Դետրոյթ, ԱՄՆ
Հայաստանի դեմ սանձազերծած անակնկալ հարձակման հետեւանքում հայկական զինված ուժերի կողմից պարտության մատնվելուց հետո, Ադրբեջանն ինքնիրեն է՛լ ավելի մեծ վնաս հասցրեցՙ սպառնալով հարվածել Մեծամորի ատոմակայանը:
Այդ հայտարարությունը լուրջ ճեղքվածք առաջացրեց իր իսկ ծավալած մեդիա ոլորտում եւ ամրագրեց Տավուշում Հայաստանի դեմ կատարված հարձակման ագրեսիվ բնույթը:
Համաշխարհային լրատվական միջոցները բազմաթիվ ենթադրություններ են անում պատերազմի սպառնալիքի բռնկման պատճառների եւ ընտրված ժամանակի վերաբերյալ: Վերլուծաբաններից շատերը հավատացած են, որ հարձակումը նպատակ էր հետապնդում ստուգելու արդյունավետությունը ՀԱՊԿ երկրների հետ Հայաստանի կնքած ռազմավարական պայմանագրի, որի տակ ստորագրել են Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզըստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Հայաստանը:
Կան նաեւ որոշակի ցուցիչներ, որ Ադրբեջանը ներկայիս խիստ ծանր ներքին խժդժությունների ժամանակաշրջան է ապրում, որն ստիպում է նախագահ Ալիեւին իր սահմաններից դուրսՙ թշնամու տարածք տեղափոխել հանրային ուշադրությունը:
Հեղինակի այլ նյութեր․
Ինչ էլ լինի հուլիսի 12-ի առանց դրդապատճառի սանձազերծված հարձակման պատճառը, միեւնույն էՙ Ադրբեջանը անհաջողության մատնվեց եւ նվաստացման արժանացավ եւ այժմ փորձում է չեզոքացնել այդ բոլորը, քաղաքական գործողություններին զուգահեռ մղելով նաեւ մեդիա պատերազմ:
Հայկական կողմում, այս անցանկալի պատերազմը խթանեց, բարելավեց ժողովրդի ու երկրի զինված ուժերի բարոյա-հոգեբանական վիճակը, նոր թափ հաղորդեց սփյուռքյան համերաշխությանը, որն արտահայտվեց քաղաքական ցույցերով, լրատվական լուսաբանություններով եւ իրավական գործողությունների հետապնդումով:
Համընդհանուր այդ շարժումը եկավ խորտակելու այն ինքնակործան, թյուր կարծիքը, թե հայերն ի վիճակի չեն զորակոչի ենթարկելու եւ քաղաքականացնելու իրենց համշախարհային ներուժը:
Եթե Անկարայում եւ Բաքվում պատերազմը նախաձեռնողների նպատակն էր ստուգել ՀԱՊԿ երկրներիՙ իրար թիկունք կանգնելու պատրաստվածությունը, նրանք ձախողեցին, որովհետեւ Հայաստանը օգնության խնդրանքով չդիմեց ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ երկրներին: Հայաստանն ագրեսիան դիմակայեց իր զինված ուժերի խիզախ ու մարտական բարձր պատրաստվածության գործողությունների միջոցով եւ նույնիսկ կարողացավ բարելավել իր ռազմական դիրքերը շփման գծում:
Ի հակադրություն, Ադրբեջանն ապավինեց մեծ §քեռու¦ օժանդակությանը եւ անմիջապես պատվիրակություն ուղարկեց Անկարաՙ խորհրդակցությունների համար: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որի անունը աշխարհի լրատվամիջոցներից չէր իջնում վերջերս թուրք արշավախմբային զորամիավորումներ Լիբիա առաջնորդելու համար, ընդունեց Ադրբեջանի պաշտպանության նախարար եւ օդուժի գլխավոր հրամանատար Ռամիզ Թահիրովին:
Աքարը վստահեցրեց ադրբեջանական պատվիրակությանը, որ §Ադրբեջանցի թուրքերի ցավը մեր ցավն է: Ցանկանում ենք իմանաք, որ ամեն տեսակի դժվարություն, որ դուք զգում եք այնտեղ, մենք էլ խորապես զգում ենք այստեղ: Մեր ադրբեջանցի եղբայրների արյան վրեժը մենք կլուծենք¦: Նախազգուշացման իմաստը պարզ է բոլորին: Միջազգային հասարակությունն էլ շատ լավ տեղեկացված է, թե ինչ մասշտաբների կարող է հասնել այդ սպառնալիքը:
§Ալ-Մոնիտոր¦ում հրատարակված իր հոդվածում լրագրող Ամբերին Զամանը գրում է. §Հայաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն վարելը համահունչ է Էրդողանի ազգայնամոլական համոզմունքներին, որոնցով նա փորձում է վերականգնել իր օգտին քվեարկողների քանակական ցուցանիշը, մինչ երկիրը գտնվում է տնտեսական անկման ամենաթշվառ ժամանակաշրջանումՙ 18 տարի առաջ իր §Արդարություն եւ բարգավաճում¦ կուսակցության իշխանության գալուց ի վեր¦: Իսկ այն հարցին, թե Թուրքիան արդյոք կիրականացնի՞ իր սպառնալիքն ու կներգրավվի՞ հակամարտության մեջ, Զամանը պատասխանում է. §Վերլուծաբանների շրջանում, համենայնդեպս, այն կարծիքն է գերակշռում, որ Թուրքիան ներկայիս ոչ մի շահագրգռվածություն չունի իր սահմանների մոտ մի նոր թեժ պատերազմ սկսելու¦:
Իր հերթին §Կառնեգի Յուրոպ¦ կազմակերպության ավագ գիտաշխատող եւ 2003-ին հրատարակված տվյալ հակամարտության վերաբերյալ ամենահեղինակավոր աշխատություններից մեկիՙ §Սեւ պարտեզ: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջով¦ գրքի հեղինակ Թոմաս դը Վաալը նույն §Ալ-Մոնիտոր¦ թերթին հայտնում է, որ Էրդողանն իր նպատակների իրականացման համար §կշահագործի ամեն հնարավոր առիթ, որ ընձեռվում է, բայց նա շահագրգռված է ավելի շատ բառերի, հռետորաբանության, քան հրազենային պատերազմ մղելու: Ադրբեջանն էլ իրականում պատերազմ չի ցանկանում մղել¦:
Նման կանխագուշակումները կարող են ճշմարտացի լինել կարճ ժամկետների համար: Ադրբեջանը, գուցե, լուրջ պատճառներ ունի խուսափելու լայնածավալ պատերազմից, մանավանդ իր վերջին փորձառությունից հետո, բայց Էրդողանի փառասիրություններըՙ նոր թուրքակենտրոն կայսրություն հիմնելու, սահմաններ չեն ճանաչում: Հարեւան երկրների դեմ նրա իրականացրած գործողություններից շատերը անկարելի կամ անհնար էին թվում մի ժամանակ, բայց նա դրանք իրականացրեց եւ կարծես թե ոչ ոք չի կարողանում սանձել նրան:
Երբ պատերազմը ծագեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, աշխարհի գլխավոր երկրների ղեկավարները զսպվածության կոչ արեցին երկու կողմերին: Բայց երբ Էրդողանը հրապարակավ նեցուկ կանգնեց Ադրեջանին, Մոսկվան եւ Վաշինգտոնը, որպես ԵԱՀԿ-ի անդամ երկրներ, բանակցությունների կոչ արեցին: Իրանը, որ չեզոք դիրք է պահպանում, իր պետական պաշտոնական լրատվամիջոցներում թույլ տվեց իրեն Թուրքիայի հասցեին որոշ քննադատություններով հանդես գալ: Իրանի շահերից բխում է, որ իր սահմաններում ոչ թե ազերի, այլ հայկական զորքեր գտնվեն:
Երբ Արցախի պաշտպանության բանակը 1994-ին իր վերահսկողության տակ վերցրեց Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող որոշ տարածքներ, Հայ-իրանական սահմանն ընդարձակվեց ի հաշիվ ադրբեջանական այդ տարածքների, որտեղ գործում էին իսրայելական լրտեսական կայաններ:
Սփյուռքահայերի անմիջական եւ միասնական հակադարձությունը միջադեպին ցուցաբերեց այն նշանակալի հնարավորությունը, գուցե դեռեւս ոչ ամբողջովին օգտագործված, որ հայերն ունեն ճշգրիտ տեղեկություններով ձեւավորելու համաշխարհային հանրային կարծիքը եւ ազդելու դրա վրա, ի հեճուկս ադրբեջանական ապատեղեկատվությունների:
Սա, ինչ խոսք, այն չօգտագործված միջոցներից մեկն է, որը կարիք ունի հետագա մշակման, որպեսզի դառնա քաղաքական պայքարի է՛լ ավելի ազդեցիկ մի հարթակ: Քիմ Քարդաշյանը, որն սկսել է իր անհավատալիորեն մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական մեդիայի ցանցն օգտագործել վերջերս ի պաշտպանություն արդարության Մ. Նահանգներում, ամբողջովին իր զորակցությունն է հայտնել հայկական հարցերի քննարկումներին: Այս անգամ §ինստագրամի¦ իր 179 միլիոն օգտատերերին նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնում է ռմբակոծել իր հոր պապենական հայրենիքը: Նա նաեւ ընդգծել է, որ կոնգրեսը այսուհետ կարգելի տրամադրել Ադրբեջանին ռազմական օժանդակություն, որն օգտագործվում է ընդդեմ Հայաստանի եւ Արցախի: §Ես իմ հայրենակիցների կողքին եմ¦, ավելացրել է նա:
Ոչ պակաս ազդեցիկ մեկ այլ նշանավոր աստղՙ Շերը, իր թվիթերյան էջում նույնպես անդրադարձել է Հայաստանի ատոմակայանը ռմբակոծելու ազերի սպառնալիքներին գրելով. §Նրանք հայերին սպանում էին մինչեւ իմ Հայաստան այցելությունը: Մենք աչք ենք փակում: Նրանք նավթ ունեն¦:
Դժբախտաբար, հայերս չունեցանք միեւնույն հաջողությունը մեկ այլ նշանավոր հայիՙ Ռուսական RT մեդիա ցանցի հայազգի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի պարագայում, որ միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամտերիմ անձնավորություններից մեկն է: Ազդեցիկ շրջանակներում գործող նման մի հեղինակությանը անհրաժեշտ էր ամեն գնով սիրաշահել: Փոխարենըՙ սոցցանցերը ողողված էին այնպիսի անհարկի կոպիտ ու վիրավորական խոսքերով, որոնք ստիպեցին նրան իր հեռուստակայանից արձագանքել նույնքան կոպիտ ձեւով: Ընդունելով, որ հայ ազգի մի մասնիկն է, նա խստորեն դատապարտեց իշխող կուսակցությանը մոտիկ կանգնած մարդկանց տհաճ վերաբերմունքն ու հակառուսական հռետորաբանությունը: Հավասարակշռված քիչ մարդկանց կարելի է հանդիպել, որոնք հակված չեն մտածելու, որ այդքան ուժեղ ու ազդեցիկ անձնավորության հետ չի կարելի նման ձեւով վարվել: Վիրավորանքների հեղեղը շարունակվում է, մեծ վնաս հասցնելով մեզՙ բոլորիս:
Մի ոգեւորիչ երեւույթ դարձավ, սակայն, մոսկվաբնակ հայերի կազմակերպված պատասխան-հակահարվածը §Ծիրանների իրացման պատերազմում¦: Ծիրանը Հայաստանի ազգային միրգն է, որը գրավիչ ներկայություն է մեր պատմության մեջ, մեր արվեստում եւ խոհանոցում:
Նաեւ ազգային հպարտության խորհրդանիշ, որպես լատիներեն §prunus armenicus¦ անվամբ: Ծիրանը Հայաստանից Ռուսաստան արտահանվող հիմնական արտադրատեսակներից մեկն է: Տավուշյան պատերազմից անմիջապես հետո, երբ հուլիսի 16-ին Ծիրանի արկղերով բեռնավորված հայկական մեքենաները հասան Մոսկվայի քաղաքային շուկան, որի սեփականատերերից մեկն ազգությամբ ադրբեջանցի է, նրանց թույլ չտրվեց բեռնաթափել ապրանքը: Ավելին, երիտասարդ ադրբեջանցիներ մի քանի արկղ ծիրան գնելով սկսեցին հրապարակավ ոտնակոխ անել դրանք: Լուրը տարածվեց կայծակի արագությամբ ամբողջ Մոսկվայով եւ մոտակա քաղաքներով մեկ: Շուտով հայերին պատկանող §Տաշիր¦ շուկան ընդունեց բեռնատար մեքենաներին, եւ հայերը կարողացան գնել ծիրանները ոչ միայն անձնական սպառման, այլ ռուսական բարեգործական ընկերություններին նվիրաբերելու համար: Միջադեպն ավարտվեց հայկական ավանդական երգ ու պարով, որը թնդացրեց Կրեմլի հարեւանությամբ գտնվող փողոցները:
Ռուսաստանահայերը, որոնք ավելի քան երկու միլիոն են, հազվադեպ էին նման կազմակերպված քաղաքական գործունեություն ծավալել: Եթե նրանք կարողացան նման ձեռնհասությամբ բարձր պահել հայկական ծիրանների պատիվը, ապա կարելի է հուսալ, որ նրանք հետագայում էլ միասնական դարձած կկարողանան ինչ-որ վերացական գաղափարի կամ քաղաքական խնդրի շուրջը համախմբվել եւ ազդել Ռուսաստանի քաղաքականութան վրա:
Վերոնշյալ միջադեպի կապակցությամբ բողոքի ցույցեր տեղի ունեցան ամերիկյան եւ եվրոպական մի շարք քաղաքներում (Վաշինգտոն, Լոս Անջելես, Լոնդոն, Բրյուսել, Մոսկվա), որտեղ ոստիկանության կողմից ձերբակալվեցին հայեր եւ ադրբեջանցիներ:
Ցույցերին առընթեր օրենսդրական գործընթացներ եւս տեղի ունեցան, մասնավորապես Մ. Նահանգների կոնգրեսում: Հակամարտող կողմերին վերաբերող հարցերին սովորաբար օրենսդիրները, նահանգապետերն ու քաղաքապետերը պատասխանում են ընդհանուր, երկու կողմերին ուղղված հանգստացնող հայտարարություններով, պահպանելու համար քաղաքական նպատակահարմարությունը: Այս անգամ, սակայն, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարչետտին խախտեց այդ սովորույթը, հավանաբար հաշվի առնելով մեկ միլիոնից ավելի հայերի ծանրակշիռ ներկայությունը, եւ հրատարակեց իր անկեղծ դիրքորոշումը նշելով. §Մենք հայկական համայնքի կողքին ենքՙ ընդդեմ բռնության: Ադրբեջանը պետք է վերջ դնի Հայաստանի քաղաքացիական ատոմակայանի վրա հարձակվելու իր վտանգավոր եւ սադրիչ սպառնալիքներին, եւ համաձայնվի շփման գծում տեղակայել միջազգային դիտորդական խմբեր¦:
Ակտիվ գործունեություն ծավալեցին նաեւ հայկական լոբբիինգի կազմակերպությունները: Ամերիկայի հայկական համագումարն ու Հայ դատի ազգային հանձնախումբը նախաձեռնեցին կոնգրեսի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների վրա: Այդ քայլը ի պաշտպանություն էր Կոնգրեսի հայկական հարցերի խմբավորման առաջարկած բարեփոխումների, որոնք ընդգրկված էին Ազգային պաշտպանության լիազորությունների օրենքում ավելի քան 100 փոփոխություն կատարելու փաթեթում: Փոփոխությունները վերաբերում են տարբեր երկրներում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին, ներառյալ Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում տեղահանված մարդկանց, Բաքվի եւ Սումգաիթի ջարդերին, եւայլն: Հայկական համագումարի հրատարակած հայտարարության մեջ նշված էր. §Հաշվի առնելով, որ Ադրբեջանը երեք միլիարդ դոլարի փողերի լվացման ծրագրով փորձում է սվաղել մարդու իրավունքների խախտումների իր տարեգրությունը եւ շարունակում է հարձակումներն ընդդեմ Հայաստանի եւ Արցախի, մենք ողջունում ենք Ֆրենկ Փալոնի ժամանակին արված այս նախաձեռությունը¦:
Մինչ իրական, թեժ պատերազմի սպառնալիքը կախված մնում է Հայաստանի վրա, լրատվամիջոցներում եւ աշխարհի գլխավոր մայրաքաղաքների ուժային միջանցքներում շարունակում է ակտիվ մնալ մեդիա պատերազմը:
Թուրքիայի պանթյուրքական ծրագրերը հույսի ոչ մի նշույլ չեն թողնում, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի երբեւէ: Ադրբեջանն էլ իր հերթին է ներքաշվել մի արկածախնդրության մեջ, որից անկարող է գլուխն ազատել:
Բաքվի ագրեսիայի ձախողումը վրդովեցրել է երկու §եղբայրներին¦, որոնք Հայաստանի վրա հարձակվելու նոր ծրագրեր են մշակում: Լուրեր են պտտվում, որ Ալիեւը Անկարա է գործուղել Նախիջեւանի զինուժի հրամանատար գեներալ Կերեմ Մուսթաֆաեւինՙ նոր հանձնարարականներ ստանալու, իսկ Թուրքիան Աֆրինում (Սիրիա) ջիհադիստների է հավաքագրում, որպեսզի հարձակվի Հայաստանի վրա:
Պատերազմի սպառնալիքը դեռ երկար կախված կմնա մեր երկնակամարի վրա, պարտավորեցնելով հայ զինվորներին առաջնագծում զգաստ եւ աչալուրջ վերահսկել մեր պատմական հայրենիքի սահմանները, որպեսզի աշխարհով մեկ սփռված ողջամիտ երտասարդներն էլ կարողանան հաղթել պատերազմը մեդիա ոլորտում:
Թարգմ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)