Ազատ տեղաշարժի դեպքում կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են թաքնված լինել լրագրողի կերպարի տակ. Անդրեասյան

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է, որ Ռուստամ Բադասյանն իրեն թողել է մեծ, օրենսդրական, կառուցողական ժառանգություն, որի վրա հենվելով՝ ինքը կարող է բավարարել հասարակության որոշակի ակնկալիքները:
Առաջիկայում նախարարը ԲԴԽ-ի, ՔԿ-ի, Դատախազության և այլ մարմինների հետ հանդիպումներ է նախատեսել: Դատաիրավական բարեփոխումները նա մտադիր է իրականացնել ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների միջոցով:
Նախարարի ուշադրությունն են հրավիրել լուսանկարչուհի Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելելու փաստի վրա: Այդ առնչությամբ Անդրեասյանն ասել է.
«Լիլիան Գալստյանին անձամբ ե ճանաչում և ցավում եմ նրա հետ կատարվածի համար: Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության: Խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք: Դա մեր պետության պաշտպանության հարցն է: Ազատ տեղաշարժի դեպքում կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են թաքնված լինել լրագրողի կերպարի տակ, ուրեմն պետք է հավատալ անվտանգության աշխատակիցներին»:
