Նա մի ազնվական էրՙ ի վերուստ տրված, ազնվական իր համեստությամբ, իր հավատամքով:
Էդուարդ Միրզոյան
Նա հաճախ էր լինում Պանթեոնումՙ Կոմիտասի ձեռքերին փարվելու եւ նրանից օրհնություն ստանալու համար: Այդ օրհնությունը նրան անչափ պետք էր, որ կարողանա սկսած ճանապարհի խոչընդոտները հաղթահարել: Իսկ դա դարերի խորքը, ակունքները տանող եւ այնտեղից անկորուստ 20-րդ դար վերադառնալու ճանապարհն էր: Ձեռագրով նա մեր ժամանակակիցն է, բայց ոգու մեջ կրում է իր ծագումնաբանության մաքուր հիշողությունը: Անցյալի ու ներկայի այս առողջ համագոյությունը նրա հաղթաթուղթն է, հաջողության գրավականը: Ասենք անցյալը եւ ներկան իր ստեղծագործություններում ինքնանպատակ եւ պատահական բաներ չեն: Ժամանակի այս երկու հաշվարկները նրա արյան եւ ընտանիքի պատմության մեջ են: Անցյալը եւ ներկան անվերջ ուղեկցում էին այս մարդուն: Եվ անգամ իր մահից հետո էլ, որ վրա հասավ անժամանակ, նա կրկին այս երկուսի տիրույթում էր: Այսինքնՙ ինքն անցյալ էր, բայց եւ ներկա: Ներկա ոչ միայն իր զավակների, այլեւ իր ստեղծագործությունների մեջ: «Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր հետ բերում է իր խնդիրներն ու հնչյունները, որոնց լուծումներն էլ հանդիսանում են այդ ժամանակաշրջանի արվեստագետի առաքելությունը»,- ասում էր Հարություն Դելլալյանը:
Նրա երաժշտական, կոմպոզիտորական կոչումը առերեւույթ ոչնչով չէր նախանշված: Միայն 30-ից հետո հասկացավ, որ իր առաքելությունը երաժշտությունն է, կոմպոզիտորական արվեստը: Մինչ այդ նա բանվոր էր Երեւանի ֆրեզերային հաստոցների գործարանում: Երկաթի փոշու, անհրապույր հաստոցների նյարդեր սղոցող աղմուկի մեջ նա կարողանում էր ուրիշ ձայներ լսելՙ գունեղ, հարուստ, գեղեցիկ, ներդաշնակ: Դա նրան շատ էր անհրաժեշտ: Անհրաժեշտ էր լիաթոք ապրելու համար: Բայց իրականության մեջ ամեն ինչ չէր, որ ապահովում էր այդ ներդաշնակությունը: Ներկան եւ անցյալից իրեն փոխանցված չլուծված հարցերի եւ գենետիկ հիշողության դրվագները խանգարում էին նրան: Եվ միայն իր գլխում հնչող երաժշտության միջոցով էր նա կարողանում թե՛ ներդաշնակություն գտնել, թե՛ լուծել անցյալից իրեն ժառանգված հարցերը:
Եվ ուրիշների համար անլսելի այդ մեղեդիները փոխում էին նրա վերաբերմունքը կյանքի նաեւ մետաղի եւ հաստոցների նկատմամբ: Նա սիրում էր դրանք եւ սիրում էր իր գործը: Նա լավ ֆրեզերագործ էր: Իր արհեստին քաջածանոթ եւ հմուտ: Կան մարդիկ, որ ինչով էլ զբաղվեն, ինչ էլ անեն, լավ են անում: Դա ոչ այնքան կամ ոչ միայն բազմակողմանիության եւ պրոֆեսիոնալիզմի հարց է, որքան մարդու տեսակի: Այդպիսի մարդիկ պարզապես ազնիվ են: Հարություն Դելլալյանը ազնիվ մարդ էր: Ազնվությունը ժառանգական մի որակ կամ հատկանիշ էրՙ ընծայված ծնողներից, այն միակ մեթոդն էր, որով նա ապրում էր: Ազնիվՙ գործի մեջ, կապ չունի հաստոցի առջեւ, թե դաշնամուրի, ազնիվ իր ընկերների առջեւ, իր երկրի, իր կնոջՙ Հերմինեի եւ երկու դուստրերի առջեւ, ազնիվ ինքն իր առջեւ: Ըստ էության, մարդու ազնիվ կենսակերպը սկսվում է իր իսկ խղճի առջեւ ազնվությունից:
Ծնվել էր գաղթականների ընտանիքում: Դա իր հմայքը եւ միեւնույն ժամանակ իր ցավալի դրոշմը թողեց նրա ճակատագրի եւ հուզաշխարհի վրա: Նաեւ նրա առջեւ դրեց որոշակի պարտավորություն եւ պատասխանատվություն: Գոնեՙ բարոյական: Եվ հենց դա էլ եղավ Հարությունի ուղենիշը: Նրա ընտանիքի պատմությունը սկսվում է Կեսարիայից, ապա մի երկար ու դրամատիկ ճանապարհ անցնում մինչեւ կրկին հայրենիք վերադառնալը: Հայրենիք, բայց ոչ հայրենիքի հենց այն հատվածը, որը կոչվում է ծննդավայր: Արդեն հասկանալի է, որ այս ընտանիքի հովվերգական եւ սիրուն կյանքում իր ավերիչ հետքն է թողել ցեղասպանությունը: Թուրքերի կողմից մեծ հայրիկիՙ Համբարձում Դելլալյանի սպանությունից հետո, Հարությունի մեծ մայրըՙ Նարինեն, իր երեք երեխաներով հրաշքով հասնում է Հունաստան: Աթենքը դառնում է եղեռնից Դելլալյանների ցեղի փրկվածների հանգրվանը: Կեսարիաՙ տուն վերադառնալն անհնար էր, բայց երազել եւ մտածել ա՛յդ եւ ուրիշ վերադարձերի մասին ոչ միայն հնարավոր , այլեւ անհրաժեշտ էր: Եվ ծննդավայր Կեսարիան Հարությունի մեծ մոր համար դարձավ մեծ երազանքի հասցե:
Դելլալյանների ընտանիքի նման շատ բռնագաղթված ընտանիքներ կային աշխարհի տարբեր անկյուններում: Եվ նրանցից որեւէ մեկը չգիտեր, թե ինչ է կատարվելու իր հետ, ինչ շրջադարձեր են սպասվում եւ արդյոք 1915թ.ը իրենց հանգիստ թողնելու է, թեՙ ոչ:
Մարի Փաշայան անուն-ազգանունով մի երիտասարդուհի բնավ հույսեր չուներ ժպիտի եւ ուրախության: Նա ուրիշ որբուկների հետ հասավ Իտալիա : Հայրենիքից Իտալիա էր բերել երկու բան. իր աչքի առջեւ ազնվական ծնողների սպանության տեսարանը եւ անհետ կորած եղբոր մասին անհանգստությունը: Աղջկան տեղավորեցին որբանոց: Մարին շատ շնորհալի եւ ընդունակ երեխա էրՙ լեզուների, գրականության եւ երաժշտության նկատմամբ հակումներով: Այս վերջին հակումը իրեն զգացնել կտա հետո, իր ժառանգի մեջ, իսկ առայժմ այս ձիրքերի շնորհիվ նա կտեղափոխվի Հռոմի մայրապետերի դպրոց: Սա մի լուսավոր էջ էր Մարիի համար: Այստեղ սովորում է 5 լեզու, բանաստեղծություններ է գրում հայերեն եւ ֆրանսերեն,նկարում է եւ երգում դպրոցի երգչախմբում: Ավարտելուց հետո նրան սպասվում էր 2 մեծ անակնկալՙ նախ աթենքցի Քիրազյանների ընտանիքի խնամակալության տակ անցնելը եւ այս նույն քաղաքում ապրող, մեզ արդեն ծանոթ, Դելլալյանների զավակներից Երվանդի հետ ծանոթանալն ու ամուսնանալը: Երկու վտարանդի երիտասարդ կեսարացիներ ճակատագրի բերումով հանդիպում են Աթենքում եւ հիմնում իրենց նոր կյանքը: Դելլալյանների ընտանիքը վերապրողից դարձավ ապրող: Իսկ նրանց որդինՙ Հարությունը, որ ծնվեց 1937-ի օգոստոսի 8-ին, իր տաղանդով դառնալու էր ամենատարբեր ազգության պատկանող մարդկանց հոգիները նվաճող եւ երաժշտության միջոցով իր ժողովրդի եւ հայրենիքի մասին պատմող մունետիկ եւ միեւնույն ժամանակՙ մի տեսակ վրիժառու: Այս մասին հետո կվկայեն աշխարհի բեմերում հնչած եւ հաղթանակած Հարություն Դելլյանի ստեղծագործությունները, ունկնդիրների երախտագիտությունը եւ մամուլի արձագանքները: Բայց դա կլինի հետո: Իսկ առայժմ կլինի հայրենադարձություն:
1947 թվական. Զեյթուն թաղամասի բնակեցում: Բերկրանքՙ միախառնված տանջանքի հետ: Ընտանիքից որեւէ մեկը չէր կարող երեւակայել, որ մոտ 5 տասնամյակ հետո այդ փողոցը, որտեղ նրանք տուն են հիմնում, կոչվելու է Հարություն Դելլալյանի անունով: Բայց կյանքը հարթ չէր ընթանալու այս համերաշխ ընտանիքի համար: Մարինՙ մայրը, վաղաժամ հեռանում է կյանքից, հայրը աղետի պատճառով դառնում հաշմանդամ, եւ 1954-ին պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ ընդունված Հարությունը ստիպված թողնում է ուսումը, որ աշխատի: Տանը իր քույրն ու եղբայրն էին, անդամալույծ հայրը եւ ծեր, հոգնած ու շատ բան տեսած մեծ մայրըՙ կեսարացի Նարինեն: Հարությունը նրա սիրելի թոռն էր: Եվ երբ եկավ ժամանակը, Նարինեն չկարողացավ հոգին հանգիստ ավանդել: Չէր ուզում այս աշխարհից հեռանալ առանց Հարությունին հրաժեշտ տալու: Իսկ Հարությունը խորհրդային բանակում էրՙ Բելոռուսում: Մեծ մայրը հոգին ավանդեց միայն Հարությունի նկարը կրծքին սեղմելուց հետո: Գուցե նա զգում էր կամ գիտեր , որ այս տղան է լուծելու իր եւ իր ամուսնու գերդաստանների զոհերի վրեժը աշխարհիցՙ ավերումին հակադրելու է արարումը:
Մի խոսքով, բանակից հետո Հարությունը վերադարձավ տուն, որտեղ պակասել էր եւս մեկը: Վերադարձավ նաեւ մի լուրջ որոշմամբ: Բանակային երգչախմբում նրա մեջ արթնացել էր մինչ այդ քնած մի սեր: Դա այդքան էլ նման չէր իր մանկության սիրունՙ այն հույն աղջկան Աթինուլա անունով: Դա նման չէր միայն ջահելական մի հավաքույթի ժամանակ հանդիպած, նոր-նոր դպրոցն ավարտած Հերմինեի նկատմամբ տածած խորը սիրուն: Դա նման չէր միայն Հայաստանի կամ իրեն օթեւան տված Հունաստանի նկատմամբ սիրուն: Դա մի անկառավարելի եւ համապարփակ սեր էր, որտեղ բոլորը եւ ամեն ինչ ունեին իրենց տեղըՙ Էգեյան ծովի ալիքներից սկսած մինչեւ Արարատի ձյուները, Զեյթուն թաղամասի տրամվայի զանգերից մինչեւ հույն ձկնավաճառի բարձր ձայնը, ցեղասպանությունը եւ 47թվի մեծ վերադարձը, մոր եւ մեծ մոր կուրուստը եւ անուշիկ սպիտակամորթ, քնքուշ հայացքով Հերմինեն, ում ճաշակը, մտքերը եւ հայացքները զարմանալիորեն նույնանում էին իր հայացքներին: Եվ ամեն բան վերածվում էր երաժշտական հնչյունների:
Բայց մինչ երաժշտական աշխարհին հայտ ներկայացնելը նա պետք է սովորեր երաժշտական գրագիտություն եւ կարողանար նոտաների վերածել իր ներսում հնչող մեղեդիները: 26 տարեկան էր, երբ առաջին երաժշտական դասերն առավ Երեւանի ժողովրդական կոնսերվատորիայումՙ Էդուարդ Միրզոյանի դասարանում. «Սկզբում նա շատ քիչ գիտելիքներ ուներ, բայց ուներ անսպառ երեւակայություն, հակասական, բուռն, անբացատրելի, հեղեղի եւ փոթորկի նման, բնության տարերային ուժերի պես ահռելի մի ուժ, որը ոչ մի կերպ չէր կարելի կանգնեցնել»,- պատմում է մեծ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը :
35 տարեկան էր, երբ ընդունվեց պետական Կոնսերվատորիա: Արդեն ընտանիք ուներ եւ բնականաբար ավելի մեծ հոգս. աշխատել ֆրեզերային հաստոցների գործարանում , պահել ընտանիքը եւ սովորել: «Օրական 2 տոննա երկաթ էր անցնում իր ձեռքերով,- հիշում է թարգմանիչ, արձակագիր Կարպիս Սուրենյանը , – մատները սեւանում եւ փայտանում էին եւ դաշնամուրային դասի գնալուց առաջ կես ժամ, մեկ ժամ տաք ջրի մեջ էր պահում այդ նույն մատները, որպեսզի կարողանա նվագել»: Իսկ ընտրյալը այն անուշիկ աղջիկն էր, ում հանդիպել էր ջահելական հավաքույթի ժամանակ: Նրանք հիմնեցին մի տաքուկ ու սիրով լի ընտանիք: «Երբ ծնվեց մեր առաջին դուստրըՙ Մարինան, Հարությունը առաջին անգամ բացեց բարուրը, հանեց ճերմակ ու փամփլիկ թաթիկը, մատիկները սահեցրեց դաշնամուրի ստեղնաշարի վրայով,- հիշում է տիկին Հերմինեն , – «Մարինան մեծացավ, սիրեց դաշնամուրը, դարձավ դաշնակահարուհի: Երբ ծնվեց մեր երկրորդ դուստրըՙ Նարինեն , Հարությունը նորից բարուրից հանեց նրա թաթիկը, մատիկներով բռնել տվեց ջութակի աղեղը: Նարինեն սիրեց ջութակը եւ դարձավ ջութակահար: Կյանքիս այս դրվագները միշտ հիշում եմ սիրով ու գուրգուրանքովՙ տալով մեծ նշանակություն: Չէ՞ որ կատարվեց ամուսնուս հայրական իղձը»:
1984-ին Հարություն Դելլալյանն ավարտեց «Հաղթական ռեքվիեմը»: Մի զարմացեքՙ հենց «Հաղթական ռեքվիեմ»: Հոգեհանգիստը կամ ռեքվիեմը եւս կարող է հաղթական լինել: Հայության ճակատագիրը եւ շարունակվելու համառ կամքը վկայում են այդ մասին: Նաեւ ինքըՙ Հարություն Դելլալյանը , իր գերդաստանի կորուստներով եւ ձեռքբերումներով նույնն է հաստատում:
Աշխարհը եւ Հայաստանը կամաց-կամաց ճանաչում էին Դելլալյանին: Աշխարհն ավելի շատ, ագահորեն եւ սիրահոժար կերպով, քան Հայաստանը: Այսպես է միշտ, ցավոք սրտի: Նրա առաջին կատարողները եղան այն ժամանակ արտասահմանում ապրող հանրաճանաչ երաժիշտներ ՙ դաշնակահար Արթուր-Հարություն Փափազյանը , երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը , դիրիժոր Արամ Ղարաբեկյանը :
Իմիջիայլոց «Հաղթական ռեքվիեմը» գրելու համար Արթուր Մեսչյանը Դելլալյանին իր էլեկտրոնային երգեհոնն է տվել, քանի որ գործիքի հնչողական հնարավորությունները ավելի հարմար էին երգեհոնային ստեղծագործություն գրելու համար: Տարիներ անց Մեսչյանը կգրի. «Ես չեմ մոռացել մեր բակը, վառարանը, երկրորդ հարկ կառուցելու գաղափարը, դաշնամուրը եւ ամենակարեւորըՙ ջերմությունը, այն հրաշալի օրերը, երբ մեզ բախտ վիճակվեց կիսել Ավան -Զեյթունային կյանքը»:
Ստեղծագործությունների ամերիկյան առաջին կատարումներին ներկա գտնվելու համար Հարություն Դելլալյանին ուղարկված հրավերները խորհրդային համապատասխան ծառայությունները մերժեցին: Նա ականատես չեղավ համաշխարհային իր առաջին մեծ հաջողություններին:
Հետո ունեցած ճամփորդություններից ամենից հիշարժանը, թախծոտը եւ ուրախը, անսպասելին եւ դաժանը 1988-ի դեկտեմբերի 1-ին Հունաստան մեկնեն էր: 41 տարի անց նա կրկին իր ծննդավայրում էրՙ իր քաղաքում, որտեղ ապրել էր կյանքի առաջին 10 տարիները: Իսկ միեւնույն ժամանակ Երեւանը պաշարված էր խորհրդային զորքով, որ իր նշանառության տակ էր պահում ամեն մեկին, ով կխախտեր պարետային ժամը: Այնպես որ , նա ծննդավայր մեկնեց հակասական տրամադրւթյամբ: «Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Աթենքումՙ ես հողը համբուրեցի… դա ինքնաբուխ պոռթկում էր, վերապրումն էր միայն 41 տարի հետո տեսնելու ու ոտքս դնելու իմ ծննդավայր հողի վրա»: Նա Աթենքում այցելեց հայկական կաթողիկե եկեղեցի, որտեղ սովորել էր, հանդիպեց արդեն ճերմակած եւ մի տեսակ փոքրացած, բայց դեռ վառվռուն աչքերով իր երբեմնի ուսուցչինՙ գերապայծառ Հովհաննես Գոյունյանին : Դեկտեմբերի 7-ի կեսօրից հետո դուրս եկավ զբոսնելու: Ոտքերը ակամայից նրան տարան մի վայր, որն անմիջապես վերհիշեց: Դա Զապիոնի պուրակն էր: Ժամանակի մեքենան նրան նետեց իր մանկության գիրկը: Սա իր եւ իր մոր զբոսավայրն էր: Հուշերը խեղդում էին: Նա դեռ չգիտեր, որ հյուրանոց վերադառնալուն պես այս մի քիչ թախծոտ, բայց եւ լուսավոր հեքիաթը մթագնվելու է սոսկալի իրողությամբ: Հյուրանոցում դրված հեռուստացույցի էկրանին, որ միացված էր հունական հեռուստաալիքի, սեւ ֆոնի վրա մի տարօրինակ եւ անհասկանալի տեղեկատվություն էր գրված մեծ տառերովՙ «Բիբլիական աղետ բիբլիական Հայաստանում»:
Հարությունը տեսավ, թե ինչպես հույները միավորվեցին աղետյալ Հայաստանին օգնելու համար: Իր ապրած հաջորդ ցնցումըՙ գործի մեջ մարդկային հոգու մեծությունը տեսնելն էր: Եվ նա գրեց. «Աշխարհում մարդկություն կա, բոլոր ազգերը չեն, որ ընդունակ են օրորոցում մանուկ խեղդել…»: Դեկտեմբերի 11-ին Պերիստերիի հայկական եկեղեցում հոգեհանգիստ էր. «Մոմեր վառեցի. միշտ մոմ վառելիսՙ Աստծուց խնդրել եմ օգնությունՙ ընտանիքիս բարօրության, առողջության համար, նաեւ հեռու-մոտիկների համար: Այսօր մոմերը վառելուց բավական հետո միայն ինձ բռնեցի այն բանում, որ ընտանիքիս համար ոչինչ չեմ խնդրել, այլ օգնություն աղերսեցի ազգիս համար…»:
«Այսօր դեկտեմբերի 20-ն է, առավոտյան արթնացա ժամը 6-00ին: Այսօր ավարտվում է իմ կյանքի եւս մեկ ճամփորդություն, որին սպասել էի ամենաերկարը եւ որը եղավ ամենացնցողը: Շտապում եմ, ուզում եմ հնարավորին չափ շուտ հասնել Հայաստան, իմ վիրավոր ու ողբացող Հայրենիքս»:
Պատերազմ, շրջափակում, երկրի երեսից վերացած գյուղեր եւ քաղաքներ, տասնյակ հազարավոր անմեղ զոհեր: Մեծ ծնողների պատմած անցյալի դրվագները հայտնվեցին ներկայում, դրանց գումարվեց իրական ներկան: Եվ զգայուն, հուզառատ եւ նուրբ հոսանքներ որսացող Դելլալյանը չկարողացավ դիմակայել կյանքի դրամատիզմին: Նրա առողջությունը քայքայվեց, շաքարախտը արագ իր գործը կատարեց, տեսողությունը կտրուկ վատացավ : Նրան ընդամենը 13-15 տարի էր տրված ստեղծագործելու համար: Եվ այդ ժամանակահատվածում ստեղծեց ավելի քան 25 գործՙ «Փեփուշ» մանկական օպերայից, մինչեւ սիմֆոնիկ մեծածավալ գործեր, կամերային ստեղծագործություններից մինչեւ… անավարտ «Լիլիթ» բալետը: «Հոգիս լեցուն է Լիլիթի երաժշտությամբ, որը լսում եմ շարունակ: Երբ վերականգնվի տեսողությունս, երեք օրը բավարար է, որպեսզի գրի առնեմ այն»: Նրան չբավարարեց այդ 3 օրը: Երազանքն էր նաեւ Լեւոն Շանթի «Հին Աստվածներ»-ի երաժշտական տարբերակը գրել. նույնպես չհասցրեց:
1990 ապրիլի 25-ին Երեւանում նշանակված էր աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի համերգը, որի ընթացքում պիտի կատարեր Հարություն Դելլալյանի «Հաղթական ռեքվիեմը»: Ժամկոչյանը, ում որ նվիրված էր այս գործը, հնչեցրել էր այն աշխարհի տարբեր բեմերից եւ տաճարներից, Ճապոնիայից մինչեւ Գերմանիա, Անգլիայից մինչեւ Վատիկան: Երեւանում այն հնչելու էր առաջին անգամ, եւ առաջին անգամ Հարությունը իր այս ստեղծագործությունը ունկնդրելու էր կենդանի կատարմամբ: Ինչպե՜ս էր սպասում նա այդ օրվան:
Համերգի օրը, ապրիլի 25-ին, նրան հուղարկավորեցին: Իր հոյակապ «Հաղթական ռեքվիեմը» կատարվեց առանց հեղինակի ֆիզիկական ներկայության: Իսկ վախճանվել էր ապրիլի 23-ինՙ 53 տարեկան հասակում: Հաջորդ օրըՙ Ապրիլի 24-ին, Հարություն Դելլալյանի հոգեհանգիստը մի տեսակ միաձուլվեց բոլոր ննջեցյալների հոգեհանգստին:
Նկար 2. Հարություն Դելլալյանը Կարպիս Սուրենյանի հետ
Նկար 3. Հարություն Դելլալյանը իր դստերՙ ջութակահարուհի Նարինե Դելլալյանի հետ:
ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ