Թշնամական եւ անտարբեր այս աշխարհում մեր միակ փրկությունը միասնական լինելն է
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր»ի պատասխանատու խմբագիր Արամ Արքունի հավաստմամբ՝ շաբաթաթերթի լույս ընծայման 90-ամյակի հանդիսությունները եզրափակվեցին հոկտեմբերի 28-ին, Բոստոնի «Բըրլինգտոն Մարիոթում» տեղի ունեցած գալա-հանդեսով, որին ներկա են եղել ԱՄՆ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսը, հանրածանոթ լրագրողներ, ձեռնարկատեր եւ բարեգործ Նուբար Աֆեյանը, Ամերիկայի տարբեր անկյուններից ժամանած հայկական կազմակերպությունների ղեկավարներ, թերթի հին ու նոր ընթերցողներ, ինչպես նաեւ «Զուլալ» եռյակը, որ ամբողջ ընթացքում շենշող մթնոլորտ է պարգեւել ներկաներին:
Գալայի պաշտոնական ծրագիրը մեկնարկել է հայոց երեք հարանվանական եկեղեցիների եւ ներկայացուցիչների՝ հայր Առաքել Ալճալյանի, հայր Ղազար Պետրոսյանի, հայր Վազգեն Գուզույանի եւ վերապատվելի Տիգրան Յումուշակյանի միասնական աղոթքով, որը մատուցվել է հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Գալայի կազմկոմիտեի նախագահուհի Նիքոլ Պապիկյան-Հաժժարը նախ երախտագիտություն է հայտնել Գալայի կազմակերպման բարերար Աֆեյան ընտանիքի հիմնադրամին, ինչպես նաեւ միջոցառման հովանավորներ՝ Վահե Ֆաթթալ հիմնադրամին եւ Քերոլին Մուգարին, այնուհետեւ ներկայացրել է օրվա հանդիսավարուհի, ճանաչված կոմիկ դերասանուհի Սոնա Մովսիսյանին, որը ձեռնհասությամբ վարել է երեկոն:
Գնահատանք եւ պարգեւներ
Արամ Արքունը նախ տեղեկացրել է, որ չնայած շերիֆ Փիթեր Քութուճյանը անձամբ չէր կարողացել ներկա գտնվել, նա այնուամենայնիվ շնորհավորել էր թերթի 90-ամյակը՝ շրջանակի մեջ առնված վկայական ուղարկելով: Ապա նա թերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանին, որն արդեն քառորդ դար է զբաղեցնում այդ պաշտոնը, պարգեւատրել է լրագրության ասպարեզում գերազանցության վկայականով, բարձր գնահատելով լրագրողական ստանդարտների պահպանման նրա աննկուն ջանքերն ու հարատեւ գուրգուրանքը իր աշխատակիցների նկատմամբ: Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով խոսել է հայկական թերթերի կարեւոր դերակատարության մասին, հատկապես ներկա պայմաններում: Ապա նա Բարբարա Թելլալյանի հոր, պրոֆ. Եղիշե Չրաքյանի անձնուրաց դերակատարությանն է անդրադարձել, որպես թերթի հիմնադիր խմբագրի եւ գովասանական խոսքեր ասել նրա դստեր երկար տարիների ցուցաբերած աջակցությանը որպես հասարակական գործչի եւ «Armenian Heritage Park»-ի նախաձեռնողի: Գրիգորյանն ու Թելլալյանը գեղեցիկ մակագրություններով հուշանվերներ են ստացել դերասան Մայքլ Արամի ձեռամբ:
Այնուհետեւ Արքունը պարգեւատրել է թերթի դիզայներ Մարկ ՄկՔերթիչին (1), նշելով, որ վերջինս ավելի քան չորս տասնամյակ է ծառայում պարբերականին: «ՄկՔերթիչը գեղեցկություն է հաղորդում այն ամենին, ինչին դիպչում է», ասել է նա: Իր հերթին ՄկՔերթիչը շնորհակալություն է հայտնել եւ հակիրճ անդրադաձել «Պայքար» եւ «Միրոր-Սփեքթեյթր» թերթերի հետ իր ընտանիքի կապերին:
Ապա ցուցադրվել է տեսաժապավեն՝ պատրաստված թերթի թղթակից Հայկարամ Նահապետյանի կողմից՝ նվիրված շաբաթաթերթի խմբագրականների հեղինակ, ավագ սյունակագիր, ՌԱԿ-ի ու ԹՄՄ-ի ղեկավար եւ ճանաչված հասարակական գործիչ, հանգուցյալ Երվանդ Ազատյանին: Ներածականը կարդացել է Րաֆֆի Արքունը:
Ցուցադրումից հետո Արամ Արքունը հայտարարել է մրցանակի արժանացած հաջորդ անձնավորության անունը: Գեւորգ Մարաշլյանը (Կիպրոսի Մելգոնյան կրթօջախի, Բեյրութի Հայկազյան քոլեջի եւ Երեւանի պետհամալսարանի նախկին սան) Մ. Նահանգների Արեւելյան շրջանի Ռամկավար Ազատական կուսակցության կոմիտեի նախագահը, Մ. Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ-ի Կենտրոնական վարչության փոխնախագահը լինելուց եւ հայկական համայնքում հասարակական նշանակալի դերակատարություն ունենալուց բացի, նաեւ «Միրոր-Սփեքթեյթր»ի հրատարակիչ, «Պայքար» ասոցիացիայի նախագահն է: Երկար տասնամյակներ անհուն նվիրվածությամբ նա աջակցել է թերթին: Նրան է շնորհվել Արարատ լեռան եւ Խոր Վիրապի փորագրանկարով մետաղյա գեղեցիկ հուշանվերը, պատրաստված ՄկՔերթիչի կողմից:
Լրագրողների պատգամները
Բանավեճին մասնակցած հայազգի լրագրողները ելույթներ են ունեցել՝ պահանջելով ամերիկահայերից ավելի ակտիվ լինել, որովհետեւ մենք պայքարում ենք «արմատական չարիքի» դեմ, որն ըստ Է. Հակոբյանի, չի տեղավորվում քաղաքական երկխոսություններ ծավալելու շրջանակներում: Հայաստանը փոխանակ կարգին կառավարական համակարգ ստեղծելու, իզուր տասնամյակներ է վատնել: Անհրաժեշտ է ուղղել սխալները: Կ. Կարապետյանը Կարո Փայլանի խոսքերն է մեջբերել, որ հայերից պահանջում է զորահավաքի ենթարկել իրենց ջանքերը եւ միասնական լինել հայրենիքի, պետության պաշտպանության գործում: Իր հերթին Washington Post-ի արտաքին քաղաքականության բաժնի ականավոր վետերան-լրագրող Դեյվիդ Իգնեյշըսը անդրադարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, ասելով, որ դրա «երախտագիտությունը գործողության մեջ» նշանաբանը չափազանց ոգեպնդիչ է: Նա կոչ է արել շարունակել այդ գործը եւ աղոթել դրա հիմնադիրներից՝ Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի մյուս առաջնորդների ազատ արձակման համար:
«Միրոր»ի մասին նա նշել է, որ թերթը նպատակասլաց կերպով ծառայում է հայ համայնքին եւ անգլիախոս ընթերցողներին ներկայացնում ճշգրիտ փաստեր: Ք. Դիլանյանը ասել է, որ լոնդոնյան իր գործընկերները խոստովանելով հանդերձ, որ պատերազմական այլ թեժ կետերի լուսաբանումները ստվերում են Հայաստանի խնդիրները, հաստատել են, որ իրադրությունը դժբախտաբար չի փոխվի մոտ ապագայում: «Մեզ մնում է պարզապես շարունակել մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին», եզրակացրել է նա: Վերջում խոսքում առնելով դոկտ. Նուբար Աֆեյանը, որ «Մոդեռնա» բիոտեխնիկական ընկերության եւ բազմաթիվ այլ նախաձեռնությունների համահիմնադիրներից է, շնորհավորել է թերթի պանծալի 90-ամյակը, ավելացնելով, որ այն «օտարության մեջ հայկականություն պարգեւող լրատվամիջոց է, որ մեզ նպաստում է դարձյալ վեր հառնել»: Ապա իր մտահոգությունն է արտահայտել Արցախի ղեկավարների անօրինական կալանավորման համար: «Ռուբեն Վարդանյանին բռնի կալանավորել են, որովհետեւ նա ամենաճանաչված հայն է աշխարհում, որի ազատ արձակման համար մենք պետք է ջանքեր չխնայենք: Հավատացած եմ, որ պատկան մարմինները, ներառյալ ՀՀ կառավարությունը, փորձում են զգուշավորությամբ լուծել այդ խնդիրը»: Նա առաջարկել է «Քննադատարան» անվանումով մի նոր մարմին, կամ կառույց ստեղծել, որի միջոցով փորձենք հարթել մեր ներքին անհամաձայնությունները: «Արցախը մեզ մի ուղերձ է հղում: Մենք պետք է միասնական լինենք: Դա մեր միակ զենքն է ընդդեմ անտարբեր եւ շատ դեպքերում թշնամական աշխարհի: Հավատացած եմ, որ մենք դարձալ կհառնենք, այս անգամ ավելի ուժեղ եւ անվտանգ»:
Օգնություն Արցախին
Գալա հանդիսության վերջում տիկին Հաժժարը ներկաներին դիմելով տեղեկացրել է, որ ԹՄՄ-ի (որն իր հստակ ծրագրերը իրականացնում է հայաստանյան իր ներկայացուցչության միջոցով) ջանքերին զուգահեռ «Միրոր-Սփեքթեյթր»ի հայտարարած դրամահավաքի արդյունքում հավաքվել է 26.870 դոլար, որը կտրամադրվի Արցախից բռնի տեղահանվածներին եւ Ստեփանակերտի վառելիքի դեպոյի հզոր պայթյունից տուժածներին: Նա հավելել է, որ դրամահավաքը շարունակվում է, եւ ցանկացողները կարող են այցելել «https://givehutter.com/AGuStb» կայքը:
Շնորհակալական խոսք
Շաբաթաթերթը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր հնարավոր են դարձրել նրա անընդհատ հրապարակումը ներկայի անցումային դժվարին պայմաններում: Թերթը հինգ տարին մեկ է նման գալաներ անցկացնում, եւ այս անգամ ռեկորդ է սահմանել՝ հավաքելով 360 հազար դոլար, որը կներդրվի պարբերաթերթը ավելի բովանդակալից ու հետաքրքական դարձնելու գործընթացում: «Բառերն անզոր են բնութագրելու համար Նիքոլ Պապիկյան-Հաժժարի գերազանց եւ արդյունավետ աշխատանքը: Շնորհակալություն նրան, ինչպես նաեւ հոբելյանական կազմկոմիտեի նվիրյալ անդամներին՝ Մերի Ջո Բազարյան-Մուրեյին, Մարգարիտ Բելորյանին, Ելենա Բիշարյանին, Փիրուզա Պողոսյանին, Քեթրին Կլորիկյանին, Քերոլ Իշխանյանին, Ռուզան Խաչատուրյան-Աբրրահամյանին, Անահիտ Նահիկյանին, Անի Ստեփանյանին, խորհրդատու Բարբարա Չրաքյան-Թելլալյանին եւ վարչական մարմնի օգնական Հասմիկ Սարոյանին: Առանց նրանց աջակցության հնարավոր չէր լինի կազմակերպել նման տարողությամբ գալա-հանդեսը:
Շնորհակալական խոսք է ասվել նաեւ բոլոր ընկերություններին եւ կազմակերպություններին, որոնք միշտ եղել են «Միրոր»ի կողքին:
Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ