Բրիտանաբնակ Լիզ Չեյթըրը Հնդկաստանի եւ Հարավ-արեւելյան Ասիայի հայ ընտանիքների ծագումնաբանության եւ պատմության ամենաեռանդուն հետազոտողն է: Նա հեղինակ է մի քանի գրքի՝ «Կալկաթայի նշանավոր հայը եւ Հոնկոնգի մեծ ծերունին՝ սըր Խաչիկ Փոլ Չեյթըր. համառոտ կենսագրություն» (2005), «Հայկական գերեզմաններ, արձանագրություններ եւ հուշահամալիրներ Հնդկաստանում. Դաքա, 1722-1977» (2011), «Սայմընդսբըրի Դորսեթի գերեզմանատան հուշահամալիրները եւ արձանագրությունները» (2012), «Էյփ Դորսեթ, Սուրբ Պետրոսի գերեզմանատան հուշահամալիրները եւ արձանագրությունները» (2012) եւ «Մարմարե դահլիճ, Հոնկոնգ. պատկերազարդ տեսություն եւ սըր Խաչիկ Փոլ Չեյթըրին առնչվող այլ նստավայրեր» (2012): Լիզ Չեյթըրը վարում է Հնդկաստանի հայերին վերաբերող հարուստ տեքստային եւ տեսողական տեղեկություններով սեփական բլոգը (http://chater-genealogy.blogspot.com/): Բլոգի խորագրում ասված է. «Ես վերստեղծում եմ այն հայերի կյանքը, որոնք որեւէ կապ ունեն կամ գուցե պարզապես թաղված են Կալկաթայում եւ Հնդկաստանի այլ վայրերում՝ դրանք իմ կարողության չափով ներկայացնելով կարճ պատմություններով: Հնդկաստանի հայերը եզակի են, եւ նրանց պատմությունները պետք է ներկայացնել: Հուսով եմ, որ այս բլոգը մի փոքր ճանապարհ է անցնում՝ ներկայացնելու այդ պատմությունները»:
-Լի՛զ, ես հիացած եմ ձեր գործունեությամբ, որը բացահայտում է Հնդկաստանի եւ Հարավ-արեւելյան Ասիայի հայ ընտանիքների եւ հաստատությունների պատմությունը: Ձեր ազգանունը զուգորդվում է Հոնկոնգում բնակված հնդկահայ խոշոր գործարար եւ բարեգործ սըր Խաչիկ Փոլ Չեյթըրի անվան հետ, որին անվանել են «Չինաստանի ամենահարուստ եւ առատաձեռն մարդը»: Կա՞ ընտանեկան կապ նրա հետ:
-Շնորհակալ եմ ձեր բարի խոսքերի եւ դիտարկումների համար: Ես չափազանց խանդավառ եմ Ասիայի հայ ընտանիքների պատմությամբ եւ կարծում եմ, որ խիստ կարեւոր է ոչ միայն հիշել ժամանակին այնտեղ ապրած հայերին, այլեւ փորձել ներկայացնել նրանց պատմությունները: Այդպիսով կարող ենք նպաստել, որպեսզի հայոց պատմությունը վառ եւ նշանակալից կերպով պահվի, թույլ չտալ, որ Ասիայում հայկական ոտնահետքերը մարեն: Ահա թե ինչո՛ւ եմ ես անում այն, ինչ անում եմ: Սըր Փոլ Չեյթըրի հետ հեռավոր կապ կա, բայց գիտե՞ք, պետք է հիշել նաեւ նրան ժամանակակից ոչ պակաս կարեւոր եւ նշանավոր հնդկահայերի: Օրինակ, Ջ. Ք. Գալստոնին Կալկաթայից, առատաձեռն մի մեծահարուստի, որի բարեգործությունը հայրենակիցների եւ Կալկաթա քաղաքի նկատմամբ չպետք է անտեսվի: Նա նաեւ ձիասպորտի մեծ սիրահար եւ մարզիչ էր, եւ անկասկած, նրա ճանապարհը կարող էր հատվել սըր Փոլ Չեյթըրի հետ: Եվ կամ Թադեւոս Մեսրոպ Թադեւոսը՝ վուշի առեւտրական, անշարժ գույքի զարգացման մասնագետ եւ նույնպես ձիարշավարանի տեր: Իրոք, եղել են մի շարք հիանալի, ականավոր, իրենց գործում հաջողակ հնդկահայեր, որոնք շռայլորեն փոխհատուցել են իրենց համայնքին ու քաղաքին: Մեզ ծանոթ են այնպիսի առեւտրականների անուններ, ինչպիսիք են Աբգարը, Սարգիսը եւ Ջոհանեսը, եղել են եւ այնպիսիք, որոնց նվիրվածությունը Հնդկաստանում հայերի կրթության գործին եղել է այն խարիսխը, որի վրա այսօր կանգնած է Կալկաթայի Հայկական ճեմարանը: Դ. Ա. Դավիթը, Աստվածատուր Մուրադխանը եւ Մնացական Վարդենը վճռորոշ դեր են խաղացել Ճեմարանի ներկա կրթական համակարգում: Սըր Փոլի եւ մյուսների միջեւ միակ տարբերությունն իրականում այն էր, որ նա իր ողջ կարողությունը կտակել է Կալկաթայի հայկական եկեղեցուն. քչերն են այդքան առատաձեռն եղել:
-Հնդկահայերի պատմության որքա՞ն մասն է ուսումնասիրված ձեր եւ այլոց շնորհիվ եւ ի՞նչն է կարեւոր հետագա ուսումնասիրության համար:
-Ես կրքոտ հետազոտող եմ, որն իր գործը կատարում է իրեն հասանելի աղբյուրների սահմաններում: Անկախ հետազոտողի համար դա իրականում բավականին սահմանափակ է: Այնուամենայնիվ, մի շարք պատմաբաններ ու գիտնականներ ուսումնասիրել են Ասիայի եւ Պարսկաստանի հայերի պատմությունը եւ գրել մի քանի՝ ակնածանք հարուցող հոդվածներ եւ հրապարակումներ: Ինձ համար ընտանեկան պատմությունը նախ եւ առաջ հիմնական տեղեկատվությանը տիրապետելն է, որն իրագործելու համար պետք է ունենալ բոլոր կարեւոր տեղեկությունները՝ անձանց ծննդյան, ամուսնության եւ մահվան մասին: Հնդկաստանի հայ ընտանիքների պատմության հետ կապված դժվարությունն այն է, որ գրանցամատյանները գրվել են հայերեն, երբեք չեն թարգմանվել անգլերեն եւ հասանելի չեն դարձել: Բայց 2005-ին, երբ առաջին անգամ այցելեցի Կալկաթա, թույլտվություն ստացա լուսանկարել հայկական եկեղեցու ամենավաղ մկրտության գրանցամատյանը՝ թվագրված 1793-1859-ին: Երբ վերադարձա տուն՝ Միացյալ Թագավորություն, դրանք թարգմանել տվեցի անգլերեն, այնուհետեւ նվիրեցի «Բրիտանական Հնդկաստանի հասարակության ընտանիքներ» կազմակերպությանը, որոնք մանրամասներ ավելացրին Հնդկաստանում ընտանեկան պատմության գրանցումների իրենց տվյալների բազայում: Այս վաղ հայկական գրանցամատյանի բոլոր թարգմանություններն անվճար կերպով հասանելի են բոլոր ցանկացողներին, դրանք հարյուրավոր մարդկանց օգնել են ամբողջ աշխարհում՝ ունենալու իրենց սեփական ընտանեկան պատմությունը: Հիմնական տվյալների նման «բացումը» եզակի էր, առաջին անգամ էր այդ ծավալի նման նախագիծ իրականանում: Իհարկե, մյուս եկեղեցական գրանցամատյաններում նույնպես բազմաթիվ գրառումներ կան, միմիայն հայերենով, եւ հրաշալի կլիներ դրանք եւս թարգմանել անգլերեն եւ ազատորեն մատչելի դարձնել ուրիշներին՝ գտնելու իրենց նախնիներին: «Բրիտանական Հնդկաստանի հասարակության ընտանիքներին» ես վերջերս նվիրաբերեցի Յանգոնի հայերին առնչվող մի քանի այլ թարգմանություններ, որոնք նույնպես անվճար հասանելի են առցանց: Իմ հետագա թարգմանությունները եւս կշարունակեմ նվիրաբերել այդ կազմակերպությանը:
Այժմ ես մեծապես ներգրավված եմ Դաքայում (Բանգլադեշ) հայկական ներկայության պատմության վերստեղծմամբ: Սերտորեն աշխատելով մեր հոգաբարձու Արմեն Արսլանյանի եւ եկեղեցու անձնակազմի հետ՝ ես օգնել եմ որոշ չափով վերականգնել Դաքայի հայերի կորսված պատմական ներկայությունը: Արմենի ղեկավարությամբ մենք ունենք եկեղեցու եւ շրջակա տարածքների պահպանման իսկապես լավ, ամուր ծրագիր: Մենք ունենք նաեւ պարենային աջակցության կանոնավոր ծրագիր. մեր եկեղեցու աշխատակիցներն ամեն շաբաթ սնունդ են բաժանում եկեղեցու տարածքին մոտ ապրող ավելի քան 400 բնակիչների: Տեղացիների համար կազմակերպում ենք նաեւ բժշկական ճամբարներ: Արմենը բավականին ոգեշնչող է եւ հստակորեն գիտի, թե ինչի է ցանկանում հասնել ապագայում եւ ինչպես լավագույնս օգնել Դաքայի հայկական եկեղեցու համայնքներին: Մենք հուսով ենք՝ ի վերջո դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հուշարձան, եւ բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ:
Մեր ամենահետաքրքրական նորությունն այն է, որ այս տարվա նոյեմբերին ծրագրում ենք խաչքար բացել Դաքայի հայկական եկեղեցու տարածքում, արարողությունը կնախագահի Գարեգին Բ. կաթողիկոսը: Այս միջոցառման մանրամասները շուտով կտեղադրվեն մեր կայքում եւ մեր սոցիալական մեդիա հարթակներում: Հրաշալի առիթ է լինելու, որն է՛լ ավելի առանձնահատուկ կդառնա կաթողիկոսի ներկայությամբ:
-Հայերն իրենց նյութական հետքերը՝ շինություններ ու գերեզմանաքարեր, թողել են Հնդկաստանի շատ անկյուններում: Որքանո՞վ են այժմ այդ հետքերը պաշտպանված:
-Կալկաթայի հայկական եկեղեցին հոգ է տանում Հնդկաստանի հայկական տապանաքարերի մեծ մասին: Հնդկաստանի որոշ շրջաններում (օրինակ՝ Ագրայում) հայկական շիրմաքարերը խնամում են տեղական կառավարման մարմինները: 2012 թվականին Սուրաթի հայկական գերեզմանաքարերը ցուցադրվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության շաբաթվա ընթացքում, որը կազմակերպել էր Սուրաթի Գիտության թանգարանը: Դա տեղի ունեցավ միայն այն պատճառով, որ ես Դիմագրքում տեսա այդ քարերի լուսանկարները, ճանաչեցի, որ Սուրաթում է եւ կապ հասատատեցի լուսանկարչի հետ: Մի քանի ամիս անց վերջնական արդյունքը եղավ այն, որ դրանք դարձան այդ խիստ կարեւոր ցուցահանդեսի մի մասը եւ Սուրաթի իշխանությունների հոգածության առարկա:
-Երբեմն դուք ցրում եք հայ-հնդկական տարածված լեգենդները, օրինակ՝ ապացուցելով մեծանուն հնդիկ երգչուհի Գաուհար Ջաանի հայկական ծագման վերաբերյալ վկայության կեղծ լինելը: Երբեմն էլ հաստատում եք դրանք. օրինակ, որ հռչակավոր բրիտանացի դերասանուհի Վիվիեն Լին հնդկահայերի շառավիղ էր: Ուրիշ ի՞նչ հետաքրքրական եւ քիչ հայտնի ժառանգներ կան հնդկահայերի մեջ:
-Այդ կարգի պատմություններ եւ հետազոտություններ ստեղծելը հաճախ երկար ժամանակ է պահանջում, ամիսներ, երբեմն՝ տարիներ: Իմ հետազոտած անձանցից կարող եմ նշել նաեւ առեւտրական, բարեգործ Ալբերտ Աբիդին (1848-1925), որին վերագրվում էր հրեական ծագում, մինչդեռ նա նորջուղայեցի հայ էր: Անշուշտ, հայտնի է նաեւ բրիտանական թագավորական ընտանիքի արքայազն Վիլյամի եւ արքայազն Հարիի նախանախատատերից Էլիզա Գեւորգի անունը: Նաեւ ժխտել եմ Կալկաթայի «Չարլզ Լազարուս և ընկերություն» հաստատության հիմնադրի հայ լինելու մասին վարկածը:
-Իմ տպավորությամբ՝ դուք կապի մեջ եք հնդկահայերի ժառանգների մեծ մասի հետ: Ինչպե՞ս կբնութագրեք նրանց ինքնությունը: Ենթադրում եմ՝ հայկական, բրիտանական ու հնդկական ինչ-որ խառնո՞ւրդ:
-Չէի ասի, որ շփվում եմ մեծ մասի հետ, բայց, հավանաբար, բավական շատերի հետ: Հնդկահայերի մերօրյա ժառանգներն այժմ ցրված են աշխարհով մեկ: Ես պատկերացում չունեմ, նրանց է պետք հարցնել, թե ինչպես են բնութագրում իրենց, բայց ում հետ շփվում եմ, հետաքրքրված են իրենց հայկական արմատներով եւ չափազանց հպարտ են դրանցով, ինչպես ես:
-Այժմ որոշակի աշխուժություն է նկատվում Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ, ինչպես նաեւ հնդկական որոշակի ներկայություն է նկատվում Երեւանում: Որպես հետազոտող՝ ինչպե՞ս կբնորոշեք հայ-հնդկական համագործակցության հեռանկարը:
-Ես եռանդուն հայ հետազոտող եմ եւ ոգեւորված եմ՝ տեսնելով, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ շարունակվում է ջերմ համագործակցություն զարգանալ: Երկու երկրների միջեւ միշտ էլ եղել են կապեր, սակայն վերջին տարիներին համագործակցությունը կարծես թե իսկապես աշխուժացել է: Այս առումով հիանալի աշխատանք է կատարում «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունը, որը, վստահ եմ, երկար ճանապարհ կանցնի՝ նպաստելով այս հարաբերությունների զարգացմանը: Երեւանում Հայ-հնդկական մշակութային կենտրոնի ստեղծմամբ հայերն ավելի լավ հնարավորություններ ունեն` զգալու հնդկական մշակույթը: Այժմ կան հիանալի հնարավորություններ՝ սովորելու հնդկական պարեր եւ հինդի լեզուն, կամ զգալու հնդկական խոհանոցը, եւ նշածս Կենտրոնը սերտորեն համագործակցում է Հնդկաստանի եւ Հայաստանի դեսպանությունների հետ՝ նպաստելով մշակութային ընդլայնվող կապերին:
Մասամբ Դաքայի հայկական եկեղեցու շնորհիվ առկա են նաեւ աճող հարաբերություններ Հայաստանի եւ Բանգլադեշի միջեւ: Վերջերս բանգլադեշցի ուսանողներ ավարտեցին Դիլիջանի Միացյալ համաշխարհային քոլեջը: Այս քոլեջը բանգլադեշցի ուսանողներ է ընդունում 2016 թվականից: Նաեւ վերջերս Դաքայի եկեղեցին ներդրում է կատարել Արցախի սոցիալական ձեռներեցության համալսարանում ստեղծվող նոր հիմնադրամին՝ եկեղեցու հանգուցյալ խնամակալ պարոն Մարթինի անունով: Հուզիչ է տեսնել, թե ինչպես են զարգանում հարաբերությունները Հայաստանի եւ Ասիայի միջեւ այդքան շատ ձեւերով եւ տարբեր ոլորտներում:
-Մտադի՞ր եք ձեր բոլոր պատմությունները հավաքել մեկ հատորով եւ ի վերջո գրել պատմագիտական մենագրություն Հնդկաստանի հայերի մասին: Հատկապես 20-րդ դարի պատմությունը գրված չէ:
-Այս պահին նման մտադրություն չկա. պարզապես ժամանակ եւ գումար չունեմ նման նախագիծ ձեռնարկելու համար, բայց ավելի քան ուրախ եմ շարունակելու ուսումնասիրել կորսվածը կամ մոռացվածը եւ գրել այն իմ կայքի եւ բլոգի համար…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ