Իրավաբան, հասարակական գործիչ Գայանե Գեորգյանը ծնվել է Թբիլիսիում, ապա ընտանիքով հաստատվել Ռուսաստանում: Հելսինկյան միջազգային կոմերցիոն արբիտրաժի ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրների մասնաճյուղի տնօրենն է: 2018 թվականից ղեկավարում է իր հիմնադրած «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամը, որը երկու տարվա ընթացքում հրատարակել է երեք մեծածավալ ալբոմ-ուսումնասիրություն. «Դադիվանքՙ վերածնված հրաշալիք» (2018, հայերեն, անգլերեն, ռուսերեն. ֆրանսերեն թարգմանությունն անտիպ է), «Հայկական որմնանկարչություն» (այս երկուսըՙ հեղինակային կոլեկտիվ, 2019, հայերեն) եւ «Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում» (հեղինակներՙ Արա Զարյան, Քրիստին Լամուրե, 2019, հայերեն եւ անգլերեն): Գայանեն ապրում է Մոսկվայում եւ Երեւանում, ունի չորս դուստր եւ գործուն կերպով մասնակցում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետության մշակութային կյանքին…- Սիրելի Գայանե, լինելով իրավաբանՙ դու ներգրավվեցիր հայ մշակութային նախագծերում: Ինչպե՞ս դա բացատրելՙ պարզապես սեր արվեստի հանդե՞պ, թե՞ ավելին:- Իրավաբանի հիմնական առաքելությունը մարդու իրավունքները պաշտպանելն է, թույլերին, զրկվածներին ու ճնշվածներին պաշտպանելը, հետեւաբար ինձ համար իրավագիտությունն անմիջականորեն կապված է մշակույթի, մշակութային ժառանգության եւ համաշխարհային նշանակություն ունեցող արժեքների պաշտպանությանը, իսկ այդպիսի արժեք է, անկասկած, նաեւ մեր հայկական մշակութային ժառանգությունը: Ապրած լինելով հեռու պատմական հայրենիքից ու գալով այնտեղՙ ես սկսեցի ուսումնասիրել մեր երկիրն ու մշակույթը: Դա նման էր կախարդական մի աշխարհ կատարված ճանապարհորդության, երբ իրար հետեւից, Հայաստանում ու Արցախի Հանրապետությունում, սկսեցի բացահայտել մեր բազմակողմանի մշակույթի բոլոր հրաշալիքները, գեղեցկություններն ու մարգարիտները, որոնց նմանը չկա աշխարհում:- Արցախը կարեւոր տեղ է զբաղեցնում քո գործունեության մեջ…- Երբ կյանքդ, մտածողությունդ, գիտելիքդ ձեւավորվում են օտար երկրում, երբ մեծանում ես մի քանի մշակույթներում եւ, առաջին հերթին, քեզ համարում ես աշխարհի մարդ ու շատ մշակույթների ու ավանդույթների կրող, գալիս է մի պահ, երբ այդ ամենը կուտակվում է քո մեջ, կարծես միանում մեկ այլ, շատ միասնական համակեցության, այնժամ հասկանում ես, որ ինչ էլ պատահի, վաղ թե ուշ պետք է ինչ-որ հետք թողնես քո երկրի եւ ժողովրդի համար: Դա քո պարտքն է, ուստիեւ երբ ինձ ասում են. «Օ՜, շնորհակալություն», ես ասում եմ. «Ե՛ս պետք է շնորհակալություն հայտնեմ Աստծուն ու ծնողներիս, որ հայ եմ ծնվել»: Եվ իմ պատկանելությունն իմ ժողովրդին, իմ դարավոր մշակույթին, չէր կարող ինձ անտարբեր թողնել ու անտեսել ցավն ու այն թույլ կետերը, որոնք մենք, ցավոք, ունենք: Անկեղծորեն կասեմ, որ հենց Արցախը եւ հատկապես Դադիվանքն են հիմք հանդիսացել, որ իմ մեջ հղացավ կյանքի կոչել բարեգործական հիմնադրամը եւ երկու կարեւոր նախագծերը («Հայկական արժեքները համաշխարհային ժառանգության մեջ» եւ «Հայ որմնանկարներըՙ համաշխարհային ժառանգության անբաժանելի մաս»): Այդ ամենը սկիզբ առավ, երբ ես նպատակ դարձրի հայկական եկեղեցիներում հայտնաբերել Սուրբ Նիկողայոս հրաշագործի պատկերը: Ինչո՞ւ ինձ հատկապես հետաքրքրում էր ա՛յդ սուրբը, քանի որ նա համաքրիստոնեական է, նրա պաշտամունքը տարածված է ողջ աշխարհում: Երկար որոնումներն ինձ տարան Դադիվանք, որտեղ Սուրբ Նիկողայոսը հառնեց ութհարյուրամյա որմնանկարի տեսքով: Եվ առաջին բանը, որ ասացի ապրածս ցնցումից հետո, եղավՙ «Աշխարհը պիտի՛ իմանա այս մասին»: Ես որոշեցի, որ պետք է հրատարակել գիրք, որքան էլ ինքս հեռու էի արվեստի պատմությունից կամ հրատարակչական գործից, սակայն դա իմ հոգու եւ սրտի կանչն էր:- Եվ քո նախաձեռնությամբ 2018-ին լույս տեսավ «Դադիվանք. վերածնված հրաշալիք» ուսումնասիրություն-ալբոմը, եզակի մի աշխատություն, որը ներկայացնում է ոչ միայն հայ ճարտարապետության այս գլուխգործոցը, այլեւ Սուրբ Նիկողայոսի պատկերագրությունը հայ իրականության մեջ: Հատկանշական է, որ 13-րդ դարում Արզու իշխանուհին կառուցել է Դադիվանքի կենտրոնական կառույցը, իսկ 21-րդ դարում մեկ այլ հայուհի ջանք չի խնայում այն աշխարհով մեկ ճանաչել տալու համար… Դեռեւս այն ժամանակ զգում էիր, որ ճարտարապետական այդ գլուխգործոցը վտանգված է ու հարկ է այն վավերագրել:- Ես կարող էի պարզապես գնալ այնտեղ որպես հասարակ զբոսաշրջիկ, մոմ վառել, աղոթել ու հեռանալ, բայց… հավանաբար ժառանգականությունն ինձ դրդեց անել շատ ավելին: Իմ մանկությունը, անհատականությունն ու գիտակցությունը ձեւավորվել են 1915 թվականի Եղեռնի, սպանված հարազատների եւ մտերիմների ու կորցրած տարածքների ցավի վերաբերյալ խոսակցությունների մթնոլորտում: Իմ ընտանիքը հայրենասեր է, անցել է հարյուրամյա պատմության բոլոր փուլերով: Իմ նախապապը կռվել է Անդրանիկի հետ, ռազմիկ է եղել նաեւ իմ պապը, որը կռվել է ֆաշիզմի դեմ եւ ստացել Կարմիր աստղի շքանշան, ողջ կյանքում նախնիներս ու ծնողներս պաշտպանել են իրենց հայ լինելու իրավունքը օտար երկրներում: Եվ հայ լինելու, սեփական մշակույթը պահպանելու ու դրա համար պայքարելու այս ավանդույթը չէր կարող ինձ անտարբեր թողնել: Ես գիտեի, որ վաղ թե ուշ այս առաքելությունն իրականություն կդառնա: Երբ ես հայտնաբերեցի Սուրբ Նիկողայոսին, այնպիսի զգացողություն ունեի, կարծես քայլում էի խիտ անտառով կամ ջունգլիներով ու հանկարծ ծառերի ետեւում հայտնաբերեցի մարդկությանն անհայտ մնացած մի գեղեցիկ տաճար: Դադիվանքն ինձ համար հենց այդպիսի հրաշալիք էր, որը ինչ-որ մի տեղ, լեռների խորքում էր, այնքա՜ն հանդարտ, ինչ-որ տեղՙ այդ պահին մոռացված: Այս վանքում ընդհանուր քրիստոնեական սրբի հայտնաբերման գործոնն ինձ համար այն առեղծվածներից է, որը մինչեւ հիմա հանելուկ է մնում եւ այն ցանկանում եմ պարզել: Ավելի ուշ իմացա, որ սա հինավուրց վանք է, որն, ըստ ավանդության, առաջին դարում հիմնադրվել է Թադեւոս առաքյալի հետեւորդ Դադիի մահվան վայրում, որ դա եղել է հայ մատենագրության եւ գրչության կենտրոն, ունեցել է դպրոց, այնտեղ ապրել են չորս հարյուր հայ վանականներ եւ աշխարհում առաջին վանքն է, որտեղ եղել է կանանց մենաստան: Այս փաստն է՛լ ավելի է ապշեցնում: Բոլոր աղքատ, նվաստացած կանայք կամ դժվար իրավիճակում հայտնված այրիներն իրենց ապաստանը գտել են այս վանքում: Համաշխարհային պատմության մեջ Դադիվանքը ես համարում եմ առաջին վայրերից մեկը, որը ֆեմինիզմի հիմքն է դրել: Հիմա բոլորն են խոսում կանանց իրավունքների մասին, իսկ արդեն այն ժամանակներում Արցախում հարգվում էին կանանց իրավունքները:- 2019-ի մարտին քո ջանքերի շնորհիվ, արցախցի երեխաներն առաջին անգամ հանրապետությունը ներկայացրին միջազգային փառատոնում պատմության մեջ…- Երբ Դադիվանքի շնորհիվ ես հայտնաբերեցի հրաշալի Արցախ երկիրն ու նրա տաղանդավոր ժողովրդին, մտքերս հանգիստ չէին տալիս ինձ, ու ես կատակով ասում էի. «Ի՞նչ անեմ ձեզ հետ, դուք բոլորդ այնքան տաղանդավոր եք…»: Իսկապես, գործ ունենք շատ ազնվական, համարձակ ժողովրդի հետ… Այդ ժամանակ ես աշխատում էի Արցախի համար մանկական փառատոնի կազմակերպման գաղափարի վրա: Իմ գաղափարին արձագանքեց իմ լավագույն ընկերներից Տատյանա Շչեպատովան, որը «Ֆա-սի-լյա. օտար լեզուների երգեցողության մրցույթ» մոսկովյան փառատոնի կազմակերպիչն է: Արդյունքում Ստեփանակերտի համար ստեղծվեց շատ հետաքրքրական մի ձեւաչափՙ «Ֆա-սի-լյա. աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի. օտար լեզուների երգեցողության մրցույթ» վերնագրով: Ինչո՞ւ այն հղացանք նման միջազգային ձեւաչափով (երգերը երգվում էին հինգ օտար լեզվով), քանի որ այն պետք է լրացուցիչ կերպով գրավեր համաշխարհային հանրության ուշադրությունը դեպի Արցախ: Փառատոնի բոնուսը եղավ ելույթները Մոսկվայի լավագույն եւ ամենամեծ հարթակներից մեկում: Եթե չլիներ համաճարակը, այս տարի նույնպես ելույթ կունենային: Այլեւս չասած, որ երեսուն տարի, քանի գոյություն ուներ Արցախի Հանրապետությունը, արցախցի երեխաներն ա՛յս փառատոնի ընթացքում միջազգային բեմում առաջին անգամ հանդես եկան Արցախի Հանրապետության անունից: Դա կարեւոր դիվանագիտական քայլ էր: Փառատոնը շարունակվելու է, մենք այն նախատեսել ենք 2021 թվականին, ու մեզ ոչինչ չի խանգարի: Միշտ ասում եմ, որ հիմնադրամի բոլոր նախագծերը` կապված Արցախի եւ հայ աշխարհի մշակութային քրիստոնեական ժառանգության պահպանման հետ, շարունակվելու են:- Բոլորին, անշուշտ, կհետաքրքրի, թե ի՞նչ միջոցներով ես իրականացնում նախագծերդ:- Բոլոր միջոցները նստած են քո դիմաց, սիրելի ընկե՛ր (ծիծաղում ենք): Միջոցներն, իհարկե, ամենացավոտ թեման են, հովանավորներ չկան, մենք գոյատեւում ենք մեր անձնական խնայողությունների ու ընկերների օգնության հաշվին: Եվ որքա՞ն կշարունակվի դա: Ես անում եմ իմ գործը, այն ուղարկում եմ տիեզերք, էներգիայի մեջ, իսկ այնտեղ թող մյուսները որոշեն: Ես միշտ սիրել եմ այս խոսքերը. մարդկանց հետ իմ վարվելակերպն իմ կարման է, իսկ թե ինչպես են նրանք պատասխանում ինձՙ դա էլ իրենցն է:- Բայց, այնուամենայնիվ, մաղթում եմ, որ քո նախագծերի համար ունենաս հարուստ, առատաձեռն հովանավորներ…- Ես միշտ ասում եմ, որ ոչ մեկի համար չեմ աշխատելու եւ չեմ սիրում աշխատել ինտրիգներով, բայց ես միշտ բաց եմ լավ մարդկանց, գործընկերների, այն անձանց համար, որոնք ինձ նման գաղափարապես հավատարիմ են այս գործին: Այսինքն, եթե ինչ-որ մեկն իր համար ինչ-որ շահ, անձնական ամբիցիաներ է փնտրում այս նախագծերումՙ չի գտնի: Եթե դու գործ ունես սրբազան երեւույթների, հասկացությունների հետ, ապա դրանց պետք է ծառայել անշահախնդրորեն…- Գայանե, չեմ կարող չնկատել, որ յոթ տարի առաջ, երբ մենք ծանոթացանք, մեր շփումը միմիայն ռուսերեն էր, իսկ դու հիմա սահուն հայերեն ես խոսում… Ինչպե՞ս հասար լեզվի իմացության նման մակարդակի:- Դրա համար անհրաժեշտ է երկու կարեւոր բաղադրիչ: Առաջին հերթին պետք է ցանկություն ունենալ տիրապետելու լեզվին ու դժվարությունները հաղթահարելու հավակնությունները: Եվ երկրորդՙ պետք է շրջապատես քեզ ճիշտ, գրագետ մարդկանցով ու սպունգի նման կլանես նրանցից ամեն լավը: Այս բոլոր տարիներին ես մարտկոցի նման կուտակում էի եւ սովորում, անհագորեն սովորելով նկարիչներից, երաժիշտներից, հանրային գործիչներից: Միշտ ասում եմ, որ առաջին մարդկանցից մեկը, որին հանդիպել եմ Երեւանում, հատկապես հանրային ու մշակութային կյանքի ոլորտում, եղել ես դու, եւ քո միջոցով ինձ համար մեկը մյուսի հետեւից բացահայտվեցին հետաքրքրական մարդիկ, որոնց բոլորին ես ականջ էի դնում եւ ի վերջո, փա՜ռք Աստծո, կարողանում եմ արտահայտվել իմ մայրենի լեզվով: Պետք է անընդհատ խոսել, կարդալ, գլխավորը` չամաչել արտահայտվելուց: Եթե ես որեւէ բառ չգիտեմ, չեմ ամաչում հարցնել, թե ինչպես է դա հայերեն: Միշտ չեմ ամաչում հարցնել այն, ինչը չգիտեմ:- Ո՞րն էր կարդացածդ վերջին գիրքը:- Իմ հրապարակածները (ծիծաղում ենք): Ես դժվարությամբ կարողանում եմ կարդալ միայն հիմնադրամի այն նյութերը, որոնք գրված են հայերենով: Ի դեպ, դա մայրենիի իմ իմացությունը շատ առաջ մղեց: Իսկ առհասարակ, ես միշտ կարողացել եմ հայերեն գրել եւ կարդալ, հինգերորդ դասարանում, 12 տարեկանում առաջին անգամ վերցրի «Մեր այբբենարանը» հայոց լեզվի դասագիրքը ու սկսեցի պարզապես սովորել: 13 տարեկանում արդեն անգիր էի ասում մեր բանաստեղծների, օրինակՙ Պետրոս Դուրյանի գործերից… «Ինչո՞ւ ապշած են, լճա՛կ, Ու չեն խայտար քու ալյակք»…- Այն էլ «Լճակը», երբ Հայաստանում ծնված-մեծացած շատ երեխաներ հաճախ դժկամորեն են անգիր անում այն… Գայանե, մեր վերջին ազգային աղետից հետո ինչպե՞ս ես պատկերացնում քո գործունեության շարունակությունը:- Ինձ զանգահարում էին ու խնդրում հաղորդակից դարձնել իմ լավատեսությանն ու եռանդին: Ես չեմ պատրաստվում հուսահատվել, միշտ ասում եմ, որ չեմ պատրաստվում արցունք թափել, տխրել, տառապել ու սգալ հանուն Հայրենիքի: Բավական է, ես նույնիսկ արգելում եմ մարդկանց այդպես մտածել: Հարյուր տարին չափազանց շատ է տառապելու համար, եւ ես հիմա բոլորին ստիպում եմ, նույնիսկՙ հրամայում եմ աշխատել, արարել, ստեղծագործել հանուն հայրենիքի, լինել լավատես, վերջապես սովորել հարգել միմյանց, օգնել միմյանց անշահախնդիր ձեւով, սովորել ուրախանալ միմյանց հաջողություններով: Եվ եթե տեսնում եք, որ մեկը լավ գաղափար ունի, որ ինչ-որ օգտակար բան է ուզում անել հայրենիքի համար, օգնե՛ք նրան: Նրան, ով, թերեւս, ձեզանից մի փոքր հեռուն է տեսնում: Երեք տարի առաջ ես թակում էի բոլոր դռներըՙ կառավարության, միջազգային կազմակերպությունների, բոլոր մակարդակներում, Հայաստանում թե արտերկրում, ես բարձրաձայնում էի այն, ինչը տեղի է ունենում հիմա: Իմ նախագծերի առաջաբանները եւ հիմնադրամի առաքելությունը այսօր հնչում են որպես կանխատեսում: Մարդիկ պարզապես չէին հասկանում, թե ինչ եմ խոսում: Ու հիմա ինձ համար ծիծաղելի է այն փաստը, որ տեղից վեր կացողը, անկախ իր որակից կամ մտավոր ունակությունից, նվիրվածությունից կամ խնդրի կարեւորության գիտակցումից, հանուն սեփական գովազդի բարձրացնում է մշակութային ժառանգության պահպանման թեման: Իսկ ո՞ւր էիք դուք առաջ, պարոնա՛յք…- Իսկապես, պատերազմը շատերի համար է դառնում շահարկումների ու սեփական շահերը հետապնդելու լավ առիթ… Շատ սիրելի Գայանե՛, իսկ ո՞րն է քո հաջորդ նախագիծը:- Դարձյալ գիրք է, կրկին իր բնույթով աննախադեպ հայագիտության համար: Արցախցի հետազոտող Սլավա Սարգսյանի ՙ երեսուն տարիների պրպտումների արդյունք հանդիսացող «Արցախի ամրոցները» շուրջ 1000 էջից բաղկացած հանրագիտարանը, որ ներկայացնում է Արցախիՙ մինչեւ մեր օրերը պահպանված ավելի քան 100 ամրոցները: Առայժմՙ հայերեն, սակայն դրանով չենք սահմանափակվի: Ալբոմն օժտված է 1500-ից ավելի լուսանկարներով, 100-ից ավելի չափագրություններով ու տեղագրական քարտեզներով: Հատորի շնորհանդեսը նախատեսում եմ կատարել հունվարի կեսին… |