ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՑ
Ցավոք, կյանքը շատ դեպքերում իր ոչ ցանկալի կանոններն ունի: Կամա թե ակամա կյանքից հեռացնում է այնպիսի մարդկանց, որոնք դեռեւս պետք են հասարակությանը: Այդպիսի մարդկանցից կարելի է համարել նաեւ մեր բոլորի կողմից սիրված եւ հարգված Սերգո Առաքելի Նազինյանին: Նա ծնվել է 1938 թ.ի սեպտեմբերի 20-ին, ՀՀ Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում, տոհմիկ արցախցիների ընտանիքում, որը 1800-ական թվականների սկզբին հայտնի ինքնագաղթի հետեւանքով վերոհիշյալ բնակավայր են տեղափոխվել Արցախի Դիզակի մելիքության Տող ավանից, որը վերոհիշյալ մելիքության նստավայր է եղել (իսկ հիմա գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչական տարածքում): Սերգո Նազինյանի պապըՙ Ստեփանը, եղել է կրթված, ուսյալ, ուսումնատենչ, ուսումնահարգ անձնավորություն եւ նույնն էլ սերմանել է իր սերունդներին: Ավելին, դեռեւս անցյալ դարի սկզբներին ունեցել է անձնական գրադարան, որից օգտվել են շատ ուսումնատենչ մարդիկ: Բայց 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ չդիմանալով տարբեր տեսակի բոթերին (տղայիՙ Առաքելի անհայտ կորչելը), ժամանակից շուտ է մահկանացուն կնքել:
Սերգո Նազինյանը ապրեց ընդամենը 80 տարի, բայց ապրեց բեղմնավոր եւ արգասաբեր կյանքով:
Ինչպես իր բոլոր հասակակիցները, այնպես էլ ինքը ունեցել է դժվարին մանկություն: Ինչպես ասում ենՙ Հիտլերը տարավ մանկությունը, իսկ Գորբաչովըՙ ծերությունը: Մայրըՙ Աշխենը, լինելով ուսումնահարգ եւ առաքինի կին, գտնում է, որ միայն կրթվելով եւ աշխատելով կարելի է հասնել որոշակի արդյունքների: Ավագ որդինՙ Սամսոնը, ընտրում է շինարարության ոլորտը եւ զբաղվում վարպետ որմնադիրությամբ: Իր կյանքի ընթացքում նա կառուցել է բազմաթիվ տներ եւ հացի թխման փռեր: Իսկ փոքր եղբայրըՙ Սերգոն, որոշում է դառնալ գյուղատնտես: Սերգո Նազինյանը 1961 թ.ին բարձր առաջադիմությամբ ավարտում է ՀԳԻ-ի ագրոնոմիական ֆակուլտետը: Նույն թվականին աշխատանքի է նշանակվում Իջեւանի շրջանի Այգեհովիտի պետական տնտեսությունում որպես գյուղատնտես: Բայց կարճ ժամանակահատվածում ցուցաբերելով աշխատանքային եւ հասարակական ակտիվություն, առաջ է քաշվում եւ ընտրվում Իջեւանի շրջանի կոմերիտմիության 1-ին քարտուղար, եւ որոշ ժամանակ աշխատելուց հետո տեղափոխվում է Երեւան եւ 1968 թ.ին արդեն ՀԿԿ Կենտրոնական կոմիտեում գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ էր:
1975-77 թթ.ին աշխատել է ՀՀ Մասիսի շրջանի գործադիր կոմիտեի նախագահ: 1977-79 թթ.ին գործուղվել է Մոսկվա եւ սովորել ՍՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիայում, որը եւ ավարտելով գերազանց առաջադիմությամբՙ վերադարձել է Երեւան եւ որոշ ժամանակ հետո, 1981 թ.ին, ընտրվել է ՀՀ Կրասնոսելսկի (Ճամբարակի) շրջկոմի 1-ին քարտուղար, որտեղ եւ աշխատել է ավելի քան 8 տարի:
Սերգո Նազինյանը որտեղ էլ որ աշխատել է, հանդես է բերել գործի նկատմամբ բարձր նվիրվածություն, շիտակություն, պատասխանատվություն, պահանջկոտ է եղել իր եւ շրջապատի նկատմամբ: 1988 թ.ին տեղափոխվել է Երեւան եւ նշանակվել ՀՀ Պետպլանի նախագաի տեղակալ գյուղատնտեսության գծով եւ աշխատել մինչեւ Սովետական Միության փլուզումը: Իսկ դրանից հետո հիմնականում զբաղվել է ագրարային ոլորտի գործունեությամբ, ընդգրկելով ջերմոցային տնտեսության բնագավառը: Թեկնածուական ատենախսոսություն է գրել գյուղատնտեսության կոոպերացման թեմայով, որը արդիական է նաեւ հիմա, երբ գյուղատնտեսության վիճակը շտկելու համար ավելի շատ խոսվում է կոոպերացիոն համակարգի կիրառման անհրաժեշտությունից:
Սերգո Նազինյանը միշտ ուշադիր է եղել իր շրջապատի մարդկանց նկատմամբ: Կարողանում էր խորամուխ լինել ուրիշների խնդիրների մեջ եւ ուժերի ներածին չափով օգնել մարդկանց:
Սերգո Նազինյանն ունի 3 զավակ (6 թոռ եւ 2 ծոռ), մեկ դուստր եւ 2 ուստր, որոնց մեջ սերմանել է իր բոլոր դրական հատկանիշներն էլ, որը երեւում է իրենց ապրած կյանքից: Ամբողջ կյանքում եղել է ուսման խոշոր ջատագով: Ուսումնահարգ մարդկանց միշտ էլ համարել է առաջադիմական եւ առաքինի աձնավորություններ: Նա նման մարդկանց մեկ բառով բնորոշում էր որպես լուրջ մարդիկ:
Շատ ցավալի էր, որ ծննդյան 80-րդ տարեդարձի օրվանից Սերգո Նազինյանի մասին արդեն խոսում ենք… անցյալ ժամանակով… Կասկած չունենք, որ նա այժմ հավերժի ճամփորդ է, սակայն մի բան աներկբա է, որ իր ժողովրդի բարօրության համար իմաստավորված մի ամբողջ կյանք ներդրած գործչի եւ պարկեշտ հայի հիշատակը միշտ վառ է մնալու նրա բազմաբյուր ճանաչողների երախտագետ սրտերում:
Ավելին, 2015 թ.ի ՀԱԱՀ 85-ամյակի կապակցությամբ հրատարակված պատկերազարդ գիրք-ալբոմի մեջ զետեղվել է նաեւ իր համառոտ կենսագրությունը, ուր ավելի քան 65.000 շրջանավարտներից առանձնացված էր 100 լավագույն շրջանավարտների անունը:
Այս բոլորից հետո մեզ մնում է իրոք հավատալ հավիտենական կյանքի գոյությանը…