Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջոել Վելդքամփ. «Ճշմարտությունը բարձրաձայնելը մեր առաքելությունն ու պարտքն է»

Արծվի Բախչինյան
17/04/2026
- 17 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՑՅՈՒՐԻԽ – Ջոել Վելդքամփը (ծն. 1988, Այովա) տնօրինում է Շվեյցարիայում հիմնված, կրոնական ազատության եւ աշխարհում հալածվող համայնքների պաշտպանության համար պայքարող «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (այսուհետ՝ ՔՀՄ) իրավապաշտպան կազմակերպության հանրային շահերի պաշտպանության բաժինը:

Արժանացել է միջազգային պատմության դոկտորի կոչման Ժնեւի Բարձրագույն միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտում, Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան՝ Չիքագոյի համալսարանում եւ բակալավրի աստիճան՝ Այովայի Դորդթ համալսարանում: Վելդքամփի գիտական հետազոտությունները վերաբերում են Մերձավոր Արեւելքի նորագույն պատմությանը, ներառյալ Սիրիայի քրիստոնյա համայնքների կյանքը: ՔՀՄ-ում իր գործունեության շրջանակում նա բազմիցս ճանապարհորդել է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ փաստագրելով մարդասիրական իրավիճակը եւ զբաղվելով միջազգային շահերի պաշտպանությամբ: Ելույթներ է ունեցել այնպիսի հարթակներում, ինչպիսին է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը՝ անդրադառնալով կրոնական հալածանքներին, տնտեսական պատժամիջոցներին եւ խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցերին:

Ի դեպ, Ջոել Վելդքամփի անունը (Ֆելդքամփ ձեւով) եւ լուսանկարը տարբեր անձանց հետ առնվազն երկու անգամ հայտնվել են «Ազգի» էջերում (տե՛ս Անահիտ Հովսեփյան, Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից, «Ազգ», 6.06.2025, նույնի, Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել, «Ազգ», 17-23.10.2025):

–Ջոե՛լ, որպես Հայաստանում բնակվող հայ՝ իմ առաջին հարցը հետեւյալն է. ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են աշխարհաքաղաքական զարգացումները ձեւավորում մարդասիրական քաղաքականությունը մեր տարածաշրջանում:

-Ցավոք, Հարավային Կովկասը գտնվում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ սկսված ազդեցության նոր «մեծ խաղի» կենտրոնում: Նման իրավիճակում մարդասիրական եւ մարդու իրավունքների հարցերը միշտ զիջում են մեծ տերությունների կոշտ շահերին: Մոտ 30 տարի առաջ ազդեցիկ ամերիկացի պետական գործիչ Զբիգնեւ Բժեզինսկին Ադրբեջանը բնութագրել է որպես «աշխարհաքաղաքական հենակետ», որը կարեւոր է ԱՄՆ-ի համար՝ Ռուսաստանի ազդեցությունը զսպելու հարցում: Իրականում ԱՄՆ-ը այսօր էլ տարածաշրջանն այդպիսին է դիտում: Ռուսաստանն էլ, իր հերթին, ակնհայտորեն որոշել է, որ իր ազդեցությունը պահպանելու համար անհրաժեշտ է Թուրքիայի եւ Ադրբեջանի բարյացակամությունը: Երկու կողմերն էլ ունեն Ադրբեջանի կարիքը, եւ այդ պատճառով Ադրբեջանին հիմնականում թույլատրվում է անել այն, ինչ ցանկանում է՝ ներառյալ էթնիկ զտումներ իրականացնելը:

–Ի՞նչ դեր ունի միջազգային շահերի պաշտպանությունը մարդկային արժանապատվության եւ կրոնական ազատության պաշտպանության գործում:

-Իհարկե, կոշտ ուժի իրողությունները խիստ սահմանափակում են այն, ինչը կարող է իրականացնել միջազգային շահերի պաշտպանությունը: Բայց դա չի նշանակում, որ պետք է հուսահատվել: Նույնիսկ այն դեպքում, երբ մեծ տերությունները չեն արձագանքում, շահերի պաշտպանությունը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ հանրային կարծիքի ձեւավորման վրա:

Լավ օրինակ է այն, որ ընդամենը 20 տարի առաջ գիտական եւ պետական շրջանակներում դեռ զգալի խուսափողականություն կար «Հայոց ցեղասպանություն» եզրույթը գործածելու հարցում: Այսօր այն լայնորեն ընդունված է որպես պատմական իրողություն, եւ միայն սահմանափակ շրջանակներ են այն վիճարկում: Այս փոփոխության հիմքում քաղաքական հաշվարկ չկար: Դա ձեռք է բերվել անցյալ հարյուրամյակի ընթացքում հազարավոր հայերի անձնվեր աշխատանքի շնորհիվ:

Ջոել Վելդքամփը բողոքում է Արցախի շրջափակման դեմ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ, 27 հունվարի, 2023:

Շահերի պաշտպանությունը նաեւ օգնում է մեզ պատրաստվել այն օրվան, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը կփոխվի, ինչն անխուսափելի է: Անձամբ ես կարծում եմ, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը սխալ հաշվարկներ են արել: Նրանցից ոչ մեկի շահերից չի բխում, որ Հայաստանը լիովին զրկվի իր ինքնիշխանությունից, եւ որ Թուրքիան ու Ադրբեջանը լիովին վերահսկեն տարածաշրջանը: Սակայն նրանց քաղաքականությունը հենց այս իրավիճակին է հանգեցրել: Վերջիվերջո, Ադրբեջանը (որն աշխարհին ներկայանալու իր ողջ ջանքերով հանդերձ շարունակում է մնալ պարանոյիկ, ծայրահեղ ազգայնական եւ ագրեսիվ բռնապետություն), կդառնա չափազանց դժվար կառավարելի, եւ մեծ տերությունները կսկսեն փնտրել նրան սահմանափակելու ուղիներ: Այդ ժամանակ մենք պետք է ապահովենք, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը լինի օրակարգի կենտրոնում: Նման բան արդեն տեսել ենք: ՔՀՄ-ն յոթ տարի շարունակ ահազանգում էր Սուդանում ցեղասպանության եւ ստրկության մասին, մինչեւ որ 2002 թվականին ԱՄՆ-ը որոշեց միջամտել եւ նպաստել քաղաքացիական պատերազմի ավարտին: Մենք չէինք կարող վերահսկել այն աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք հանգեցրին այդ որոշմանը, բայց երբ դրանք տեղի ունեցան, մեր շահերի պաշտպանությունը նպաստեց քաղաքականության ձեւավորմանը:

–Ձեր կարծիքով՝ այսօր գլոբալացված աշխարհում դեռ կարելի՞ է խոսել քրիստոնեական համերաշխության մասին: Նույնիսկ Եվրոպայում, որը շվեյցարա-իսրայելցի հեղինակ Բա Եորն անվանում է «Եվրաբիա», թվում է, թե իրական քրիստոնեական արժեքները մարում են:

-Քրիստոնեական համերաշխությունը այսօր, անկասկած, աշխարհաքաղաքական իրողություն չէ: Հալածանքների ենթարկվող կամ զրկանքների մեջ գտնվող քրիստոնյաները գրեթե ոչ մի դեր չեն խաղում արեւմտյան պետությունների արտաքին քաղաքականության մեջ: Սա կտրուկ հակադրվում է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի իրավիճակին, երբ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների վիճակը կենտրոնական թեմա էր ամերիկյան ու եվրոպական քաղաքականության մեջ: Մենք չենք ակնկալում, որ հարցը մոտ ապագայում կփոխվի:

ՔՀՄ-ի համար քրիստոնեական համերաշխությունը նախ եւ առաջ հոգեւոր կոչում է: Մեր առաքելությունն է՝ միավորել աշխարհի քրիստոնյաներին՝ աջակցելու հալածվող քրիստոնյաներին եւ հալածվող այլ ժողովուրդներին, ինչպիսիք են, օրինակ, Իրաքի եզդիները կամ Մյանմայի ռոհինջա մահմեդականները: Մեր աջակիցներից շատերը հարուստ կամ քաղաքականապես ազդեցիկ չեն, բայց միասին մենք կարող ենք օգնել այդ համայնքներին գոյատեւել ու երբեմն նույնիսկ՝ արմատապես փոխել իրենց վիճակը: Թեեւ ապրում ենք կայսրություններով, գերտերություններով եւ ազգային պետություններով պայմանավորված աշխարհում, սակայն Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված մեզ միավորել է մկրտության եւ Սուրբ Հոգու շնորհիվ՝ հաղթահարելով ազգության, լեզվի, սեռի եւ դասի բաժանումները: Մենք միասին Քրիստոսի Մարմինն ենք աշխարհում: Քրիստոնեական համերաշխությունն այն գործիքն է, որը Նա տվել է մեզ՝ դիմակայելու ճնշմանը եւ հալածանքներին: Պետք է օգտվենք դրանից:

–Կարծում եմ՝ առաջին անգամ հայերի հետ ծանոթացել եք Սիրիայի քրիստոնյա համայնքներն ուսումնասիրելիս: 21-րդ դարը հատկապես ծանր եղավ Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների համար, որոնց թվաքանակը կտրուկ նվազեց: Ձեր կարծիքով, որո՞նք են այսօր այդ տարածաշրջանի քրիստոնյա համայնքների առջեւ կանգնած ամենամեծ մարտահրավերները: Այնտեղ ապագա տեսնո՞ւմ եք արդյոք քրիստոնեության համար, թե՞ կիսում եք ավելի հոռետեսական տեսակետը, ըստ որի, այն կարող է անհետանալ:

-Մերձավոր Արեւելքում կայսրություններից դեպի ազգային պետություններ անցումը խորապես տրավմատիկ է եղել քրիստոնյաների համար: Ավանդաբար նրանք իսլամական կայսրություններում ունեին պաշտպանված, բայց երկրորդ կարգի կարգավիճակ՝ որպես դհիմմիներ: Զավեշտական կերպով, դհիմմի համակարգի վերացումը դարձավ երկակի կորուստ քրիստոնյաների համար. այն նրանց դարձրեց խոցելի թե՛ կրոնական ծայրահեղականների, թե՛ թուրք եւ արաբ ազգայնականների հարձակումների նկատմամբ, մինչդեռ նրանց հավասար քաղաքացի դարձնելու փորձերն այդ հանրությունները մեծապես մերժել են:

Այսօր, գրեթե քառորդ դար շարունակվող պատերազմներից հետո, Թուրքիան կարծես պատրաստվում է դառնալ տարածաշրջանի գերիշխող ուժը: Սա շատ վատ նորություն է քրիստոնյաների համար. վերջին 103 տարիների ընթացքում այնտեղ, որտեղ Թուրքիայի Հանրապետությունը տարածել է իր ազդեցությունը՝ Անտիոքից մինչեւ Կիպրոս, պատմական քրիստոնյա համայնքները վերացել են:

Քրիստոնեությունը, անկասկած, կարող է անհետանալ Մերձավոր Արեւելքից: Սակայն դա չպետք է ընդունենք որպես անխուսափելիություն: Եթե կա մի վայր, որը կարելի է անվանել հուսահատական քրիստոնյաների համար, ապա դա Սիրիան է՝ 15 տարվա քաղաքացիական պատերազմից ու տնտեսական պատժամիջոցներից ավերված եւ ջիհադիստական ուժերից կազմված վարչակարգով կառավարվող: Բայց հենց Սիրիայում ենք տեսնում, որ բազմաթիվ քրիստոնյաներ, նրանց մեջ՝ հայերը, շարունակում են հավատարիմ մնալ իրենց հայրենիքին եւ համաքաղաքացիներին՝ վճռական լինելով ապրել իրենց մահմեդական հարեւանների հետ որպես համաքաղաքացիներ: Նրանք արժանի են մեր լիակատար աջակցությանը:

–Դուք այն քիչ ոչ հայերից եք, որոնք հետեւողականորեն գրում են Արցախի էթնիկ զտման մասին: Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանը ձեր հետազոտական եւ հանրային գործունեության մեջ:

-Ինձ համար բարեբախտություն է եղել այս տարիների ընթացքում բազմիցս լինել Հայաստանում: Առաջին անգամ այստեղ եկա 2017 թվականին՝ իմ դոկտորական ծրագրի շրջանակում հայերեն սովորելու նպատակով: Ցանկանում էի գրել Հալեպի քրիստոնյաների մասին, եւ բավական ուշ հասկացա, որ նրանց մեջ որքան շատ են հայերը: Դա կարեւոր դաս էր ինձ համար. հայերը քրիստոնեության պատմության անբաժանելի մասն են ոչ միայն Սիրիայում, այլեւ Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում:

Ահա թե ինչու ՔՀՄ-ն այսքան մեծ ուժ է ներդնում այս գործում: Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է: Նրա մշակույթը, աստվածաբանական ավանդույթը եւ հավաքական հիշողությունը համաշխարհային քրիստոնեական ժառանգության անփոխարինելի մասն են: Հայ ժողովուրդը վերապրել է պատերազմներ, պետականության բացակայություն, ցեղասպանություն, կոմունիստական ամբողջատիրություն եւ այլ փորձություններ, եւ այսօր էլ շարունակում է պահել Ավետարանի լույսը աշխարհի այս՝ աստիճանաբար թշնամական դարձող հատվածում: Արեւմուտքը կանգնած է այդ ամենը «մի գավաթ ապուրի» դիմաց փոխանակելու վտանգի առաջ: Եթե Հայաստանն անհետանա, մեր ապագա բոլոր պայքարները շատ ավելի դժվար կլինեն:

Ամեն անգամ Հայաստան գալուց հետո ես հեռանում եմ ներշնչված: Իհարկե, ոչ թե ծանր քաղաքական իրավիճակից, այլ մեր բազմաթիվ հայ գործընկերների քաջությունից, որոնք շարունակում են պայքարել դժվարին պայմաններում: Նկատի ունեմ մարդու իրավունքների այն պաշտպաններին, որոնք շարունակում են ճշմարտությունը բարձրաձայնել աճող ամբողջատիրության պայմաններում, եւ Արցախի այն փախստականներին, որոնք կորցրել են ամեն ինչ, բայց ամեն օր աշխատում են իրենց հայրենակիցներին օգնելու եւ հույսը պահպանելու համար: Երբ հանդիպում ես նման մարդկանց, անհնար է չցանկանալ ավելի շատ աշխատել նրանց աջակցելու համար:

–Խոսենք Հայաստանի վերջին զարգացումներից: Շատերը ողջունում են TRIPP-ը, մինչդեռ մյուսները այն դիտում են որպես ծուղակ: Ի՞նչ կարծիքի եք դուք:

-Հավանաբար ես ամենահարմար անձը չեմ այս հարցի մասին խոսելու համար. ես մեծապես վստահում եմ այնպիսի փորձագետների, ինչպիսիք են Ֆիլիպ Գալֆայանը եւ Տիգրան Գրիգորյանը, որոնց վերլուծությունները համարում եմ օգտակար: Սկզբունքորեն, Հայաստանի համար կարող է շատ շահավետ լինել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրային հանգույց դառնալը եւ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ պայմանով, որ պահպանի ինքնիշխանությունը սեփական տարածքի եւ սահմանների նկատմամբ:

Ինձ մտահոգում է այն, որ Հայաստանի որոշ պաշտպաններ խոսում են այնպես, կարծես TRIPP-ն ինքնին կարող է զսպել ադրբեջանական ներխուժումը: Թվում է, թե ենթադրությունն այն է, որ եթե ԱՄՆ-ը մեծապես ներգրավված լինի այս նախագծում, ապա Ադրբեջանը կխուսափի հարձակվել Հայաստանի հարավի վրա: Ես դա համոզիչ չեմ համարում: Ամերիկյան քաղաքականությունն անկայուն եւ փոփոխական է: Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության միակ կայուն գիծը 1990-ականներից ի վեր եղել է Ադրբեջանի հետ համագործակցությանն առաջնահերթություն տալը: Բաքուն համոզված է, որ քանի դեռ օգնում է Վաշինգտոնին իր էներգետիկ եւ անվտանգության նպատակներում, հայերի դեմ իր բոլոր գործողությունները կներվեն եւ արագ կմոռացվեն: Սա այն դասն է, որը նա քաղել է 2016, 2020, 2022 եւ 2023 թվականների իրադարձություններից:

Եթե ԱՄՆ-ը ցանկանում է զսպել Ադրբեջանի ապագա ագրեսիան, ապա պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին նախկին գործողությունների համար եւ պահանջի փոխհատուցում: Հայերը չպետք է հանգստանան ու գոհանան ավելի քչով:

Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, կասեմ հետեւյալը. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատերազմը մեծ անվտանգային ազդեցություններ կունենա Հայաստանի համար, որոնք, ցավոք, այժմ գրեթե անհնար է կանխատեսել: Բայց պատերազմը կրկին ընդգծում է, թե որքան փոփոխական է ԱՄՆ-ի քաղաքականությունն այս տարածաշրջանում: Ամերիկացիները պատրաստ են վարել հսկայական, անվերջ պատերազմ՝ առանց նախազգուշացման, ինչը հանգեցրել է Իրանի գրոհներին տարածաշրջանի նրանց գրեթե բոլոր դաշնակիցների նկատմամբ: Այն գաղափարը, որ հայերը կարող են հույս դնել ԱՄՆ-ի ներդրումների վրա TRIPP-ում, որպեսզի ագրեսիայից ապահով լինեն, թվում է, ավելի անշահավետ է, քան երբեւէ: Հստակ է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա ԱՄՆ-ի հետ, սակայն հայերը չպետք է իրենց պաշտպանության մեջ հույս դնեն ԱՄՆ-ի վրա:

–Ջո՛ել, նշեցիք, որ սովորել եք հայերեն: Ինչպիսի՞ն էր այդ փորձառությունը:

-Շատ խոնարհեցնող: Ես սովորել եմ ֆրանսերեն, գերմաներեն եւ արաբերեն, բայց հայերենը դրանցից ավելի դժվար էր: Ի վերջո սովորեցի այնքան, որ կարողանամ կարդալ 1920-ականների հայկական աղբյուրները, եւ կարողանում եմ, թեկուզ թույլ, խոսել պարզ թեմաների շուրջ, բայց դա դեռեւս այն լեզուն չէ, որի հետ ինձ հարմարավետ եմ զգում: Բարեբախտաբար, իմ հայ ընկերներն ու ուսուցիչները միշտ մեծ համբերություն են ցուցաբերում: Ես դեռ ամեն շաբաթ առցանց դասեր եմ ստանում Հայաստանում ապրող մի ուսուցչից (ողջո՜ւյն, Գեւո՛րգ) եւ ուզում եմ կատարելագործվել, բայց, կարծում եմ, սա մարտահրավեր է լինելու ամբողջ կյանքի համար:

–Վերջում՝ շնորհակալություն ձեր ողջ աշխատանքի համար, հատկապես հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ: Այսօր ճշմարտության ձայնը բարձրացնելը հազվադեպ երեւույթ է, եւ ձեր նման մարդկանց ջանքերը մեծ նշանակություն ունեն:

-Շնորհակալ եմ քաջալերանքի համար: Ինձ եւ իմ գործընկերներին այս գործը վստահել են Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում ապրող հազարավոր սովորական քրիստոնյաներ, որոնք իրենց նվիրատվություններով հնարավոր են դարձնում մեր գործունեությունը: Մեր շնորհակալությունն առաջին հերթին ուղղված է նրանց: ՔՀՄ-ի համար ճշմարտությունը բարձրաձայնելը մեր առաքելությունն ու պարտքն է: Եթե մենք չխոսենք հալածանքների մասին (անգամ երբ դա հակասում է գերիշխող խոսույթին), ապա մեր գոյությունը որեւէ իմաստ չի ունենա…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույսի ելեւէջումներ կտավին  

Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական