Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իրանն ու Թուրքիան սիրիական ճգնաժամի հորձանուտում

Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպն ու շարունակում են առաջ շարժվել: 

Ստեղծված իրավիճակը լրջորեն մտահոգում է Իրանին, որի  պատճառով էլ ԻԻՀ  ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շտապեց այցելել Սիրիա: Դամասկոսում ԻԻՀ ԱԳ նախարարը  հանդիպում ունեցավ   նախագահ  Բաշշար Ասադի հետ, որից հետո մեկնեց Թուրքիա՝ իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ  սիրիական ճգնաժամի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:  Իրանական եւ թուրքական մամուլն անդրադարձել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց առանցքում ճգնաժամը դիվանագիտական միջոցներով հանգուցալուծելու վերաբերյալ երկուստեք ստանձնած  հանձնառությունն էր:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր երկրի անվերապահ աջակցության մասին է հայտնել եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը գնահատել որպես  Իրանի տարածաշրջանային ռազմավարության խնդիր:  Նա իր սիրիացի գործընկերոջը    Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին աջակցություն ցուցաբերելու Իրանի ստանձնած պարտավորությունների մասին է հավաստիացրել ու ընդգծել.  «Հավատացած ենք, որ այս անգամ էլ Սիրիային կհաջողվի չեզոքացնել երկրի ապակայունացմանը միտված   Իսրայելի  խարդավանքները  եւ այդ ճանապարհին Իրանը կանգնած է լինելու Սիրիայի կառավարության ու ժողովրդի կողքին»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ահաբեկչության դեմ արդարացի ու վճռական պայքարի հարցում   շարունակելու է հաստատակամորեն աջակցել Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին:

Տարածաշրջանում  ստեղծված իրավիճակի հարցերով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով ԻԻՀ  ԱԳ Նախարար Աբբաս Արաղչին  ուրբաթ նաեւ կմեկնի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:

Իրանն ստեղծված իրավիճակից մտահոգվելու լուրջ պատճառներ ունի: Եթե Սիրիայի  կառավարությունը վերջնականապես կորցնի իր հսկողությունը Հալեպի վրա, եւ Բաշշար Ասադը  հայտնվի անելանելի վիճակում, Իրանն ստիպված է լինելու իրավիճակից բխող քայլեր ձեռնարկել: Այս պահին  դժվար է ճգնաժամի մեջ Իրանի ներգրավվածության հետեւանքների մասին կանխատեսումներ անել: Սակայն հստակ կարելի է ասել, որ այդ դեպքում  Իրանի ու Իսրայելի միջեւ պրոքսի պատերազմի նոր ճակատ կբացվի: Սակայն, այս անգամ պրոքսի պատերազմի մեջ, ի դեմս Թուրքիայի,  կհայտնվի նոր խաղացող: Իսկ Թուրքիայի ներգրավվածությունն այս պատերազմում իրավիճակին  ավելի սուր բնույթ կհաղորդի:

Թուրքիան դեռեւս 2011 թվականին սկիզբ առած  սիրիական ճգնաժամը փորձում էր օգտագործել իր հեռագնա նպատակների համար: Այդ օրերին Թուրքիայի նախագահ  Էրդողանը հեռուստաելույթներից մեկի ժամանակ խոսել էր իր համբերության բաժակը լցվելու մասին եւ ակնարկել  Սիրիայի՝ Օսմանյան կայսրությանը մաս կազմելու եւ այդ երկրի նկատմամբ իր ունեցած հավակնությունների մասին:

Այսօր Էրդողանն իր երազանքների իրականացման համար  աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի նպաստավոր է տեսնում: Նա  հակառակ ՀԱՄԱՍ-ին ու Հըզբոլլահին հովանավորելու մասին իր ակնհայտ ձեւական բնույթ ունեցող հայտարարությունների, Գազայում ու Լիբանանում ընթացող ռազմական գործողությունների  ժամանակ շարունակում էր լոգիստիկ հարցերում աջակցել Իսրայելին: 

Բոլորին է հայտնի, որ Թուրքիան միջազգային հանրությանը ներկայանում է որպես Իսրայելի ոխերիմ թշնամի, բայց  մշտապես ստանձնել ու ստանձնում է Իսրայելի պաշտպանի դերակատարությունը: Այլ կերպ ասած՝ Թուրքիան խոսքով Իսրայելի ամենամեծ թշնամին է, իսկ գործնականում՝ ամենամոտ գործընկերը: Անգամ  Իսրայելին աջակցելու հարցում  Թուրքիան երբեմն ԱՄՆ-ից էլ է առաջ անցնում: Փորձագետների պատկերավոր գնահատումով, վերջին 70 տարիներին Իսրայելը ՆԱՏՕ-ի հետ միասին՝  ԱՄՆ-ի գլխավորությամբ հետեւողականորեն  նվաճել է Թուրքիան:

Էրդողանի կառավարության որդեգրած քաղաքականության հետեւանքով, Սիրիան ժամանակ առ ժամանակ վերածվում է ահաբեկչական գործողությունների թատերաբեմի, որի նպատակն է հյուսիսային սահմաններում ապահովել Իսրայելի անդորրը:

Այժմ էլ,  Սիրիայում ճգնաժամի ահագնացմանը զուգընթաց, Թուրքիան փորձում է Իսրայելի օգնությամբ մեկ ընդ միշտ Իրանին զրկել Միջերկրական ծովում իր ներկայությունն ապահովելու հնարավորությունից:

Էրդողանը վերջերս էր հայտարարել, որ  Թուրքիան մտադիր է Միջերկրականից մինչեւ Իրանի սահմանը  կառուցել անվտանգության պատ, պատճառաբանելով, որ այդ նախագծի նպատակն է կանխարգելել ահաբեկիչների մուտքը Թուրքիա: 

Ամփոփելով թեման, նշենք, որ ներկայիս սիրիական ճգնաժամի հարցում Անկարայի դերակատարությունն անհերքելի է: Փորձագետների կարծիքով, առկա են հավաստի փաստեր այն մասին, որ  մի շարք երկրների հետ միասին Թուրքիան ռազմական ու ֆինանսական օգնություն է ցուցաբերում իսլամիստական զինված խմբավորումներին, որոնցից ամենագլխավորը   «Թահրիր աշ-Շամ»  կազմակերպությունն է: Սակայն Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար Թուրքիան փորձում է ներկայացնել իր քայլերն արդարացնող  մտացածին փաստարկներ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ