ՀԱՂԹՈՂԻ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔ ԿԵՐՏԵԼՆ Է ԴԺՎԱՐ

20

Մարդկության զարգացման ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ առաջընթացը միշտ պայմանավորված է եղել գիտության զարգացմամբ: Ապացուցված է նաեւ, որ որքան զարգացած է մարդկային հասարակությունը, այնքան ավելի արագ է զարգանում նաեւ գիտությունը: Այսինքնՙ գիտության զարգացումն ու մարդկային հասարակության առաջընթացը մշտապես պայմանավորում են միմյանց եւ գտնվել ու գտնվում են ուղիղ համեմատական կապի տիրույթում: Իսկապես, մարդկային հասարակության պատմությունը շարունակական զարգացման ու միմյանց հաջորդող գյուտերի անվերջ շարան է: Բայց եթե օրինակ անիվի գյուտի համար մարդկությունը վատնեց հազարավոր տարիներ, ապա մեր օրերում գիտական հայտնագործություններ են կատարվում գրեթե ժամերի ընթացքում, իսկ երբեմն էլ նորահայտ տեխնոլոգիաները րոպեների մակարդակում են հաջորդում միմյանց: Եվ այդ գործընթացն ակնհայտ ու տեսանելի է ամենուրեք եւ բոլոր բնագավառներում, սկսած կենցաղային առարկաներից եւ վերջացրած տիեզերքի նվաճումն ու մարդկային օրգանների ֆունկցիաների ճանաչումը:

Գիտության զարգացումը տեսանելի է կյանքի բոլոր բնագավառներում եւ դա անկասկած նպաստում է համամարդկային առաջընթացին: Աննախադեպ զարգացել են արտադրողական ուժերն ու արտադրության միջոցները, գրեթե ամբողջապես մեքենայացվել են հանքանյութերի արդյունահանումն ու գյուղատնտեսությունը, արեւի, քամու եւ մյուս էներգոռեսուրսների հաշվին ավելացել է էլետրոէներգիայի արտադրությունն ու նորանոր աղբյուրների հայտնագործումը: Մարդկությունն այսօր հասել է արհեստական ինտելեկտի ստեղծման մակարդակին, եւ այս ամենը հրաշալի է, քանի որ հեշտացել է կյանքն ընդհանրապես:

Նկատենք սակայն, որ ինչպես միշտ, մեր օրերում էլ մարդկային ցեղն այդ ամբողջ առաջընթացն ու գիտության նվաճումներն օգտագործում է նաեւ ինքնաոչնչացման նորանոր միջոցներ ստեղծելու եւ կատարելագործելու համար: Համաշխարհային հանրությունն իր բառապաշարում ներառել է չորրորդ, հինգերորդ եւ այլ սերունդների պատերազմներ հասկացությունները եւ դրանք գործածում է մասնագիտական ու արդեն նաեւ սովորական, կենցաղային մակարդակների խոսակցություններում: Ցավով պիտի արձանագրենք, որ քառասունչորսօրյա արցախյան պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայ ժողովուրդն օրինակ հինգերորդ սերնդի պատերազմի կործանարար հետեւանքներն իր մաշկի վրա զգաց: Հազարավոր պայծառ երիտասարդներ նահատակվեցին կամ խեղանդամ դարձան զանազան նոր տեխնոլոգիաների ու «բայրաքթարների» միջոցով…

Ինչ խոսք, գիտության զարգացումն ու ընդհանրապես դրա հիմքի վրա առաջընթացը, հետեւապես նաեւ գիտության զարգացմանը նվիրված ուշադրությունը, միանգամայն դրվատելի երեւույթ է: Անզեն աչքով էլ նկատելի է, որ հատկապես պատերազմում կրած դառը պարտությունից հետո շատ է խոսվում գիտությանն ու դրա հենքի վրա առաջընթացին զարկ տալու մասին: Որոշ մանր-մունր քայլեր էլ են արվում: Չգիտեմ, մեր ղեկավար այրերը կատարված իրողություններն իսկապես սթափ գնահատել ու համապատասխան հետեւություններ արե՞լ են, թե՞ այդ քայլերը եւս նախընտրական քարոզարշավի մաս էին կազմում, սակայն վստահ եմ, որ երկրի ապագայի ու ժողովրդի արժանապատվության մասին մտածող ցանկացած պաշտոնյա այլեւս ուզած-չուզած պետք է ուշադրություն դարձնի գիտությանն ու գիտնականին: Իսկ որ ամենակարեւորն է, այդ ուշադրությունը պետք է դրսեւորվի դպրոցական ամենակրտսեր տարիքից սկսած: Հակառակ դեպքում այս տխուր, զոհաշատ ու պարտված հոգեվիճակով հեռու չենք գնա:

Միանշանակ է, որ այսուհետ պետական բյուջեից ամեն տարի ավելի մեծ գումարներ պետք է հատկացվեն գիտությանը, որպեսզի հնարավոր դառնա հասնել այն մակարդակին, որ գիտնականի աշխատավարձը ոչ թե հանրապետության միջին աշխատավարձի կեսը կազմի, այլեւ մի քանի անգամ գերազանցի երկրի միջին աշխատավարձին, ինչպես դա արվում բոլոր զարգացած ու զարգացող երկրներում (այս մասին ավելի մանրամասն տես մեր նախորդ հրապարակումներից մեկումՙ «Ազգ» թիվ 23, 18-06-2021): Պարզից էլ պարզ է, որ հետագա առաջընթացի համար այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի:

Շատ կարեւոր մի հանգամանք էլ կա, որ պետք է աչքաթող չարվի: Բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները, ճանաչված եւ սկսնակ հրապարակախոսներն ու մյուս գրիչ վերցնողները գիտություն ասելով հասկանում են բացառապես գիտության այսպես կոչված ճշգրիտ ճյուղերը: Նրանք քափուքրտինք չեն ափսոսում ֆիզիկայի, մաթեմատիկայի, ռոբոտատեխնիկայի ու դրանց հարակից մասնագիտությունների մասին գրելու համար: Ի դեպ, դեռ գրեթե ոչինչ չարածՙ զանազան հաջողություններ են արձանագրում: Բայց ձեռքբերումների մասին ավելի ուշ կխոսենք:

Այսօր շատ եմ ուզում, որ հերթական անգամ մեր հախուռն ու զգացմունքային բնույթը սթափ մտածողությունից առաջ չընկնի ու մեզ շատ անգամների նման չտանի միայն մեկ ուղղությամբ: Խոսքն այն մասին է, որ գիտության զարգացման ու գիտնականին գնահատելու այս համընդհանուր դարձած, անվիճելի ու վերամբարձ տիրույթում հարկավոր է աչքաթող չանել նաեւ գաղափարախոսական դաշտը: Քանի որ տեխնոլոգիաների ներկա մակարդակում, երբ տարածքային ու սահմաններ հասկացություններն աստիճանաբար դառնում են պայմանական երեւույթներ, ավելի ու ավելի է կարեւորվում հոգեբանական գործոնը: Հատկապես մեզՙ գերազանցապես զգացմունքային աշխարհընկալումով առանձնացող հայերիս համար, երբեք պետք չէ անտեսվեն հայրենասերի, մարդասերի եւ վերջապես հերոսի հոգեկերտվածք ձեւավորելու եւ կարծրացնելու գործոնները, որոնք կերտվում ու բյուրեղացվում են գիտության հումանիտար բլոկի ներկայացուցիչների միջոցով: Ավելին, բոլորովին չթերագնահատելով ու չստվերելով գիտության ճշգրիտ ճյուղերի ներկայացուցիչների հայրենանպաստ ու ազգաշահ գործունեությունը, ցանկանում եմ նաեւ ընդգծել, որ ցանկալի հոգեկերտվածք ձեւավորելն ավելի երկարատեւ, մեծ ջանքեր պահանջող աշխատանք է պահանջում: Ավելին, այդ թափած ջանքերի արդյունքն էլ ոչ միշտ է պարզորոշ երեւում:

Այնպես որ, սրտանց եւ հպարտության մեծ զգացումով ողջունելով ամենամոտ ապագայում հայրենի «բայրաքթարների» ու ավելի կատարյալ զինատեսակների ստեղծման իրողությունը, հինգ, վեց ու նաեւ յոթերորդ սերնդի պատերազմներին պատրաստ լինելու անհրաժեշտությունը, շատ եմ ցանկանում, որ մեր իսկապես չպարտված եւ կյանքի մինչեւ վերջին վայրկյանը հայրենիի համար մարտնչած զորականի անպարտելի հոգին անսասան մնա եւ շարունակի մնալ այն գլխավոր աղբյուրն ու գործոնը, որը կապահովի ապագա հաղթանակները:

10-20.06.2021