Հայերը պետութենաստեղծ ազգ

Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ

3. Ֆաթիմյան խալիֆայություն: Բադր Գամալ ալ-Արմանին:    Ֆաթիմյան  խալիֆայությունը պատմության մեջ հայտնվեց 909թ., որը ստացավ Ֆաթիմյան անվանակոչումը Մուհամմադ մարգարեի դստեր Ֆաթիմայի անունից: Ֆաթիմյան խալիֆայությունը հաստատվեց Հյուսիսային Աֆրիկայում  եւ նրա կենտրոնը դարձավ Եգիպտոսը:  Նրան միացվեցին Իֆրիկիյան, Ալժիրը,  Մաղրիբը, Սիրիան,  Արաբիան , Իրաքի որոշ շրջաններ, Հիջազը Մեքքայով եւ Մադինայով: Դա դարձավ մի կայսրություն, որը ձգվում էր  Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Կարմիր ծով: Ֆաթիմյան խալիֆաները  խաղալիք դարձան  էթնիկական տարբեր խմբերից կազմավորված  իրենց գվարդիայի, առաջին հերթինՙ թուրքերի ձեռքում: Ֆաթիմյան խալիֆայիՙ Մուսթանսիրի զինված ուժերը  եւ թիկնապահ գնդերը կազմված էին  բերբերների,  սուդանցիների եւ թուրքերի  գումարտակներից: Նրանք ոչ միայն հաշտ չէին,  այլեւ  բացահայտ թշնամանք էին տածում միմյանց նկատմամբ: Անելանելի դրության մեջ հայտնված խալիֆա ալ-Մուսթանսիրը 1073թ.  հարկադրված դիմեց Ակրի կառավարիչ հայազգի  Բադր ալ-Գամալ  ալ-Արմանիի օգնությանը, հրավիրելով նրան եւ նրա հայկական գնդերը  Կահիրե, անհնազանդ թուրքական  գվարդիականներին սանձահարելու եւ երկրում կարգ ու կանոն հաստատելու համար: Բադր ալ-Արմանին   ընդունեց խալիֆայի հրավերը եւ   հայերից կազմված իր քսանհազարանոց զորքով 1074թ.  մտավ Կահիրե: Նա շատ արագ եւ փայլուն կերպով  իրականացրեց իր առաքելությունը, ջախջախեց  թուրքական զորքերին, պատժեց նրանց հրամանատարներին  եւ նրանց հետ համագործակցած  երգիպտական պաշտոնյաներին:

Բադր ալ-Արմանին եւ նրա քսան հազարանոց հայոց զորքը Մերձավոր Արեւելքում էր հայտնվել  Սասունից:

Ալ-Մուսթանսիրը  Բադր ալ-Արմանիին  օժտեց ամենալայն  պետական եւ ռազմական  լիազորություններով : Նա նշանակվեց վազիր եւ խալիֆիական զորքերի ընդհանուր հրամանատար, ինչպես նաեւ իսլամական միսիոներական կորպուսի ղեկավար:Նրա ձեռքում կենտրոնացվեց ամբողջ իշխանությունը եւ նա 20 տարի ՙ 1074-1994թթ.  մինչեւ իր մահը եղավ երկրի  փաստական  եւ անսահմանափակ  իշխողը: Նա կարողացավ  երկիրը դուրս բերել  քաոսային վիճակից , հաստատել օրինականություն եւ նոր շունչ փչել հոգեվարքի մեջ հայտնված Ֆաթիմյան խալիֆայությանը:

Միքայել Լոռիս Մելիքով, Ռուսաստանի վարչապետ եւ դիկտատոր:

Նրա մահից հետո, որը տեղի ունեցավ 1094թ.,   խալիֆա Մուսթանսիրը  վազիրի եւ զորքերի հրանատար  նշանակեց  Բադր Գամալ ալ-Արմանիի  որդուն, հայազգի  Մելիք ալ-Աֆդալին, որը հայտնի էր նաեւ  Շահնշահ անունով: Նա իր ձեռքում կենտրոնացրեց  ամբողջ բարձարագույն իշխանությունը եւ դարձավ  Ֆաթիմյան խալիֆայության իրական կառավարողը, ձեւական դարձնելով  խալիֆայի պաշտոնը:

Այսպիսով, մոտ կես դար Ֆաթիմյան խալիֆայության  փաստացի կառավարողները եղան երկու հայազգի ականավոր պետական, քաղաքական,  ռազմական գործիչներ , հայր եւ որդի Բադր Գամալ  ալ-Արմանին եւ Աֆդալ Շահնշահը, որոնք անջնջելի հետք են թողել  Ֆաթիմյան խալիֆայության, ի մասնավորինՙ Եգիպտոսի,  պատմության մեջ:  Նրանց կառավարման  տարիներին  Եգիպտոսը դարձավ օրինակելի երկիր, զարգացած պետություն, որին նախանձով էին նայում հարեւան երկրները: Նրանց դերը հենց այդպես է գնահատվում  պատմագրության մեջ:

Հետագայում եւս , հատկապես XIX դարի երկրորդ կեսերին, հայ պետական  եւ քաղաքական գործիչներն անջնջելի հետք են թողել Եգիպտոսի պատմության  մեջ: Բավական է նշել, որ XIX դարի    80- ականներին  Եգիպտոսի առաջին  վարչապետը եղել է Նուբար Նուբարյանըՙ, որն անգնահատելի դեր է խաղացել  Եգիպտոսի  անկախության  եւ ինքնության պահպանման  գործում: Բացի դրանից, դարձյալ XIX  դարում,  հայերը բազմիցս զբաղեցրել են Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը եւ կարեւոր դեր խաղացել կառավարական համակարգի  այլ բնագավառներում:

4. Կիլիկիայի հայկական թագավորությունը: Ռուբինյաններ եւ Հեթումյաններ:

1045թ., Բագրատունիների անկումից հետո,  սկսվեց հայերի արտագաղթը,այդ թվում եւ Կիլիկիա: Արտագաղթողների մեջ էին Բագրատունիների շառավիղ Ռուբինյանները,  որոնցից ամենաաչքի ընկնողը Ռուբեն իշխանն էր: Նա Բագրատունիների  վերջին թագավոր Գագիկ II մերձավորներից էր: Ռուբեն իշխանը  1080թ. Կիլիկիայում հիմնեց հայկական պետությունը, որը  սկզբում իշխանապետություն էր, իսկ 1198թ. վերածվեց թագավորության եւ անվանակոչվեց Կիլիկիայի հայկական թագավորություն : Նրա առաջին թագավորը եղավ  Լեւոն II  Մեծագործ Ռուբինյանը: Հայոց կաթողիկոսի նստավայրը  տեղափոխվում է Կիլիկիա եւ հաստատվում  Հռոմկլա քաղաքում:

Կիլիկիայի հայկական պետությունը գոյություն է ունեցել նրա համար շատ բարդ  միջազգային իրադրության պայմաններում: Նա շրջապատված էր  տարբեր պետություններով , որոնցից  յուրաքանչյուրը ձգտում էր  տիրանալ Կիլիկիային: Դրանց մեջ էին Բյուզանդական կայսրությունը, Ռումի կամ Իկոնիայի  Սելջուկյան  սուլթանությունը, Հռոմի պապը, մոնղոլները եւ եգիպտական մամլուքները: Կիլիկիայի հայ թագավորները  ստիպված էին մեծ խիզախություն եւ դիվանագիտական  բարձր հմտություն ցուցաբերել հայկական պետական նավի համար  անվտանգ նավարկություն  ապահովելու համար: Եվ, ի պատիվ նրանց,   երկար ժամանակ  հիմնականում հաջողվում էր  լուծել այդ խնդիրը, որի փայլուն  ապացույցն է  Կիլիկիայի հայկական պետության մոտ  երեքդարյա  գոյությունը ( 1080-1375թթ):

Կիլիկիայի հայոց թագավորության զինանշանը` կարմիր առյուծով:

1226 թ. գահը Ռուբինյաններից անցավ Հեթումյաններին:  Հարաբերությունները Եգիպտոսի եւ Կիլիկյան Հայաստանի միջեւ այդ շրջանում եւ հետագա տարիներին  լարվում են: Եգիպտական մամլուքները  ներխուժում են Կիլիկիա, գրավում Դաշտային Կիլիկիան , իսկ 1375թ. , համառ դիմադրությունից հետո,   գրավեցին Կիլիկիայի հայկական  թագավորության մայրաքաղաք Սիսը:

Այդ թվականը համարվում է  Կիլիկիայի հայկական թագավորության  անկման տարեթիվը:

5. Հայազգի Միքայել Լոռիս-Մելիքովը Ռուսաստանի վարչապետ,   դիկտատոր: Հայերը XIX դարում ազդեցիկ դիրքեր են ունեցել ցարական Ռուսաստանում, երբ ռուսական ցար Ալեքսանդր II  կայսրության ներքին գործերի նախարար նշանակեց Ռուսաստանի պետական Դումայի  անդամ  հայազգի զորապետ, գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովին, օժտելով նրան բացառիկ իշխանությամբ: Նա փաստորեն  դարձավ Ռուսաստանի վարչապետ դիկտատոր( 1880-1881թ.), կայսրության երկրորդ դեմքըՙ  ցարից հետո: Լոռիս-Մելիքովը ցարին է ներկայացնում  վարչական եւ տնտեսական  վերափոխումների  մի ընդարձակ ծրագիր, ըստ որի ցարական Ռուսաստանը ինքնակալ միապետությունից վերածվում էր  սահմանադրական միապետության: Ցարը հավանություն է տալիս Լոռիս -Մելիքովի այդ ծրագրին եւ նույնիսկ 1881թ.մարտի 13-ին ստորագրում համապատասխան հրամանագիր (ցՍՈջ ), այսինքն միայն մի քայլ էր մնացել Ցարական Ռուսաստանը սահմանադրական միապետության վերածվելու համար, սակայն  նույն օրըՙ 1881թ.  մարտի 13-ին,  Ալեքսանդր II ահաբեկչության  զոհը դարձավ: Նրան հաջորդած Ալեքսանդր III չեղյալ հայտարարեց իր հոր բարեփոխումների վերաբերյալ բոլոր հրամանները,  իսկ զորապետ Լոռիս-Մելիքովը հեռացավ քաղաքական ասպարեզից եւ ընդհանրապես Ռուսաստանից եւ բնակություն հաստատեց Ֆրանսիայում, Նիցցա քաղաքում;  Նա մահացել է 1888թ. եւ թաղվել Թբիլիսիում, հայկական գերեզմանոցում:

«Լեւոն թագավոր հայոց», ոսկեդրամ` Կիլիկիայի զինանշանով:

6. Հայերի նշանակալի դերը շահական Իրանի պետական եւ քաղաքական կյանքում:

Բացառիկ է եղել հատկապես  Եփրեմ խանի (Դավթյան) դերակատարումը Իրանի 1905-1911թ. Սահմանադրական հեղափոխության կազմակերպման, ղեկավարման  եւ  Իրանի շահի տապալման  գործում: Եփրեմ խանը եղել է իրանական հակաշահական ուժերի գլխավոր կազմակերպիչը եւ ղեկավարը: Այդ ուժերի ճնշման տակ Իրանի շահ Մոհամեդ Ալին հրատարակեց սահմանադրություն մտցնելու  հրովարտակ: Բայց դա լոկ խորամանկ քայլ էր: 1908թ.  հունիսին շահը հեղաշրջում կատարեց  եւ ցրեց մեջլիսըՙ պառլամենտը: 1909թ. հուլիսին Գիլանի ֆիդայիները, հայ կամավորները եւ սահմանադրականները  Եփրեմ խանի եւ Ռեշտի  նահանգապետ  Սիփահդարի  ղեկավարությամբ, բախտիարներըՙ Սարդար Ասադի  գլխավորությամբ  արշավեցին Թեհրան, գրավեցին այն եւ գահընկեց արին շահին: Եփրեմ խանը նշանակվեց  Թեհրանի ոստիկանապետ: Հաղթողները ստեղծեցին ժամանակավոր կառավարություն: Եփրեմ խանը նշանակվեց  Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, դիկտատոր, որը վերականգնեց սահմանադրությունը: Շարունակելով պայքարը, հեղափոխական ջոկատները , հայ կամավորներն ու ֆիդայիները  Եփրեմ խանի հրամանատարությամբ հակահարված տվեցին շահին եւ նրան օգնության հասած եղբորը եւ կանխեցին  միապետության  վերականգնումը: Եփրեմ խանի հեղինակությունը շատ բարձր էր, նրան համարում էին Իրանի հերոս եւ տաղանդավոր զորավար: Ընդհանրապես այդ ժամանակ շատ բարձր էր իրանահայերի հեղինակությունը: Իրանի ականավոր պատմաբան Էբրահիմ  Սաֆայի վկայությամբ  «Իրանական հեղափոխության  24  նշանավոր գործիչներից 16-ը հայեր էին»:

Ցավոք, Եփրեմ խանը  սպանվեց 1912թ. մայիսի 6-ին Համադանի շրջանում տեղի ունեցած մարտերում : Նրա մարմինը հանգչում է  Թեհրանի հայկական  Հայկազյան  դպրոցի բակում: Իրանական հեղափոխության ակտիվ մասնակիցներից  էր նաեւ հայ ֆիդայի Քեռինՙ Արշակ Գաֆավյանը եւ ուրիշներ:

Մասնագետների կարծիքով Իրանական հեղափոխությունը  XX  դարի սկզբին առաջին հեղափոխությունն էր   Արեւելքում: Նա Իրանի բազմադարյան պատմության մեջ  ամենակարեւոր իրադարձություններից մեկն էր, որը խոշոր հետք է թողել Իրանի պատմության մեջ:

Իրանական հեղափոխությունը իր հետեւանքներն ունեցավ նաեւ հայության համար: Շնորհիվ իրանական հեղափոխության հայերն ընտրվեցին     տեղական ինքնավարական  մարմիններումՙ էնջումեններում , եւ իրավունք ստացան  երկու պատգամավոր ունենալ Իրանի մեջլիսում: Այդ իրավունքը մինչեւ օրս պահպանվում է, եւ հայերը երկու դեպուտատներ ունեն իրանական մեջլիսում, մեկը Հյուսիսային Իրանի, իսկ մյուսը Հարավային Իրանի  հայության կողմից: Դրանով իսկ իրանահայերը պահպանում են իրենց պետութենաստեղծ գործունեությունը Իրանում: Շատ մեծ  եւ կարեւոր է եղել Միրզա Մելքում խանի  դիվանագիտական գործունեությունը, բարձր դիրքեր գրավելով այդ ոլորտում: Նա եղել է Իրանի դեսպանը Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, պարսկական դեսպանատան խորհրդական Ֆրանսիայում,Պարսկաստանի դեսպանորդ Հռոմում:Նա  Իրանն արժանապատվորեն ներկայացրել է միջազգային համաժողովներում, ինչպես Բեռլինի կոնգրեսը (1878թ.), որտեղ նա պաշտպանել է Պարսկաստանի շահերն ընդդեմ Թուրքիայի եւ այլն:

Միրզա Մելքում խանը մահացել է 1908թ., խոշոր հետք թողնելով Պարսկաստանի  քաղաքական, դիվանագիտական  եւ գիտական-գրական   կյանքում:

7. Լիբանանահայերի ներդրումը Լիբանանի անկախ պետության ստեղծման  եւ պահպանման գործում:

Այն տարածքը, որ կազմում է ժամանանակից Լիբանանը, յուրահատուկ  կարգավիճակ ուներ  Օսմանյան կայսրության կազմում: 1861թ. ընդունված  Օրգանական ստատուտի համաձայն ստեղծվել էր  Լեռնալիբանանի ինքնավար մարզըՙ մութասառիֆությունը, որը կառավարում էր  օսմանյան սուլթանի կողմից  նշանակվող  կաթոլիկ քրիստոնյա մութասառիֆըՙ կառավարիչը:

Առաջին մութասառիֆ եղավ հայազգի Կարապետ Արթին Դաուդյանը: Այդ կարգավիճակը պահպանվեց մինչեւ 1914թ., երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:  Օսմանյան կառավարությունը խախտեց  Օրգանական ստատուտը  եւ իր զորքերը մտցրեց Լեռնալիբանան, պաշտոնանկ անելով  Լեռնալիբանանի վերջին քրիստոնյա  մութասառիֆ  հայազգի Հովհաննես Կույումջյանին: Լիբանանն ընկավ  աներեւակայելի ծանր դրության մեջ: Լիբանանի ազատագրումը  օսմանյան լծից  ավարտվեց 1918թ. աշնանը, որն իրագործվեց  անգլիական զորքերի եւ  արաբական  ապստամբ բանակի  միջոցով, որոնք  մի շարք ճակատամարտերում  պարտության մատնեցին  թուրքական բանակներին:

Դաշնակիցներիՙ Անգլիայի  եւ Ֆրանսիայի  Գերագույն Խորհուրդի 1920 թվականի  որոշումով Լիբանանի կառավարման մանդատը տրվեց Ֆրանսիային: Դա առաջ բերեց լիբանանցիների դժգոհությունը եւ ծայր առան հակաֆրանսիական ելույթներ, որի արդյունքում, ի վերջո, 1943թ. նոյեմբերի  8-ին վերացվեց ֆրանսիական մանդատը: Այդ օրը պատմության մեջ մտել է  որպես ֆրանսիական մանդատի վերացման, Լիբանանի անկախության եւ ինքնիշխանության հաստատման օր: Լիբանանի առաջին պրեզիդենտ ընտրվեց Բիշարա ալ-Խուրին , իսկ Ռիյադ Սոլհը գլխավորեց անկախ Լիբանանի առաջին կառավարությունը: 1946թ. դեկտեմբերին ֆրանսիական վերջին զինվորը հեռացավ  Լիբանանից#:

Լիբանանի պետական կառուցվածքի հիմքում դրվեց  կոնֆեսիոնալիզմիՙ  կրոնա-դավանական սկզբունքը: Ըստ այդ սկզբունքի, Լիբանանի կրոնա-դավանական համայնքներ  ճանաչվեցին  վեց համայնքներՙ քրիստոնյա մարոնիների, դրուզների, հայերի, մուսուլման սուննիների, շիաների եւ քրիստոնյա -ուղղափառների համայնքները: Հայերի համայնքը  1970-ական թվականներին կազմում էր մոտ 250 հազար եւ թվաքանակով զիջում էրՙ շիա, մարոնի   եւ սուննի համայնքներին , եւ  մոտավորապես հավասար էր դրուզ ու քրիստոնյա-ուղղափառ  համայնքներին: 

Հայերը տեղաբաշխված են Լիբանանի տարբեր շրջաններում , սակայն նրանց հիմնական  մասը կենտրոնացված է Բեյրութ մայրաքաղաքում: Մայրաքաղաքն ունի  թաղամասեր, որոնք  բնակեցված են  հայերով, ինչպես Բուրջ Համուդը,  Խալիլ Բադավին,  Նոր Հաճընը , Աշրաֆիեն,  Հայաշենը, Անթիլիասի շրջանը, Զալքան եւ այլն: Զգալի թվով հայեր բնակվում են Զահլեում, Սայդայում, Տրիպոլիում  Ալեյում,  Բիբլոսում,  Ջունիում,   Շուֆի, Մեթնի,  եւ Քեսրվանի  եւ այլ շրջաններում:

Լիբանանահայությայն մոտ 47 տոկոսը զբաղված է արդյունաբերության ոլորտում, ֆաբրիկաներում,  գործարաններում,  շինարարության մեջ,  պետական ձեռնարկություններում  եւ այլն, 45 տոկոսը  առեւտրի եւ սպասարկման ոլորտում , 2 տոկոսը գյուղատնտեսության մեջ, 2 տոկոսն էլ  կազմում է մտավորականությունըՙ ուսուցիչներ, գրողներ, բժիշկներ, նկարիչներ, երաժիշտներ, 4 տոկոսն էլ պատկանում է  արդյունաբերական եւ առեւտրա-ֆինանսական վերնախավին:

Բոլորի կողմից ընդունված է, որ մեծ է հայ համայնքի  ներդրումը Լիբանանի  առաջընթացի մեջ եւ նա խաղում է  նշանակալի  դեր արդի Լիբանանի  տնտեսական կյանքում:

Մոտավոր հաշվարկներով, քաղաքացիական պատերազմին նախորդած տարիներին հայկական մեծահարուստներին   պատկանում էր  Լիբանանի  խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 18 եւ միջին ու մանր  արդյունաբերական ձեռնարկությունների 43  տոկոսը, իսկ երկրի ներմուծման  հայ կապիտալի  բաժինը կազմել է  10 տոկոս:  60-ական  թվականներին Լիբանանի խոշոր արդյունաբերության մեջ ներդրված    375  մլն լիբանանյան լիրայից  125 մլն լիրան  կամ 33 տոկոսը պատկանում էր հայ արդյունաբերական  կապիտալին#;

Մեծ է նաեւ հայերի դերակատարումը Լիբանանի պետական- քաղաքական եւ հասարակական կյանքում: Այդ տեսանկյունից արժանի է հատուկ եւ  բարձր  գնահատականի այն կարեւոր դերակատարումը,  այն մեծ կշիռը,որ ունի հայ համայնքը Լիբանանի քաղաքական եւ հասարակական  կյանքումՙ որպես կրոնա-դավանանքային համայնք: Այդ հիմքի վրա  յուրահատուկ  է նրա գործունեությունը լիբանանյան պետականության զարգացման եւ ամրապնդման  ոլորտում:  Հայ համայնքը լիբանանյան պառլամենտում ունի դեպուտատական  6 տեղ, որը փոքր թիվ չէ: Բացի այդ,  Լիբանանում գործող բավականին բարդ ընտրական համակարգի  հետեւանքով , 21 դեպուտատի ճակատագիրը եւս զգալիորեն կախված է հայ համայնքի դիքորոշումից: Այսպիսով, հայ համայնքը որոշիչ  ազդեցություն ունի  լիբանանյան պառլամենտի մեկ քառորդիՙ 26 դեպուտատների,  ընտրության հարցում:

Հարկ է նշել եւս մեկ կարեւոր հանգամանք: Լիբանանում գործող օրենքների համաձայն Հայ համայնքին պատկանում է մինիստրական երկու պորտֆել: Կառավարության այդ երկու անդամները որպես կանոն ակտիվ գործունեություն են ծավալում Լիբանանի ներքին եւ արտաքին քաղաքականության  հարցերում:

 Եվ, վերջապես,  ակտիվ են նաեւ  հայ քաղաքական կուսակցություններըՙ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը եւ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը:

Այսպիսին է  հայերի պետութենաստեղծ  ֆենոմենի պատկերը, որն իր անալոգիան եւ   զուգահեռները չունի: