«Լացէ՛ք, լացէ՛ք բարձր ի ձայնի, զիս ողբացէ՛ք կողկողալի,
Ես` Եդեսիա, Ուռհա քաղաք, որդեկորոյս, որբ եւ այրի»:
Ներսես Շնորհալի
Անցնող ամսվա սկզբին լրացավ Ուրֆայի (Եդեսիա) հերոսամարտի 103-րդ տարեդարձը, չնայածՙ այդ օրը քաղաքն ընկավ, բայց ոչ ոք իրավունք չունի այդ օրը տարելից կոչելու, դա տարեդարձ է, որովհետեւ Ուրֆան հայ ռազմարվեստի, հայի աննկուն ոգու եւ ըմբոստության դասական օրինակներից է:
1908թ. հայերի օգնությամբ սուլթան Համիդին տապալած երիտասարդ թուրքերի կուսակցությունը յոթ տարի անցՙ 1915 թ., օգտվելով առաջին համաշխարհային պատերազմի ստեղծած խառնաշփոթից, հայերի հանդեպ գործեց այսօր էլ մարդկությանը սարսուռ պատճառող մի անասելի ոճրագործություն: Մի ամբողջ պետություն բաժանվեց երկու մասի, մասերից մեկը, որպես Հայաստան, գլխովին ոչնչացավՙ իր բնակիչներով հանդերձ: Դժբախտաբար, հայերը համարյա դիմադրություն ցույց չտվեցին, բացառությամբՙ որոշ գյուղերի ու քաղաքների, որոնք իրենց անունները ոսկե տառերով գրեցին հայոց պատմության էջերում: Այդ քաղաքներից մեկն Ուրֆան էր:
Երկրի տարբեր հատվածներում իրականացնելով իրենց հրեշավոր, հայաջինջ ծրագիրը, 1915 թ. ամռան կեսերին քաղաք են ժամանում Միություն եւ առաջադիմություն կուսակցության անդամներ Ահմեդ եւ Խալիլ բեյերը, ովքեր պետք է արագ կազմակերպեին Ուրֆայի հայության զինաթափումն ու աքսորը: Տեղի հայոց ազգային ժողովը, քաջ գիտակցելով թե ինչ է սպասվում հայ բնակչությանը, որոշեց առայժմ խոհեմ քաղաքակնություն վարել եւ զերծ մնալ բախումներից, նվազագույնն այնքան ժամանակ, մինչեւ հայերը կարողանային ինքնակազմակերպվել ու մարտի բռնվել:
Մինչ պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ էին ձեռք առնվում, որոշվում պաշտպանական բնագիծ ստեղծելու տեղանքը եւ ամեն ինչ գոնե արտաքուստ դեռ հանգիստ էր, մահաբեր ռումբի պես պայթեց բոթը. բոլորին հայտնի դարձավ, թե ինչ է պատահել այն 1500 հայ երիտասարդներին, որոնց ճանապարհներ վերանորոգելու պատրվակով մի քանի օր առաջ տարել էին քաղաքից դուրս. նրանց բոլորին կապկպել էին իրարից ու դաշույններով, հրացաններով սպանել: Այդ լուրը եւս մեկ ահազանգ էր այն մասին, որ թուրքերը կոնկրետ տրամադրված են կորստյան մատնել քաղաքի հայ բնակչությանը. հարկավոր էր հնարովորինս արագ վերջնական որոշում կայացնել եւ վերահսկողության տակ առնել մուտքերն ու ելքերը:
Ձերբակալելով քաղաքի երեւելիներին, թուրք ոճրագործները բնակիչներից պահանջում են 48 ժամում իշխանություններին հանձնել իրենց մոտ եղած զենք- զինամթերքի ամբողջ պաշարը: Շատ չանցած, օգոստոսի 19-ին, նրանց հրահրմամբ մուսուլմանական ամբոխը դաժան հաշվեհարդար է տեսնում տեղի հայերի հետ, որի հետեւանքով զոհվում են ավելի քան 300 հայեր: Ահա՚, այս եւ նմանատիպ գործողությունները հայերին բերում են այն եզրահանգման, որ թուրքերը վճռել են էլ ավելի դաժան հաշվեհարդար տեսնել տեղի ողջ հայ բնակչության հետ: Քաղաքի ավագները գիշերով ժողով են կազմակերպում եւ որոշում դիմադրել, բայց ոչ մի ազգային կուսակցություն չի համարձակվում ստանձնել այդ պատասխանատու ձեռնարկումի ղեկավարությունը: Տեսնելով աջուձախ տիրող մորթապաշտությունը, պատասխանատվությունն իր վրա է վերցնում մոտ երեսնամյա երիտասարդ ուրֆացիՙ Մկրտիչ Յոթնեղբայրյանը: Ռազմական խորհրդի որոշմամբ նախապես սկսվում է պարենամթերքի հայթայթման ու բաշխման ծառայություն, զենք-զինամթերքի պատրաստման ու վերանորոգման արհեստանոց, բուժօգնություն, կապի ծառայություն եւ այլն. ըստ նրանցՙ քաղաքի պաշարումը շատ երկար էր տեւելու:
Մկրտիչը կարողանում է իր շուրջը համախմբել մոտ երկու հազար զենք գործածել իմացող, մեծամասամբ պատանիներ եւ աղջիկներ:
Սեպտեմբերի 29-ին հայկական եկեղեցու մեծ զանգը, որ մինչ այդ թուրքերին չկատաղեցնելու համար նույնիսկ կիրակի օրերին չէր ղողանջել, սկսեց ղողանջել. դա ինքնապաշտպանության կոչ էր:
Քաղաքը բաժանվում է 6 պաշտպանական շրջանների, մարտիկները դիրքավորվում են 32 դիրքերում: Մկրտիչ Յոթներղբայրյանը քաջ գիտակցում էր, որ նման ուժերով ու զինամթերքով հնարավոր չէր երկար դիմադրել մինչեւ ատամները զինված թուրքական կանոնավոր բանակին, բայց ամեն րոպե ոգեւորում էր մարտիկներին: «Մեզ ոչ թե ոչխարի պես մորթվելու, այլ տղամարդու պես արժանապատվորեն մեռնելու հնարավորություն է տրված»-, անդադար կրնում էր երիտասարդ հրամանատարը:
Հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան միաժամանակ սկսեցին ղողանջել հայակական երկու եկեղեցիների զանգերը. բախումը մոտ էր: Սկսվեց երկուստեք համազարկը: Երբ ապստամբներին անակնկալ պարտության մատնելու մտադրությամբ թուրքերն սկսեցին երեք կողմից հարձակվել հայկական դիրքերի վրա, Մկրտիչն իր մարտիկներին հրամայեց չդիմադրել: Հայերը, փախուստի իմիտացիա ստեղծելով, հետ քաշվեցին, իսկ ոգեւորված թուրքերն, արտաքուստ հաջողությունից ոգեւորված, մտան քաղաք, որտեղ մահն էր սպասում նրանց: Նրանք մոլորվեցին քաղաքի փողոցներում ու հայ մարտիկների անակնկալ գնդակների եւ սվինների բաժին դարձան: Նրանք 400 զոհ ու բազմաթիվ վիրավոր գերիներ թողնելովՙ խուճապահար փախան քաղաքից: Թուրքերի հաջորդ օրվա գրոհն ավելի ծավալուն էր, զոհերի, վիրավորների ու փախչելու արագությունըՙ նմանապես: Այդ օրը նրանք 1200 զոհ տվեցին: Տեղի թուրք հրամանատարներն զգալով, որ իրենք անզոր են հայերի ապստամբությունը ճնշելու, դիմեցին կառավարությանը: Ուրֆա շտապեցին Ֆահրի փաշանՙ իր 6000 հազար զինվորներով եւ Սուլեյման բեկը, շրջակա բնակավայրերից օգնության եկան 12 հազար քուրդ հրոսակներ: Առաջին գրոհով միացյալ ուժերին, որոնք գրեթե 20 հազար մարդ էին կազմում, հաջողվեց մտնել քաղաքի թաղերը, բայց վերջին պահին տների տանիքներից ու նկուղներից անակնակալ կրակը նրանց այն աստիճան խուճապի մատնեց, որ սկսեցին անկանոն նահանջել, փախչելՙ տեղում թողնելով վիրավորներին:
Դեպքերի ականատես ֆրանսիացի Միշել Ռեբորրը հետագայում գրեց.
«Թուրք զինվորներն ու թալանի համար նրանց միացածները դարձյալ չկարողացան գրավել հայկական թաղերը, յուրաքանչյուր փողոց ամուր պատնեշված էր: Հայերը իմանալով, որ ի վերջո զոհվելու են, ցանկանում էին թանկ ծախել իրենց կյանքը, թուրքերին հնարավորինս շատ վնաս պատճառել: Կանայք, դեռատի աղջիկներն անգամ ծաղրում էին մահը, դիպուկ կրակոցներով մասնակցում մարտական գործողություններին» :
Նշանավոր զորավարի իր անունը ամոթից զերծ պահելու նպատակովՙ Ֆահրի Փաշան Մկրտիչ Յոթնեղբայրայանին բանակցության է հրավիրում, նրան անվանելով քաջ ու հնարամիտ զորավար եւ խոստանալով հազարապետի կոչում: Բայց Մկրտիչն անդրդվելի էր. «Մենք ուրֆացի հայեր ենք, մինչեւ վերջին մարդը պիտի կռվինք» ,- ահա՛ նրա ասելիքն այդ ժամանակ:
Ժամանակի ձգձգումն, իհարկե, հայերի օգտնի չէր, եթե Ֆահրի Փաշան մի բուռ հայերին չխեղդելու համար այդ ժամանակ միայն ամոթահար էր լինում, ապա հայկական դիրքերը նոսրանում էին, օրեցօր ավելանում էին զոհերի ու վիրավորների թիվը, սպառվում էր պարենը, զինամթերքը: Այդիսկ պատճառովՙ Մկրտիչ Յոթնեղբայրյանը որոշում է մի հանդուգն քայլի դիմել: Հայ ապստամբները փոքր խմբերով, քրդի կամ թուրքի շորեր հագնելով թափանցում էին հակառակորդի թիկունքն ու հնարավորինս վնաս պատճառում, խուճապի մատնում բոլորին: Դրանով, իհարկե, թուրքերի գործը բավականին դժվարանում էր, նրանք սկսել էին հայերին սպասել ամենուրՙ ե՛ւ թիկունքում, ե՛ւ ճակատում, բայց, այնուամենայնիվ, այդօրինակ դիվերսիաներով շոշափելի արդյունքների հասնել հնարավոր չէր. մանավանդ, որ թուրքական հետեւակն ու հրետանին օրեցօր ավելի կատաղի էր դարձնում իր հարձակումները:
Ցավոքՙ հերթական ճակատամարտերից մեկը որոշիչ եղավ հայերի համար, Մկրտիչը ծնկից վիրավորվեց, բայց նա այդ վիճակում էլ չէր դադարում ոգեշնչել իր մարտիկներինՙ «Քաջությամբ սկսած գործը քաջությամբ պիտի ավարտի» -, ասում էր նա: Յոթնեղբայրյանը կռվեց հերոսի պես, ամեն բան տալով հայրենիքի բարօրությանը, միայն մի բան խնայեցՙ իր վերջին փամփուշտը, որը թուրքի ձեռքը չընկնելու համար մխրճեց իր մարմնի մեջ ու բռնեց հավերժի ճամփան:
25 օրյա ծանր ու արյունաքամ անող մարտերից հետո թուրքական բանակին ի վերջո հաջողվեց գրավել հայկական թաղերը: Հայ ապստամբներից շատերը հետեւելով սիրելի հրամանատարի օրինակին, ինքնասպանություն գործեցին, իսկ նրանք, ովքեր չհասցրեցին նույնն անել, գերվեցին ու 120 հոգով կախաղան բարձրացվեցին, մյուսներնՙ աքսորվեցին…«մահվան անապատ»:
Ուրֆայի հերոսամարտն իր արժանի տեղը գտավ հայ ռազմարվեստի պատմության մեջ: Թուրքերի կոկորդին մնացած այդ ծերպն այնքան պինդ ու անառիկ էր, որ հետագայում Ֆահրի Փաշան պիտի խոստովաներ.
«Ինչ կլիներ մեր վիճակը, եթե այս ծանր օրերին մեր դեմ մի քանի ուրֆաներ ծառանային»:
Հ.Գ. Ինչպես Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքում, այնպես էլ Ուրֆայի առման, հայաթափման ու սպանդի ժամանակ, կայսերական Գերմանիան ոչ միայն աչք է փակել տեղի ունեցող դեպքերի վրա, ոչ միայն զենք է մատակարարել թուրքերին, այլեւՙ հաճախ խրախուսել ու մասնակցել է վերջինիս կողմից իրականացվող վայրագություններին: Կոնկրետՙ Ուրֆայի մասով, վկայություն է տալիս այդ տարիներին Գերմանական առաքելությունում ծառայած, տեղի գորգագործական ֆաբրիկայի ձեւավորման աշխատանքը ղեկավարած գերմանացի Բրունո Էքարտնՙ իր «Իմ վկայությունները Ուրֆայի իրադարձությունների մասին» գրքույկով: Ներկայացնելով թուրքերի իրականցրած վայրագությունները, Էքարտն, առանց վարանելու, վկայում է, որ թուրքական հրետանու հարվածների շարունակական վրիպումներից հետո, հայկական դիրքերն սկսել են արկակոծել գերմանացի հրետանավորներից կազմված հրետանային մարտկոցները: Չնայած նրան, որ Էքարտն ամեն բան արել է հայերի վիճակը թեթեւացնելու, նրանց սպանդից ու աքսորից փրկելու համար, նույնիսկ նրանց ապաստան տալով փաստացի գերմանական, անձեռմխելի տարածք համարվող իր ֆաբրիկայում, այնուամենայնիվ, նա հմտորեն փորձում է թաքցնել իր եղբորՙ Ֆրանց Էքարտի քիրվայական հարաբերությունները թուրքերի հետ, որի արդյունքում հայ բնակչությունը բազմիցս տուժել է: