Երեկ մի հրապարակմամբ մենք պատմել էինք FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող 35 հայ աշակերտների Հայաստան վերադառնալու հնարավորության մասինՙ Վրաստանի օգնությամբ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հավելյալ տեղեկություններ է հայտնել այդ մասին: Ըստ նրաՙ
Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում եւ Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ ապրիլի 9-ին կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ եւ վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան եւ Վրաստան:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետեւ Հայաստանՙ Դոհա-Թբիլիսի-Երեւան չվերթով։
Չիկագոյի օդանավակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից հայ աշակերտներին տրամադրվել են առողջապահական անվտանգության անհրաժեշտ պարագաներ:
Հայաստան են վերադառնում 34 աշակերտ եւ ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. «Սա Հայաստանի եւ Վրաստանիՙ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներինՙ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաեւ մեր վրաց գործընկերներինՙ աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար» , նշել է Աննա Նաղդալյանը: