Հայաստանում ընտրությունների մեկնարկն ու Սյունիքում Սեւ լճի հարակից տարածք ադրբեջանցիներիՙ մինչեւ 3.5 կմ խորանալու փաստերը դժվար թե պատահական համընկնեին: Թշնամին օգտագործո՞ւմ է Հայաստանի նախընտրական լարվածությունըՙ իր մշտական զավթողական ախորժակը ցուցադրելով, թե՞ վերպետական ճարտարապետներ կան, որոնք, մանավանդ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովիՙ Երեւան ու Բաքու կատարած այցերից հետո, փորձում են հայերիս բան հասկացնել (դեՙ հաղորդուղիների միջանցք պարտադրել, առանց վերադարձնելու գերիներին, եւ գլխավորըՙ Արցախի կարգավիճակի հարցը քնեցնելով), դեռ պարզ չէ: Բայց որ Բաքվում Լավրովը մեզ հասկացնում էր, թե պետք է մոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ականապատված տարածքների քարտեզներն էլ պետք է տրամադրել ադրբեջանցիներն, սա, խոստովանեք, մեր հարցերը չլուծելու դիմաց, Հադրութի ու Շուշիի վերադարձի անհրաժեշտության մասին մեր որոշ շրջանակների հայտարարությւոնների ֆոնին, բոլորովին էլ դժվար չէ վերծանելը:
Վտանգը հիմա արդեն առավել տեսանելի դարձավ, երբ Ադրբեջանը մայիսի 12-ին հատեց ինքնիշխան պետություն Հայաստանի սահմանն ու երեքուկես կիլոմետր խորացավ Սյունիքի մարզի Սեւ լիճ կոչվող տարծքում, 20 քառ կմ տարածքում ներկայություն ապահովելով ու փորձելով իրենով անել Սյունիքի կենսապահովման առանցքային նշանակության ջրային ռեսուրսը: Ադրբեջանը Հայաստանի հանդեպ դիվերսիա է իրականացրել, նույնիսկ վարչապետի պաշտոնակատարն է այդպես որակում տեղի ունեցածը:
է, Ադամ Շիֆն ու Ֆրենկ Փալոունը պիտի այդ մասին բարձրաձայնե՞ն, որ հասկանալի լինիՙ ինչ է կատարվում, ու մինչեւ օրվա ուշ երեկո իրար հերքող-հաստատող պետական կամ պաշտպանական կառույցներից վստահելի տեղեկատվություն հնարրավոր չլինի ստանալ: Ինչպես, ի դեպՙ սովորաբար, ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում: Իրավիճակը հասարակ չէ, տեղական մակարդակով բանակցություններն էլ արդյունք չեն տվելՙ այդ մասին վկայում էին ինչպես հաջորդողՙ մայիսի 12-ի ուշ երեկոյան տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի, այնպես էլ երեկ կառավարության նիստին հաջորդող ԱԽ արտահերթ նիստի ժամանակ հնչած գնահատականները: Կառավարության նիստում էլ երեկ արձանագրվել էր, թե նախորդ օրվա առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել եւ հատել ՀՀ պետական սահմանը Սեւ լճի հատվածում. ու դրանից մեկ օր անց իրադրության էական փոփոխություն չի եղել, իրադրությունը շարունակում է մնալ նույնը:
Ի՞նչ պետք է հաջորդի սրան: Ռուսական «ԱվիաՊրո» անկախ լրատվամիջոցը երեկ հայտնում էր, որ Հայաստանի զինված ուժերը թիվ մեկ պատրաստության են բերված, քանի որ ադրբեջանցիները մտել են Հայաստանի տարածք:
Վարչապետի պաշտոնակատարը կառավարության նիստին բացատրում էր, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն փոխհրաձգություն եւ բախում չկա, թեեւ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետեւ ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս. «Ակնհայտ է, որ քարտեզները կեղծված են, եւ դա երեւում է դեռեւս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների համեմատությամբ: Դա ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ», ասել է պաշտոնակատար Փաշինյանըՙ իրավիճակը գնահատելով որպես ճգնաժամ, զարգացման մի շարք սցենարներով, բոլոր սցենարներով ադրբեջանցիների հետքաշումը Հայաստանի ինքնիշխան տարածքից պարտադիր համարելով:
Իսկ թե ինչպես է հնարավոր եղել դա, երբ հայկական կողմը ամեն րոպե պետք է պատրաստ լինի կասեցնելու այդպիսի սադրանքները, երեւի էլի ռուսներից պետք է հարցնել, հա՞, էլի ռուսների հույսին են մնացել, թե չէՙ հո անտեսանելի մարդու թիկնոցով չեն ներխուժել 3.5 կմ: Կամ ավելի վաղ չէ՞ր գիտակցվում, որ ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել ու գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային եւ պետական մարմինների գործողությունների համադրությամբ: Ի դեպՙ ադրբեջանցիք, կեղծ քարտեզներ ձեռքներին, սահման են հատել նաեւ Վերին Շորժայի շրջանում, մեր զինված ուժերը թեեւ կասեցրել են նրանց, հետ ուղարկել, սակայն նրանք ամբողջ առաջ եկած տարածքը չէ, որ լքել են, մի փոքր հետ են գնացել ու նստած են:
Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ բանակցություններ են սկսվելուՙ ադրբեջանցիներին Հայաստանի տարածքից վռնդելու ուղղությամբ: Այդ բանակցություններին մեր կողմից մասնակցելու էին առաջին եւ չորրորդ բանակային կորպուսների հրամանատարները, ԳՇ պետի տեղակալը, ռուս խաղապահների ներկայացուցիչներ: Բանակցությունները նախապես պիտի տեղի ունենային Սեւ լճին հարակից տարածքում, բայց ըստ լուրերի ադրբեջանցիք այդպես էլ բանակցության չեն եկել, իսկ նոր բանակցությունների վայր է պահանջվել Խնձորեսկի հատվածում:
Ինչ կարելի է ասել այս բոլորի մասին
Նախՙ որ ադրբեջանցիների կողմից խախտվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը (հերթական անգամ, ու այս անգամՙ անհերքելի), որը մեզ եւս իրավունք է տալիս սուրբգրական ճշմարտություն չհամարել այդ թղթի կտորը: Երկրորդՙ թե ինչ հաղորդուղիների գործարկման մասին է խոսք գնում Հայաստանն օկուպացնելու իր ախորժակը չծածկող ու Հայաստանի գլխին կախված ռազմական ներխուժման վտանգը փաստող այս վերջին գործողությունից հետո Ադրբեջանը, ընդհանրապես հասկանալի չէ, որը պետք է մեր իշխանություններին էլ, քաղաքական ուժերին առիթ տա հասկանալու այն, ինչ չեն ուզում հասկանալՙ ռուսները եթե չուզենային, ադրբեջանցիք հազիվ թե համարձակվեին գնալ այդ սադրանքին, բացի այդՙ պետք է մի կողմ դնել լավատեսական պատրանքները եւ անվտանգային համակարգ կառուցել: Իսկ թե սա նաեւ մեր ներքին քաղաքական կյանքի խմբագրման, նախընտրական լարվածությունն ավելացնելուն ուղղված քայլ էՙ ռուսական քավորությամբ, դա էլ, ըստ ադրբեջանցիների հետագա ձեռագրի, պարզ կլինի: Համենայնդեպսՙ այս առթիվ արդեն հնչած քաղաքական հայտարարություններն այդպիսի բան ենթադրելու տեղիք տալիս են:
Նախորդած ֆոնը
Լավրովը Բաքվում ադրբեջանցիներին հավատացրել էր, որ հայկական կողմից զինված ռեւանշը բացառվում է, Հայաստանն ինքը կամավոր կբացի սահմանը, ու միայն սահմանները պետք է որոշելՙ կան սահմանագծման ու սահմանազատման հարցեր, հեշտ չէ, բայց լուծելի է (թե ինչու է այլ պետության սահմանը ճշգրտելուց խոսում երրորդ պետության արտգործնախարարը. այդպես էլ որեւէ դիվանագիտական կանոնով չի բացատրվում, եթե, իհարկե, հայկական կողմը նրան այդ իրավունքը չի տվել): Դրան նախորդել է Ալիեւի հարցարուցային արձագանքը, որ եթե Հայաստանը ինքնակամ չբացի սահմանը, Ադրբեջանը կբացի ուժով:
Բայց եթե ռուսները վստահ են, թե Հայաստանը բացելու է սահմանը եւ ռազմական բաղադրիչն էլ բացառվում է, ու այդ մասին վստահեցնում են իրենց գործընկեր Ալիեւին, ապա այդ դեպքում Ալիեւին ինչ ճանճ է կծել, որ նա ներխուժում է Սյունիք: Թե՞ նա արդեն կասկածներ ունի, որ հայերը ինքնուրույն սահման բացողը չեն: Իսկ միգուցե հայկական կողմն էլ է տեղյակ, որ Սյունիքի սահմանը ռուսները պահանջում են համապատասխանեցնել ՀԱՊԿ պայմանագրով գծված սահմանին (գտեք այդ պայմանագրով գծված քարտեզն ու ամեն ինչ կհասկանաք), եւ միգուցե ռուսներն ու ադրբեջանցիները համաձայնեցվա՞ծ են դա անում, հայերն էլ հնարավորինս չեզոքություն են պահպանում, համենայնդեպսՙ անհասկանալի է թշնամու հանգիստ առաջխաղացումը 3.5 կմ: Այդ տեսակետից եթե դիտարկենք գերատեսչական պաշտոնյայի խոսքը, թե սադրանքները Հայաստանի սահմանին ավելանալու են, ապա մի շարք հարցեր են առաջանում: Նկատի ունենք ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ըստ որի հրադադարի ռեժիմի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մեջ է, ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա, նման միջադեպեր էլի են լինելու եւ դրանք պետք է բացառվեն բանակցությունների միջոցով: Ուրեմն եւՙ ՀԱՊԿ-ին դիմելը զինադադարի ռեժիմը խախտելու առիթ է համարվելու, քանի որ տեղի ունեցածը որակվելու է ներխուժում Հայաստանի տարածք, ի վերջո եռակողմ հայտարարության տրամաբանության ու պայմանավորվածությունների խախտում: Բայց հո թույլ չենք տա, որ թշնամին Սյունիքից էլ տարածքներ պոկիՙ ինչ է, թե մենք ու միայն մենք ենք այդ հայտարարության դրույթների պահպանողը: Ոչ. ադրբեջանցիք սահման են հատելՙ պետք է դուրս շպրտել:
Եթե տեղի ունեցողից ավելի ընդլայնենք մեր հայացքըՙ դիտարկելով նաեւ Իսրայել-Գազայի շրջան սրացումըը, որտեղ Թուրքիան աջակցում է պաղեստինցիներին, իսկ տարածաշրջանային դերակատարները փորձում են նոր դոմինանտ պետությունների վրա խաղագումար դնելՙ որպես տարածաշրջնային ոստիկանների, ապա պարզ կլինի, թե ինչու է Ադրբեջանին (Թուրքիային) հենց հիմա հարկավոր բացել հաղորդակցման սահմանը, իսկ Ռուսաստանն էլ վերջապես պետք է կողմնորոշվիՙ աջակցի այդ գործում Ադրբեջանին, թե՞ էլի ձգձգի խնդիրը, քանի որ քնից արթնացած ԱՄՆ-ը հիմա որոշում է, թե ո՛ւմ վրա դնի իր տարածաշրջանային խաղադրույքը, ու արդյոք Իրանն ավելի հարմար չէ՞, համենայնդեպսՙ Թուրքիայից ավելի հարմար չէ խմբային շահ ներկայացնելու տեսակետից: Իսկ մենք այս պահին այդ գործընթացի ոտքի տակ ենք ընկել, Թուրքիան ուզում է առաջ ընկնել եւ ունենալ հաղորդուղինՙ դեֆակտո գերադասելի գործընկեր դառնալու համար մեծ տերությունների համար:
Դե հիմա մեր գավառամիտ քաղաքական դասը լրիվ խորացել է ներքին քաղաքական կյանքում, կենտրոնացել ընտրությունների վրա, նրանից ինչ գլոբալ խաղացող, մերոնք բոլորը ոչ թե գլոբալ հայեցակարգերի ըմբռնողն ու կրողն են, այլ միշտ մի հին, մաշված կարգախոս ունեն բոլորն էլ. դու լավը չես, մենք գանքՙ ամեն ինչ լավ է լինելու: Ներկա ու նախկինՙ բոլորով: Բարի վայելում, նոր իրավիճակը, որ ամեն օր կանխագուշակվում էր, եկել է, դա պերմանենտ սահմանային սադրանքների ժամանակն է, իսկ դուք, հարգելի քաղաքականներ, վտանգի դեմ համախմբվելու մատերիալ չեք: