ՔՐԻՍ ԲՈՀՋԱԼՅԱՆ. «ԲԱՆՋԱՐԱՆՈՑՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ՀՈԳԵԿԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ Է»


Բնության հետ ներդաշնակ ապրելու, հողը մշակելն ու բանջարանոցային բարիքներ ձեռք բերելու նվիրվածությունը հոգեկան բավարարվածություն, նունիսկ բերկրանք համարող ամերիկահայ ճանաչված վիպասան Քրիս Բոհջալյանն իր կայքում զետեղել է հետաքրքրական ու ինքնատիպ մի նկարագրություն, որ բացահայտում է գրողի կենսագրության մինչ այժմ մեզ անհայտ էջերը:
Հիշեցնենք, Բոհջալյանը «Նյու Յորք Թայմսի» բնութագրմամբ հեղինակ է ամենալավ վաճառվող (bestselling) 22 գրքերի, որոնք թարգմանվել են 35 լեզուների եւ որոնցից երեքը ֆիլմի են վերածվել: Նրա վերջին հատորը վերնագրված է «Hour of the Witch» (Վհուկների ժամանակը), որի պատմական իրադարձությունները կապված են Հյուսիսային Ամերիկայում ընտանեկան բռնության պատճառով իրականացված ամուսնալուծության հետ, տեղի են ունենում 1662-ին Բոստոնում: Իր նախորդ գործերից են «Ինքնաթիռի ուղեկցորդուհին», «Մանկաբարձուհիները», «Հյուրասենյակ», «Ավազե դղյակի աղջիկները» եւայլն:
Բոհջալյանն իր կնոջ եւ դստեր հետ ապրում է Լինկոլնի (Վերմոնտ) կենտրոնական հատվածում: Բուսակեր է եւ շատ է սիրում ճաշակել խաչապուրի (կամ պանրով բյորեկ), հատկապես եթե պատրաստված է մորաքույր (հորաքույր) Ռոզ Մարի Մուենչի բաղադրատոմսով, կադաիֆ եւ խմելՙ թան: Նախնիները համիդյան ջարդերից վերապրածներ են եղել:
Իր կայքում «Ինչո՞ւ զբաղվել բանջարանոցով» հարցին պատասխանում է գրելով, որ «զբաղվել» բայը բազում գործողություններ է ներառում իր մեջ, եռանդուն ջանքերՙ սկսած կռանալ, բարձրանալուց մինչեւ հողը մշակել, վարել, տնկել, ցանել, ջրել, մոլախոտերը հեռացնել, հնձել, քաղել, լվանալ եւ ի վերջո ըմբոշխնել: Այսինքն «զբաղվելը» բավական աշխատատար է, եւ եթե ավելացնենք, շարունակում է նա, որ բավական էլ ծախսատար է այդ «զբաղմունքը», ապա արդարացված կլինի իմ հարցըՙ «ինչո՞ւ, ուրեմն, զբաղվել բանջարանոց պահելով»: Պատասխանը պարզ է: Որովհետեւ դա մեզ կապում է մեր այն աշխարհի հետ, որի մի մասնիկն ենք: Որովհետեւ ստամոքսի քաղցը հագեցնելուց բացի, մեզ նաեւ հոգեկան բերկրանք է պատճառում: Որովհետեւ այդ «զբաղմունքը» մեզ երջանկացնում է, եւ կինս ու ես ամառը չենք պատկերացնում առանց դրան: Ես շատ լուրջ եմ վերաբերում այդ զբաղմունքին եւ ծնողական հոգատարություն եմ ցուցաբերում բույսերին, տնկիներին, պտղատու ծառերին: Այդ «աշխատանքը» ինձ մեծապես հանգստանցում է, վերացնում լարվածությունը: Ինձ համար դա նման է հեծանիվ քշելուն: «Կարծում եմ մեր հարեւաններն էլ են նույն հաճույքը զգում բանջարանոց պահելով», եզրակացնում է Բոհջալյանը, որ որոշ ժամանակ որպես սյունակագիր աշխատակցել է «Բրլինգտոն ֆրի պրես» պարբերականում:
