ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակը մասնագիտությամբ ինժեներ շինարար է եւ ճանաչված դաշնակահար, որն ապրում է Տորոնտոյում (Կանադա): Համերգներից ու խտասալիկներից ստացած հասույթները հաճախ նվիրել է Հայաստանում եւ Ղարաբաղում իրականացվող ենթակառուցվածքների ծրագրերին, որոնցում նա մասնակցել է նաեւ որպես ինժեներ շինարար: Մեծապես նպաստել է Դիարբեքիրի/Տիգրանակերտի (Թուրքիա) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին եւ առաջին կազմակերպիչներից է եղել Անատոլիայում եկեղեցապատկան կալվածների հայ համայնքին վերադարձնելու պահանջագրերի: Սուրբ Կիրակոս եկեղեցում նա տվել է Ցեղասպանությունից ի վեր կազմակերպված առաջին դաշնամուրային համերգը Թուրքիայում:
Թաքնված հայերը 1915-ի Ցեղասպանությունից հետո Թուրքիայում բռնի ձուլման ենթարկված, մահմեդական, թուրք կամ քուրդ դարձած հայ որբերի ներկա հետնորդներն են, եղեռնի ապրող զոհերը, որոնք հասակ են առել մանկատներում, զինվորական վարժարաններում եւ թուրքերի կամ քրդերի տներում:
Վերջին տարիներին ակնհայտ երեւույթ է դարձել այն փաստը, որ նրանք չեն մոռացել իրենց հայկական արմատները եւ գաղտնի փոխանցել են դրանք հաջորդ սերունդներին: 2010 թվականից, Ցեղասպանությունից համարյա մեկ դար անց, որոշ իրադարձություններ Թուրքիայում նպաստել են, որ այդ թաքնված հայերը խիզախությունն ունենան բարձրաձայնելու իրենց հայկական ինքնության մասին եւ վերադառնալու դեպի իրենց արմատներն ու մշակույթը: Այդ իրադարձություններից ամենանշանավորը Դիարբեքիրի/Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումն էր 2011 թվին:
Այն որպես մագնիս իր շուրջը հավաքեց Թուրքիայի տարբեր վայրերում ապրող թաքնված հայերին: Վերակառուցման ծրագրին, դրամահավաքին եւ շինարարական աշխատանքներին հաջորդեցին այլ իրադարձություններ, ինչպես օրինակ եկեղեցում համերգների կազմակերպումը, հայոց լեզվի, գիտաժողովների եւ մշակութային այլ միջոցառումների անցկացումը, ինչպես նաեւ Դիարբեքիրից, Դերսիմից, Վանից, Մուշից, Սասունից, Ուրֆայից, Համշենից եւ այլ վայրերից դեպի Հայաստան կազմակերպված ուղեւորությունները, որոնք մեծապես խրախուսեցին արմատներին վերադառնալու նրանց որոշումը: Եղան դեպքեր, որ թաքնված հայերից մի քանիսը քրիստոնյա կնքվեցին: Այս բոլորը հնարավոր եղավ կազմակերպել «Վերածնունդ» ծրագրի միջոցով, որը հնարավորություն տվեց հազարավոր թաքնված հայերի ճանաչելու միմյանց: Անցած մի քանի տարիների ընթացքում ես փորձել եմ բազմաթիվ հոդվածների եւ գրքի միջոցով բացատրել թաքնված այս հայերի վերազարթոնքի նշանակությունը:
Երբ այս թաքնված հայերը բացահայտորեն հայտարարում են իրենց ինքնության մասին, բազում դժվարություններ եւ սպառնալիքներ են ստիպված լինում դիմակայել, պետության, իրենց հարեւանների, գործատերերի եւ նույնիսկ հարազատ ընտանիքների կողմից, որոնք ցանկանում են մահմեդական թուրքեր կամ քրդեր մնալ: Իրավիճակը վերջին տարիներին է՛լ ավելի է սրվել Թուրքիայի բանակի եւ հավելյալ իրավունքներ ձեռք բերելու համար պայքարող քրդական մարտիկների միջեւ զինված պայքարի հետեւանքում:
Թուրքիայի կառավարական զորքերը նոր վերակառուցված Սուրբ Կիրակոս եկեղեցին սկսեցին օգտագործել որպես զինվորական բազա, պատճառելով մեծ վնաս ներքին կառուցվածքին: 2016-ին կառավարությունը նաեւ առգրավեց եկեղեցապատկան ավելի քան 200 ունեցվածքներ եւ վավերագրեր: Եկեղեցու հիմնադրամը անմիջապես դիմեց դատական բարձրագույն ատյաններին եւ կարողացավ վերականգնել իր իրավունքները: Նաեւ բանակցությունների արդյունքում կարողացավ համոզել պատկան մարմիններին, որ վերանորոգեն եւ վերացնեն պետության հաշվին զինվորականների պատճառած ներքին վնասները: Այդ աշխատանքներն այժմ դեռ ընթացքի մեջ են:
Թուրքիայի հարավարեւելյան եւ արեւելյան շրջաններում քուրդ բնակչության հետ ընդհարումների հետեւանքով հազարավոր թաքնված հայեր կորցրեցին իրենց տներն ու աշխատանքը: Բայց շարունակեցին գոյատեւել շնորհիվ «Վերածնունդ» ծրագրի ցուցաբերած իրավական եւ ֆինանսական աջակցության:
Թվական տվյալներ
Ստույգ տվյալներ չկան իրենց հայկական արմատներին տեղյակ թաքնված հայերի թվաքանակի վերաբերյալ: Տվյալներ չկան նաեւ այն մասին, որ նրանցից քանիսն են ցանկանում վերադառնալ իրենց հայկական արմատներին: Սակայն որոշ անհատական ուսումնասիրությունների միջոցով պարզվել է, որ Թուրքիայում հայ որբերի եւ իսլամացած հայերի թիվը կազմում է մոտավորապես 300,000 հոգի: Հաշվի առնելով, որ 1915-ից ի վեր Թուրքիայի բնակչությունը յոթ անգամով ավելացել է, թաքնված հայերի թիվը այժմ պետք է ավելի քան երկու միլիոն լինի: Թեեւ 1894-96 թվերի կոտորածների ժամանակ իսլամացած հայերի մասին էլ տվյալներ չկան, բայց 1915-ի ընթացքում իսլամ ընդունած հայերի թիվը շատ ավելի մեծ է: Ավելի վաղ, 16-րդ դարում իսլամացած համշենահայերի թիվը անցնում է 200 հազարը: Դժվար է վստահ թվեր նշելը, սակայն կարելի է հաստատել, որ ներկա դրությամբ հայկական ծագումով թուրքերի կամ քրդերի թիվը կարող է ավելի լինել, քան Հայաստանի հանրապետության բնակչության թիվը: Սուրբ Կիրակոս եկեղեցում թաքուն հայերի 35 կնունք է տեղի ունեցել: «Վերածնունդ» ծրագրի ուղեւորությունների ժամանակ երկու կնունք կատարվել է Հայաստանում: Մի քանի տասնյակ էլ կատարվել է Եվրոպայում:
Այնպես որ, կարելի է եզրակացնել, որ քրիստոնեական հավատքին վերադարձողների թիվը հարյուրների է հասնում, հայկական արմատներին (առանց քրիստոնեությունը ընդունելու) վերադարձողների թիվըՙ տասնյակ հազարների, թաքուն մնացածների (բայց իրենց հայկական արմատներին տեղյակ) թիվըՙ հարյուր հազարների, իսկ մասամբ հայկական գեներ կամ արյուն ունեցողների թիվըՙ միլիոնների:
Քաղաքական ներգրավվածություն
Թաքուն հայերը ընդհանուր առմամբ ապրում են քրդաբնակ տարածքներում եւ սովորաբար քվեարկում են քրդամետ HDP կուսակցության օգտին: Չնայած քրդերն էլ են մասնակցել հայերի ցեղասպանությանն ու թալանին, քրդերի ներկա սերունդը սկսել է ցեղասպանությունը ճանաչել եւ ընդունել իրենց դերը դրանում: HDP կուսակցությունը պայքարում է Թուրքիայի խորհրդարանի օրակարգում մտցնել Հայոց ցեղասպանության պետական ճանաչման հարցը: Նաեւ պայքարում է հավելյալ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության համար: Հենց ներկայի բռնակալական կառավարությունը սկսի կորցնել իր կայուն դիրքը, HDP-ի եւ թաքուն հայերի քվեների քանակը մեծապես ավելանալու է: Պետք է հաշվի առնել նաեւ, որ նշանակալի թիվ են կազմում այն թաքուն հայերը, որոնք ներգրավված են քաղաքականության մեջ: Կազմակերպված աշխատանքի դեպքում, նրանց քաղաքական որոշումներն ու քայլերը շատ ավելի արդյունավետ կարող են լինել, քան որեւէ այլ նախաձեռնությունՙ դրսից:
Հայրենադարձություն
«Վերածնունդ» ծրագրի կազմակերպած դեպի Հայաստան շրջագայություններին մասնակցած թաքնված հայերից մի քանիսը հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի քաղաքացիություն ստանալու, այնտեղ մշտական բնակություն հաստատեու եւ ամենակարեւորըՙ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցերի շուրջ: «Վերածնունդ» ծրագրի ներկայացուցիչները կապեր են հաստատել թաքնված հայերի շրջանում մի շարք ձեռնարկատերերի, գործարարների եւ արդյունաբերողների հետ, որոնք Թուրքիայում հաջող գործունեություն ծավալելուց բացի, ընդարձակելով իրենց գործողությունները Ռուսաստանում եւ Եվրոպայում, այժմ մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում, կամ զբաղվել առեւտաշրջանառությամբ: Թաքնված հարուստ հայերի կողմից եղել են նաեւ գաղտնի նվիրատվություններ Հայաստանում ենթակառուցվածքների եւ եկեղեցիների շինարարության ծրագրերի համար: Այնպես որ, հիմքեր կան ենթադրելու, որ նրանք կարող են յուրատեսակ կամուրջ հադիսանալ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:
Թուրքիայում ավելի քան 4000 հայկական եկեղեցիներ եւ վարժարաններ կան, որոնք լքված են 1915-ից ի վեր: Եթե քանդված կամ հրկիզված չեն, այդ շինությունները վերածված են մզկիթների, կառավարական գրասենյակների, բանկերի կամ համայնքային կենտրոնների: Կան նաեւ հարյուրավոր գերեզմանատներ, հազարավոր խաչքարեր, հուշակոթողներ եւ շատրվաններ: Թաքնված հայերը, եթե կարողանան ավելի կազմակերպված եւ արդյունավետ գործել քաղաքական դաշտում, կարող են հանձն առնել այդ բոլոր կառույցների հետագա պահպանումը, վերականգնումը եւ ինչու չէ նաեւ դրանց հայ համայնքին վերադարձնելը:
«Վերածնունդ» ծրագիրը
Թաքնված հայերի եւ Հայաստանի միջեւ կապը «Վերածնունդ» ծրագիրը իրականացնում է դեպի Հայաստան շրջագայություններ կազմակերպելով: Թեեւ այդ շրջագայությունները ժամանակավորապես դադարեցվել են քաղաքական բարդությունների եւ Թուրքիայում դեռեւս իշխող բռնատիրական կացության հետեւանքով, բայց դրանք անպայմանորեն կվերականգնվեն հենց պայմանները բարեփոխվեն:
Անհրաժեշտ է ծրագրավորել Հայաստանի եւ թաքնված հայերի միջեւ մշակութային փոխանակումները: Եթե թաքնված հայերը ժամանակավորապես չեն կարող այցելել Հայաստան, ապա երաժշտական, պարային խմբեր պետք է Հայաստանից այցելեն Թուրքիայի այն շրջանները, որտեղ ապրում են այդ թաքնված հայերը: Անհրաժեշտ է նաեւ կազմակերպել հայերեն լեզվի (արեւելահայերեն, արեւմտահայերեն) դասընթացներ նրանց համար, որոնց ընթացքում Հայաստանից մեկնած դասատուներ մի քանի ամիս կանցկացնեն Թուրքիայում:
«Վերածնունդ» ծրագիրը շարունակելու է իր առաքելությունը, որպեսզի թաքնված հայերը ճանաչեն իրար եւ իրենց արմատները: Պետք է ընդգծել, որ ծրագրի նպատակը ճնշում գործադրելը չէ, որ նրանք բացահայտեն իրենց ինքնությունը, այլ պարզապես նեցուկ կանգնել բոլոր նրանց, ովքեր ինքնակամ որոշել են վերադառնալ իրենց արմատներին: Նաեւ նեցուկ կանգնել եկեղեցիների եւ այլ շինությունների վերականգնման աշխատանքներին:
Ծրագրի վերջնական նպատակն է վերացնել «թաքնված» բառը նրանց բառապաշարից, մինչեւ բոլոր թաքնվածները վերադառնան իրենց արմատներին: Սա կարող է իրականություն դառնալ, եթե անհատների փոխարեն Հայաստանի կառավարությունը, սփյուռքյան մշակութային եւ ոչ կառավարական կազմակերպությունները սկսեն համագործակցել: Խրախուսելի է, որ Հայաստանի ներկա վարչակազմի անդամների մոտ նկատվում են որոշակի դրական նշաններ այս ուղղությամբ:
Չմոռանանք, որ ժամանակին, երբ հազարավոր հայերին մահմեդական թուրք դարձնելու գործընթացն էր իրականացվում, Ջեմալ փաշան, ըստ վավերագրերի, նշել էր «Հայերը խելացի եւ աշխատասեր ժողովուրդ են եւ նրանց հետ համակեցությունը մեծապես նպաստելու է մեզՙ թուրքերիս»:
Հայոց ցեղասպանությունը ոչ միայն բռնատիրական պետության կողմից ճնշված մի ամբողջ ժողովրդի ոչնչացումն էր, այլ միաժամանակ նաեւ բռնատիրական պետության կառուցումը: Թաքնված հայերի իրենց արմատներին վերադարձով սկսվում է ճնշված ժողովրդի կառուցման, վերակայացման գործընթացն այդ երկրում:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)