Վերլուծաբան Սարո Սարոյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին ու նախանշել որոշ հատվածներ, օրինակ. «Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը եւ այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, եւ սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է: Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, եւ դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»:
Սարո Սարոյանը պարզաբանում է վարչապետի խոսքից բխող վտանգների հավանականությունը. «Հարկ է նշել, որ եռակողմ այդ նոր փաստաթուղթը կդառնա Արցախի նկատմամբ մեր իրավական պահանջների գերեզմանափորը, քանզի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ մինչ օրս չկա որեւէ երկկողմ միջազգային պայմանագիր, որտեղ ՀՀ-ն ճանաչած լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Տվյալ եռակողմ փաստաթուղթը դառնալու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիայի (սահմանորոշման) արձանագրում, ինչպես նաեւ տրանսպորտային եւ այլ կոմունիկացիոն խնդիրների լուծման շուրջ համաձայնություն, որտեղ Գորիսից Կապան եւ Կապանի առանձին գյուղեր հասնելու համար թույլտվությունը (հանրապետական նշանակության խնդիրները) Հայաստանը կփոխանակի Մեղրի շրջանով Նախիջեւանից դեպի Բաքու գնացող աշխարհաքաղաքական նշանակության խնդիրներով։ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տգետ կառավարությանը տեղյակ պահեմ, որ դեռեւս 1990-ական թվականներից ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել, որտեղ ամրագրել է, որ ՀՀ պատկան մարմինների կողմից արգելվում է որեւէ տեսակի որոշման կայացումը կամ փաստաթղթի ստորագրումը, որտեղ Լեռնային Ղարաբաղը կճանաչվի Ադրբեջանի մաս։ Ուստի Փաշինյանի ուղերձում նշված եռակողմ փաստաթուղթը ստորագրող եւ ՀՀ օրենսդրությունը ոտնահարող անձը կդիտվի թշնամու կողմն անցած պաշտոնատար անձ եւ հետեւաբար նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված «Պետական դավաճանություն» հոդվածը»։