…Ֆրանսիայում ծնված եւ մեծացած ազգային երկու գործիչներ՝ Հրայր Հրաչյանը եւ Արա Գրիգորյանը Հայաստանը, հայ մշակույթն ու ինքնությունը իրենց հոգում կրել են միշտ եւ հանապազ: Եվ Հայաստանին ու հայկական քաղաքակրթությանը ծառայելը եղել է նրանց հավատամքը:
Հրայր Հրաչյանն ու Արա Գրիգորյանը հեղինակել են մի արժեքավոր աշխատություն՝ «Le dictionnaire biographique Armeniens d’hier et d’aujourdui» («Կենսագրական բառարան. Հայերը երեկ եւ այսօր»): Ընդգրկում է 3200 պատմական դեմքերի, մշակութային, ազգային եւ քաղաքական գործիչների մասին տեղեկություններ: Այս աշխատությունն ունի ճանաչողական նշանակություն, որը օտարի համար բացահայտում է, թե ով է եղել Հայը, որտեղից է գալիս եւ ինչ հետագիծ ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ սկսած Տիգրան Մեծի ժամանակներից, միջնադարյան մատենագիրներից մինչեւ Կիլիկյան Հայաստանի արքաներ ու թագուհիներ, մինչեւ ազգային-ազատագրական պայքարի գործիչներ, մշակույթի մեծանուն դեմքեր…Այս գիրքը հայ հոգու ցոլանքն է, ազգի կեսագրությունը: Բառարանն առաջիկայում նոր համալրված հրատարակություն կունենա, նոր անուններով, եւ կընդգրկի նաեւ մոտ 200 այլազգիների, որոնք նվիրված են եղել հայ ժողովրդին:
Գիրքը մեր առջեւ բացվում է ֆրանսիացի պատմաբան, ցեղասպանագետ Վենսան Դյուքլերի առաջաբանով, որտեղ հանգամանորեն ներկայացնում է հայ ժողովրդի ոչ միայն համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած ավանդը, այլեւ մեր ազգի նշանավոր մարդկանց ներդրումն այն երկրներում, ուր հայտնվել է հայը: Չի անտեսվել անգամ այն փաստը, որ Արցախի մեր մշակութային ժառանգությունը եւս համաքրիստոնեական արժեք է , որն այսօր աշխարհի քաղաքակիրթ հատվածի հոգածության կարիքն ունի:
Ուշագրավ է ՀՀ Ազգային Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի գնահատականը.
«Հայկական կենսագրական բառարան ֆրանսերէնով. շատ ուրախալի մի նախաձեռնութիւն, որ ստանձել ու իրագործել են իմ բարեկամներ Հրայր Հրաչեանն ու Արա Գրիգորյանը: Ճիշտ է, այստեղ՝ Հայաստանում, ունենք այսպիսի բառարաններ ու հանրագիտարաններ, բայց այն հանգամանքը, որ այս աշխատանքը շարադրված է ոչ թե հայերէնով, այլ՝ ֆրանսէրենով, որ շատ մօտ է ինձ, միայն ողջունելի է:
Այս ուսումնասիրութիւնը՝ պատրաստուած հայոց պատմութեանը, հայ մշակոյթին եւ հայութեան այժմեական խնդիրներին քաջատեղեակ սփիւռքահայերի կողմից, պիտի նկատել կարեւոր ներդրում հայագիտութեան ասպարէզում:
Անտարակոյս, այն պիտի դառնայ առաջնակարգ եւ խիստ անհրաժեշտ գործիք ոչ միայն ֆրանսահայ մեր երիտասարդների, այլեւ լայն հասարակութեան համար: Կանաչ ճանապարհ եւ յաջողութեան մաղթանքներ այս Կենսագրական բառարանին իր կարեւոր առաքելութեան մէջ »:
Նշենք, որ սա Հրայր Հրաչյանի աշխատասիրությամբ լույս տեսած առաջին գիրքը չէ: Առաջին հրատարակած գործը եղել է «100 եւ մեկ հայ մշակույթի դեմքեր»: (100 et 1 figures de la culture armenienne) գիրքը:
Երկրորդ տպագրված աշխատանքը պարունակում է պատմական եւ մշակութային դեմքեր` « Arme՛nie eternelle. Grandes figures» («Հավերժական Հայաստան. Մեծ դեմքեր»):
… Օրերս, սեպտեմբերի 26-ին, Երեւանում Լուսինե Զաքարյան տուն-թանգարանում կայացավ գրքի շնորհանդեսը: Ներկա էր Լուսինե Զաքարյանի քույրը՝ տիկին Լյուդմիլան (Լենան) իր երկու դուստրերի՝ Իրինայի եւ Արուսյակի հետ: Ներկա էին մեր մշակույթի եւ գիտության վաստակաշատ գործիչները՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրագիտության բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը, «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը, օպերային երգիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, օպերային երգչուհի, Օպերա ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, անվանի ցեղասպանագետ, բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանի դուստրը՝ պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը, Բժշկության պատմության թանգարանի փոխտնօրեն Քնարիկ Կարասեֆերյանը, Երվանդ Քոչարի թանգարանից Լալա Քոչարը, «Սփյուռք» գիտա-հետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, Հայաստանի Ազգային գրադարանի ներկայացուցիչ Անի Բանյանը, «Nouvelles dÿ Arme՛nie Magazine» թերթի թղթակից Սեդա Մավյանը, ներկա էր նաեւ երաժիշտ, նվագարաններ ստեղծող (այդ թվում՝ «մանջութ» անունով գործիքը) վարպետ Մանուկ Հարությունյանը…
Լուսինե Զաքարյանի տուն թանգարանի տնօերնը ՝ փիլիսոփայական գիտությունների դոկտրոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի Հայֆա Հայաստանյան մասնաճյուղի վարիչ տիկին Սուսաննա Դավթյանը, ինչպես միշտ, իր ողջույնի խոսքը սկսում է Գրիգոր Նարեկացու «Մատյան»-ից հատվածի արտասանությամբ: Այս անգամն էլ բացառություն չէր, որից հետո վարպետ Մանուկ Հարությունյանը իր ստեղծած գործիքով՝ մանջութով կատարեց Խրիմյան Հայրիկի «Գութանի երգը», միջնադարյան շարականներ: Ի դեպ, նա տարիներ առաջ դրանով միջնադարյան տաղեր էր կատարել այս հարկի տակ՝ Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի կենդանության օրոք:
Ներկա էին հյուրեր Հայաստանից ու Սփյուռքից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ այլ գաղթօջախներից…
Թանգարանի սրահը լեփ-լեցուն էր…Ու դեռ որքան հյուրեր կային, որոնք մնացել էին դրսում. տարածքը փոքր էր բոլորին տեղավորելու համար:
Հրայր Հրաչյանը պատմեց, թե ինչպիսի ջանքերի ու փնտրտուքների արդյունքում է ծնվել այս գիրքը:
-Երկար տարիներ մտածում էի՝ ինչ-որ ձեւով ամփոփել եւ մեկ հատորում ներկայացնել մեր մեծերի մասին կենսագրական տեղեկություններ: Երբ գիրքը լույս տեսավ, մենք միջոցառումներ կազմակերպեցինք Ֆրանսիայում, որպեսզի գիրքը լայն տարածում գտնի : Նման աշխատություն լույս ընծայելու նպատակն է, որ հայի անունը հայտնվի աշխարհի մտավորականության անունների շարքերում եւ մշակույթի պատմության էջերում:Անդրադարձ կա նաեւ Հայոց ցեղասպանությանը, պատմական դեմքերին: Մենք այս գիրքը նորեն պիտի հրատարակենք, ուր տեղ պիտի գտնեն պատմական այն գործիչների անունները, որոնք ցեղասպանության ժամանակ եղել են հայերիս կողքին, պաշտպանել են մեր իրավունքները,- նշում է հեղինակը:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ