ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵԿԵՂԵՑԻ

6

«Բուրսայի (Թուրքիա) հինավուրց հայկական կաթոլիկական մի եկեղեցի վաճառքի է հանվել: Պաշտամունքի վայրը կարելի՞ է վաճառքի հանել: Ինչպե՞ս կարող են պետությունն ու հասարակությունը նման բան թույլ տալ: Ամոթ ձեզ», Facebook-ում գրել է Թուրքիայի խորհրդարանում միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը: Նա գրության հետ զետեղել է նաեւ հայոց պատմական եկեղեցու եւ առցանց գնումներ կատարելու կայքի լուսանկարները: Վերջինիս համաձայն, եկեղեցին գնահատվել է 6 միլիոն թուրքական լիրա, որը հավասարազոր է մոտ 800 հազար ամերիկյան դոլարի: 2016-ին հայկական 300-ամյա պատմական մի եկեղեցի (դարձյալ Բուրսայում) վաճառքի էր հանվել 1,5 միլիոն դոլարով: Առայժմ պարզ չէ, որ խոսքը միեւնույն եկեղեցու մասին է, թե՞ ոչ, բայց վաճառքի երկու հայտարարություններն էլ զետեղել է անշարժ գույքի մի գործակալություն: