«ՄՈՍԿՈՎՍԿԻ ԿՈՄՍՈՄՈԼԵՑ»-Ը ՄԵԶ ՀԱՅԵՐԻՍ ՍԱՍՏԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ Է ԱՆՈՒՄ

6

Սակայն, դրանց հիմքում թաքնված է Հայաստանը կորցնելու մտավախությունը

Հուլիսի 17-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հրապարակել «Ֆրանսիան Հարավային Կովկասում ձգտում է իր անձնական առաջամարտիկի վերածել Հայաստանը» վերնագրով հոդվածը: Դրա «Հայաստանն ու Ֆրանսիան միացե՞լ են: Եթե գոյություն ունի այդպիսի կոալիցիան, ապա ո՞վ կլինի հաղթող կողմը: Ո՞վ կպարտվի: Չէ՞ որ այդ միությունն ապրիորի է (նախափորձային), այլ կերպ չէր էլ կարող լինել» ենթավերնագիրը հստակ պատկերացում է տալիս, թե ի՞նչ նկրտումներով է հրապարակվել:

Ակնհայտ է, որ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հոդվածը գրի է առնվել հայատյացության դիրքերից, արտացոլում է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստանը կորցնելու Կրեմլի մտավախությունը, այն առումով, որ դա ի վերջո հանգեցնելու է ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասի կորուստյան:Այսինքն Ռուսաստանն այս տարածաշրջանից վաղ թե ուշ հեռանալու է: Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ավելի քան բարեհաճ վերաբերմունքը եւ աննախադեպ ակտիվացումը Հարավային Կովկասում, դրա գրավականն են: Այս ամենին անուղղակի նպաստում է ՆԱՏՕ-ի մուտքը Սեվ ծով, Վրաստանի եւ Ուկրաինայի հանդեպ հարաճուն հետաքրքրություններն ու միջինասիական հանրապետություններիՙ Ուզբեկստանի եւ Տաջիկստանի ռազմական օգնության խնդրանքով Մոսկվան մի կողմ թողած ուղղակի Վաշինգտոն դիմելու գործելակերպը:

Համենայն դեպս, նպատակահարմար է ծանոթանալ հողվածի բովանդակությանը: Ահա թե ինչ է գրել անստորագիր հողվածում մոսկովյան այդ թերթը.

«Որոշ տվյալներով Ֆրանսիայի եւ Հայաստանի դիվանագետները ինտենսիվ հանդիպումներ են ունենում Երեւանում, Փարիզում եւ Նյու Յորքում, որպեսզի փորձեն ոչ լեգիտիմ դարձնել նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը: Ինչպես հայտնի է, այդ հայտարարությունը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանով փաստացի դադարեց պատերազմը տարածաշրջանում:

Ինչպես երեւում է, այդ փաստաթղթի կողմերից մեկն այսօր այլ հետաքրքրություններ ունի: Դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրի տվյալներովՙ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանը հակված են ընդունել նոր ծրագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախորդ բանաձեւի վերանայումը: Անկեղծորեն ասենք, որ այս տեղեկատվության հաստատման դեպքում, համանման քայլն ապագայում լուրջ հետեւանքներ կունենա համաշխարհային քաղաքականության համար:

Հնարավոր է, որ Փարիզը, ՄԱԿ ԱԽ-ում նոր բանաձեւի ընդունումով, ձգտում է հաստատել այնպիսի ստատուս քվո, որ առաջնակարգ դիրքն այնտեղ գրավի ինքը: Ավելին, չի բացառվում, որ քննարկվող նախագիծը չսահմանափակվի, սոսկ, ֆրանսիական զորքերի տեղաբաշխումով Հարավային Կովկասում, այլ դրանք տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ մուտք գործեն նաեւ Ղարաբաղ: Դժվար չէ կռահել, թե ինչ կլինի հետո: Հետաքրքրական է, չեն ցանկանո՞ւմ արդյոք դրանից հետո նապոլեոնական զինվորների ժառանգներին շարժել այնտեղ Եվրոպական Միության մյուս երկրներից: Ի դեպՙ Հայաստանում օտարկրյա ռազմական ներթափանցման գաղափարը հենց առաջինը հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը եւ դա կրկնել հուլիսի 17-ին, Միշելի հետ հանդիպմանը: Հարկ է նշել, որ Շառլ Միշելը Մակրոնի հովանավորյալն է, որովհետեւ Ֆրանսիայի նախագահին է պարտական Եվրոխորհրդում զբաղեցրած պաշտոնի համար: Ավելին, Միշել-Մակրոն-Փաշինյան եռյակն ընդամենը «պոպուլիստների յուրահատուկ դաշինք» է: Բացառված չէ, որ Ֆրանսիան ձգտի Հայաստանը դարձնել իր առաջամարտիկը Հարավային Կովկասում:

Թերեւս կարելի է հասկանալ Ֆրանսիայի հավակնությունները: Ըստ ամենայնի, ղարաբաղյան պատերազմի նոյեմբերյան արդյունքը, ինչպես նաեւ շնորհիվ Վլադիմիր Պուտինի ջանքերի ստորագրված Եռակողմ համաձայնագիրը չեն բավարարել Էմանուել Մակրոնի հավակնությունները: Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում տարածաշրջանում, ընդամենը տարածաշրջան վերադառնալու եւ այնտեղ ամրապնդվելու ֆրանսիական փորձեր են միայն:

Հասկանալի է, որ ռուսական դիվանագիտությունը չպետք է ննջի: Ռուսաստանը, որպես ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ, իրավունք ունի վետո դնել յուրաքանչյուր բանաձեւի վրա, հատկապես այն դեպքում, երբ դա ինչ-որ ձեւով դիպչում է իր սեփական շահերին: Չէ՞ որ Ղարաբաղից հետո հերթը կարող է հասնել Ղրիմին:

Ակնհայտ է, որ այս մեծ խաղում Հայաստանի վարչապետը մեծ քաղաքականության մանրադրամն է լինելու: Եվ մենք գիտենք, թե գլխավոր դերակատարները ինչպես են վարվում այդպիսի խաղազինվորի հետ»: