Ձմեռն ու իրեն հատուկ ձյան առատ տեղունմերը չսկսած ինչ-ինչ կառույցներ հայտարարություն տարածեցին, որ… Լարսը փակ է: ՀՀ-ում անգամ երեխաները գիտեն, որ Լարս ասվածը մեր պարենային ու տնտեսական այլ ոլորտների հիմնական կապուղին է, ներմուծումների ու արտահանումների գլխավոր մայրուղին: Ճիշտ է, դրան այլընտրանք է համարվում Փոթիից ՌԴ ծովային հատվածը, որն օգտագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախորդ տարի 2 միլիարդ դրամ հատկացրեց, սակայն այստեղից ձայն-ծպտուն չկա, այնպես որ ՀՀ ապրանքաշրջանառության գլխավոր զարկերակ է մնում նորին մեծություն Լարսի անցակետը, որտեղ բազմակի անգամներ թողունակության աճ է կազմակերպվել, հանձին անցակետերի ավելացման: Այսուհանդերձ, վիճակը չի բարելավվում, հաղորդվում է, որ եթե ասենք անցակետերում 1000 բեռնատար կա, յուրաքանչյուրը 12-14 մետր երկարության, առնվազն 800-ը Հայաստանի հանրապետությունում գրանցվածներ են, հիմնականում մեզ սնունդ մատակարարողներ, մեկ-մեկ էլ ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ արտահանողներ:
Զրուցել եմ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների ու նրանց աշխատանքը կազմակերպող գործարարների հետ, որոնք նշում են, որ բեռնատարներում հիմնականում հացահատիկ ու ալյուր է, բուսայուղ ու հյութեր, թունդ ու թույլ ալկոհոլ, մակարոնեղեն ու … տոմատի մածուկ: Եվ հարցը հնչում է ինքնաբերաբար. ազատ առեւտուրը տնտեսական առաջընթացի հիմնական նախապայմաններից է, բայց ոչ երբեք` առաջնահերթություն, քանզի կան իրավիճակներ, երբ կառավարություններն իրենց շահերից ելնելով սահմանափակումներ են մտցնում: Կարո՞ղ է արդյոք ՀՀ կառավարությունն իրեն նման բան թույլ տալ: Տնտեսական գործընթացներից անգամ սիրողական մակարդակ չունեցող մեր յուրաքանչյուր հայրենակից հարցին միանշանակ կպատասխանի. չի՛ կարող: ՀՀ ցանկացած բնակիչ է տեսնում, որ երկրի բարեբեր հողերը խոպանի ու խոտհարքերի են վերածվում ամենաանհեթեթ պատճառաբանություններով: Մեկ համապատասխան տեխնիկա չկա, մեկ՝ դաշտերը ջրելու ջուր չկա, պարարտանյութն ու քիմիկատներն են պակասում, մասնագիտական խորհրդատվությունն է ուշանում, կառավարությունն անհրաժեշտ օգնությունը չի ցուցաբերում…
Մի առիթով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ունեցածս հանդիպման ընթացքում փորձեցի ներկա գյուղոլորտի մասնագետներից տեղեկանալ, թե ե՞րբ մեր հողերում… բրինձ կաճեցվի, քանզի հայերս այն հաճախ ու հաճույքով ենք վայելում: Տարեկան պահանջարկը մոտ 25 հազար տոննա է, որի ստացման համար պահանջվում է մոտ 5 հազար հեկտար վարելահող, մեր առկա ռեսուրսի մոտ 1 տոկոսը: Պատասխանը մասնագետների դեմքերի ոչինչ չասող արտահայտությունն էր, որը փորձեմ փոխարինել վիպասան Րաֆֆիի 1877 թվականին իրականացրած «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչեւ Ագուլիս» հուշագրությունների մի դրվագի մեջբերումով: «Սադարակի կիրճից անցնելով, սկսվում է Շարուրի երկրամասը` մեր պատմական Շարայի ժառանգությունը: Արփա գետը, բաժանվելով հարյուրավոր առվակների, ոռոգում է այս կանաչազարդ հովիտը, որ մշակվում է ըստ մեծի մասին բրնձի դաշտերով»: Մեր մեծություններից մեկին հավատալ-չհավատալը ձեր գործն է: Վստահ եմ չհավատալու հիմք չունեք նաեւ եվրոպական վիճակագիրներին, որոնք նշում են 500 մլն եվրոպաբնակների այս մշակաբույսի հանդեպ սեփական արտադրություն իրականացնելու մասին` մոտ 5 մլն տոննա, որից 1.5 մլն տոննան Իտալիայում, մոտ 1 մլն տոննան՝ Իսպանիայում:
Նպատակ չեմ հռչակում սրել բրնձի արտադրության թեման. մի կերպ կհաշտվենք այն ներկրելու հետ, որի համար պահանջվում է մոտ 1000 բեռնատար: Իսկ ահա այն ամենը, որոնց ներկրումը նշեցինք, հարյուր հազարավոր ահռելի ծավալներով տրանսպորտային միջոցների շարժն իրոք մտահոգիչ է: Այն դառնում է պետական ողջ ապարատի գործունեության յուրօրինակ ոլորտ, ժամանակի ու միջոցների զգալի ծախսի է հանգեցնում, ազդում է գնագոյացման վրա, շուկան է խառնվում:
Իսկ տնտեսությունում թվերի աճ է, ինչպես միշտ` աննախադե՛պ:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ