Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Հրեշտակի եւ հրեշի կապը… Հրազդան գետի հետ

Հրեշտակը գերբնական արարած է՝  մեր պատկերացումներում թեւավոր մանկան տեսքով ներկայացող Աստծու պատգամաբերը, ում միայն բարի արարքներ են վերագրվում:

Հայերեն ՀՐԵՇՏԱԿ բառը  փոխառություն է պահլավերեն  *fre tak հոմանիշից, որի ժառագներից է նաեւ պարսկերեն fereshte բառը՝ նույն  իմաստով:

Հայերենում կա նաեւ «ճիվաղ» նշանակությամբ  ՀՐԵՇ  բառը՝   մեր երեւակայության մեջ   ահռելի մեծությամբ եւ այլանդակ կերպարանքով  պատկերվող մի Էակ, ում միայն չար արարքներ են վերագրվում:

Հր. Աճառյանն այդ երկու բառերի՝ ՀՐԵՇՏԱԿ-ի ու ՀՐԵՇ-ի միջեւ ծագումնաբանական կապը չբացառելով հանդերձ, առաջարկում է նաեւ չանտեսել ասորական xar e բառից հայերեն ՀՐԱՇ-ի (նաեւ ՀՐԵՇ-ի) առաջացման հավանականությունը՝  մոգական արվեստ, մոգություն եւ հմայք իմաստներով:

Փաստորեն, հայերեն ՀՐԱՇ(ք) եւ ՀՐԵՇ բառերի միջեւ կապի հավանականությունը բացառել չի կարելի:  Բայց մեր լեզվամտածողության մեջ ՀՐԱՇՔ-ը ասոցացվում է միայն դրական, իսկ ՀՐԵՇ-ը բացասական երեւույթների հետ, ինչը արտասովոր երեւույթ չէ հատկապես փոխառությունների դեպքում: Օրինակ,  Հայերեն ՊԱՏԻԺ բառը, որն իրանական աղբյուրից է փոխառված, փոխատու լեզվում ունեցել է «հատուցում»  նշանակությունը՝  թե՛ դրական (խրախուսանք),  թե՛ բացասական (դատապարտանք) իմաստներով: Բայց հայերենը ՊԱՏԻԺ բառը փոխառել է միայն  «դատապարտանք» իաստով:

Հայերենում (ՀՐ) հնչյունախմբով սկսվող մի շարք բառեր,  (բնիկ հայկական ՀՈՒՐ արմատով սկսվող բարդություններից բացի, հիմնականում իրանական աղբյուրից փոխառյալ բառեր են՝ ՀՐԱՀԱՆԳ, ՀՐԱՄԱՆ,  ՀՐԱՊԱՐԱԿ,  ՀՐԱՍԱԽ,  ՀՐԱՎԵՐ եւ այլն:

ՀՐԵՇՏԱԿՆ ու ՀՐԵՇՆ էլ այդ շարքից են: 

ՀՐ հնչյունախմբով սկսվող ուշագրավ բառերից է նաեւ Հրազդանը, որն  անստույգ բառերի շարքից է: Ըստ իս,  Հրազդան բառն  ունի երկու բաղադրիչ՝ պահլավերեն  far- z  «բարձրադիր»   եւ հնդեվրոպական լեզուներում    «գետ» նշանակող  don   բաղկացուցիչը: Հիշենք ԴՆեպր, ԴՈՒՆայ, ԴԱՆուբ  եւ այլն գետերի անվան մեջ ԴՆ հնչյունախմբի առկայությունը:

Այսպիսով, Հրազդան  (թուրքական հորջորջումով` Զանգի եւ Զենկիչայ)  նշանակում է՝ «բարձրադիր գետ», ինչը միանգամայն համապատասխանում է գետի աշխարհագրական դիրքին:  

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ