն այսօր»-ի քաղաքական մեկնաբանը՝ ծանուցելով Իսրայելի ԱԳՆ-ի կտրուկ արձագանքի մասին՝« Էրդողանը դիկտատոր է, հարձակվում է Մերձավոր Արեւելքի միակ ժողովրդավարության վրա: Էրդողանը կոչնչանա, Իսրայելը հավերժ է»:
Գերմանիայում հրատարակվող «Յուդիշե ալգեմայնեն», որ տարբեր տարիների՝ հատկապես ապրիլի 24-ին հոդված էր հրապարակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ճանաչման մասին Սաարի առաջարկին անդրադարձավ հունիսի 26-ին՝ նշելով, թե 32 երկիր արդեն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ծանուցեց, թե այսօր աշխարհում հայկական ծագմամբ 11 միլիոն մարդ է հաշվվում: Հունիսի 29-ին նույն լրատվամիջոցը իսրայելաբնակ մեկնաբան Սաբինե Բրանդեսի հեղինակած ծավալուն անդրադարձով է լուսաբանում Երուսաղեմի միաձայն որոշումը՝ շեշտելով արտգործնախարար Սաարի խոսքի՝ «բարոյական պարտք» ձեւակերպումը: Հեղինակն անդրադառնում է Թուրքիայի եւ նրա կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի բուռն հակազդեցությանը: «Կառավարության միաձայն որոշումը կուրսի նշանակալի փոփոխություն է ներկայացնում, որ ձեւակերպված է որպես պատմական եւ բարոյական պարտավորություն, մինչդեռ Թուրքիան այն դիտարկում է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ, որը հավանաբար առավել կսրի երկու երկրների միջեւ՝ արդեն իսկ չափազանց լարված հարաբերությունները», գրում է «Յուդիշե ալգեմայնեի» մեկնաբանը:
«Օսմանյան կայսրությունը վաղուց չկա, իսկ Իսրայելն ու նրա ոճրագործությունը շարունակվում են»
Սա գերմանական լրահոսում Իսրայելի ճանաչման առթիվ ֆբ-ում ծավալված մի քննարկման ժամանակ թուրք օգտատիրոջ գրառումից է: Կայսրությունն իհարկե չկա, բայց իրավահաջորդ Թուրքիան կա, որ զղջում բառը չի ճանաչում, իսկ ուրացման դաշինքը կռում է Ադրբեջանի հետ՝ հայկական սեպին հարվածելով: «Հայաստանը սեպ է» Թուրքիայի՝ տարիներ ի վեր կրկնած արտահայտությունը կարծես էլ չենք լսում, բայց գործողությունները, մանավանդ վերջին երկու տարիներին խաղաղության եւ կայունության ձեւակերպման տակ ինչպես է փափուկ ուժի միջոցով՝ մեր ունկը շոյելով հարվածում այդ սեպին… զգում ենք, ապրում ենք ամեն օր: Իսրայելի ճանաչումը կոտրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ սեպը հեռացնելու հարվածի ուժը: Թուրանը միավորելու նպատակը չի բխում հրեական շահերից, եւ ժամանակը՝ timing-ն ընտրված է մի պահի, երբ Իրանի դեմ պատերազմի գայթակղությունը չի նվազեցնում թուրքական աշխարհը խառնելու, Թուրանը կամրջելու ծրագրի կասեցումը: Եւ սա բխում է հայկական շահերից:

Բաքուն Քնեսեթի պատգամավորների վրա ճնշում է՝ Ադրբեջանի հրեական համայնքի միջոցով
Գերմանիայում հրատարակվող nex24.news թուրքական կայքը հունիսի 29-ին վերնագրում է՝ «Ադրբեջանը դատապարտում է ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի որոշումը»: Գերմանաթուրքական կայքը հրապարակման մեջ խոշորացույցի տակ է առնում Բաքու- Երուսաղեմ հարաբերությունները, եւ տպավորություն է ստեղծում, թե Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը վտանգում է Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունն առավել: «Թեպետ Իսրայելը 2020-ին ԼՂ պատերազմի ժամանակ Ադրբեջանին առաջադեմ զենքի տրամադրմամբ վճռորոշ աջակցություն հատկացրեց, Բաքուն այժմ իր մտերիմ դաշնակցի դեմ կտրուկ դատապարտմամբ է արտահայտվում՝ մեղադրելով նրան «պատմական ճշմարտության խեղաթյուրման» մեջ՝ «խոր մտահոգություն հայտնելով»: Նախկինում երախտագիտությունից դրդված՝ Բաքուն ձեռնպահ էր մնում Իսրայելին հրապարակավ քննադատելուց», կարծիք է հայտնում գերմանաթուրքական կայքը եւ ծանուցում Ադրբեջանի ԱԳՆ-ի ձեւակերպման մասին՝ «նման միջոցառումները չեն նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ՝ խորացնում են առկա տարաձայնությունները, խաթարում տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության հասնելու ջանքերը: Բաքուն կոչ է արել վերանայել որոշումը», գրում է nex24.news-ը հավելելով՝ «այս կտրուկ արձագանքը հետեւել է Իսրայելի կառավարության միաձայն ճանաչմանը, սակայն դրանից առաջ Գիդեոն Սաարը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպել եւ փորձել է հանդարտեցնել նրան: nex24.news-ը ծավալուն անդրադարձում գրում է, թե Ադրբեջանի հրեական համայնքը նույնպես անմիջապես արձագանքել է եւ դատապարտել Իսրայելի քայլը: Ըստ այս աղբյուրի, հունիսի 29-ին Ռաբբի Զամիր Իսաեւը Իսրայելի ճանաչումը որակել է «սխալ, միակողմանի, քաղաքական դրդապատճառներով պայմանավորված» եւ հույս է հայտնել, որ Քնեսեթը կարգելափակի բանաձեւը: Ադրբեջանի սեֆարդական հրեական համայնքի ղեկավար, Բաքվի հրեական դպրոցի տնօրեն եւ գլխավոր ռաբբի Զամիր Իսաեւի (Rabbi Zamir Isayev) X-ի էջում այս թեմայով որեւէ գրառում չկա: Նույն «անտարբերությունն» է թեմայի նկատմամբ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւի X-ի էջում: Սակայն շարունակենք nex24.news-ի մեկնաբանի ծանուցումը՝ «այսպիսով՝ մեկ քաղաքական գործչի՝ Սաարի սկզբնական պահանջն այժմ դարձել է կառավարության պաշտոնական քաղաքականություն, իսկ օրենքը վերջնական ուժի մեջ մտնելու համար պետք է ընդունվի Քնեսեթում, քայլ, որը Բաքուն, Ադրբեջանի հրեական համայնքը փորձում են կանխել՝ իսրայելցի պատգամավորների վրա ճնշում գործադրելով»:
«Ջերուսալեմ փոստը» հուլիսի 1-ին գրում է, թե Ադրբեջանի հրեական աշքենազի համայնքի գլխավոր ռաբբի Շնեուր Սեգալը Քնեսեթի «Լիկուդ» խմբակցության ղեկավար Օֆիր Կացին նամակ է հղել՝ կոչ անելով վերանայել կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից բխող որոշումը:
ԱՄՆ, ԵՄ երկրների սփյուռքահայ կառույցները ողջունել են Իսրայելի կառավարության ճանաչումը, գոհունակություն է հայտնել նաեւ սաղիմահայությունը:
ՀՀ ԱԳՆ լուռ է: Բայց սրա մասին «Ազգի» առաջիկա համարում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Գլխավոր լուսանկարում՝ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը Քնեսեթում ներկայացնելիս։ 30.06.2026 թվական։











