Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակի կապակցությամբ «IYOUWE» ՀԿ-ն Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր «Արցախ, ի՛մ հավերժ» խորագրով միջոցառում։ Այն մեկնարկեց Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախյան մշակութային կենտրոնների եւ անհատների աշխատանքների ցուցադրությամբ. դրանք փրկվել են պատերազմներում ոչնչացվելուց կամ թշնամու ձեռքն ընկնելուց։
Միջոցառմանը ներկա էր «ողջ» Արցախը՝ պետական գործիչներ, հայրենիքն ազատագրած հերոսներ, մշակութային գործիչներ, արցախասեր տարբեր սերունդներ։ Իրենց խոսքում ներկաներն արժեվորեցին արցախյան շարժման 35-ամյա ճանապարհը, անդրադարձան մերօրյա մարտահրավերներին եւ եւս մեկ անգամ վերահաստատեցին՝ շարժման նշանակությունն այսօր էլ նույնն է՝ պայքարը շարունակվում է։
Ներկաները միակարծիք են՝ նոր հաղթանակների համար պետք է վերականգնել 1988-ի միասնությունը, տարածել արժանապատվության ալիքն ու արժանի լինել արցախահայության այն կամքին, որը նրանք ցուցաբերում են այս օրերին։ Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ բարձրաձայնեցին նաեւ վրիպումներն ու սխալները, ինչն էլ ավելի է մոտեցնում սթափության ժամը. պետք է արթնացնել զարթոնքի եւ վերապրելու ցանկությունը։
Ներկաներին եւ հատկապես շարժման նախաձեռնողներին ու առաջնորդներին շնորհավորեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նա ընդգծեց, որ Արցախյան շարժման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել պատմական արդարությունը, պահպանել ազգային ինքնությունը․ «Պայքարը շարունակվում է. հարյուր քսան հազար հայրենակիցներն այսօր շրջափակման պայմաններում ամեն օր պայքարում են։ Մենք բոլորս պետք է կարողանանք վերականգնել 1988-ի մթնոլորտը, էներգիան, համախմբվածությունն ու միասնականությունը»,- նշեց նախարարն ու վստահեցրեց՝ այդ պարագայում մենք նոր հաղթանակներ անպայման կունենանք։
Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը եւս շնորհավորեց ներկաներին եւ հավելեց. «Մեր զոհված ընկերների հոգիների հուրը արեւի ճառագայթների պես շոյում են մեզ։ Գոնե այս օրերին նրանք մեզ զրկում են սխալվելուց։ Նույնիսկ 100 պարտությունը չպետք է կոտրի մեր պայքարի ոգին, իսկ հայ ժողովուրդն իրավունք չունի միայնակ թողնել Արցախին, եւ՝ հակառակը»,- նշեց Սեյրան Օհանյանն ու ներկաներին հորդորեց համախմբվել եւ ոտքի կանգնել։
Եղան նաեւ այլ ելույթներ, որոնցում բանախոսներն ընդգծեցին արցախյան շարժման կարեւորությունն ինչպես 35 տարի առաջ, այնպես էլ մեր օրերում՝ իբրեւ Արցախի հավերժ մնալու կարեւոր պայման։
Արցախին նվիրված կատարումներով հանդես եկան Արսեն Գրիգորյանն (Մրո) ու Շուշան Պետրոսյանը, որոնք երգով ու խոսքով վերահաստատեցին՝ աշխարհն առուծախ է, Արցախը՝ հուր չվախեցող։
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն