Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մշակվել են եզակի օպտիկական նանո-բջիջներ

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ստացվել է «էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության» (ԷՀԹ) ռեզոնանս՝ օգտագործելով գերնեղ օպտիկական բջջում պարփակված ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված (զրոյական մագնիսական  դաշտում արգելված) անցումները:

Երկալիք լազերային դաշտերի ազդեցությամբ ատոմական գոլորշիներում տեղի ունեցող ԷՀԹ երեւույթը հայտնաբերվել է դեռեւս 30 տարի առաջ:Ներկայում այն կիրառվում է լույսի արագության դանդաղեցման, օպտիկական  ինֆորմացիայի գրանցման եւ պահպանման համար: Այդ կիրառությունների հիմքում ատոմական անցումների վրա գերնեղ օպտիկական ռեզոնանսի ձեւավորումն է: Հայտնի է, որ յուրաքանչյուր տեսակի ատոմում այդ անցումները տեղի են ունենում  որոշակի ֆիքսված հաճախությունների վրա: Կիրառական  հետաքրքրությունն էլ ավելի կմեծանար, եթե հնարավոր լիներ փոփոխել անցումների հաճախությունը կամ «ստեղծել» նոր անցումներ: Եվ պարզվում է, որ դա հնարավոր է՝ օգտագործելով մագնիսական դաշտը:

Ինստիտուտում մշակվել են աշխարհում եզակի օպտիկական նանո-բջիջներ, որոնք թույլ են տվել առաջին անգամ ատոմական գոլորշիներում գրանցել եւ համապարփակ հետազոտել մագնիսականորեն-հարուցված անցումները:

Նանո-բջիջներում ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված անցումների վրա Էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության ռեզոնանսների ձեւավորումն առաջին  հերթին հեռանկարային է 50-5000 Գս տիրույթի համասեռ եւ խիստ անհամասեռ մագնիսական դաշտերի չափման համար: Հետազոտությունները կատարվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ  սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ