ՀԱՅԿԱԿԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԹԱՎՐԻԶՈՒՄ

20

Հայ-իրանական հարաբերություններին կա՞ ապագա

Վերնագրից բխող հարցադրման պատասխանն աներկբայորեն դրական է: Դրական է, քանի որ այդ հարաբերությունների հեռանկարը պայմանավորված չէ տվյալ պահին կառավարման ղեկին տիրապետող անձերով եւ նրանց կամայականություններով, կամ էլ երկու երկրներում իշխող պետական կառավարման համակարգերի առանձնահատկություններով: Հարցադրման պատասխանը դրական է, քանի որ մեր ավանդական հարաբերությունների զարգացումը թե՛ Հայաստանի, եւ թե՛ Իրանի համար պայմանավորված է էական նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական գործոններով, պատմամշակութային կապերով, փոխադարձ տնտեսական շահերով…

Իսկ երկու երկրներում նոր գործադիր մարմինների ձեւավորմանը հանգեցրած գրեթե համաժամանակյա ընտրությունների փաստը մեր հեռանկարային ծրագրերի իրականացմանը կարող է ընդամենը նոր լիցք հաղորդել:

Համոզված կարելի է ասել, որ Իրանը Հայաստանին վերաբերող հարաբերությունների հեռանկարային ծրագրերում մեծ դեր կհատակցնի առավելապես Հայաստանի հետ իր սահմանները կապող Մեղրիի եւ առհասարակՙ Զանգեզուրի տարածքով անցնող կոմունիկացիաներին:

Եվ արդյո՞ք Հայաստանի նորակազմ կառավարությունը օրակարգային հարց չի դարձնելու Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագիրը: Չէ՞ որ մեր բարեկամ երկրի հետ Հայաստանի ցամաքային կապն իրականացվում է բացառապես Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի միջոցով:

Բացի այդ, փոխադարձության սկզբունքից ելնելով, Թավրիզում հայկական հյուպատոսական հիմնարկի բացմանը տրամաբանորեն կարող է հետեւել Սյունիքի Կապան քաղաքում իրանական հյուպատոսության հիմնադրումը, որի գործունեությունը Զանգեզուրում եւս մեկ անգամ կընդգծի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարցում Իրանի նախանձախնդրությունն ու սահմանած կարմիր գծերը:

Թավրիզում հայկական հյուպատոսության բացումը հիմնավորվում է այդ քաղաքի աշխարհաքաղաքական առանձնահատկություններով, որից ելնելով էլ Թավրիզը պատմականորեն համարվել է օտարերկրյա դիվանագետների գործունեության համար բացառիկ միջավայր: Իրանում ընթացող բոլոր քաղաքական իրադարձությունների կիզակետը թե՛ անցյալում եւ թե՛ այսօր եղել եւ մնում է Թավրիզ քաղաքը:

Ի դեպ, Թավրիզում ՀՀ հյուպատոսություն հիմնադրելով, Արեւելյան Ատրպատականից բացի, հնարավոր կլինի նաեւ քննարկման նյութ դարձնել ՀՀ հարակից այլ շրջանների, այդ թվումՙ ԻԻՀ Արեւմտյան Ատրպատական, Արդեբիլ, Գիլան ու Մազենդարան նահանգների հայկական հյուպատոսության սպասարկման տարածքի մեջ ներառելու հնարավորությունը:

Ներկայումս հյուպատոսական սպասարկման այդպիսի լայն տարածքում գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն ընդամենը երկու հյուպատոսական հիմնարկներՙ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունները, որոնք 44-օրյա պատերազմի օրերին հակահայ մթնոլորտի շիկացման հարցում մեծ դերակատարում ունեցան:

Թավրիզում գործող 11 հյուպատոսություններից առաջինը հիմնադրվել է 1837 թվականինՙ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: Թավրիզում հյուպատոսություններ են ունեցել նաեւ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Օսմանյան Թուրքիան, Ջենովան, Վենետիկի Հանրապետությունը եւ Իրաքը: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաք Թեհրանը հյուրընկալել է ընդամենը յոթ դիվանագիտական ներկայացուցչությունների:

Խորհրդային իշխանության հաստատումից հետո Հայաստանը նույնպես հյուպատոսություն է ունեցել Թավրիզում, սակայն ԽՍՀՄ կազմավորումից հետո այն լուծարվել է:

Ուզում ենք հավատալ, որ արքայազնանիստ քաղաքի համբավ ունեցող Թավրիզում հայկական հյուպատոսական հիմնարկի վերագործարկմանն ուղղված քայլերը հեռավոր ապագայում լուծվելիք հարցերի շարքին չեն դասվի, քանի որ «ապագայի» կերտումը հիմնված է հենց այս պահի վրա: