Հրեշտակի եւ հրեշի կապը… Հրազդան գետի հետ
Հրեշտակը գերբնական արարած է՝ մեր պատկերացումներում թեւավոր մանկան տեսքով ներկայացող Աստծու պատգամաբերը, ում միայն բարի արարքներ են վերագրվում:
Հայերեն ՀՐԵՇՏԱԿ բառը փոխառություն է պահլավերեն *fre tak հոմանիշից, որի ժառագներից է նաեւ պարսկերեն fereshte բառը՝ նույն իմաստով:
Հայերենում կա նաեւ «ճիվաղ» նշանակությամբ ՀՐԵՇ բառը՝ մեր երեւակայության մեջ ահռելի մեծությամբ եւ այլանդակ կերպարանքով պատկերվող մի Էակ, ում միայն չար արարքներ են վերագրվում:
Հր. Աճառյանն այդ երկու բառերի՝ ՀՐԵՇՏԱԿ-ի ու ՀՐԵՇ-ի միջեւ ծագումնաբանական կապը չբացառելով հանդերձ, առաջարկում է նաեւ չանտեսել ասորական xar e բառից հայերեն ՀՐԱՇ-ի (նաեւ ՀՐԵՇ-ի) առաջացման հավանականությունը՝ մոգական արվեստ, մոգություն եւ հմայք իմաստներով:
Փաստորեն, հայերեն ՀՐԱՇ(ք) եւ ՀՐԵՇ բառերի միջեւ կապի հավանականությունը բացառել չի կարելի: Բայց մեր լեզվամտածողության մեջ ՀՐԱՇՔ-ը ասոցացվում է միայն դրական, իսկ ՀՐԵՇ-ը բացասական երեւույթների հետ, ինչը արտասովոր երեւույթ չէ հատկապես փոխառությունների դեպքում: Օրինակ, Հայերեն ՊԱՏԻԺ բառը, որն իրանական աղբյուրից է փոխառված, փոխատու լեզվում ունեցել է «հատուցում» նշանակությունը՝ թե՛ դրական (խրախուսանք), թե՛ բացասական (դատապարտանք) իմաստներով: Բայց հայերենը ՊԱՏԻԺ բառը փոխառել է միայն «դատապարտանք» իաստով:
Հայերենում (ՀՐ) հնչյունախմբով սկսվող մի շարք բառեր, (բնիկ հայկական ՀՈՒՐ արմատով սկսվող բարդություններից բացի, հիմնականում իրանական աղբյուրից փոխառյալ բառեր են՝ ՀՐԱՀԱՆԳ, ՀՐԱՄԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿ, ՀՐԱՍԱԽ, ՀՐԱՎԵՐ եւ այլն:
ՀՐԵՇՏԱԿՆ ու ՀՐԵՇՆ էլ այդ շարքից են:
ՀՐ հնչյունախմբով սկսվող ուշագրավ բառերից է նաեւ Հրազդանը, որն անստույգ բառերի շարքից է: Ըստ իս, Հրազդան բառն ունի երկու բաղադրիչ՝ պահլավերեն far- z «բարձրադիր» եւ հնդեվրոպական լեզուներում «գետ» նշանակող don բաղկացուցիչը: Հիշենք ԴՆեպր, ԴՈՒՆայ, ԴԱՆուբ եւ այլն գետերի անվան մեջ ԴՆ հնչյունախմբի առկայությունը:
Այսպիսով, Հրազդան (թուրքական հորջորջումով` Զանգի եւ Զենկիչայ) նշանակում է՝ «բարձրադիր գետ», ինչը միանգամայն համապատասխանում է գետի աշխարհագրական դիրքին:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ