Դե բերան բեր, որ բացվի, չպապանձվի, սիրտ բեր, որ դիմանա…Նոյեմբերի 10-ի առավոտվա լուրի ցնցահարվածից հետոՙ օրվա ընթացքում, նույն զգացողությունն ունեի, ինչ ունեցել էի 1988-ի դեկտեմբերի 7-ին… Ժողովրդական պատկերավոր լեզվով չասեմ. թմրածության, ընդարմացման, շշմածության վիճակ… Ու մեկ էլՙ մի ներքին թույլ հույս, թե հիմա արթնանամ ու պարզվիՙ չար երազ էր:Պարզվեցՙ հակառակն էր: Արթնացել էինք տասնամյակներ տեւած գեղեցիկ լուսավոր իրականությունից, որ կոչվում էր 90-ականների մի ողջ սերնդի հերոսական ջանք ու արյունով նվաճված ազատ, ծաղկող հայ Արցախ, թեկուզՙ աշխարհի օրենքներով դեռ չճանաչված: Վերջին անգամ մեկ էլ ե՞րբ էր հայն այդպես հաղթանակած, հայրենիքի մի կտոր ազատագրած, այդպես հպարտ, աժանապատիվ նայել աշխարհին, նայել իր ազատ ծնված նորածիլ սերնդի ժպտացող աչքերին:90-ականների առաջին կեսի խառն ու խրթին օրերին Վազգեն Սարգսյանը մի առիթով ելույթ ունենալով Լենինականում ասացՙ վաղը մեր մասին, մեր սերնդի մասին չեն դատելու այսօրվա մանր-մունր, անցողիկ խնդիրներով, այլ դատելու են նրանով, թե ինչքանով կարողացանք հո՛ղը պահել: Արցախում, Արցախի հարցում, ասաց, մենք 40-50 տարվա կռիվ ու վեճ ունենք. կարողացանք դիմանալ, պահելՙ ուրեմն կհաջողենք: Թվում էրՙ բան չի մնում, պահել ու պահում ենք: Բայց…Արցախի ինքնորոշման իրավունքը մինչեւ հիմա փաստորեն չգործեց: Գուցե պետք էր ժամանակին շրջանառության մեջ դնել էլի ուրի՞շ իրավական ու այլ հնարավորություններ: Օրինակՙ գաղութային լծից հայ Արցախի ազատագրումՙ ըստ ՄԱԿ-ի 1960 թվականի համապատասխան հռչակագրի:Աշխարհի աչքում, ՄԱԿ-ի ընդունած քարտեզով, Արցախը համարվում է Ադրբեջանի մաս, ու սա այդ երկրի հաղթաթուղթն է: Ժամանակին մենք իրոք մտածեցի՞նք, փորձ արեցի՞նք կանխելու, խանգարելու այդ երկրի ընդունումը ՄԱԿ արդեն ինքնորոշված Արցախով, որը Ադր. ԽՍՀ-ին էր միացվել բոլշեւիկյան ոչ իրավազոր մարմնի ապօրինի որոշմամբ, Հայաստանի՛ տարածքային ամբողջականության խախտմամբ, ու որը երբեք չէր եղել անկախ Ադրբեջանի մաս:Ու անգամ հետո, համարյա երեք տասնամյակ ժամանակ ունենալով, նաեւ հաղթողի դիրքերից ի՞նչ արեցինք, աշխարհի ո՞ր հաստատություններին, նաեւ պետություններին իրավականորեն փաստարկված ու հիմնավորված դիմեցինք, նորից ու նորից անհանգստացրինք Արցախի ինքնորոշման օրինական իրավունքի, նրա կայացած անկախ պետականության ճանաչման հարցով: Բոլոր այս տարիներին այդ խնդրով ինչքա՞ն զբաղվեցին մեր ԱԳՆ-ն ու տարբեր երկրներում մեր դեսպանները, իրավաբանական, քաղաքագիտական եւ այլ պատկան մարմինները, ինստիտուտներն ու կենտրոնները: Այս վերջինների հետ լրջորեն քննարկվե՞ց նաեւ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման կամ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշման օրինակով Մայր հայրենիքին նրա վերամիավորման նպատակահարմարության հարցը: Ու ո՞ւմ մեղքով, ինչո՞ւ արվեց նույնիսկ հակառակըՙ Արցախը որպես իրական կողմ դուրս թողնվեց իր խնդրով բանակցությունների գործընթացից:Մենք քնեցինք մեր նվաճած «դափնիների» վրաՙ համարելով, որ խնդիրն արդեն լուծել ենք, հույսներս դրեցինք Մինսկի խմբի բանակցությունների տեղապտույտում ժամանակը ձգելու վրա, ինչն ի վերջո չարդարացրեց:Մեր ծույլ անգործությունը հակառակորդին բավարար ժամանակ տվեց տարեցտարի նաեւ համբերատար զինվելու ու զինվելու: Նույնիսկ այդ դեպքում մենք հույս ունեինք ու նրան հաստատ կհաղթեինք, եթե արդեն խրախույս առնելով, մեր դեմ չելներ ու խնդրի «լուծումն» այս անգամ իր ձեռքը չվերցներ մեր հազարամյա թշնամին: Թուրքը…Ամեն անգամ, երբ մենք փորձում ենք մոռանալ իրեն ու իրենից սպասվող վտանգը, նա մեզ «պարտաճանաչորեն» հիշեցնում է: Մինչ մեր որոշ նորահայտ խելոք գլուխներ մտմտում էին Հայոց դպրոցում ու բուհում մեր հազարամյա գիրն ու լեզուն հետին պլան մղելու, մեր պատմության դասագրքերում, հատուկ պատվերով, թուրքին ոչ թշնամի, այլ ընդամենը հարեւան կարգելու ու դրանով մեր սերունդների զգոնությունը բթացնելու մասին, իր նորօսմանյան հավակնություններով արբած, երբեք չփոխվող թուրքը ազերի զորքի գլուխն անցած, իր բերած սիրիական եւ այլ հազարավոր վարձկան-ահաբեկիչների առաջն արած, իր անհաշիվ անօդաչու հարվածող սարքերով, ինքնաթիռներով, իր հատուկջոկատային ստորաբաժանումներով եկավ թրքավարի կրկին մահ ու ավեր սփռելու շեն ու նորոգ Արցախում…Քառասունչորս օր ահաբեկչական անհավասար պատերազմում, հայի հողում ամեն ժամ հայ անմեղ, թանկ արյուն էր հեղվում: Քառասունչորս օր ավերվում, հրդեհվում, բոլոր անթույլատրելի զենքերով ու միջոցներով բզկտվում էին Արցախի խաղաղ քաղաքներն ու շեները, նրա բնությունը, թուրք-ազերի հրոսակն ու ահաբեկիչը այդ տարածքները «հերոսաբար» «ազատագրում էին» դրանց բնիկ ու իրական տերերից: Դժոխք դարձած այս հողի թառանչը հայ համախումբ Սփյուռքի բերանով աշխարհի բոլոր խոշոր քաղաքներն էր բռնել… Զուրՙ ինչպես միշտ: Աշխարհը նորից փակել էր աչքերն ու ականջները, խուլ էր, կույր էր ու համր: Չկային ո՛չ միջազգային օրենքներ, կոնվենցիաներ ու չափանիշներ, ո՛չ տարրական մարդկային իրավունքներ ու իրավապաշտպաններ: Այդ ամենը դատարկ հնչյուն էրՙ առանձին փոքրիկ բացառությունները չհաշված:Ամենից ցավեցնողը մեր հզոր ռազմավարական դաշնակցի հաշվենկատ լռությունն էր: Ու նաեւՙ այդ երկրի լրատվամիջոցների առցանց հրապարակումների տակ ռուս մարդկանցից շատերի (ճիշտ էՙ ոչ բոլորի) արձագանքներըՙ «Բա մեզ պե՞տք է…», «Դա մեր պատերազմը չէ», «Ինչո՞ւ պիտի ռուս հարկատուի միջոցներով…»: Իսկ իրենց իսկ տարածաշրջանային շահերից բացի արցախյան խնդրի ծագման ու նաեւ վաղուց հայաթափված Նախիջեւանի հարցում հենց Ռուսաստանի պատմական պատասխանատվությո՞ւնը: Իսկ 1941-ի ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակՙ ցեղասպանված, աշխարհասփռված հայ ժողովրդի նորից տված արյո՞ւնը. մոտ 660 հազար կռվող, որոնց թվի մոտ կեսը հերոսաբար զոհվեցՙ պաշտպանելով ու ազատագրելով Հայաստանից այնքան հեռու գտնվող ռուսական, ուկրաինական, բելոռուսական քաղաքներն ու գյուղերը, անծայր տարածքները:Իսկ թուրքի սանձազերծած արցախյան այս ահաբեկչական պատերազմի սկզբում ՌԴ ղեկավարի մի խիստ ասված խոսքն իսկ գուցե սթափեցներ, կանգնեցներ աշխարհի տարբեր մասերում ամենաթողությունից ավելի ու ավելի խրախուսվող նոր սուլթանին, բայց ոչ մի անգամ մեր դաշնակցից նրա հասցեին գոնե դատապարտող խոսք չլսեցինք: Ընդհակառակը, նա մեր դաշնակցի համար «լավ ընկեր» էր, նրա հետ շարունակ խորհրդակցում էին: Արցախն արյունաքամ էր լինում, բարեկամ Ռուսաստանը սպասում էր իր ժամին:Այդ ժամը եկավ. արյունահեղությունը մեզ համար խիստ աննպաստ դիրքում ու պայմաններով կանգնեցվեցՙ մեզ ջուրը մաղելով: Ռուս պատրաստ զորքն ապահով մտավ Արցախՙ որպես խաղաղապահ, այնտեղ նաեւ մեր անվտանգությունն ապահովելու:Ո՞վ էր Ֆեյսբուքում առաջինն ասացՙ ողջ Հայոց պատմությունը մեկ օրում վերապրեցինք: Այս անգամ էլ ռուսը եկավ ու չգիտեսՙ մեզ ավելի շատ փրկե՞ց, թե՞ դավաճանեց: Հետագա ընթացքը, ժամանակը ցույց կտա: Բայց թող տպավորություն չստեղծվի, թե այստեղ մեղքը ռուսի կամ որեւէ այլ մեկի վրա ենք գցում: Մենք ամենից առաջ մեր, մեր պետության կուտակված սխալները, թերությունները պետք է հիմնավորապես գտնենք, վերլուծենք, շտկենք: Կան նաեւ այս օրերի համար հրատապ խնդիրներ, բայց դրա այնքան թանկ ժամանակն էլ կարծես թե շատ վատնվեց անարժան բաների վրա: Մինչդեռ պիտի արդեն նաեւ առաջ նայենք:Արցախյան առաջին պատերազմի տարիներին մենք մեր հայացքներով ու բարոյական ուղենիշներով միատարր, միակամ էինք: Հիմա ամենամեծ խնդիրըՙ ինչ բաժանարար շերտեր ասես կան մեր հասարակությունում ու ինչքան ներքին ատելություն, թշնամանք է կուտակված… Քե՛զ ասեմ, Հայոց ներկա կառավարություն: |