Այսօր ով ինչ ուզում է ասի, 1941-1945 թվականների աշխարհավեր պատերազմը ԽՍՀՄ ժողովուրդների, այդ ժամանակվա նրանց սերունդների համար Հայրենական մեծ պատերազմ էր: Ավարտված համաժողովրդական մեծագույն լարումով ու ծանր գնով նվաճված փառավոր հաղթանակով, որում իր արժանապատիվ ներդրումն ունեցան դրանից ոչ շատ առաջ եղեռնազարկ եղած հայ ազգի զավակները: Ու հիմա՝ Մեծ հաղթանակի 80-ամյակի առթիվ Մոսկվայում՝ նախկին ԽՍՀՄ մայրաքաղաքում կայացած շքերթին, այո, պիտի գնար ու հպարտ կանգներ եւ Հայաստանի ղեկավարը՝ ով էլ որ նա լիներ:
1969-71 թվականներին Ռուսաստանի Լենինգրադի մարզի իմ՝ որպես զինվոր ծառայած զորամասի ակումբի պատին, մի ցուցապաստառի բերված էին տվյալներ Հայրենական պատերազմի Խորհրդային Միության հերոսների քանակի մասին՝ ըստ ԽՍՀՄ հանրապետությունների: Առաջին երեք տեղերում, բնականաբար, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելոռուսիան էին, որոնց անծայրածիր տարածքներում էին ընթացել ամենածանր շրջանի պատերազմական գործողությունները: Չորրորդը, նշված 104 հերոսով, Հայաստանն էր, ուր գերմանացի զինվորի ոտքը չէր մտել: Իսկ հաշվարկն ըստ հանրապետությունների բնակչության տոկոսային հարաբերության կատարելու դեպքում նրանք երեւի մեզ չհասնեին անգամ: Այլ բան է, որ մեր ներդրումը քաղաքական հետեւանքների առումով պատշաճ չգնահատվեց…
Պատերազմի տարիների հերոսները, սակայն, միայն այդ կոչումը ստացածները չէին, ռազմաճակատում ու թիկունքում նրանք շատ էին: Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր, 1969-86 թվականներին ՀԽՍՀ զինվորական կոմիսար Աշոտ Ղազարյանն իր հայտնի «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» գրքում (առաջինը՝ 1975 թ. ռուսերեն) այդ արժանավորներից մեկի մասին ակնարկի սկզբում բերում է ռուսական հեռավոր Պերմ քաղաքից Վասիլի Անդրեեւիչ Բուխտոյարով անունով նրա նախկին մի համագնդեցուց ստացած նամակի բովանդակությունը: «Ուզում եմ ձեզ նոր ակնարկի համար հերոս հուշել՝ գեներալ-մայոր Հակոբ Ստեփանի Դադայան: Նա Ստալինգրադի ճակատամարտի սակավաթիվ ողջ մնացած մասնակիցներից մեկն է,- ասված էր նամակում:- Կրակե 1942 թվականին պատանի լեյտենանտ Դադայանի մարտկոցը կանգնած էր Մամաեւ կուրգանում՝ մահացու մարտ վարելով քաղաքի կենտրոն թափանցած ֆաշիստների դեմ»:
Հակոբ Դադայանը ծնվել էր 1923 թվականի մարտի 23-ին, «պրոլետարական» Բաքվում: Ընտանիքը մեծ էր, յոթը որդիներին ու դուստրերին դաստիարակում էր թիթեղագործ բանվոր Ստեփան Հակոբի Դադայանը: Մեծացած լինելով նախահեղափոխական շրջանում, նա կարողացել էր ընդամենը տարրական կրթություն ստանալ, բայց բազմահունար վարպետի, վերին աստիճանի ազնիվ, աշխատասեր ու բարի մարդու համարում ուներ: Իր երեխաների հանդեպ խիստ, բայց արդարամիտ էր, նրանց մեջ աշխատանքի նկատմամբ հարգանք, գիտելիքների բուռն ձգտում, դրված նպատակին հասնելու համառություն էր սերմանում: Հակոբ որդու դպրոցի ավարտական հանդիսության հաջորդ օրվա՝ 1941 թ. հունիսի 22-ի առավոտյան լսվեց պատերազմի բոթը: Դասընկերներով գնացին զինկոմիսարիատ, Հակոբն առաջ գալով ասաց՝ մեզ որպես կամավորների ուղարկեք գործող բանակ, ահա մենք արդեն դպրոցն ավարտել ենք… Զինկոմիսարիատի աշխատակիցը մի պահ նայեց ու հանգիստ պատասխանեց. «Ռազմաճակատին հարկավոր են պատրաստված զինվորներ: Անցեք բաժին եւ ստացեք ուսումնարանի ուղեգիր»:
Երեք տարվա ծրագիրը հարկավոր էր արագացված ավարտել մեկ տարում: Տասն ամսվա լարված ուսումնառությունից հետո Թելավի ռազմական ուսումնարանի շրջանավարտ, 19-ամյա լեյտենանտ Դադայանը 1942 թվականի մայիսի 15-ին ուղարկվում է ռազմաճակատի ամենադժվարին հատվածը՝ Ստալինգրադի մատույցներ… Ծանր իրավիճակ էր ստեղծվել, թշնամին օդուժի օգնությամբ անվերջ գրոհում էր, մերոնք դժվարությամբ պաշտպանվում էին:
1078-րդ զենիթահրետանային գնդի դասակի հրամանատար Դադայանը առաջին մարտական կոփվածքից հետո, հերթական պաշտպանական մարտերից առաջ, ստանձնում է մարտկոցի հրամանատարությունը, ղեկավարում վերջինիս մասնակցությունը արդեն քաղաքը ռմբակոծող թշնամական օդուժի, տանկերի ու մոտոհետեւակի դեմ ծանր մարտերին: Օգոստոսի 25-ի երեկոյան գերմանացի ավտոմատավորների եւ տանկերի հարվածն իր վրա է ընդունում Դադայանի մարտկոցը: Առաջին նշանառու համազարկերը թշնամուն չեն կանգնեցնում: Մի քանի անգամ բանը հասնում է ձեռնամարտի: Երկու կողմն էլ մեծ կորուստներ են կրում: Բայց ամենակարեւորը՝ թշնամին այս տեղամասում ոչ մի քայլ առաջանալ չի կարողանում: Գերմանացիների հերթական տանկային գրոհը հետ մղելու ժամանակ մարտկոցի հրամանատարը վիրավորվում է, բայց մարտադաշտը չի թողնում:
Սեպտեմբերին իրավիճակը քաղաքում առավել ծանրանում է: Ֆաշիստները նոր կատաղի գրոհ են ձեռնարկում՝ մարտի նետելով առկա բոլոր ուժերը: Ամսի 14-ին եւ 15-ին հակառակորդը մի քանի անգամ ներխուժում է Մամաեւ կուրգան: Դադայանի մարտկոցը հարկադրված է լինում շրջանաձեւ պաշտպանության անցնել եւ կրակ վարել միաժամանակ օդուժի, տանկերի եւ ավտոմատավորների դեմ: Ուժերը հալվում էին, զինամթերքը սպառվում էր: Մարտկոցի պատանի հրամանատարն ամբողջովին սեւացել էր, բայց համառորեն կրկնում էր նույն հրամանը՝ «Կանգնե՛լ ի մահ»: Սեպտեմբերի 27-ին քաղաքի կենտրոնում ընթացող ահեղ մարտում զենիթային մարտկոցի հրամանատար Դադայանը կրծքին ստացած ականի բեկորի հարվածից ծանր վիրարվորվում է: Բուժումը դժվար ու երկար է տեւում, համարյա մեկ տարի: Հետո՝ 1943 թվի հոկտեմբերին, նորից գործող բանակ, այս անգամ՝ որպես 61-րդ առանձին հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար՝ երկրի հեռավորարեւելյան սահմանին: Անդրբայկալյան այս ճակատում նոր, լրացուցիչ մարտական կազմավորումներ էին ստեղծվում՝ մեծ ուժերով դիմակայելու ԽՍՀՄ-ի վրա ճապոնական Քվանտունյան բանակի պատրաստվող հարձակմանը: Ստալինգրադյան կոփվածքով սպայի ղեկավարությամբ հմտացած մարտկոցի անձնակազմը 1945-ի օգոստոսին խորհրդային զորքի կազմում հերոսաբար կռվում է Մանջուրիայում, մասնակցում թշնամական բանակի ջախջախմանը: Վերջին թեժ մարտերից մեկում ավագ լեյտենանտ Դադայանը նորից ծանր վիրավորվում է: Նրան գիտակցությունը կորցրած վիճակում տեղափոխում են թիկունքային հոսպիտալ: Մի քանի ամիս տեւած բուժումը հեշտ չէր, բայց այս անգամ էլ փորձառու բժիշկները կարողանում են կյանք վերադարձնել երիտասարդ քաջարի հրամանատարին:
Պատերազմից հետո նա ընդունվում եւ ավարտում է Բուդյոնու անվան կապի ռազմական ակադեմիան ու 1952-ին ինժեներ-ռադիոտեխնիկի դիպլոմի հետ միասին ստանում մայորի զինվորական կոչում: ԽՍՀՄ բանակի տեխնիկական վերազինման, մարտի կազմակերպման ու վարման մեթոդների կատարելագործման շրջան էր:
Վերադառնալով զորքեր, բանակի արդիականացման այդ բարդ շրջանում նա իրեն դրսեւորում է որպես «խիզախ, սկզբունքային, ստեղծագործաբար մտածող սպա»: 1958 թվականին ինժեներ-փոխգնդապետ Դադայանի ղեկավարած զորամասը մարտական ու քաղաքական պատրաստության բոլոր ցուցանիշներով զորամիավորումում առաջին տեղ է նվաճում ու ստանում միավորման փոխանցիկ դրոշը:
Իր մարտական կոփվածքի ու փորձի, ռազմական գործի խոր իմացության, կազմակերպչական-հրամանատարական ակնառու տաղանդի շնորհիվ արժանիորեն բարձրանալով ծառայողական աստիճաններով, արդեն գնդապետ Հակոբ Դադայանը 1965 թվականի օգոստոսին նշանակվում է ԽՍՀՄ զինված ուժերի ամենահզոր զորատեսակի՝ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի Սմոլենսկյան բանակի 40-րդ հրթիռային դիվիզիայի հրամանատար: 1967-ին նրան շնորհվում է գեներալ-մայորի կոչում: …Տողերիս հեղինակի ծառայած զորամասն այդ դիվիզիայի կազմում էր, ու այնտեղ ծառայող ոչ մեծ թվով հայ զինվորներս հեռվից հեռու հպարտանում էինք դիվիզիայի բարձրահասակ, ձիգ կեցվածքով խստահայաց հրամանատար մեր հայրենակից գեներալով: Ոչինչ, որ նրան ծառայությանս երկու տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ եմ տեսել, դեռ կարանտինում հանդիպման ժամանակ համարձակվել ձեռք բարձրացնել ու հայերեն հարց տալ-պատասխան ստանալ… Ու հիմա հուզմունքով եմ գրում այս տողերը:
Բարձրագույն կառավարական պարգեւների արժանացած գեներալ Հակոբ Ստեփանի Դադայանը խորհրդային ռազմական ու պետական գործիչ էր: Նա որպես դիվիզիայի հրամանատար ծառայել է մինչեւ 1973-ի ապրիլ ամիսը, այնուհետեւ նշանակավել ու պատասխանատու պաշտոններ է վարել ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում: Իսկ 82-ին զորացրվելուց հետո՝ պետական մասնագիտական կառույցներում: 1983-ից եղել է ԽՍՀՄ շրջակա միջավայրի պահպանության պետական տեսչության պետի տեղակալ:
Վախճանվել է 1992 թ. հունվարին, Մոսկվայում: Նրա նկարը կար մեզանում մի ժամանակ տարածված «Հայ գեներալներ» թղթե ցուցապաստառին:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ