Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀՈԳՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ, ՀՊՄՀ լրագրության բաժին, 3-րդ կուրս

Ստորագրված փաստաթղթի համաձայն` տարածքները հանձնվում են թշնամուն: Դարպաները դրված են, «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը հանված, իսկ դեպի Քալվաճառ տանող ճանապարհը` անհասանելի:

– Ցավոտա շատ… մեզ հետ հող ու ջուր ենք վերցրել, թե հնարավորություն լիներ օդն էլ մեզ հետ կվերցնեինք. անվերջ ուզում էի էնտեղի օդը շնչել, որ ամբողջ կյանքիս համար հերիքի,- պատմում է Քալվաճառի արդեն նախկին բնակիչներից Արամը:

Ասյա տատիկը արցունքն աչքերին ասում է.

– Գիտեմ, էս ամենից հետո էլ չեմ կարա ապրեմ. շատ ցավ եմ տեսել հիմա էլ էս պատերազմը. ինչ լինում ա, թող ինձ լինի, զինվորիս մի մազը չծռվի:

Քալվաճառի նախկին բնակիչները ասում ենՙ «մեզ պետք չէր թանկ իրեր հանենք տանից, մեր ամենաթանկը Քալվաճառն էր, ինչն էլ տվեցինք թշնամուն»:

Քանդել են անգամ գերեզմանոցները, ասում են.

– Ուր էլ որ գնանք, կտանենք մեր հարազատների շիրիմից ինչ-որ մի մասունք. թշնամին չգիտի սրբությունը ինչ է, հարազատներին հիշելովՙ շիրմաքարի մոտ ենք փոքր-ինչ հանգստություն գտնում:

Հանձնեցինք Քալվաճառը եւ ոչ միայն…

Դեպի Արցախ տանող ճանապարհին դրված դարպասների հետ փակվեց մի մեծ պատմության էջ, բայց բոլորիս մեծ հույսն է, որ այն փակվել է ժամանակավոր:

Այո, հայրենիքի կորուստը կարող է լինել ժամանակավոր, բայց որդուն, եղբորը, ամուսնուն կորցրածի վիշտըՙ տանջող մի ցավ է մինչեւ կյանքի վերջ: