Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բաքուն՝ Իրանի ու Իսրայելի միջեւ հակամարտության թատերաբեմ

Մամուլից տեղեկանում ենք, որ Եվրասիայի երկրներում հավատարմագրված  Իսրայելի դեսպանների հավաքը կայանալու է հունվարի  16-18-ը՝  Բաքվում: Ադրբեջանի  կողմից ընդունված այս որոշումն  Իրանում ընկալվել  է որպես հերթական հակաիրանական քայլ: 

Իսրայելի արտաքին քաղաքականության հայեցակարգում կարեւոր տեղ  է հատկացված Կովկասի երկրներին, որտեղ առավելությունը տրված է Ադրբեջանին: Հասկանալի է, որ Ադրբեջանի Հանրապետության հետ Իսրայելի համագործակցության հիմքում դրված է եղել Իրանի սահմաններին մերձենալու խնդիրը, ինչն, անշուշտ, ըստ իսրայելցիների,  պայմանավորված է  Իսրայելի  անվտանգության ապահովման հրամայականով:  

Իրանի արտաքին քաղաքականության հայեցակարգում  նույնպես նշանակալի  տեղ է հատկացված իսլամական Իրանին ուղղված Իսրայելից  ակնկալվող վտանգի չեզոքացման խնդրին, որից ելնելով էլ  Իրանը  ջանք եւ միջոց չի խնայել  դիրքավորվելու Իսրայելամերձ երկրներում:

Այսօր հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով օրավուր խորացող  Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների պայմաններում Իսրայելին հաջողվել է  ամրապնդել  իր կապերն  Ադրբեջանի հետ:

Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանը պաշտոնապես  հայտարարեց, որ պատրաստվում է Թել Ավիվում դեսպանություն հիմնել: Նորանշանակ դեսպան  Մուխթար Մամեդովի ներկայացման առիթով Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները «առանձնահատուկ նշանակություն» ունեն Բաքվի համար:  

Բաքվում  հավատարմագրված Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը  Թել Ավիվում ադրբեջանական դեսպանություն հիմնադրելու կապակցությամբ գրառում է կատարեել  իր թվիթերյան էջում,  նշելով, որ այդ առիթով պետք է բաժակ բարձրացնել: Սակայն դեսպան Դիքի՝ Իրանի մասին  մեկ այլ թվիթերյան գրառում զայրացրել է Բաքվում հավատարմագրված ԻԻՀ դեսպան Մուսավիին, որ  իր հերթին պատսխանել է իսրայելցի դիվանագետի գրառմանը:

Իսրայելի դեսպանի թվիթերյան գրառման մեջ կարդում ենք. «Իսլամական հեղափոխությունից հետո, հատկապես այս օրերին, իրանաբնակ հրեաների  աղետալի  վիճակը նկատի ունենալով, կարելի է  պատմություններ հյուսել նրանց ողբերգական կյանքի  եւ անցյալի նկատմամբ ունեցած  կարոտախտի մասին»:

Իսկ Բաքվում Իրանի դեսպանն էլ պատասխանել է. «Հակառակ սիոնիստական ժամանակավոր   եւ  շինծու  վարչախմբի 70-ամյա  անցյալի, որի գոյության ընթացքում բազում  ազգեր են այդ քաղցկեղային գոյացությունից տառապել, 7000-ամյա պատմություն ունեցող Իրանը մշտապես եղել է աշխարհի կայունության խարիսխը»: Վերջում Իրանի դեսպանը ավելացրել է՝  «այս  գոյացությունը պետք է  վիրահատական միջոցով  հեռացվի»:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ