Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՍՐԱՅԵԼԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԳԻՐՔԸ

Ermenihaber.am-ըՙ հղում անելով ahaber.com-ին, գրում է.

«Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունը:

Իսրայելացի պատմաբաններ Նեննի Մորիսի եւ Դրոր Զեեւիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին լույս է տեսել «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրքը, որին անդրադարձել է նաեւ թուրքական մամուլը:

Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը:

Գրքում նշվում է, որ Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության իշխանությունների հրամանով կոտորվել են շուրջ 4 մլն հայեր, հույներ եւ ասորիներ:

Իսրայելացի հեղինակներն իրենց աշխատանքում օգտվել են այնպիսի հեղինակների աշխատություններից, ինչպիսիք են թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, ցեղասպանագետ Ռայմոնդ Գեւորգյանը, Գրիգորիս վարդապետ Պալաքյանը եւ թուրք պատմաբան Ֆուաթ Դյունդարը:

Թուրքական աղբյուրը զարմանք է հայտնել, թե ինչու իսրայելացի հեղինակներն իրենց աշխատանքում շատ քիչ են օգտվել թուրքական աղբյուրներից:

Իսկ գրքի հեղինակների խոսքովՙ բազմաթիվ թուրքական արխիվներ իրենց համար անհասանելի են եղել: Մասնավորապես նրանք ցանկացել են օգտվել «Թուրքիայի գլխավոր շտաբի ռազմական, պատմական եւ ռազմավարական հետազոտությունների արխիվից», սակայն վերջինս փակ է եղել հետազոտողների համար: