Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՖԵՅՔԱՄԱՐՏ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ, լրագրության 3-րդ կուրս

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7:10-ին շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն էր սկսելՙ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը, ավելի ուշՙ նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Պաշտպանական բանակը հաջողությամբ դիմակայել է հարձակմանը:

Այս հաղորդագրության հետ միասինՙ Արցախի պաշտպանական բանակը եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ արեցինՙ վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինելՙ թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց առաջ:

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքը սպասեցնել չտվեց:

Հակառակորդի պաշտպանության նախարարության մամլո խոսնակը սեպտեմբերի 27-ին տարածեց հաղորդագրություն, համաձայն որիՙ ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակՙ Շուշան Ստեփանյանը հաղորդագրություն տարածեց հայտարարելով, որ այն չի համապատասխանում իրականությանը:

Այս ամենին հաջորդեց սեպտեմբերի 29-ի ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունն Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ, ըստ որի հիմնովին հերքվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքըՙ Հայաստանի Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:

Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ էր եւ նպատակ էր հետապնդում հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվումՙ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:

Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրել է, թե ադրբեջանական բանակի ուղղաթիռը խոցելու մասին հայկական լուրը կեղծ է եւ բանակի ավիացիոն բոլոր միջոցները տեղում են:

Այս հայտարարությանն ի պատասխան ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց նշելով, որ գուցե եւ բանակի ավիացիոն միջոցները տեղում են, սակայն չմոռանանք, որ մարտական գործողություններին մասնակցում է նաեւ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը բանակի կազմի մեջ չի մտնում, իսկ այս մարտերում սահմանապահների կորցրած առնվազն 1 ուղղաթիռի մասին մենք արդեն գիտենք:

Ավելի վաղ մեր պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու առաջնագծի հարավային հատվածում արցախյան ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում:

Այս օրերինՙ ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ԱՀ Պաշտպանական բանակի մամլո ծառայությունները հնարավոր միջոցներով ամեն բան կատարեցինՙ ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքները բացահայտելու համար: