Իսկ ընդդիմությունը բոյկոտեց նրան, հրաժարվելով լսել նրա ելույթը «խորհրդարանում»
Հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը երկօրյա այցով մեկնեց «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»: Հաջորդ օրը, հուլիսի 20-ին, թուրքական զորքերի Կիպրոս ներխուժման 47-րդ տարելիցին, նա մասնակցեց «Խաղաղության եւ ազատության» տոնի առթիվ ինքնակոչ այդ հանրապետության խորհրդարանում կազմակերպված հանդիսավոր նիստին: Հիշցնենք, որ Թուրքիան Կիպրոս էր ներխուժել 1974-ի թվի հուլիսի 20-ին, բռնագրավելով կղզու տարածքի 36.5 %-ը: 1983թ. նոյեմբերի 15-ին կղզու գրավյալ հյուսիսային հատվածը հռչակվեց «թուրքական հանրապետություն»:
Էրդողանի Կիպրոս ուղեւորվելուց մի քանի օր առաջ, ելնելով վերջինի «աչքալուսանքի» վերաբերյալ հայտարարություններից, թուրքական թերթերը սկսեցին գրել, թե Թուրքիայի նախագահը Կիպրոսում պատրաստվում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը» վերանվանել «Կիպրոսի թուրքական պետություն», որին ճանաչելու են Ադրբեջանը, Բանգլադեշը, Պակիստանը, Լիբիան եւ Գամբիան, իսկ ՄԱԿ-ը հաստատելու է այդ ճանաչումը, որ միջազգային հանրության մաս կազմի վերանվանվող թուրքական այդ պետությունը Կիպրոսում:
Հակառակ առաջադրանքների հավակնոտությանը, Էրդողանը Կիպրոս մեկնելուց առաջ Ստամբուլի «Աթաթուրք» օդակայանում, որպես աչքալուսանք, ամենեւին չհիշատակեց դրանց մասին, պարզապես ասաց, որ աչքալուսանքների բնույթին կանդրադառնա Կիպրոսի թուրքական հատվածի, այսպես կոչված, հանրապետական խորհրդարանում եւ իբրեւ աչքալուսանք ներկայացրեց նախագահականի, խորհրդարանի նոր շենքերի եւ զբոսայգու կառուցման որոշումը կիպրացի թուրքերին: Ընդ որում նա այդ շենքերը նմանեցրեց «գեջեքոնղուների» (գիշերը սարքված կառույցներ) եւ ընդգծեց, որ դրանք վայել չեն Կիպրոսի թուրքական հատվածին: Մինչդեռ ղրանք կառուցվել են XIX դարի վերջերին, երբ սուլթան Աբդուլ Համիդը Ռուսաստանի հարձակումներից կայսրությունը պաշտպանելու դիմաց Անգլիային զիջեց օսմանյան տիրապետության տակ գտնվող Կիպրոսը:
Այսինքն, շենքերը պատմական են, կառուցված անգլիացիների կողմից: Ուստի, ընդդիմադիր թուրք քաղաքական գործիչները կիպրացի թուրքերի համար նսեմացուցիչ համարեցին Էրդողանի նշված նմանեցումը, իսկ անկախ դիտորդները, մատնանշելով ֆինանսական խորը ճգնաժամը, որի մեջ մխրճված է Թուրքիան, նրան մեղադրեցին թուրքական պետությանն ավելորդ ծախսեր պատճառելու մտադրության համար: Ավելին, թուրքական զինուժի գլխավոր շտաբի նախկին աշխատակից Էրոլ Մութերջիմլերը հուլիսի 20-ին «Halk TV»-ի էկրանից Էրդողանին քննադատեց նույնիսկ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը» անկախ պետություն հորջորջելու համար, թե ի՞նչ անկախություն, երբ նա բոլոր առումներով, ներառյալ միջազգային շփումները, կախման մեջ է Թուրքիայից:
Հուլիսի 20-ին, մոռանալով Կիպրոսի ինքնակոչ հանրապետությանը վերանվանելու եւ դրա միջազգային ճանաչումն ապահովելու հավաստիացումները, թուրքական հատվածի «Հանրապետական խորհրդարանի» ելույթում Էրդողանը բացառապես խոսեց նախագահականի եւ խորհրդարանի նոր շենքերի, ինչպես նաեւ զբոսայգու կառուցման մասին, ինչը հիասթափություն պաճառեց հանդիսավոր նիստի մասնակիցներին, ինչպես նաեւ կիպրացի թուրքերին, իսկ Թուրքիայում առաջացրեց կատարյալ տարակուսանք:
«Halk TV»-ին նույն օրը դրա առնչությամբ կարծիք հայտնեց, թե Վաշինգտոնն ու Եվրոպական Միությունը հավանաբար նախազգուշացրել են Էրդողանին: Էրդողանի պարագայում, սակայն, խնդիրը հավաստիացումները չեն միայն, այլեւ կիպրացի թուրքերի խորհրդարանում ընդդիմության ընդգծված բացասական վերաբերմունքը նրա եւ Թուրքիայի նկատմամբ: Հուլիսի 20-ին «BBC»-ին գրեց, որ Կիպրոսի թուրքական հատվածի 50 տեղանոց խորհրդարանում ընդդիմադիր Թուրք հանրապետական եւ Հասարակա-դեմոկրատական կուսակցությունները, որոնք համապատասխանաբար ունեն 12 եւ 3 պատգամավորներ, ելնելով նախապես ընդունած որոշումներից, Էրդողանին բոյկոտելու համար չմասնակցեցին հանդիսավոր նիստին, որտեղ ելույթ ունեցավ վերջինը:
«BBC»-ին բոյկոտի մասին զգուշացրել էր հուլիսի 17-ին, իսկ «Էվրենսել»-ը, «Էրդողանին բոյկոտելու ձայներ են բարձրանում Կիպրոսում» խորագրով, հուլիսի 15-ին, մատնաշելով, որ «հանցագործների եւ հանցագործության դրախտ են դարձրել Կիպրոսի չքնաղ կղզին»: Խոսքն անկասկած Էրդողանի իշխանությունների մասին է: Հետեւաբար, նախքան Կիպրոսի թուրքական հատվածի միջազգային ճանաչման մասին խոսելը, նախ պետք է ինքնակոչ հանրապետության տարածքը մաքրել հանցագործներից, որպեսզի այն դադարի նաեւ փող լվալու դրախտ լինել, ընդ որումՙ անաշխատ եւ Թուրքիայում ձեռք բերված:
Այլ կերպՙ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հատվածի միջազգային ճանաչման մասին, այն էլ հանցագործությունների դրախտի կարգավիճակով, խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է Թուրքիայի բարեկամ Ադրբեջանին եւ Պակիստանին, ասենք որ ինքնակոչ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» հռչակվել է դեռեւս 1983 թ. նոյեմբերի 15-ին: Թուրքիայի հանդեպ Պակիստանի բարեկամությունը, սակայն, չի նպաստել ճանաչմանը: Անկախ Թուրքիայի համառ պահանջներից ակսած 1991-ից հետեւողականորեն ճանաչումից հրաժարվել է նաեւ Ադրբեջանը, պատճառաբանելով, թե այդ դեպքում Հունաստանն էլ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Թեեւ Հունաստանն արդեն ճանաչել է, սակայն ադրբեջանական կողմը հիմա էլ հավանաբար մտածում է, որ Կիպրոսի թուրքական հանրապետությանը ճանաչելու դեպքում Պուտինն էլ կպահնջի, որ Ադրբեջանը ճանաչի նաեւ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Լիբիան մասնատված է, հետեւաբար ինքը միավորվելու կարիքն ունի, որ ճանաչվի իբրեւ միասնական պետություն: Մնում է Գամբիան, որը միայնակ չի ճանաչելու: Հարցը «Halk TV» հեռուստատեսությունում քննարկվելիս, թուրք քաղաքական դիտորդներից մեկն ասաց, որ Բանգլադեշը ճանաչել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը»: Հիրավի, հռչակման հաջորդ օրը, 1983 թ. նոյենբերի 16-ին, Բանգլադեշի խորհրդարանը ճանաչեց, սակայն հաջորդ օրը Վաշինգտոնի ճնշման տակ չեղյալ հայտարարեց իր իսկ ընդունած ճանաչման որոշումը: