Վերջերս Անկարայում իր հերթական պոռթկումներից մեկի ժամանակ նախագահ Էրդողանն ասաց. «Նրանք կա՛մ հասկանալու են քաղաքականության եւ դիվանագիտության լեզուն, կա՛մ էլ այն յուրացնելու են մարտադաշտում ցավալի փորձառության հետեւանքում»: Ապա շարունակեց. «Թուրքիան բավականաչափ քաղաքական, տնտեսական եւ ռազմական ներուժ ունի, որպեսզի պատառոտի իրեն պարտադրվող բարոյազուրկ քարտեզներն ու փաստաթղթերը»:
Այս սպառնալից խոսքերն ուղղված էին ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Հունաստանին, որի միջազգայնորեն ճանաչված տարածքային ջրերը փորձում է ասպատակել Թուրքիան:
Թուրքիան, իրոք, ռազմական նավերի ուղեկցությամբ, մասնագիտացված նավեր է ուղարկել Հունաստանի եվրոպական մայրցամաքի ջրային խութերում բնական գազի պաշարներ հետազոտելու նպատակով: Թեժացող ճգնաժամը մեղմելու ջանքերը ցարդ չեն հաջողվել, որովհետեւ Հունաստանը մերժում է բանակցությունների սեղանի շուրջ նստելՙ մինչեւ Թուրքիան չդադարեցնի անօրինական հորատումները իր տարածքային ջրերում: Թուրքիան նաեւ պահանջում է օգտվել կիպրական բացառիկ տնտեսական ջրային գոտիներիցՙ նշելով «օրինական իրավունքները» անօրինական ճանապարհով ստեղծված Կիպրոսի հյուսիսային հատվածի, որի ինքնավարությունը Թուրքիան է միայն ճանաչում կոչելով այն Հյուսիսային Կիպրոսի հանրապետություն:
ՆԱՏՕ-ի եւ նրա եվրոպական երկրների դիրքորոշումները խառնաշփոթության գերազանց իրավիճակ են ստեղծել, որից Էրդողանը կարողանում է օգտվել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կողմնակից է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ գործադրելուն, որովհետեւ հավատացած է, որ Թուրքիան բանի տեղ չի դնելու կարգադրությունները, բայց հակադարձելու է միայն ձեռնարկված որոշակի գործողություններին: Ավելի վաղ Մակրոնը ՆԱՏՕ-ին բնութագրել էր որպես «մահացած ուղեղով» մի կառույցի: Այդ «գնահատականի» ճշմարտացիությունը այժմ հաստատվում է կազմակերպության ղեկավարների գործելու անընդունակությամբ:
Որոշ շրջանակներում գտնում են, որ ՆԱՏՕ-ն հիմնվել էր պաշտպանելու իր անդամ երկրներին արտաքին սպառնալիքներից, չունենալով անհրաժեշտ մեխանիզմները լուծելու համար ներքին բանավեճերը: Չնայած սեպտեմբերի 24-25-ին նախատեսված է այդ բանավեճերի օրակարգով Բեռլինում անցկացնել Եվրոխորհրդի հատուկ նիստ, սակայն հաշվի առնելով անդամ երկրների միջեւ գոյություն ունեցող տարակարծությունները, կասկածելի է, որ վերջնական որեւէ համաձայնություն արձանագրվի:
Միացյալ Նահանգները որդեգրել է գործին չխառնվելու դիրքորոշումը, լիազորելով Գերմանիային կատարելու միջնորդի դերը: Ֆրանսիան գրեթե միայնակ է մնացել պաշտպանելու Հունաստանին: Իտալիան եւ Իսպանիան թեքվել են Թուրքիայի կողմը, իսկ Գերմանիան փորձում է չեզոք դիրք բռնել իր դերըՙ որպես միջնորդի ճիշտ կատարելու համար:
Միջազգային իրավունքն անտարակույս Հունաստանի կողմն է, բայց բախվում է Թուրքիայի նվաճողական սպառնալիքներին, թողնելով, որ միջնորդները մի ելք գտնեն իրավունքի, օրինականության եւ ամբարտավանության ու կամակորության հասնող սկզբունքայնության միջեւ: Դատավճռում իհարկե Հունաստանն է լինելու տուժողը, քանի որ թույլ ու անզոր կողմն է: Հայաստանում որոշ քաղաքագետներ, որոնք շեփորում են միանալ ՆԱՏՕ-ին, պարտավոր են եզրահանգումներ անել Հունաստանի տհաճ դրությունից: «Carnegie Europe»-ից Ջուդի Դեմպսին նշում է. «Մենք ականատես ենք լինում տարածաշրջանային հակամարտության մի վառ օրինակի այն մասին, թե ինչ կարող է պատահել բազմաբեւեռ մի աշխարհում, որտեղ բացակայում է Մ. Նահանգների ղեկավարության վճռական դերակատարությունը: Սա ամենեւին էլ Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քմահաճույքի հետ կապված անցողիկ պահերից մեկը չէ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ դա կապված է նախկին նախագահ Բարաք Օբամայի Սիրիայում 2013-ին իր իսկ սահմանած կարմիր գծերին հավատարիմ չմնալու հետ»:
Նախագահ Էրդողանն օգտվում է ստեղծված անելանելի իրավիճակից կատարված փաստի առաջ կանգնեցնելով բոլորին: Իր նախաձեռնություններից մեկը Լիբիայում Ազգային համաձայնության կառավարության առաջնորդ Հաֆիզ էլ-Սարրաժի հետ պայմանագիր կնքելն էր, մինչ միջազգային հանրությունը փորձում է այնտեղ խաղաղություն հաստատել երկու կողմերիՙ միջազգային ճանաչման արժանացած այդ խմբավորման եւ գեներալ Հաֆթարի կողմնակիցների միջեւ: Այդ պայմանագիրը վրդովեցրել է Եգիպտոսի կառավարությանը, որը պատրաստվում էր ռազմական գործողություններ իրականացնել:
Ի պատիվ Մ. Նահանգների, Թրամփի վարչակազմը նույնպես մերժում է ճանաչել այդ պայմանագիրը, որը միակողմանի իրավունքներ է վերապահում ինչպես Թուրքիային, այնպես էլ Լիբիային: Հաշվի առնելով, որ ժամանակին Լիբիան Օսմանյան կայսրության մաս էր կազմում, որոշ խմբավորումներ այնտեղ ցանկանում են օգտվել թուրքական ժառանգությունից: Թուրքիան այդ լիբիացիներին թուրքական քաղաքացիություն է շնորհում: Սարրաժը այդ մարդկանցից մեկն է, եւ նա երախտապարտ է հիմա իր հովանավորին, որ նաեւ ռազմական միջամտությամբ ամրապնդեց իր իշխանությունը:
Թուրքիան արդեն բավական ժամանակ է, ինչ ներթափանցում է տարբեր երկրներ եւ համայնքներ ստեղծում դրանցում, ինչպես օրինակ Լիբանանում: Այդ համայնքները նման են ռումբի, որ պատրաստ է պայթել որեւէ երկրում, որ խնդիրներ է առաջացնում Թուրքիային: Չմոռանանք, որ որոշ ժամանակ առաջ Թուրքիան սպառնացել էր օգտագործել իր հզոր համայնքները Գերմանիայում եւ Հոլանդիայումՙ ընդդեմ այդ երկրների:
Հայաստանում որոշ շրջանակներ առաջարկում են նույն կերպ վարվել հաշվի առնելով, որ հայերն ապրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Բայց նման քաղաքականություն վարելն ու արբանյակային համայնքները քաղաքականապես պատրաստ վիճակում պահելը կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ հայրենի տունը ուժեղ է եւ միասնական:
Հունաստանին եւ Կիպրոսին ահաբեկելու նպատակով թուրքական զորքերը Հյուսիսային Կիպրոսի զորքերի հետ համատեղ սկսեցին իրականացնել ռազմական գործողություններ Արեւելյան Միջերկրականում: Միաժամանակ Թուրքիան Ադրբեջանի հետ օգոստոսին զորավարժություններ անցկացրեց Նախիջեւանում, որը գործնական ամեն տեսակի նպատակների համար դարձել է թուրքական ռազմական հենակետ: Թուրքիայի այդ քայլին հակադարձելու նպատակով Հայաստանի եւ Ռուսաստանի զորամիավորումները համատեղ ռազմական վարժանքներ անցկացրին վերջերս:
Էրդողանի վարչակազմը կոշտ քաղաքականություն է վարում Ադրբեջանում, այն աստիճան, որ իշխող ալիեւյան կլանը շփոթված իրավիճակում տարակուսում է, թե արդյոք կորցնում է իր ինքնավարությունը եւ այլեւս անկարող է շարունակել Անկարայի եւ Մոսկվայի միջեւ կշռադատված իր քաղաքականությունը վարել: Նույնիսկ ղարաբաղյան բանակցություններում Բաքուն կորցրել է իր գլխավոր դերակատարությունը, այն զիջելով Թուրքիային: Հայաստանը քաջ գիտակցելով կատարվածը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան:
Կովկասում տեղի ունեցող այս փոփոխությունը ուժերի նոր տեղաբաշխում է պարտադրել: Հայկական բանակը ջախջախիչ հարված հասցրեց Ադրբեջանին Տավուշյան սահմանային պատերազմի ժամանակ: Սակայն Թուրքիայի նոր դերակատարությունը բացառում է նման հաղթանակի կրկնությունը: Այդ պատճառով էլ Հայաստանը զգաստանում է եւ այդ ընթացքում վերագնահատում իր ռազմական դաշնակցությունը Ռուսաստանի հետ:
Այսպես, խոսելով Մոսկվայում սեպտեմբերի 4-ին կայացած ԱՊՀ, ՇՀԿ եւ ՀԱՊԿ- պաշտպանության նախարարների համատեղ նիստում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը քաղաքական որոշակի նշանակալից հայտարարություններ կատարեց: Նախՙ անմիջականորեն Թուրքիային ակնարկելով նա ասաց, որ անկայունություններն առաջանում են, երբ մի երկիր փորձում է պարտադրել իր տարածքային աշխարհաքաղաքական փառասիրություններըՙ դիմելով լայնածավալ քայքայիչ միջոցների, որոնք սնվում են ծավալապաշտական գաղափարախոսությունից:
Տարածաշրջանում Թուրքիայի վտանգավոր քայլերը չեզոքացնելու նպատակով Տոնոյանը ավելացրեց, որ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ամենակարեւոր ազդակներն են, որ նպաստում են պահպանելու կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:
Քաղաքական տեսակետից նպատակահարմար էր, որ նման հարթակից այդպես արտահայտվեր Հայաստանի պաշտպանության նախարարը:
Սակայն, ցավոք, այս դիրքորոշումը անհասկանալիորեն շատ պաշտպանության չի արժանանում իշխանամետ մամուլում, որն զգալիորեն հակա-ռուսական է դարձել: Որոշ վերլուծաբաններ այնտեղ նույնիսկ կանխատեսում են Ռուսական դաշնության անկումը:
Հույս ունենք, որ Տոնոյանը հայրենիք վերադառնալիս ավելի ռեալիստական ուղերձ կկարողանա հաղորդել մամուլի ներկայացուցիչների այդ հատվածին, որպեսզի նրանք խորհրդածելու նյութ ունենան:
Թուրքիան գտնվում է Հայաստանի սահմանին, սպառնալով նրա գոյությանըՙ Օսմանյան դիտավորություններով, որոնք ընդգրկում են հարեւան տարածքների նվաճումը: Էրդողանի փառասիրություններին անդրադառնալով, Եյլ համալսարանից պրոֆ. Ալան Միխայիլը նշում է, որ Թուրքիայի նախագահը փորձում է մրցել Սուլթան Սելիմի հետ, որ Եգիպտոսի մամլուքներին պարտության մատնելուց հետո կրկնապատկեց Օսմանյան կասրության սահմանները, գրավեց Մեքքան եւ Մեդինան եւ 1520-ին իրեն հռչակեց խալիֆ: Պրոֆեսորը զգուշացնում է. «Մենք պետք է մտահոգվենք Էրդողանի դրսեւորած սելիմյան բացառիկ քաղաքական ներուժի մտասեւեռումների առթիվ: Դա հզոր քաղաքական գործչի պատմական մի օրինակ է, որ պատճառ դարձավ տարածաշրջանային պատերազմների, կրոնական փոքրամասնությունների ոչնչացմանն ու գլոբալ տնտեսական ռեսուրսների հափշտակմանը»:
Օսմանյան կայսրությունը հիմնվեց բռնազավթված երկրների ժողովուրդների արյան վրա: Էրդողանը չի կարող վերականգնել այդ իշխանությունը առանց արյունահեղության: Համաշխարհային հանրությունը ահազանգելո՞ւ է տագնապին, թե՞ մի կողմ է քաշվելու որպես չեզոք դիտորդ:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)