Ապրումների ու ասելիքի մի հրաշալի միջուկ ունի Ֆլորա Սարյանի «Երբ աստղերն են վայր ընկնում» վեպը, որի շուրջը այնքան թեթեւ սահքով է զարգանում նրա բովանդակությունը, կամ՝ բնականոն ձեւով հասունանում միջուկից սկիզբ առնող պտուղը: Գրքի ընթերցումն էլ՝ առաջին էջից մինչեւ վերջինը, համոզված եմ, յուրաքանչյուր ընթերցողի մոտ հայոց դժվարամատչելի ճակատագրի հողում աճած, բայց քաղցր մրգի համտեսումի տպավորությունն է թողնելու:
Ո՞րն է այդ կորիզը, ի՞նչ է նրա անունը, որտեղի՞ց է գալիս եւ դեպի ո՞ւր է տանում մեզ…
Վերջերս էր, իմ լավ բարեկամներից մեկը խոսեց իր շրջապատում եղող արդեն բավականին տարիքն առած մի կնոջ մասին, որն ի զարմանս բոլորի, հայտարարել էր, թե՝ «Ախր ո՞ւր են ձեր ասած չար ու վատ մարդիկ: Ես իմ ողջ կյանքում չեմ հանդիպել նման մարդու…»: Պատկերացնո՞ւմ եք, իսկապե՞ս կա մեկը, որ մարդկային խառն ու արագընթաց շփումների մեջ չի հանդիպել մեկին, որ նախանձել է, ատել, խանգարել կամ բամբասել, եւ այլն:
Պարզվում է, որ կան նման մարդիկ: Կան, որովհետեւ կա գեղարվեստա-փաստագրական գրականություն մի իրականության մասին, այն էլ՝ ոչ մեկ անձի ու նրա նեղ շրջանակի, այլ մի ժողովրդի հետ կատարված դառն իրողությունների՝ գաղթականության, պատերազմի ու երկրաշարժի ֆոնին, որտեղ նշույլ ու հիշատակում չկա որեւէ վատ մարդու մասին: Եվ դրա կենտրոնում մարդկային անչար բնույթի ու էության կրող հայ ժողովուրդն է՝ իր նոր սերնդի մեջ արթնացված լավագույն զգացումներով:
Ահա, թե ո՞րն է Ֆլորա Սարյանի «Երբ աստղերն են վայր ընկնում» գրքի քաղցր կորիզը՝ անմնացորդ բարությունը:
Հերոսների շարքն այստեղ նույն բնակավայրում չէ, որ գործում է, այլ՝ նրանք հավաքվում ու բաժանվում են, հավաքվում ու բաժանվում այն հաշվով, թե աշխարհի ո՞ր հատվածում եւ որքանո՞վ է անհրաժեշտ իրենց աշխատանքը, գործը, ներդրումը՝ հանուն իրար եւ հանուն ազգի: Նրանք հաղթահարում են ոչ միայն սովորական իրականության ու առօրյայի հետ կապված դժվարությունները, այլեւ՝ անցնում են կյանքի դաժան պատահարների, դաժան քաղաքականության պարտադրանքներով ստեղծված պատերազմի բովով: Ու, այդ հսկայական ընդգրկումների պաստառի վրա՝ չեք հանդիպում գոնե մեկին, որն իր վրա կրում է մարդկությանը հատուկ բացասական գծերից գոնե մեկը: Չկա: Այստեղ չար կամ վատ մարդ չկա:
Որպեսզի գիրքը գրականության ընդհանուր ֆոնին դիտարկելուց շատ չհեռանամ, փորձում եմ վերհիշել հայ ու համաշխարհային հայտնի ու քիչ հայտնի ստեղծագործություններ, որոնք գրվել են, որովհետեւ մարդկությունը կարիք ունի կողքից տեսնելու ինքն իրեն, իր առօրյայի պատկերը, իր սերն ու ատելությունը, պատերազմին ու խաղաղության իր մասնակցությունը, իր ցավերն ու վայելքները, իր բարեկամներին ու իրեն խանգարողներին եւ այլն: Այդ ամենով հանդերձ, գրականությունն, ընդհանրապես, ընթերցողին պարուրում է վեհագույն զգացումներով, երբեմն պտտեցնում նրա գլուխը՝ օդեղեն երազանքների մեջ գցելով նրան, երբեմն էլ՝ որպես վկա իջեցնում կյանքի իրական, ուրախ ու տխուր ոլորապտույտների մեջ: Բայց այդ ամենն անելու համար շատ կուռ ստեղծված կերպարներ են պետք եղել՝ մարդկային լավ ու վատ գծերն իրենց մեջ կրող, լավն ու վատն իրար հետ զուգահեռող, իրար կողքից ընթացող կերպարներ: Մարդկային լավագույն գծերը՝ բարությունն ու ընկերասիրությունը իրենց մեջ ամբողջացնող կերպարների հրաշալի համադրությամբ, թերեւս, այս գրքում գործող երեք կերպարների գոյությունը համեմատելի է Ռեմարկի «Երեք ընկեր» հրաշալի գրքի կերպարների հետ, որտեղ դարձյալ եթերային, թախծախառն, բայց պատասխանատու սեր կա: Այնուամենայնիվ, սերը Ֆլորա Սարյանի «Երբ աստղերն են վայր ընկնում» գրքում փաթեթավորվել է հայրենասիրության ու ազգասիրության պաշտպանիչ հզոր զգացումներով:
Զարգացող քաղաքակրթությունների նոր տարօրինակությունների, կյանքի վարուվերումների մեջ սերն իր միջուկը պահպանող, բայց տարաբնույթ դրսեւորումներով, պայծառագույն, կամ՝ թախծախառն երեւումներով, ձգտել է մշտապես ջրի երեսին մնալ, բայց ինչպես նկատել է ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերը, «Սիրո մեջ, ինչպես ճակատամարտում, յուրաքանչյուրն իր ճակատագիրն ունի»: Սերն ու ճակատամարտն իրար կողքի, իրար համեմատելի ընկալող ռեալիզմի ամերիկյան հսկան իր դիտարկումն ուներ՝ կապված ժամանակի բարքերի հետ: Նրա պատմությունները, որոնք անուն են հանել բազմաթիվ տպագրություններով ու աշխարհի տարբեր լեզուներով, աղավաղված սիրո պատմություններ են, որոնք այսօր արդեն, կարծես թե ընթերցողի ուշադրությունից դուրս են մնացել: Այսօր անկեղծ մաքրությունների կարոտ հանրությունն ընթերցանության ուրիշ պահանջ ունի: Առավել եւս, հոգեպես, նյութապես, քաղաքականապես, սոցիալապես ու, ընդհանրապես, ամեն բնույթի աղավաղումների ներկա պայմաններում անհրաժեշտություն է գրել մարդկային հույզերի, տրամադրությունների մեջ ինքնահամոզիչ, մաքրամաքուր անկեղծություն ունենալու մասին, ինչպես Ֆլորա Սարյանի վեպում Անաիսի ու մյուս հերոսների մոտ է, որը չի կարող չգնահատվել:
Ինչպես Քերին, Ջենի Գերհարդը, «Ամերիկյան ողբերգության» Ռոբերտան ու Դրայզերի մյուս «աղջիկները», Անայիսն էլ թողել է ընտանիքը, գնացել ավելի մեծ քաղաք՝ իր ձգտումների ետեւից: Բայց մեր Անաիսի պարագայում, մեծ քաղաքներին հատուկ՝ բարոյական հայացքներ յուրացնող վատը կուլ չի տվել նրան: Ի՞նչ եղավ նրա հետ, եւ ինչո՞ւ այլ ճակատագիր ունեցավ, քան Դրայզերի հերոսուհիները: Մեծ աշխարհի մեջ քաղաքակրթության քողով ծածկված հոգեկորուստ զվարճանքները, նյութական հարստության գրավչությունը իրենց մեջ չեն ներքաշել Անաիսին, որովհետեւ նրան քաջ ծանոթ էր աննյութեղեն զգացումների վեհությունը եւ այդ վեհության առջեւ իրեն պատասխանատու զգալու հզոր կամքը:
Բանաստեղծական հոգի ունենալը հենց նշանակում է՝ հոգեհարազատություն աննյութեղեն զգացումներին: Ֆլորա Սարյան-Անաիսի համար բանաստեղծական հոգու հրավառություն է գրքում՝ Պարույր Սեւակի հուզաշխարհի բացած հրավառության գույներով, ուր սեւակյան յուրաքանչյուր խոսք ու տող իր տեղում գեղեցկորեն զարդարում, իր ետեւից տանում է ստեղծված իրադրության պատկերը: Գեղարվեստական մտածողությամբ կյանքային իրադարձությունները ներկայացնելու հնարը խոսում է հեղինակի բարձրարժեք քնարականությամբ հանդես գալու հմտության մասին:
Սերը վեպում աննյութեղեն, ոչ ֆիզիկական զգացում է, որի առաջ զինաթափվում են սիրո, թեկուզ եւ անբառ խոստովանություններին հաջորդող բոլոր պայմանականությունները, ըստ որոնց սովորաբար շարժվում են իրականում: Վահեն կարող էր Անաիսին հասկացնել, որ նա շատ թանկ է իր համար, բայց վերջինս էլ իր հերթին հասկանում էր, որ նրա սիրո զգացումը անասելի վերին, վեհագույն ոլորտներում պտտվող երեւույթ է, որտեղ նույն չափումների վրա նաեւ երեխաների որբացում, ազգային կորուստներ, նսեմացումներ կան: Վահեն այնտեղ էր պետք: Իսկ որտե՞ղ է պետք ինքը: Ճիշտ այնտեղ, որտեղ նույն Վահեն է, որտեղ զինվորական հոսպիտալներում իր կարիքն ունեցողներ են, աղետից տուժածներ, անմայր մնացած երեխաներ… Նրա հուզաշխարհի մեջ սեր հասկացությունն այլ բացատրություն ունի, որի հետ ահա երես առ երես հանդիպում է, երբ իրեն է հասնում զոհված Վահեից մնացած հուշագրությունն՝ իրեն նվիրված բանաստեղծությամբ:
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյան վրա
Վառվող խարույկը:
Ու ես ապրում եմ
Այդպես վառվելով:
Դու կարծես չկաս
Ու չես լինելու:
Այլեւս ինձ համար
Մեռած ես կարծես,
Սակայն ես գիտեմ,
Որ դու անմահ ես,
Ինչպես անմահ է
Կրակն աշխարհում.
Այստեղ կհանգչի,
Կվառվի այլուր,
Եվ դու ինձ համար
Չես մեռնի երբեք:
Կարճ ու համառոտ, բայց պատկերավոր խոսքը Ֆլորա Սարյանի գրչի յուրահատկությունն է: Առաջին իսկ էջերից այն գրավում է՝ ավելորդ բառերից զերծ մնալով խորքի մասին պատկերավոր մտածելու իր արժեքներով:
Ահա՝ «Լույսի անհետացման հետ ստվերները ձգվում, նմանվում էին զարհուրելի հրեշների», «Առաստաղի գերանից նավթե լամպ էր կախված: Սարսափն էր տիրակալ», «Անաիսը հրեց Անուշին դեպի դուռը, փորձեց օգնել ծերուկին, երբ մի այլ պայթյունից կորցրեց հավասարակշռությունն ու ընկավ»:
Մենության խորքային, պատկերավոր գեղարվեստականացումը վեպում այնքան հոգեհարազատ ու հարիր է հայոց ազգային թախծին ու տխրությանը, որն իր ներսում կարոտներ ու աշխարհից առանձնացած վիճակի իմաստնությունն ունի.
«Ալիքները հասակ առած, մեկը մյուսին հետեւելով, ահարկու մռնչյուններով հարվածում էին մոտակա ժայռերին: Գոյացած փոքրիկ լճակում կուտակված մամուռ ջուրը, այդպես էլ չկարողացավ վերադառնալ օվկիանոս ու… ողբում էր իր գերությունը»:
Վեպն իր փաստագրական համեմումներով ավելի արժեքավոր է դառնում, որովհետեւ, թեման առանց փաստերի չէր կարող այդքան հայկական ու ազգային լինել: Հավատացած եմ, հեղինակը հենց այդ գիտակցումով է ստեղծել իր հրաշալի վեպը, իր քնարականության, վեհագույն ոլորտների հետ մտերմության շրջանակներում մեջբերելով նաեւ այդ օրերին վերաբերող, մեր սերն ու թախիծը պարունակող փաստագրությունը:
Իսկապես, խորհրդանշական վերնագիր ունի Ֆլորա Սարյանի վեպը՝ «Երբ աստղերն են վայր ընկնում», որն ինձ համար հետեւյալ խորհրդի հիշեցումն է. Դեռ մանկությունից եմ հիշում, որ ասում էին, թե՝ երբ երկնքում ընկնող աստղ տեսնեք, անմիջապես մի երազանք պահեք ու այն անպայման կկատարվի: Այս գրքի հերոսուհու հոգեւոր ու բարոյական կերպարի երկնակամարում, իրենց բարձր գոյությունից ֆիզիկապես ցած ընկնող աստղեր կան՝ Վահե, Կարեն ու այլ անուններով: Անայիսը չի փակել աչքերը դրանց առաջ, եւ ոչ էլ՝ անտարբեր է եղել, այլ երազանքներ է պահել նրանց հոգեւոր շարունակությունն իրական պահելու համար, դեռեւս նրանց կարիքն ունեցող այս հողի համար:
Այսօր էլ, երբ օդը լի է ծանր մտքերով ու ծանր ապրումներով ազգի վիճակի մասին, գիրքը մղում է նույն այդ ծանր հոգսերի մասին մտածելիս չմոռանալ սերն ու բարին, որոնք կյանքի ճշմարիտ կորիզն ու պտուղն են:
Բարի ու կանաչ ճանապարհ, ինչպես ասում են:
Սրանով, ավելի քան ամեն ինչ է ասված իրենց սիրո մասին, որը տեղավորվում է տիեզերական համընդհանուր սիրո գեղեցկագույն ոլորտներում:
Գեղեցկագույն սիրո այդ նույն ոլորտներում նաեւ Կարենի սերն էր՝ Անաիսի եւ իր մտերիմ ընկերոջ՝ Վահեի նկատմամբ:
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ