ՔԱՐՈԶՉԱԿԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ ԷԻՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԵՎ … ՀԵՏՈ

1

Կարելի է շատ բաներում մեղադրել նախկին իշխանություններինՙ հովանավորչության, կոռուպցիայի, թայֆաբազության, քաղաքական անհեռատեսության եւ այլ բաների համար, բայց ամենաշատըՙ տեղեկատվական-քարոզչական պայքարը տանուլ տալու համար: Անկախության առաջին շրջանում, վայելելով հանդերձ միջազգային համակրանքի մի մեծ չափաբաժին, մեր իշխանությունները չկարողացան, ավելի ճիշտՙ չցանկացան մնայուն կապիտալի վերածել այդ հանգամանքը, զարգացնել, խորացնել ու տարածել այն: Նրանցՙ մեր իշխանավորներին թվում էր, որ բարոյաքաղաքական այդ աջակցությունը մեզ հետ կլինի ընդմիշտ, մինչդեռ Բաքուն բացառիկ լրջությամբ էր վերաբերվում արտաքին քարոզչությանը, սկսելով այն ռուսաստանյան լրատվադաշտի մշակմամբ, իմաՙ պետրոդոլարներով, իսկ խավիարը պահելով հետագայի համար, արեւմտյան համապատասխան դաշտի «մշակման» նպատակով:

Ասենքՙ ադրբեջանական հակահայ քարոզչությունը ավելի հին արմատներ ուներ, դեռեւս սովետական ժամանակաշրջանից, Զիա Բունյաթովի եւ ուրիշների «պատմագիտական» եւ նույնիսկ «արվեստագիտական» էքսկուրսներով, սովետական կենտրոնական մամուլում եւ տարբեր հրատարակչություններով, որի դիմաց անզոր էին Զորի Բալայանի եւ հատուկենտ ուրիշների սոլոները «Լիտերատուրնայա գազետայում» եւ այլուր:

Ընդամենը մեկ օրինակ: 70-ականների կեսերին ադրբեջանցիք Մոսկվայում շքեղ հրատարակությամբ ասպարեզ հանեցին, երկու հատորով, այսպես կոչված ադրբեջանական գորգագործությանը նվիրված ալբոմ, բնականաբար յուրացնելով ոչ միայն Արցախի, այլեւ Իջեւանի ու նույնիսկ Վասպուրականի գորգարվեստը: Եվ հայկական կողմիցՙ ոչ մեկ հակազդեցիկ քայլ: Մերոնք լուռ մնացին նաեւ այն ժամանակ, երբ Գերմանիայում երեք լեզուներով հրատարակվեց Ֆոլքմար Գանցհորնի հրաշալի ալբոմըՙ «The Oriental Carpet», հայկական գորգարվեստի ծագումնաբանությանը եւ տարածքներին նվիրված: Այդ օրերին անձամբ ինձ չհաջողվեց գեթ մեկ հոդված, թեկուզ հայերեն լեզվով, մեր մասնագետներից ապահովել այդ հիմնարար աշխատության գրախոսականը միջազգային մամուլում հրատարակելու համար:

Նաիրյան ավանդական ծուլությունը միշտ է գտել իր ինքնարդարացումը, այս պարագային վկայակոչելով ադրբեջանական պետրոդոլարներն ու «խավիարային դիվանագիտությունը»: Մենք ո՛չ նավթ ունենք, ո՛չ էլ ձկնկիթ, ի՞նչ կարող ենք անել: Շա՛տ բան կարող էինք ու կարող ենք անել, եթե համակարգված, հետեւողական, պետականորեն հովանավորված աշխատանք ծավալեինք ու ծավալենք, սկսած մեզ բարեկամ համարվող Վատիկանից ու վերջացրած ամերիկյան, եվրոպական եւ, մերոնց կողմից միշտ արհամարհված, արաբական մայրաքաղաքներով: Մանավանդՙ ազդեցիկ ներուժ ունեցող սփյուռքի առկայությամբ, որը ճիշտ օգտագործելու պարագայում կարող է թուլացնել ադրբեջանական պետրոդոլարների ու խավիարի ազդեցությունը: Ճիշտ է, նախկինում եղել են հատուկենտ, պարագայական քարոզչական կայծկլտումներ, սակայն ընդամենը որպես ուղեկցություն հանրապետության ղեկավարների այս կամ այն երկիր պաշտոնական այցելության: Մինչդեռ խոսքը վերաբերում է պետական մի կուռ կառույցի բացակայությանը, որը դիվանագիտական կառույցների եւ սփյուռքյան կենտրոնների փոխհամաձայնեցված աշխատանքով դիմակայեր տարբեր երկրներում Բաքվի քարոզչական հզոր ցանցերի հակահայ գործունեությունը, այո՛, չխնայելով ֆինանսական միջոցները, որոնք սովորություն ունենք մսխելու ոչ այնքան կարեւոր, երբեմն էլ անարժեք բաների վրա: Այժմ դժվար է հիշել մի դեպք, երբ միջազգային հեղինակություն վայելող որեւէ լրատվամիջոցի ղեկավար կամ լրագրող պետական հրավերով այցելի մեր երկիր լուսաբանելու, օրինակ, վերջին պատերազմից առաջ Բաքվի մոգոնած այն սուտը, թե Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը եւ փախստականի վերածել ավելի քան մեկ միլիոն բնակչի, մի խաբեությունՙ որին դեմ հանդիման են գտնվել միջազգային ֆորումներին մասնակից մեր լրագրողները, ներկայացուցիչները:

Ահա՛ պատճառներից մեկը, որն ի վնաս մեզ գործեց 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ծպտուն անգամ չբարձրացավ հօգուտ մեր երկրի նույնիսկՙ այսպես կոչված «թավշյա հեղափոխությամբ» իբր հիացող երկրների տեղեկատվական կենտրոններից: Բաքվին հաջողվել էր արդեն իր սանձազերծած պատերազմը ներկայացնել որպես «պատմական արդարության» եւ «տարածքային ամբողջականության» վերականգնում, «զավթիչ հայերի» պատժում: Պատերազմը տանուլ էինք տվել պատերազմը դեռ չսկսած…

Ինչ վերաբերում է վերջին երեք տարիներին Նիկոլի իշխանությանՙ արտաքին տեղեկատվության մարզում արձանագրած մե՜ծ հաջողություններին, բավական է հիշել BBC-ի Hard Talk ծրագրին տված նրա հարցազրույցըՙ թլվատ անգլերենով ու խայտառակ բովանդակությամբ, նույնպես պատերազմից առաջ:

Իսկ ի՞նչ ունենք հիմա միջազգային տեղեկատվության ասպարեզում. պարտված բանակ, պարտված հրամանատարություն, պարտված վարչապետ ու կառավարություն, պարտված, բայց ինքնահմայված իշխող կուսակցություն, եւ այդ բոլորն էլ հաղթածՙ խորհրդարանական ընտրություններում:

Ահա՛ այսպիսի մի երկիր, Երկիր Նաիրի: