Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«ԱՄՆ-ը Ղարաբաղից պահանջել է հանդիպում Ադրբեջանի հետ»

Երեկ այս վերնագրով մի տարօրինակ լուր են հրապարակել ռուսական որոշ լրատվամիջոցներ: Իսկ նրանցից «Ռամբլեր.ռու»-ի վերնախորագիրն, օրինակ, որն առաջինն է աչքի զարնում մինչ լուրը «բացելը», պարզապես ապշեցնող է. «ԱՄՆ-ը Ղարաբաղին սպառնացել է, որ կլինի հակաահաբեկչական գործողություն»:

Լուրի սկզբնաղբյուրն, ըստ ամենայնի. «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն է, որի վերնագիրը սկսվում է «ԱՄՆ-ը Ղարաբաղին հարկադրում է…» արտահայտությամբ:
«Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերջնագրի ձեւով ստիպում է հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ երրորդ երկրում, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է, որ կիրականացվի ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն», – ասվում է հրապարակված տեքստում՝  վկայակոչելով Վաշինգտոնում ՌԻԱ-ի դիվանագիտական աղբյուրը:

«Վերջնագրի տեսքով Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին պարտադրում է համաձայնել ամենամոտ ժամանակում հանդիպելու ադրբեջանական կողմի հետ «երրորդ երկրում»՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ:  Նպատակը ԱՄՆ-ի ներբերումն է տարածաշրջան»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրան սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն անցկացնել»,- պարզաբանել է նա:  

Գործակալության զրուցակցի խոսքերով, ինչպես ասվում է հրապարակման մեջ, ամերիկյան «խաղաղարար նախաձեռնության» լոբբիինգն է անում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար (սա չակերտների մեջ է առնված – Գ. Մ.) Սերգեյ Ղազարյանը, «որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»: Մի՞թե հնարավոր է…

Այս սկանդալային թվացող հրապարակումը բազմաթիվ հարցականներ ու անհանգստություններ է առաջացնում: Մի՞թե միջազգային հիմնարար իրավունքներից մեկը համարվող ինքնորոշումը եւ դրա դիմաց Ադրբեջան կոչվող պետության ոչ մեկանգամյա լայնածավալ ագրեսիայից ու դրա նոր հեռանկարից  հայ Արցախի ինքնապաշտպանությունը  ԱՄՆ-ի համար արդեն ահաբեկչություն են եւ նա այսօր ցեղասպանական իրական վտանգի առջեւ կանգնած 120 հազար արցախահայությանը դեռ սպառնում է ադրբեջանական նոր ագրեսիայով, նախապես նաեւ «լեգիտիմացնելով» եւ ըստ էության հովանավորելով այն: Թե՞ սա ռուսական խանդով թելադրված չափազանցված ու սադրիչ տեղեկատվություն է:

Թվում է՝ Երեւանի եւ Ստեփանակերտի համապատասխան պետական մարմինները գիտեն իրենց անելիքը եւ չպետք է հապաղեն այս հրապարակման հետ կապված բոլոր անհրաժեշտ հանգամանքները ժամ առաջ պարզելու ու հնարավոր պաշտոնական ուղիներով հրապարակայնացնելու առումով:

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարը՝ Ռամբլեր.ռու-ից