Գիշերօթիկների վերակազմավորման պետական ծրագիրն ընթացքի մեջ է: Դրա մասին խոսվեց կառավարության նախավերջին նիստի ժամանակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը միջազգային ու տեղական գործընկեր կազմակերպությունների հետ հայտարարեց երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատություններին փոխարինող ծառայությունների մասին: Գիշերօթիկների տնօրենները, երեխաները, նրանց ծնողներն էլ իրենց հերթին են տարբեր հարթակներում քննարկում պետական նոր ծրագիրը, բայց որպես հակառակ բանակ: Ծնողները լրատվամիջոցներին, սոցաշխատողներին, կառավարության անդամներին հրավիրում են իրենց տները. «Եկեք, տեսեքՙ ինչպես ենք ապրում: Բոլորը գիտեն, որ մենք մեր երեխաներին գիշերօթիկ ենք տանում մեծ մասամբ սոցիալական սուղ վիճակից ելնելով: Գոնե հանգիստ ենք, որ նրանք գիշերը գլխներին ծածկ ունեն, ցերեկըՙ մի աման տաք ճաշ, մի բաժակ թեյ: Եթե մեր երեխաներին մեր կողքին պահելու հնարավորություն ունենայինք, երբեք էլ գիշերօթիկ չէինք տանի»:
Գյումրու գիշերօթիկի ծնողներից մեկը վրդովմունքն ու հուզմունքը չի թաքցնում: 4 երեխա ունի: 6 հոգով ապրում են մեկ սենյակումՙ անբարեկարգ, խոնավ, անկտուր: Տղամարդը շվարել է. հունվարից գիշերօթիկը փակվելու է: Որտե՞ղ են գիշերելու իր երեխաները. սենյակի հատակին անգամ տեղ չկա:
Գիշերօթիկներում անթաքույց պատմվող ու գաղտնի պահվող պատմություններ կանՙ բոլորն էլ երեխաների ճակատագրերի հետ կապված: Ցավալին այն է, որ մեծահասակների խառն ու խրթին կյանքում թիրախ են դառնում երեխաները, նրանց սխալների, չմտածված արարքների համար պատասխան են տալիս անմեղ արարածները: Օրինակՙ ոչ մի երեխա չի համաձայնի լույս աշխարհ գալ, եթե սոցիալական պայմանների պատճառով ծնողը նրան գիշերօթիկ կամ մանկատուն է տանելու: Վերջերս հրապարակում եղավ այն մասին, որ դանիացի մի տղա ծնողներին դատի է տվել… իրեն լույս աշխարհ բերելու համար: Ծնվելուն պես հայրն ու մայրը նրան մանկատուն են հանձնել. տղան էլ դատի է տվել, թե դուք ինչ իրավունք ունեիք ինձ ծնելու, հետո ինձնից հրաժարվելու եւ իմ կամքից անկախՙ ինձ մանկատուն հանձնելու: Դանիացին դատը շահել է:
Ոչ մի երեխա չի ուզենա ծնվել այն ընտանիքում, որտեղ բռնությունը, ծեծը, հարբեցողությունը, թմրամոլությունը սովորական երեւույթ են: Բայց ո՞վ է հարցնում երեխայինՙ փոքրի՛կ, ուզո՞ւմ ես լույս աշխարհ գալ, թե՞ ոչ: Ոչ միայն ապագան, այլ նույնիսկ վաղվա օրը չծրագրած մեծահասակները սեռական բնազդներին տուրք տալովՙ երեխաներ են ունենում, հետո էլ պահանջումՙ պետությո՛ւն, դե պահիր նրանց, շոր ու կոշիկ հագցրու, կերակրիր, տաքացրու, կրթություն… կրթություն չենք ուզում, չէ, հետո թող մի կտոր հաց ունենա, մեզ էլ պահի, հերիք է: Եվ ընտանիքի, կյանքի, ապագայի ծրագրեր կազմած, կրթություն ստացած, օրնիբուն աշխատող ՀՀ շարքային քաղաքացին, որ երկու երեխայից ավելի չի ունենում, որովհետեւ քիչ թե շատ արժանավայել պահել-մեծացնել կարող է լավագույն դեպքում երկու երեխայի, ստիպված է պետությանը հարկեր վճարել, որ այդ հարկերով շոր ու կոշիկ, սնունդ ունենան կյանքը, ընտանիքը ապագան չպլանավորած ՀՀ մյուս շարքային քաղաքացիների 4, 5, 10 երեխաները: Հարկեր վճարող քաղաքացիները դեռ սովետական տարիներիցՙ արդեն 7,8 տասնամյակ, ծերանոցներ, մանկատներ, գիշերօթիկներ են պահում:
Պարզ հաշվարկ է. գիշերօթիկի յուրաքանչյուր երեխայի վրա պետությունն ամսական 117 հազար դրամ է ծախսում, օրականՙ 5720 դրամ: Անկեղծ լինենքՙ ամբողջ օրը, ամիսը, տարին աշխատելովՙ հարկատուներս մեր երեխայի վրա ամսական 117 հազար դրամ կամ օրական 5720 դրամ ծախսո՞ւմ ենք: Պարադոքս է: Սրան ավելացրած նաեւ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը: Գիշերօթիկներում կա 260 երեխա, 270 աշխատակից: Այսինքն մեկինՙ մեկ եւ դեռ ավելի հարաբերակցություն: Իսկ գիշերօթիկների ջեռուցման, էլեկտրաէներգիայի եւ մյուս ծախսերը չենք հաշվում:
Իհարկե, որքան էլ այս հաստատությունների տնօրեններն ու աշխատակիցները դեմ լինեն պետական նոր ծրագրին, որքան էլ ծնողները բողոքեն ու դժգոհեն, թե գիշերօթիկ փակելովՙ պետությունը երեխաներին բախտի քմահաճույքին է թողնում, այնուամենայնիվ, բոլորս էլ գիտակցում ենք, որ գիշերօթիկը երեխայի խնամքի ու պաշտպանության լավագույն տարբերակը չէ, մանավանդ գիշերօթիկի հայկական մոդելը: Ամեն դեպքում գիշերօթիկի սաները գրեթե ամբողջ կյանքում կրում են գիշերօթիկցու պիտակն ու խարանը. միջավայրը, հանրությունը վերապահումով է ընդունում նրան, խեթ հայացքով, կասկածելի նայվածքով, շատ հաճախ խուսափելով շփումներից: Գիշերօթիկում ապրող երեխան, այնուամենայնիվ, իր ու գիշերօթիկում չապրող երեխաների միջեւ տարբերությունն զգում է. դա ներքին լուռ խտրականություն է, անլիարժեքության բարդույթ, հասարակության շրջանում ստորին կարգավիճակ, հարաբերություններում ավելի աննկատ ու ստորադասված մնալու հարմարվողականություն, մրցույթներում վերջինը լինելու դատապարտվածություն: Սա հանրային մտածելակերպ է. այդպես եղել է սովետական ժամանակներում, այդպես է հիմա: Անգամ գիշերօթիկի աշխատակիցներն ու մանկավարժներն այդ երեխաներին այլ կերպ են վերաբերվում, ինչպես չէին վերաբերվի սովորական հանրակրթական դպրոցի երեխաներին: Ստացվում էՙ գիշերօթիկի վկայական ունենալը խարան է, դատավճիռ, որը հետո խանգարում է աշխատանք գտնել, լիարժեք ինքնադրսեւորվել:
Կառավարության ղեկավարի մակարդակով է հայտարարվել, թե այլեւս ոչ մի երեխա գիշերօթիկ չի գնալու եւ ոչ մի երեխա չի կրելու այդ պիտակը: Լավ, կարծես թե խիստ հումանիստական ցանկություն է, ու պետությունն է նախաձեռնել գիշերօթիկցի-ոչ գիշերօթիկցի խտրականությունը վերացնելու, անկախ սոցիալական, ընտանեկան կարգավիճակից ՙ բոլոր երեխաներին համահավասար իրավունքներ տալու պատրաստակամությունը: Բայց այս գործընթացը մեծ զգուշություն, հետեւողականություն է պահանջում: Շատ հեշտ է. գրչի մի հարվածով, մի ստորագրությամբ գիշերօթիկները նախ փակել, երեխաներին վերադարձնել տուն ու ընտանիք, եթե այդպիսիք կան, հետո միայն մտածել, թե որ երեխանՙ ինչի կարիք ունի, ինչ պատճառով նրա տունն ու ընտանիքը չեն կարող նրան ընդունել ու պահել: Օրինակՙ եթե նոյեմբեր է, ու գյումրեցի տղամարդն իր կիսախարխուլ, խոնավ մեկ սենյակում չի կարող 4 երեխաներին պահել, իսկ հունվարից գիշերօթիկը փակվելու է, մեկ ամիս հետո նրա խեղճուկրակ մեկ սենյակը լայնանալու կամ թագավորական պալա՞տ է դառնալու: Պետությունն ասում էՙ ոչ մի ընտանիքի նյութական, գումարային օգնություն չի տրամադրվելու, այսինքնՙ յուրաքանչյուր երեխայի վրա մինչեւ այժմ ամսական ծախսված 117 հազար դրամը նրա ընտանիքին չի հատկացվելու: Որպեսզի երեխան ապրի հարազատ ընտանիքում, պետությունը ոչ թե նրան գումար է հատկացնելու, այլ, ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է ձեւակերպել, ընտանիքներն ամրացնելու, ուժեղացնելու, ինքնուրույն է դարձնելու:
Որպես կանոն, գիշերօթիկում հայտնված երեխայի ծնողները կրթություն ու մասնագիտություն չունեն, եթե ունենային, քիչ թե շատ կայուն աշխատանք կունենային, աշխատանք ունենայինՙ իրենց երեխայի կամ երեխաների համար հարազատ ընտանիքում ապրելու քիչ թե շատ բարվոք պայմաններ կստեղծեին: Գիշերօթիկ ու մանկատուն փակելուց օրեր կամ ամիսներ, անգամ տարիներ անց արդյո՞ք հնարավոր է արմատացած հազարումի խնդիր ունեցող ընտանիքներն, ինչպես պետությունն է ձեւակերպել, ուժեղացնել, հզորացնել, ինքնուրույն դարձնել: Որքան հիշում ենքՙ մեր կառավարության ղեկավարները միշտ կրկնել են, թե կախարդական փայտիկ չունեն: Այդ ծնողները տարիներ շարունակ իրենց երեխաներին կերակրելու, հագցնելու, տաք անկողին տալու հոգսից զերծ են եղել, այիսնքնՙ սեփական խնդիրներն ինչ-որ կերպ լուծելու հնարավորություն ունեցել են, բայց չեն լուծել, չէ՞: Իհարկե, նրանց մեջ եղել են ծնողներ, որոնք ջանք են գործադրել, ամեն ինչ արել են, որ իրենց երեխային գիշերօթիկից տուն բերեն, բայց մեծ մասամբ գիշերօթիկի ճանապարհն իմացողը հետո այդ ճանապարհից հետ չի կանգնել: Հիմա երեխային հետ տանելով իր ընտանիք, երբ նրա հիմնական խնամողն ու պաշտպանողն այսուհետեւ ոչ թե գիշերօթիկը, այլ ծնողը պետք է լինի, ի՞նչ է սպասվելու թե՛ երեխային, թե՛ ծնողին:
Մեր մեծագույն ցավն այն է, որ որոշումները մեծ մասամբ կայացվում են չինովնիկական կաբինետներում: Թղթերի վրա գրված էՙ Այսինչյան Այսինչ, չունի հիմնական աշխատանք, ապրում է վարձով, 3 երեխաները գիշերօթիկում են: Ոչինչ չասող, անդեմ, անհաղորդ, չոր ու ցամաք անձնական մի քանի տվյալ. ու այդ ընտանիքի համար չինովնիկական կաբինետում նստածՙ որոշվում է. «Այսինչյան Այսինչի 3 երեխաներին վերադարձնել ընտանիք, որովհետեւ երեխայի հիմնարար իրավունքն էՙ ապրել ու մեծանալ ընտանիքում, չկտրել նրան հոգեհուզական կապից, ծնողների հետ հոգեբանական զրույց, ծնողավարման դասընթացներ անցկացնել: Փակագծերում նշված էՙ ուսումնասիրել, թե հայրն ու մայրն ինչ մասնագիտություն կարող են սովորել»: Ժողովուրդն ասում ՙ մինչեւ առուն ջուր լցվի, գորտի աչքը դուրս կգա:
Դուրս եկեք ձեր չինովնիկական կաբինետներից, դերվիշի շորեր հագեք, մտեք ժողովրդի մեջ, գնացեք գիշերօթիկ, բայց ոչ թե տնօրենի, այլ երեխաների հետ զրուցեք, անտեսանելի գլխարկ դրեք ու լսեք, թե երեխաներն ինչ են պատմում իրենց ընտանիքների մասին: Անտեսանելի գլխարկը մի հանեք, ուրբաթ օրը նրանց հետ գնացեք իրենց տները, ներս մտեք ու կտեսնեք, թե ձեր կաբինետներում տրցակներով դրված գրողի տարած թղթերի չոր ու ցամաք անձնական մի քանի տվյալներից որքա՜ն տարբեր է լինելու ձեր տեսածը, լսածն ու զգացածը:
Ուրբաթ է, գիշերօթիկից ստացած ճտքավոր կոշիկները գրկածՙ աղջնակը տուն է վազում: Ընկերուհուն պատմում է. «Մամայիս ամուսինն է էսօր գալու, ինձ համար կոնֆետ է բերելու: Շուտ գնամ-հասնեմ»:
Բացի անձնական չոր ու ցամաք տվյալներից, ոչ մի թղթի վրա չի գրվել ու չի գրվելու, թե քանի՜ մամաների ամուսիններ են աչքադրում այդ մամաների մանկահասակ աղջիկներին: Իսկ քանի՜ երեխա է ընտանեկան հանկարծակի դժբախտության հետեւանքով իրեն նետում գիշերօթիկի տնօրենի կամ աշխատակցի գիրկըՙ իրական օգնություն գտնելով այնտեղ: Ոչ ոք չի ժխտում, որ գիշերօթիկը երեխայի համար լավագույն տեղը չէ, ոչ մի ծնող իրավունք չունի որոշելու, թե իր երեխայից հրաժարվելուց կամ մասմաբ հրաժարվելուց հետո պետությունն այդ երեխային որտեղ պահիՙ գիշերօթիկո՞ւմ, թե մեկ այլ ընտանիքում; Բայց հայրենի կառավարության տիկնայք ու պարոնայք, բարեփոխում, ծրագիր, հայեցակարգ անունների տակ նոր սխալներ մի՛ գործեք: Կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների ճակատագիրն առանց այն էլ մազից է կախված. ամեն ընտանիք, ամեն երեխա առանձին, անհատական մոտեցման կարիք ունի: Խոսե՛ք երեխաների հետ, բայց չինովնիկի ձեր կերպարից դուրս եկեք, հետո խոսեք, անկեղծացեք նրանց հետ ու կիմանաք, թե ձեր բարեփոխում-ծրագիր-հայեցակարգից շա՜տ տարբեր իրենց խնդիրների լուծումն ինչպես են տեսնում իրե՛նքՙ երեխաները: Իմացեք, թե երեխան ինչ է ուզում: Կարդացեք նրանց հոգիները եւ կտեսնեքՙ «Հոն հրդե՛հ կա, ոչ մատյան»:
(Շար. նախորդ համարից եւ վերջ)