Ինքնիշխան երկրի տարածքից մի հատված գրավելու, տեղի քուրդ բնակչությանը կոտորելու եւ ժողովրդագրական փոփոխություններ կատարելու Էրդողանի հանդուգն ու միաժամանակ լկտի ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել, երբ ԱՄՆ-ի փոփոխամիտ նախագահ Դոնալդ Թրամփը, հակադրվելով Պենտագոնի վերլուծաբանների եւ իր անմիջական խորհրդականների հորդորներին, հրամայեց ամերիկյան զորքերը ետ քաշել այդ տարածքից: Թուրքիան նման քայլ կատարելու համարձակությունը չէր ունենա, եթե այդ գործողության համար համապատասխան քաղաքական պայմանները գոյություն չունենային:
Թուրքիան 1974-ին ներխուժեց եւ բռնազավթեց Կիպրոս կղզու հյուսիսային տարածքի 38 տոկոսը եւ մինչ օրս ոչ մի ուժ աշխարհում չի կարողանում դուրս մղել այնտեղից Թուրքիայի օկուպացիոն բանակին: Ոչ էլ վերացնել այդ տարածքում ստեղծված շինծու պետությունը:
Անկարան իր զորքերը նաեւ տեղակայել է, մի շարք պատճառներով, Իրաքի տարածքում, եւ միջազգային հանրությունը լուռ է մնում այդ հարցում: Թուրքիան ներկայիս հինգ երկրներում ունի ռազմական բազաներ, որոնք թույլ են տալիս նրան գործելու որպես գերհզոր պետություն:
Այս բոլոր քաղաքական եւ ռազմական մարտավարությունները Թուրքիան կարողացել էր մշակել օգտվելով տարածաշրջանում տիրող քաղաքական ճամբարների միջեւ գոյություն ունեցող տարաձայնություններից:
Արեւմուտքը սուննի եւ շիա աղանդների միջեւ արհեստական տարբերության հարցն առաջ քաշեց, որպեսզի շեղի իսլամական աշխարհի ուշադրությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից, որն արաբական աշխարհի գլխավոր մտահոգությունն էր: Սաուդյան Արաբիայի թագավորությունը ընկավ այդ ծուղակի մեջ եւ ամբողջ տարածաշրջանը տակնուվրա եղավ:
Անկարան ՆԱՏՕ-ի դրոշի եւ թույլտվության ներքո գործելով ստանձնեց սուննիների առաջնորդը լինելու պարտականությունը: Բայց իրականում իր նեղ, անձնական շահերի համար սկսեց գործողություններ ծավալել: Մարտահրավեր նետեց ԱՄՆ-ինՙ Իրանի դեմ սանձազերծած պատժամիջոցների հարցում, դեմ գնաց տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ դաշնակիցՙ Իսրայելի շահերին, պաշտպանեով պաղեստինցիներին, իր օժանդակությունը առաջարկեց Մոհամմեդ Մորսիինՙ Եգիպտոսի իսլամական կառավարությանը, մինչ Մ. Նահանգները պայքարում էր ԻՊ-ի դեմ (որին անվանում են նաեւ իզիս, իզիլ կամ դայեշ): Իսկ ամենագլխավորըՙ սերտ հարաբերություններ հաստատեց Մոսկվայի հետ, այն դեպքում, երբ Ամերիկան փորձում էր սահմանափակել գերհզոր դառնալու Ռուսաստանի ջանքերը: Այս խոտոր գործողությունները հնարավոր դարձան ՆԱՏՕ-ի անձեռնմխելի դրոշի ներքո: Էրդողանը անհարգալից վերաբերվեց Վաշինգտոնի նկատմամբ այն բանից հետո, երբ հասկացավ, որ նախագահ Թրամփի վերամբարձ սպառնալիքները ուղղված Հյուսիսային Կորեային եւ Իրանին պարզապես դատարկաբանություններ են: Նա է՛լ ավելի առաջ գնաց եւ ավարտին հասցրեց Ռուսաստանից S-400 հրթիռների ձեռքբերումը: Այսպիսով Անկարան անպատժելիության արժանացավ քաղաքական լավ հաշվարկված քայլերի միջոցով, եւ այսօր աշխարհում ոչ մի ուժ մտադիր չէ, կամ չի կամենում փակել Սիրիայից մի կտոր պոկելու նրա ճանապարհը, որը համամարդկային աղետ է սփռում շուրջբոլորը: Նախագահ Էրդողանը հանդիմանեց Եվրոմիությանը, երբ վերջինս դատապարտեց Թուրքիայի գործողությունները Սիրիայումՙ որակելով դրանք «զավթողական ներխուժում»: Նա սպառնաց բացել սահմանադռները եւ Եվրոպան ողողել սիրիացի փախստականների նոր հեղեղով:
Թուրքիան գլխավոր դերակատարներից մեկն է սիրիական ճգնաժամի առաջացման, որի հետեւանքում միլիոնավոր մարդիկ փախստական դարձան: Բայց փոխանակ հանցագործության համար նրան պատժելու, Եվրոպան առատաձեռն դրամաշնորհներով վարձահատույց եղավ նրան, սիրիացի տարհանված փախստականները Թուրքիայում պահելու համար: Ամերիկան ներքաշվեց այդ ճգնաժամումՙ խորտակելու համար «իսլամական պետությունը», որի վերազարթմանը նպաստել էր Թուրքիան: Մի քանի դաշնակիցներ որոնելուց հետո, Վաշինգտոնն, ի վերջո, ապավինեց քրդական YPG ուժերին, որպես ամենահուսալին, քանի որ նրանց շահերը համընկնում էին ամերիկյան շահերին: Քրդական զորամիավորումները հինգ հազար զոհ տալով կարողացան հաջողությամբ պարտության մատնել իսլամական ծայրահեղականներին: Ներկայիս նրանց բանտերում են գտնվում 12 հազար ISIS-ի ահաբեկիչներ, եւ Ամերիկան հույս ունի, որ նրանք այնտեղ կմնան քրդական եւ ընդդիմադիր թուրքական զորքերի հսկողության ներքո, մինչ շուրջբոլորը իրարանցում է եւ քրդերի կյանքն էլ մազից է կախված:
Նախագահ Թրամփը երկար ժամանակ նյարդայնացնում էր Անկարայինՙ գովաբանելով սիրիացի քրդերին որպես վստահելի դաշնակիցներ, այն դեպքում, երբ Թուրքիան սպառնում էր ոչնչացնել նրանց: Քրդերը վստահության էին արժանացել ամերիկյան քաղաքական կառույցների կողմից ԻՊ-ի դեմ իրենց ցուցաբերած քաջագործությունների համար: Այսօր այդ կառույցները Ամերիկայում խառնաշփոթության են մատնվելՙ փորձելով մի մարտավարություն մշակել, որ վերջ կդնի ստեղծված քաոսին, որն առաջացավ Թրամփի ամերիկյան զորքերը ետ քաշելու միակողմանի որոշման հետեւանքով: Աշխարհը դատապարտում է Թրամփին: Եվրոպացի առաջնորդները վրդովված են, իսկ Թրամփի կարգավիճակը դարձել է երերուն:
Ոչ միայն Մերձավոր Արեւելքում են տեղի ունենում ուժերի վերդասավորումներ, այլեւ Միացյալ Նահանգներում: Դրա վառ ապացույցն է սերտ համագործակցությունը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եւ Թրամփի կողմնակիցներից «խորամանկ բազե» հորջորջված սենատոր Լինդսի Գրահամի միջեւ: Այո, երկու պալատներն ու կուսակցությունները միանում են հակադարձելու քրդերին վտանգի ենթարկելու Թրամփի որոշումը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես է այս կոալիցիան ազդելու Թրամփի վերընտրվելու հեռանկարների վրա, որոնք արդեն իսկ մութ ամպերով են ծածկված ուկրաինական սկանդալի հետեւանքով:
Նախագահ Էրդողանը իր նախաձեռնությանը չէր դիմի առանց Կրեմլի եւ Վաշինգտոնի հետ խոհրդակցելու: Էրդողանն ինքն էլ խոստովանեց, որ Թուրքիան ոչ մի ռազմական գործողություն չի իրականացրել առանց նախագահ Պուտինին տեղյակ պահելու:
Ցարդ, հինգ եվրոպական երկրներ դիմել են ՄԱԿ-ին, որ միջոցներ ձեռք առնի: Իսկ Գերմանիան, Ֆրանսիան եւ Ֆինլանդիան դադարեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային: Բայց Մոսկվայի քննադատությունը ամենամեղմն էր: Պուտինը կոչ է արել բոլոր օտար զորքերին դուրս գալ սիրիական տարածքներից, իսկ արտգործնախարար Լավրովը առաջարկել է ճգնաժամը կարգավորել Ադանայի պայմանագրի սկզբունքներով: Այդ պայմանագիրը ստորագրվել էր նախքան ճգնաժամը Դամասկոսի եւ Անկարայի միջեւ: Մոսկվան նաեւ գոհ է, որ ամերիկյան զորքերը դուրս են գալիս սիրիական տարածքներից, եւ քրդական զորամիավորումները հուսահատությունից դրդված վերամիանում են ռուս-սիրիական զորքերին, որպեսզի դիմադրեն թուրքերին:
Արաբական լիգան միաձայն դատապարտել է Թուրքիայի ագրեսիան եւ պատրաստ է ետ կանչել Դամասկոսին, որին վռնդել էին լիգայից: Սաուդյան Արաբիան, որն ԱՄՆ-ի դրդմամբ անփառունակ պատերազմ էր մղել Եմենի դեմ, վախենալով Թրամփի անկանխատեսելի որոշումներից, փորձում է լեզու գտնել Իրանի հետ, որ ենթադրյալ պաշտպանն է Եմենում Հութի ապստամբների: Ամբողջ քաղաքական աշխարհն է շփոթված Թրամփի գործողություններից, իսկ Թրամփն ինքը ամենից շատ է շփոթված: Իր իրարամերժ քաղաքականության որոշ դրվագներ հայտնվել են թվիթերում, որտեղ նա սպառնում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս «չափն անցնի»:
Սակայն, նա դեռ պետք է կարողանա պատկերացնել, թե որն է սահմանագիծը, որից այն կողմ չի կարող անցնել Թուրքիան: Նա նույնիսկ քրդերին է մեղադրել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին զորագնդեր չեն ուղարկել Նորմանդի: Պատմաբանները հիշեցրել են նրան, որ քրդերն այդ ժամանակ պետություն չունեին, որ նման աջակցություն ցուցաբերեին: Դրանից հետո նա թվիթերում երեք տարբերակ է գրառել. «Կա՛մ հազարավոր զորքեր ուղարկել եւ ռազմական հաղթանակ տանել, կա՛մ ֆինանսական ուժեղ հարված հասցնել Թուրքիային, եւ կամ միջնորդել, որ քրդերն ու թուրքերը հաշտվեն միմյանց հետ»: Թրամփը դեռ չի որոշել, թե ո՞ր տարբերակն է ընտրելու, մինչ քրդերն արդեն կողմերի միջեւ ընտրություն կատարելով միացել են սիրիական կառավարական զորքերինՙ որպեսզի պաշտպանեն Ղամիշլին թուրքերից:
Հարեւան երկրների տարածքները անպատիժ գրավելու Թուրքիայի անհագ ախորժակը վախ է առաջացնում տարածաշրջանի պետություններում: Զարմանալի չէ, որ ներկայիս Ամերիկան զբաղված է Հայաստանի սահմաններում անվտանգությունն ապահովելու գործով:
Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը մտահոգված են Թուրքիայի գործողություններով եւ ուժգին դատապարտել են ներխուժումը: Սիրիահայերի կյանքը վտանգված է:
Ներկա կացությունը հիշեցնում է մեզ պատմության այն դրվագը, երբ Առաջին աշխարհամարտի ժամանակ մեզ խնդրեցին միանալ դաշնակիցների կամավորական գումարտակներին, ինչը մենք կատարեցինք:
Հայերը քաջաբար կռվեցին եւ օսմանա-գերմանական զորքերին պարտության մատնելով Արարայի ճակատամարտում 1918-ի սպետեմբերի 19-ին, հաղթականորեն շարժվեցին դեպի Կիլիկիա, որտեղ նրանց խոստացել էին հաստատել ինքնավար հանրապետություն Ֆրանսիայի վարչական վերահսկողության ներքո:
Ֆրանսիական զինվորական հրամանատարությունը, սակայն, հեռացավ Կիլիկիայից, հայերին անպաշտպան թողնելով քեմալական զորքերի առաջխաղացման դեմ: Պատմությունը կրկնվում է: Բարեբախտաբար, միջազգային համայնքը չի մոռացել հայերին բաժին ընկած ողբերգական փորձառությունը: CBN-ի Մերձավոր Արեւելքի գրասենյակի պատասխանատու Քրիս Միտչելը հաղորդում է, որ Հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժումը իրականում ահաբեկիչների դեմ պայքարելուն մտածված փորձ չէ: Թուրքիայի օրակարգում իսլամական ջիհադի ավելի ուժեղ պատճառ գոյություն ունի: «Նրանք, ովքեր կարողացան փրկվել հարյուր տարի առաջ իրագործված Հայոց ցեղասպանությունից, հաստատվեցին Թուրքիայի այս հատվածում, եւ հիմա Էրդողանը փորձելով վերականգնել Օսմանյան կայսրության փառքը, թիրախակալել է նրանց հետնորդներին», տեղեկացնում է նա:
Ներկայիս պատերազմը մոլեգնում է հարավարեւելյան Սիրիայում: Թուրքիայի համոզմամբ քրդական YPG կազմակերպությունը Սիրիայում շարունակում է PKK-ի գործունեությունը: PKK-նՙ քրդական աշխատավորական կուսակցությունը, 25 միլիոն քրդերի անունից Թուրքիայի ներսում ազատագրական պատերազմ է մղում: 1985-ից ի վեր Թուրքիան 3000 քրդական գյուղեր է հողին հավասարեցրել եւ 20.000 քրդերի է սպանել: Էրդողանը հայտարարում է, որ մտադիր է «Խաղաղության միջանցք» ստեղծել, բայց այդ ծրագիրը սոսկ պատրանք է: Անվտանգության գոտի կառուցելու փոխարեն, Թուրքիան իր անապահովության գոտին է մեծացնում Սիրիայի տարածքում:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)