Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հայաստանը կհայտնվի՞ հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրի» որոգայթում

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ին տված հարցազրույցի ժամանակ   չի բացառել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես  կարող են միանալ «Աբրահամի համաձայնագրին»:

Իսկ ի՞նչ է «Աբրահամի համաձայնագիրը» եւ որ՞ն է դրան միանալու  Իսրայելի մերձավորագույն դաշնակից ԱՄՆ-ի նպատակն ու շահագրգռվածությունը:

«Աբրահամի  համաձայնագիրը», որի  նախաձեռնությունը պատկանում է  ԱՄՆ նախագահի փեսա, ազգությամբ հրեա   Ջարեդ Քուշներին,  Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու նպատակով ձեւավորված հարթակ  է: Այդ համաձայնագրին   միացել են ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Մարոկոն: Սաուդյան Արաբիան առայժմ դիմադրում է եւ ամեն կերպ խուսափում  դրան  միանալու ճնշումներից:

ԱՄՆ նախագահ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած վերջին այցի ժամանակ   սաուդցիները հասկացրել են նախագահին, որ համաձայնագրին միանալու մտադրություն  չունեն: Սակայն Թրամփը համոզմունք է հայտնել, որ ապագայում սաուդցիները նույնպես  կգիտակցեն  համաձայնագրին միանալու անհրաժեշտությունը:

Ապրիլի վերջերին համաձայնագրին միանալու առաջարկություն է արել  նաեւ  Սիրիայի փաստացի ղեկավար  Մոհամադ ալ-Ջուլանին:

Իրան-ԱՄՆ բանակցությունների համատեքստում Իսրայելը շահագրգռված է ընդլայնելու «Աբրահամի համաձայնագրին» միացած երկրների շրջանակը եւ դրանում ներառել նաեւ Իրանին սահմանակից երկրներին, այդ թվում Հայաստանին ու Ադրբեջանին: Թել Ավիվի նպատակը դիվանագիտական ուղիներով Իրան-ԱՄՆ տարաձայնությունները կարգավորելու այլընտրանքը ռազմականով փոխարինելն է, որի համար Իսրայելում լայն արշավ է ձեւավորվել՝ Ադրբեջանի Հանրապետությանը  «Աբրահամի համաձայնագրին»  մասնակից դարձնելու ուղղությամբ, ինչը կարող է ավելի   կարծրացնել  Ադրբեջանի հակաիրանական կեցվածքը:  

ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի Բաքու այցելությունից ընդամենը մի քանի օր անց, մայիսի 7-ին նախատեսվում  էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Ադրբեջան:  Ըստ The Times of Israel-ի՝ Իսրայելի վարչապետի այցելության ընթացքում կողմերը պիտի  քննարկեին  ընդգծված հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրին» եւ տարբեր նախաձեռնություններին Ադրբեջանին պաշտոնապես ներգրավելու ծրագրերը: Սակայն այցն անորոշ ժամանակով հետաձգվել  է:

Իրանը խիստ մտահոգ է իր դեմ կազմակերպված արշավից, եւ այդ համատեքստում «Աբրահամի համաձայնագրի» ընդլայնումը վտանգավոր է համարում:

Իսրայելը Ադրբեջանի հետ մոտ հարաբերությունները դիտարկում է որպես իր ընդհանուր ռազմավարության մի մաս՝ ուղղված Իրանին սահմանակից երկրներում ազդեցություն ունենալուն: Իրանի պաշտոնյաները բազմիցս նախազգուշացրել են Ադրբեջանին Իսրայելի ազդեցության վտանգի մասին: Թեհրանը համոզված է, որ Ադրբեջանը վերածվել է Իսրայելի հիմնական հենակետի՝ Իրանի դեմ հետախուզական եւ դիվերսիոն գործողությունների համար:

Մարտ ամսին Իսրայելի  Քնեսեթը    մի բանաձեւ  է ներկայացրել, որտեղ ընդգծվում էր «Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի» ամրապնդման անհրաժեշտությունը: Այդ բանաձեւը  նաեւ «Աբրահամի համաձայնագրին» միանալու հարցում Ադրբեջանին աջակցություն է հայտնում:

Այժմ արդեն Վաշինգտոնը ձգտում է Հայաստանը նույնպես  ներառել հակաիրանական նախաձեռնություններին:  ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հայտարարույթյունը հենց դրա վկայությունն է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ