NEWS.am
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասերՙ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաներից ։
Բացի այդ, ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջում եւս առկա են առցանց ռեսուրսներ եւ գործիքներ, մասնավորապես, Tumanyan.Online առցանց դպրոցը, որի միջոցով մեր սփյուռքահայ հայրենակիցների երեխաները կարող են սովորել հայոց լեզու, այդ թվումՙ օտար լեզվով։
Վերոնշյալ էջում տեղադրված է նաեւ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) գործարկած առցանց կրթության հարթակը, որտեղ տեղադրված է հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվությունՙ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ: Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները եւ վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներովՙ արեւելահայերեն եւ արեւմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն եւ թուրքերեն: Կրթական հարթակը նաեւ լավ հնարավորություն է ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների եւ առցանց հաղորդակցության համար: Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կազմակերպվում են նաեւ վիրտուալ այցելություններ դեպի պատմական եւ մշակութային վայրեր Հայաստանում եւ սփյուռքում: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաեւ ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:
Բազմաթիվ հայագիտական նյութեր հասանելի են նաեւ Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարանում»։