Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐՊԻՍ ՋՐԲԱՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ես շատ ուշացումով եւ բոլորովին պատահաբար իմացա, որ հուլիսի 17-ին Փարիզում իր մահկանացուն է կնքել ֆրանսահայ համայնքի պատվական դեմքերից մեկըՙ ազգային ու հասարակական նշանավոր գործիչ, ազգային բարերար եւ բարեգործ Ռոժե-Կարպիս Ջրբաշյանը :

Կարպիս Ջրբաշյանը պատմական անձնավորություն էր, հարուստ կենսագրություն ունեցող մարդ:

Նա ծնվել էր 1925 թվականին տոհմիկ վանեցիների ընտանիքում: Կարպիս Ջրբաշյանը ողջ էությամբ, արյունով, գիտակցությամբ իսկական վանեցի էր,- ինքը սիրում էր ասել Վան-Վասպուրական,- իսկական վան-վասպուրականցի: Վանը կազմում էր նրա կյանքի առանցքը, նրա կյանքի ողջ իմաստը: Ես չգիտեմ, չեմ ճանաչել մեկ այլ վանեցու,- ես մի տասը-տասնհինգ տարի ապրել եմ Երեւանի Այգեստան թաղամասում, որի բնակիչները հիմնականում վանեցիներ էին,- ուրեմն, ես չեմ ճանաչել մեկ այլ մարդու, որ այդպես ապրեր Վանի պատմությամբ, Վանի անցյալով, վարքուբարքով, Վանի կյանքով, ինչպես Կարպիս Ջրբաշյանը: Վանի ճակատագիրը նա ապրում էր սեփական ճակատագրի պես:

Կարպիս Ջրբաշյանը խորապես հայրենասեր անձնավորություն էր, հայկականության բարձր գիտակցությամբ օժտված անհատականություն: Իր հայրենասիրությունը ոգեկոչումների պետք չուներ, այն երեւում էր իր գործունեության մեջ: 1960-ական թվականներից նա սփյուռքահայ կյանքի գլխավոր խաչմերուկներում էր, մշտապես ներկա ու մասնակից սփյուռքահայ կյանքի կարեւորագույն խնդիրներին: Նշանակալից էր իր դերը սաղիմական ձեռագրերի վերադարձման մեջ: Եթե սկսեմ թվարկել իր բոլոր ձեռնարկումները, մի հսկայական ցուցակ կառաջանա: Իր անվան հետ է կապվում, օրինակ, Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարանի կառուցումը 1978-ին: Փարիզի Շերատոն թաղամասի կենտրոնական զբոսայգիներից մեկում Եղեռնի զոհերի հիշատակին իր կանգնեցրած հսկա խաչքարի բացումը եղավ 1996 թվականի ապրիլի 24-ին: Ջրբաշյանի ձեռնարկումները շատ-շատ էին եւ հայկական կյանքի ամենատարբեր ասպարեզներում: Այսպես, մեր նոր ժամանակներում Ջրբաշյանն է տպագրել իր հայրենակից Լեռ Կամսարի անտիպ ստեղծագործությունների առաջին գիրքը: Ինքն է նվիրել Էջմիածնի Մայր տաճարի զանգերը:

Ջրբաշյանը, առհասարակ, առանձին խոր երկյուղածություն ու հարգանք ուներ Հայ եկեղեցու հանդեպ, մեծ սիրով ծառայել է եկեղեցու հոգսերին: Տասնյակ տարիներ եղել է Հայաստանյայց եկեղեցու Փարիզի կրոնական ընկերակցության անդամ, եղել է եկեղեցու պատգամավորական ժողովի առաջին նախագահը, ինքն է եղել նվիրատուն Փարիզի հայկական եկեղեցու պատերին տեղադրված որմնաքանդակների, որոնք ներկայացնում են Մեսրոպ Մաշտոցին, Ավարայրը եւ Հայոց ցեղասպանությունը:

Նրան հուզում էր հայկական կյանքի հետ կապված ամեն բան: Այսպես, շատ մտահոգ էր, երբ Արփիկ Միսաքյանը փակեց «Յառաջ»-ը: Նա չէր պատկերացնում հայ համայնքը առանց թերթի, առանց մամուլի: Մենք շատ էինք խոսում այդ մասին: Ինձ հորդորեց բաց նամակ գրելՙ ուղղված Փարիզի համայնքին: Ես գրեցի այդ նամակը, որ ստորագրեցին մի խումբ մտավորականներ, եւ այն տպագրվեց «Ազգ» թերթում:

Կարպիս Ջրբաշյանը զբաղմունքով առեւտրական էր, գործարար մարդ: Ինքը իր մասին միշտ նուրբ հեգնանքով ասում էրՙ ես մի պարզ վաճառական եմ: Այդ հնաբույր վաճառական բառը իր խոսքում նուրբ ու բարեկիրթ երանգ ուներ: Ինքն իր մասին ասում էր «վաճառական», բայց իրականում ինքը ընտիր մտավորական էր, մտավորական էր իր մտածողությամբ, կյանքի եւ մարդկանց, իրականության ամենատարբեր երեւույթների հանդեպ ունեցած իր քաղաքացիական վերաբերմունքով:

1960-ական թվականներից Անդրանիկ Ծառուկյանի «Նայիրի»-ի էջերում սկսեցին տպագրվել Կարպիս Ջրբաշյանի զանազան գրությունները: Դրանք այսօր էլ զարմացնում են իրենց շարադրանքի հստակությամբ եւ խնդիրների նպատակայնությամբ: Հիշում եմ մեկը, որ կոչվում էր «Մոնումենտը»: Ջրբաշյանը 1960-ական թվականներին այցելել էր Տփղիս (Թիֆլիս) եւ տեսել էր մի մոնումենտ, որ վրացիները կանգնեցրել էին 16-րդ դարում թուրքերի սպանած երեք հարյուր վրացիների հիշատակին: Ջրբաշյանը սրտնեղությամբ հարցնում էրՙ երեք հարյուր վրացին արժանի են մոնումենտի, մեկուկես միլիոն հայերը արժանի չե՞ն: «Մի անգամ եւս դիտենք Քուռ գետը, նախքան Թիֆլիսից հեռանալը: Մի անգամ եւս ասենք, որ Քուռի ափին կայ մի հսկայ կոթող որ կառուցուել է 1959-ին, ի յիշատակ այն 300 վրացիներին, որ թուրքերը ջարդեցին 16-րդ դարում: Պատիւ վրացական ազգային արժանապատւութեան: Իսկ մեր քարաշատ Հայաստանում մեր մեկուկես միլիոն զոհերը մնացել են առանց մի քարի»: Այդ ժամանակ դեռ Ծիծեռնակաբերդի հուշարձանը չկար:

Ըստ ամենայնի, Անդրանիկ Ծառուկյանը բարձր էր գնահատում Ջրբաշյանի գրությունները: 1965-ին «Նայիրի»-ի մատենաշարով տպագրվում է Կարպիս Ջրբաշյանի «Ավետաբեր Հայրենիք» գիրքը, որ Հայաստան իր այցելությունների պատմությունն էր եւ հեղինակի խոհերն ու մտորումները Հայաստանի ճակատագրի ու հայկական կյանքի շուրջ:

Ես ճանաչում էի Կարպիս Ջրբաշյանին, մենք լավ բարեկամներ էինք: Բարեկամացանք այսպես: Շատ տարիներ առաջ մի օր «Յառաջ»-ի խմբագրատանը Արփիկ Միսաքյանը ինձ ասաց.

– Ռոժե Ջրբաշյանը ձեզի կփնտրեր:

Ես, իհարկե, գիտեի, թե ով է Ռոժե Ջրբաշյանը. նախ զարմացա, հետո ծիծաղեցի, որովհետեւ մտածեցի, թե եղածը թյուրիմացություն է:

– Երեւի շփոթմունք է,- ասացի ես,- հավանաբար Շահեն Խաչատրյանին է փնտրել: Հավանաբար որեւէ նկարի խնդիր է…

– Ոչ,- ասաց Արփիկ Միսաքյանը,- ձեր պզտիկ անունը տվավ: Կեցեք, մեկ հատ բանամ…

Միսաքյանը զանգահարեց Ջրբաշյանին, ասացՙ «Ռոժե, հոս է» եւ հեռախոսը փոխանցեց ինձ: Մենք բարեւեցինք իրար:

– Այո՛,- ասաց Ջրբաշյանը,- ձեզ եմ փնտրում: Ինչպե՞ս է, որ մենք մինչեւ հիմա չենք հանդիպել:

– Հանդիպել ենք,- ասացի ես:

– Ե՞րբ, որտե՞ղ,- զարմացավ Ջրբաշյանը:

Ես պատմեցի:

– 1969 թվականի ապրիլի 24-ին, կիրակի օրը, առավոտյան ժամը 11-ին, դուք եւ Թորոս Թորանյանը Պարույր Սեւակի տանն էիք, չէ՞:

– Սպասեք, սպասեք: 1969 թվականին… ապրիլին… Այո՛, այո՛… Եղեռնի օրը… Ո՞նց էլ հիշում եք: Այո, ես էի, Թորոս Թորանյանը եւ մի ուսանող տղա կար…

– Այ, այդ ուսանող տղան ես էի:

Մենք ծիծաղեցինք: Ես մտապահել էի, որովհետեւ նշանավոր մարդկանց էի տեսել: Նույն օրը մենք հանդիպեցինք, Ջրբաշյանը ինձ հրավիրեց մի շատ պատվական ռեստորան, թեեւ անկեղծ ասած, «ես ինքզինքս այդքան կարեւոր մէկը չէի սեպեր»: Երկար զրուցեցինք: Եվ այդ օրվանից բարեկամացանք:

Ջրբաշյանը խոսում էր մաքուր ու գեղեցիկ գրական արեւելահայերեն, մեր եռաշարք բաղաձայնները արտաբերելով շատ հստակ, իսկական արեւելահայի պես: Երբեմն միայն արեւմտահայերենի որոշ ձեւեր էր գործածում եւ մեկ-մեկ էլ, շա՜տ հազվադեպ, իբրեւ իսկական վան-վասպուրականցի, «մոռանում» էր «ը» որոշիչ հոդը:

Փարիզում ես ապրում էի Մարե թաղամասում, Օթել դը Վիլի հարեւանությամբ, Սենի ափին: Իր տունը Սենի մյուս ափին էր, Բետյունի առափնյակում: Հաճախ էինք հանդիպում: Միասին Ժիվերնի գնացինք, ավելի ճիշտ կլիներ ասելըՙ ինքն ու իր ազնվական տիկինը ինձ մի օր տարան Ժիվերնի, Մոնեի տունը: Երկար շրջեցինք Մոնեի դրախտային այգում, ուր ջրաշուշաններն ու լոտոսները փռված են ջրերի վրա. երկար զրուցեցինք: Հետո գնացինք իր գյուղական տունը, որ սքանչելի պարտեզ ուներ, ուր, մինչ այր ու կին տանը զբաղված էին սեղան շտկելով, ես հաճույքով պառկեցի ծառերի տակի կանաչին: Հանդիպումները շատ էին եւ շատ հետաքրքրական հանդիպումներ են եղել: Ինքը հաճախ գալիս էր իմ կացարանը, եւ ինչպես մեր պարզ ժողովուրդն է ասումՙ երբեք դատարկ ձեռքով չէր գալիս, միշտ ինչ-որ բաներ, անկեղծ ասածՙ ընտիր բաներ էր բերում,- ի՜նչ վանեցի, ի՜նչ բան,- մտածելով, որ ես տանից հեռու եմ: Եւ միշտ ընտիր տեղեր էր հրավիրում;

Երբ Երեւան էր գալիս, անպայման զանգահարում էր, եւ միշտ հանդիպում էինք: Երբ վերջին անգամ եկել էր, եթե չեմ սխալվում` 2016-ին, հրավիրեց միասին գնալու Էջմիածին, Մայր աթոռի գրադարանի նոր շենքը տեսնելու: Շաբաթ օր էր: Ջրբաշյանը, Բաբկեն Արարքցյանը (տոհմիկ վանեցիների ջերմ բարեկամություն ունեին) եւ ես Արարքցյանի մեքենայով գնացինք Էջմիածին: Պետք է Երեւան գար մայիսին, չեկավ: Ես զանգահարեցի, խոսեցինք: Հարցրի, թե ինչու չեկավ:

– Մի քիչ անառողջ եմ,- ասաց,- ինձ լավ չեմ զգում: Կարող էի գալ, բայց հայրենիքը հիվանդ մարդկանց տեղ չի: Հայրենիքը առողջ մարդկանց տեղ է: Կգամ, երբ ինձ առողջ կզգամ:

Այսպես ապրեց իմ ավագ բարեկամըՙ հոգով ու մարմնով առողջ, մտքովՙ միշտ Վանում, կեցությամբՙ Փարիզում, հոգով ու սրտովՙ հայրենիքում, Հայաստանում:

Վերջին այցելության ժամանակ ինձ մոտ թողեց իր գրություններից մեկի-երկուսի ձեռագրերը:

– Մի հատ նայիր, եթե բանի պետք համարես, հաջորդ գալուս միասին կնայենք, կտանք տպագրության…

Նկար 1. Կարպիս Ջրբաշյանի հետ Կլոդ Մոնեի այգում, 2008թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆԻ «ՀԱՐՑԸ» ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ

Հաջորդ գրառումը

ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱ՞ՆՉ Է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱ՞ՆՉ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական