«ԹՈՂ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՀԻՇԻ ԱՆՑՅԱԼԸ, ԳՆԱՀԱՏԻ ՆԵՐԿԱՆ ՈՒ ՄՏԱԾԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ». ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

9

Գ. Գ.

Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջՙ «Ազգ»-ը զրուցել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Դավիթ Գրիգորյանի հետ

— Պարոն Գրիգորյան, առաջինը կխնդրեի անդրադառնալ ՀՀԿ-ին ու 2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին: Ոմանք կարծում են, որ 2018թ.-ի գարունը Հանրապետական կուսակցության մայրամուտն էր, ոմանք էլ կարծում են, որ այս իշխանությունները հենց հանրապետականների շարունակությունն են:

— Միանգամից հիասթափեցնեմ ոմանց եւ ասեմ, որ ՀՀԿ-ն երբեք մայրամուտ չի ունենալու, քանի որ հիմնվել է հզոր գաղափարական հիմքերի վրա, եւ այն մշտապես առաջ են տարել ազգային-պետական այնպիսի գործիչներ, որոնց կյանքի նպատակը հզոր Հայաստանի գաղափարն է եղել: Այսօր էլ դա այդպես է, վաղը նույնպես այդպես է լինելու: Մենք չենք կարող ուղղակի ձեռք լվանալ եւ հետ քաշվել այս ծանր օրերին, դա, իմ կարծիքով, դավաճանական մոտեցում կլիներ: Այո, կարծիք կա, թե ներկայիս իշխանությունները ՀՀԿ-ի շարունակությունն են, բայց դա այդպես չէ, դա պարզապես միֆ է, որովհետեւ 2018 թվականից առաջին կուսակցությունը, որ իր կորիզով, իր գաղափարակիցներով պայքարել է ներկայիս իշխանությունների դեմ, հե՛նց ՀՀԿ-ն է եղել: Ինչպե՞ս կարելի է մտածել, որ ՀՀԿ-ն իշխանության է բերել մի քաղաքական ուժի, որի ղեկավարն ամբողջ կյանքում փորձել է ցեխոտել ՀՀԿ-ի անունը, իսկ իշխանափոխությունից հետո էլ ամեն ինչ արել շարքային հանրապետականից մինչեւ ղեկավար կազմ անվանարկելու եւ դատապարտելու համար, ներեցեք, բայց մերկապարանոց մոտեցում է դա:

2018 թվականի մասին շատ չեմ ուզում խոսել, որովհետեւ հեղափոխություն կոչվածը, այդ խեղկատակությունը մեր թշնամիների դավադիր ծրագրի արդյունքն էր, թշնամիները ներսի դավաճանների հետ կարողացան հասնել իրենց նպատակին:

— Բայց ինչպե՞ս հաջողվեց ձեր նշած դրսի ուժերին այդպիսի մեծ գործողություններ իրականցնել անկախ Հայաստանում, որը ԱԱԾ, ներքին եւ արտաքին հետախուզություն ունի:

— Հասկանում եմՙ ուր եք տանում խոսակցությունը: Հավատացեք, մեր հատուկ ծառայությունները գործել են ըստ պատշաճի, բայց իմացեք, որ երկու արտաքին թշնամու դեմ պայքարելն ավելի հեշտ է, քան մեկ ներքին, քանի որ դժվար է դիմագրավել արտաքին թշնամուն այն ժամանակ, երբ մեկը, ում եղբայր ես համարում, զինակից ես համարում, մեջքից հարվածում է քեզ: Հուսով եմ` դուք էլ հասկացաքՙ ես ուր եմ տանում խոսակցությունը:

— Քարոզարշավների ժամանակ հանդիպում ենք ամենատարբեր մարդկանց, նաեւ նրանց, որոնք 2018-ին քարկոծել են ձեզ, դժվար չէ՞:

— Դժվարությունն այստեղ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ես հասկանում եմ նրանց, որովհետեւ նրանք իմ հայրենակիցներն են, իմ եղբայրներն ու քույրերը, ինձ պես այս երկրի հետ լավ հույսեր ու նպատակներ կապողները: Ինչ խոսք, նրանք սխալվեցին, սխալՙ որից օգտվեցին հատուկ մարդիկ ու մեզ կործանման տարան, բայց ոչ ոք անսխալական չէ, նրանք հիմա գիտակցում են երկրի առաջ ծառացած խնդիրները եւ պատրաստ են իրենց քվեով լուծել այն, ուստի ես ձեռք եմ մեկնում նրանցՙ առանց վրեժխնդրության ու քենի: Ես երբեք չեմ կարող վրեժի զգացում ունենալ իմ հայրենակցի հանդեպ, դա դեմ է իմ սկզբունքներին:

— Ասում ենՙ հասարակարգերը խախտվում ու խաբվում են նաեւ կրթության բացակայության կամ թերի ներկայության պատճառով, կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

— Այո՛: Այսօրվա աղետալի վիճակն ուղիղ կապ ունի մեր կրթական ցենզի հետ:

Ցավոք, դուք տեսնում եք, թե այսօր անգրագիտությունը մեր հասարակության որոշ շերտերի հետ ինչ անողոք է վարվել: Անգրագետ մարդը չի կարողանում գնահատել իրավիճակը, իրականությանը մոտենալ ճիշտ կողմից եւ դրա հետեւանքով բախվում է բազմաթիվ արհավիրքներիՙ ընդհուպ հայրենազրկման, դառը մի իրավիճակ, որի մեջ այսօր ապրում է Հայաստանը:

Ինձ ցավ է պատճառում այս վիճակը, որովհետեւ քանի կրթության մակարդակը ցածր է, քաղաքացիական հասարակություն կառուցելն անհնար է, իսկ քաղաքացիական հասարակության բացակայությունը կորստաբեր է, պետությունդ միշտ անկայուն է, հստակ մոտեցում չկա լավի ու վատի նկատմամբ:

— Կրթության որակի ցածր աստիճանի համար ամենաշատը մեղադրում են ՀՀԿ-ին:

— Այդ առումով որեւէ մեկը չի կարող հերքել, որ վերջին երեսուն տարիներին ամենացածր դերը կրթությանն է տրվել, իսկ դա ազգային ողբերգություն է:

Իհարկե, չեմ էլ կարող պնդել, որ կրթության մակարդակը զրո է, թե ոչինչ չի արվել, բայց վիճակն իրոք սարսափելի է: Դրա մեջ, անշուշտ, միտում չի եղել, եղել են թերացումներ եւ կոպիտ թերացումներ, հանգամանքներ, որոնք տարիների ընթացքում ավելի են արմատավորվել ու ստեղծել այս պատկերը: Բայց միայն մեղադրանքներ հնչեցնելուց հետո խնդրում եմ հիշել, թե ՀՀԿ-ի ղեկավարման տարիներին Հայաստանը միջազգային հարթակներում կրթական ինչպիսի ձեռքբերումներ է ունեցել, մեր ուսանողներն ու մասնագետներն ինչ գյուտեր ու նորույթներ են բերել տեղական ու միջազգային կրթական շուկա: Նաեւ նկատի ունեցեք, թե այդ տարիներից սկսածՙ ամեն տարի քանի երկրից են ուսանողներ գալիսՙ մեզ մոտ ուսանելուՙ Ղրղզստան, Ուզբեկստան, Սիրիա, Վիետնամ, Շրի Լանկա, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Իրան եւ այլն: Գոնե վերջին չորսը լուրջ գերտերություններ են, եւ եթե մենք հետաքրքրություն ենք առաջացրել նրանց մոտ, դա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է:

Որպես վերջաբան ուզում եմ բոլորին հիշեցնել, որ այսօր աշխարհի բժշկական տարբեր հաստատություններում աշխատում են նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտները: Նախկինում մշտապես միտում է եղել կրթությունը զարգացնելու, վերջին երեք տարիներին ճիշտ հակառակն է արվել:

— Դուք երկար տարիներ աշխատել ենք նաեւ որպես Մետրոպոլիտենի փոխտնօրեն, ինչպե՞ս ստանձնեցիք այդ կարեւոր պաշտոնը:

— 2012-2013թթ. քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկեց աշխատել Մետրոպոլիտենում: Սկզբում ստիպված էի մերժել, քանի որ մտածում էիՙ չեմ կարող մի ոլորտի պատասխանատու պաշտոնում լինել, որից բացարձակ գաղափար չունեմ, իսկ Մետրոպոլիտենը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտ է, եւ այնտեղ շատ խիստ մասնագիտական կառույցներ են ներառված: Ի վերջո, մենք եկանք ընդհանուր հայտարարի. ես չունեմ կոմպլեքսներ պաշտոնի բարձր կամ ցածր լինելու հետ կապված, կարեւորըՙ ես կարողանամ օգտակար լինել եւ ես համաձայնեցի աշխատել տնօրենի տեղակալի պաշտոնում: Այդ պաշտոնը ես զբաղեցրել եմ մեկուկես տարի: Այդ ընթացքում հասցրել եմ ծանոթանալ Մետրոպոլիտենի կառուցվածքի, գործունեության մոտ 70 տոկոսին: Այնուհետեւ ինձ առաջարկվեց Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, 2014թ.-ից աշխատել եմ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի պաշտոնում մինչեւ 2017թ.-ի հունվարը: Մետրոն քաղաք էՙ քաղաքի տակ:

— Պարո՛ն Գրիգորյան, դուք «Պատիվ ունեմ» դաշինքի 20-րդ համարն եք, բայց բոլորը գիտեն, որ այլՙ համարժեք ուժ ունեցող կուսակցությունում, կարող էիք, օրինակ, առաջին տասնյակի մեջ լինել:

— Այո՛, կարող էի, բայց ես դրոշակ փոխող չեմ, ճամբար փոխող չեմ: Ես հավատարիմ եմ մնում իմ սկզբունքներին, եւ դա իմ ամենամեծ, անձեռնմխելի կապիտալն է:

— Ասում ենՙ ձեր քաղաքական թիմը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի հետ հաշտ չէ, հակառակորդնե՞ր եք:

— Ո՛չ, ե՛ւ մենք, ե՛ւ Ռոբերտ Քոչարյաննՙ իր թիմով, պայքարում ենք մեր հայրենիքը թշնամուն տված, մեր բանակն ու տնտեսությունը շարքից հանած կապիտուլյանտի դեմ, այսինքնՙ մենք պայքարում ենք հանուն մեկ ընդհանուր գաղափարի:

— Պատերազմի մասին ասելիք ունե՞ք:

— Այս պատերազմը խլեց հազարավոր կյանքեր, այսինքնՙ հազարավոր երեխաներ կորցրին իրենց հայրերին ու որբ մնացին, պետք է հոգ տանենք նրանց մասին, նրանց համար հնարավոր ապահով մանկություն ապահովենք ու ստեղծենք այնպիսի հզոր երկիր, որտեղ երեխաների ամենամեծ կորուստը խաղալիքը լինի:

Նաեւ հազարավոր վիրավորներ ունենք, մարդիկ, որոնց մեծ մասն այլեւս չի կարողանալու առաջվա պես ապրել, մենք պարտք ունենք նաեւ նրանց առաջ, որովհետեւ նրանք իրենց ապագան զոհել ու դժգույն են դարձրել հանուն մեր պայծառ ապագայի:

— Ընտրություններին մնացել է երկու օր, ի՞նչ խորհուրդ կտայիք մարդկանց:

— Թող ամեն մարդ ընտրություն կատարելիս հիշի անցյալը, գնահատի ներկան ու մտածի ապագայի մասին: Այսքանը: