Ռոբերտ Էլիբեկյան – 85
Լույսը ամեն անգամ նոր պատուհան է բացում մտքերի, ապրումների, հույսերի: Ամեն նոր օր իր գույնն է բերում: Յուրաքանչյուր նկարիչ լույսը թարգմանում է իր ձայնով, մեզ տանում գույնի իր հետքերով:
Ռոբերտ Էլիբեկյանի վրձինը ներդաշնակ է լույսի, նրա տարբեր երեւէջումների հետ, որտեղ նա իր նախընտրած լարերն ունի, երանգների լեզուն: Աշխարհի բազմազանության, բնության հարյուրհազարավոր ձեւերի, մարդկային կյանքի բարդ շարժերի մեջ ո՞ր երեւույթներն են նրան ավելի գրավել, որտե՞ղ է նա սեւեռել հայացքը եւ ինչպիսի՞ն է եղել գեղարվեստական արձագանքն այդ ամենի, ինչպե՞ս ենք թարգմանում նրա կտավների լեզուն` խորհրդավոր խորհրդապաշտակա՞ն, միստիկակա՞ն, թատերայի՞ն: Թերեւս յուրաքանչյուրը տեսնում է համաձայն արվեստի իր ընկալման, իմացության մակարդակի, կա նաեւ զգացողականը: Բայց այն, որ նրա նկարչական արվեստը վաղուց է հանրային ճանաչման, գնահատման ու սիրո արժանացել, փաստ է:
Կտավներին տեսնում ես հոսող գույներ. առաջինը դա է աչքի ընկնում, հետո ֆիգուրները, որոնք գույների աստիճանաբար թափանցիկացող շերտերի միջից երեւում են շղարշավորված: Կտավից կտավ տիրապետող գույները, որոնք հիմնականում մեղմ են, կարմիրը, կապույտը` ավելի ակտիվ, աչքերիդ առաջ այնքան արագ են հերթագայվում, որ մտապատկերներդ շարժանկարի են վերածվում այնպես, որ դրանց վրա կարող ես հյուսել քո պատմությունը, ստեղծել նոր աշխարհ, քոնը, քո սուբյեկտիվը: Կարծես բոլոր կտավները, դրանց պատմությունները շարունակում են միմյանց, այնքան կապված են թվում իրար: Եվ դա այդպես է, դա կյանքն է, մարդու, նկարչի ապրումների, զգացումների հոսքն է, հոգու շարժը` գոււյնի, գծի, պատկերի ձեւերով անցած կտավին: Դա է, որ հաղորդական, կենդանի է դարձնում նկարչի արվեստը, մտքեր է առաջացնում, երեւակայություն շարժում:

Գեղեցիկ է: Եվ, այո, նկարչի աչքը ամեն անկյունում որոնում է գեղեցիկը, կին, թռչուն, անձրեւ, ծառի մերկացող ճյուղ: Այդ նկարներում դրանք կարող են չնկատվել ուղղակիորեն, նաեւ իբրեւ սիմվոլ չդիտվել. ուշադիր աչքը դա կտեսնի առանձին դետալների մեջ, նկարչի ձեռքը ուղղակի այդ պահի մեջ այդպես է շարժվել:
«Ինչո՞ւ են հոսում այս գույները, հարցնում եմ ինքս ինձ,- ի՞նչ կա թաքնված այս շարժումների մեջ»:

Մի քանի անգամ հանդիպել եմ նկարչին, զրուցել բավական, փորձում էի խոսքի մեջ որսալ ստեղծագործության մոտիվացիան, ի՞նչ է նկարչությունն իր համար, ի՞նչ է արվեստանոցը` յուրօրինակ ապաստարա՞ն. ստեղծագործելու անհրաժեշտությունը ապրելակե՞րպ է, փախո՞ւստ իրականությունից, ինքդ քեզանից, սեփական մտքերի՞ց: Քիչ առաջ արվեստանոց մտած նկարչի հայացքը ի՞նչ է արձանագրել, ի՞նչ է առանձնացրել քաղաքի, իր փողոցի բազում անցուդարձերի մեջ` կանացի հայա՞ցք, դեմք, թաքուն մի ժպիտ, ծառի սպասում, բակի կատուների վա՞զք: Մտապատկերային շարժանկարը կանգ է առնում մի տեղ, գունային հոսքերը խառնվում , ասիմիլացնում են դրանք` աշխարհը մեզ ամբողջության մեջ երեւացնելու: Իհարկե ես հասկանում եմ` որքան սուբյեկտիվ կարող են լինել բոլոր իմ այս ընկալումները:

Կյանքի գաղտնիքներից մեկը գարունն է, ամենասպասվածը,երբ կյանքը նորից թեւեր է առնում,դիպչում մարդկանց սրտերին: Նկարիչը գարնան բույրը, թեթեւությունն ու գեղեցկությունը պատկերում է կնոջ կերպարով: Այդպիսին է Ռոբերտ Էլիբեկյանի կտավներից մեկը` «Գարուն» (1992): Դեռատի կինը` օդի պես թեթեւ սահող գարնանային քամու մեղմությամբ: Կնոջը վերագրվող գաղտնիքներից մեկը` հմայքը, ներկայացվում է թափանցիկ կանաչ ֆոնին` քնքշորեն:
Նկարն ասոցացվում է Բոտիչելլիի «Գարուն», «Վեներայի ծնունդը» կտավների հետ` ոչ կատարման տեխնիկայով, ձեւով, կամ ոճով, այլ էներգիայի թեթեւությամբ, ներքին շնչառության տաքությամբ:
Թատրոնի մոգական աշխարհը.
Էլիբեկյանը թատրոնի, բեմի արվեստագետ է նաեւ, երկար տարիներ է աշխատել այս ասպարեզում, բազմաթիվ բեմական դեկորներ, զգեստներ է ստեղծել, թատերային, բալետային ներկայացումների նկարիչ է:
Թատերական արվեստը իսկապես մեծ ազդեցություն է ունեցել նրա գեղարվեստական մտածողության վրա: Եվ իր նկարչության մեջ իրական կյանքի պատկերներն ու շարժերն էլ որոշակիորեն թատերայնացված են: Նա չի օգտագործում առանձին դեկորներ, սիմվոլներ` ժպիտ, դիմակ եւ այլ, ոչ էլ թատերային հայտնի ծաղրածուանման դեմքեր, նա իրական կերպարներին է տալիս այդպիսի զգացողություն. թատրոնի շունչ կա նրանցում: Գուցե դա է նաեւ պատճառը, որ կյանքի ու բեմի սահմանները կտավի վրա խառնվում են հաճախ, արտիստիզմը թատրոնից դուրս նաեւ կտավներին է հայտնվում, կանայք հիմնականում բեմական կեցվածք ունեն` դիմաշարժով, նվաղուն հայացքներով քողարկված, միրաժային վիճակներում, որի` իմ տպավորությունը Ժամանակի մոռացությունն է, պահի կանգ առնելը:

Երեւակայական, տեսիլքային է աշխարհն այս արվեստում, այդպիսին է երեւում կյանքը նրան, նկարում է այն, ինչ ներսի տեսողությունից է գալիս: Բեմի շարժերը` թատերային, ո՜չ դրամատիկը, անցնում են կտավին, եւ այստեղ միտքդ դեմ է առնում անջրպետող, անտեսանելի վարագույրին, ու որքան փորձում ես ետ տանել, մինչեւ վերջ բացել չի լինում: Միրաժային վարագույրը հայտնվում է նկարի ու դիտողի միջեւ, թվում է մոտեցար լուծմանը, սակայն մտքիցդ, աչքիցդ արագորեն չքանում, անհետանում է: Ի՞նչ է հուշում թվացյալ վարագույրը, որ նկարից նկար հայտնվում ու միտքդ հեռացնում է գայթակղիչ գաղտնիքից: Այն, որ ամենը տեսի՞լք է, իլյուզիա՞, խաբկա՞նք իրականության: Գուցե:
Երբ անբացատրելի է մնում նկարը, երբ միտքդ չի որսում պատկերը, հուշել սկսում է գույնը: Նա է զգացմունքի հաղորդիչը, անմիջական կրողը նկարչի հոգու շարժերի, իսկ գույնը զգում ես անգամ ենթագիտակցորեն…
Վարպետի արվեստանոցի մեր մի քանի զրույցներից քիչ բան եմ հիշում, բայց մնացել է զգացողությունը մթնոլորտի. այն ազատ է, բաց, թափանցիկ, նաեւ կանոնիկ:
Լույսը թափանցում է կենտրոնից… Պատերի նկարները, նաեւ ներքեւում պատերին հենվածները իրենց լռությամբ մասնակցում են զրույցին:
Տարիներ, երկար տարիներ առավոտյան դուրս է նա եկել տանից, քայլել ծանոթ փողոցներով դեպի արվեստանոց: Պատկերացնել, իհարկե,հեշտ չէ, թե որքան հույզ ու ապրում, ինչ մտքեր է նա բերել իր հետ, հետո ձեռքը տարել վրձնին, ներկերն ընտրել: Ու գույնը ամեն անգամ յուրովի է արձագանքել իրականությանը, օրվա իր տրամադրությանը` ստեղծելով հարուստ, երեւակայական ու գեղեցիկ աշխարհը Էլիբեկյանական նկարչության:

…Լույսն ամեն օր նոր ձեւով է թափանցում ստեղծագործողի հոգու պատուհաններից ներս, սկսումշարժն իր մտազգացական` պահի մեջ, պահի ազդեցությամբ հոսող, փոփոխվող: Այդպես` տարիների մենախոսություն նկարակալի առջեւ, զրույց կտավի հետ, մտերմություն վրձնի հետ:
Եվ ահա կյանքի 85 տարին:
Նոր բացվող ապրիլյան թափանցիկ կանաչի գույն ունի օրն այս:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ









