Իտալական «Լա նավե դի տեսեո» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել ֆրանսիացի գրող Անդրեյ Մակինի «Հայ ընկերը» վեպը (թարգմանիչ՝ Ֆաբրիցիո Ասկարի): Ըստ գրքի իտալերեն ծանուցման՝ սա գիրք է՝ «ստեղծված լռություններից, սպասումներից, հազվագյուտ մթնոլորտներից, չասվածից»: Գործողությունները կատարվում են սիբիրյան դաժան աշխարհում, որի անքակտելի մասն են կազմում աղքատությունն ու արժանապատվությունը, աստիճանաբար ծախված բարեկեցության անցյալի համեստ մնացորդները, կանանց հպարտությունն ու գեղեցկությունը, ծերերի լուռ իմաստությունը, սիրո եւ մահվան բացահայտումը: Գլխավոր երիտասարդ հերոսը՝ մանկատանն ապրող մի ապստամբ, կոշտ դեռահաս, ընկերանում է հիվանդ հասակակցի՝ երկար թարթիչներով պատված խոշոր, սեւ աչքեր ունեցող մի հայ տղայի հետ, որի միջոցով նա բացահայտում է հայկական ընտանիքի ջերմությունը, որի աղքատ տունը նրան թագավորություն է թվում, «Հայաստանի թագավորություն», որը թեեւ տեսել է հալածանք, ցեղասպանություն, աքսոր, բայց պահպանում է իր սեփական մշակութային ինքնությունն ու ավանդույթները:
«Հայ ընկերը» որոշ առումով ինքնակենսագրական է: 1957-ին Սիբիրում, ռուս ընտանիքում ծնված եւ ֆրանսիացի տատիկի հովանու տակ մեծացած Մակինը երեսուն տարեկանում քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում՝ նվաստացումներով լի կյանքից հասնելով մինչեւ շլացուցիչ գրական հաջողություններ, ընդհուպ՝ գրական բարձրագույն մրցանակներ եւ Ֆրանսիական ակադեմիայի անդամ ընտրվելը: Իր անունով եւ Գաբրիել Օսմոնդ կեղծանունով հրատարակել է ֆրանսերեն տասնյակ գրքեր: Մի առիթով ասել է, որ Սերգեյ Դովլաթովին բարձր է դասում Չեխովից:
Ա. Բ.